Դեկտեմբեր 23, 2024
exclusive
14825 դիտում

Պատերազմի մարզիկները. Սեւակ Նիկողոսյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանի չեմպիոն, ծանրորդ Սեւակ Նիկողոսյանն ու նրա եղբայրը, նույնպես մարզիկ Արթուրը մի քանի ամսվա զինվոր են եղել, երբ 2020-ի սեպտեմբերին սկսվել է պատերազմը:

Նրանք երկուսն էլ վիրավորվել են ու երկար բուժվել, ապաքինվելուց հետո վերադարձել են ծառայության ու շարունակում են պահել Հայաստանի սահմանները:

Սպորտի վարպետ Սեւակ Նիկողոսյանը Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքի առաջին հերոսն է, որը մասնացել է Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմին:

Ուշ ընտրած ծանրամարտն ու հաջողությունները

Մարզիկի կարիերան բավական մեծ տարիքում եմ սկսել: Հայրիկիս խորհրդով եմ մարզվել իր ընկերոջ՝ Արման Ղազարյանի մոտ: Սկզբում զուտ ֆիզիկական պատրաստվածությանս մասին էի մտածում, իսկ հետո սիրեցի ծանրամարտն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցում սկսեցի ցուցաբերել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի շնորհիվ շատ բան եմ սովորել՝ աշխատասիրություն, սեփական քրտինքը գնահատել, բարելավել եմ ֆիզիկական տվյալներս ու մի շարք ընկերներ ձեռք բերել:

17 տարեկան էի, երբ առաջին անգամ մտա ծանրամարտի դահլիճ, բայց դրա համեմատ հաջողություններս էլ քիչ չեն: Հայաստանի մեծահասակների կրկնակի ու երիտասարդների չեմպիոն եմ: Վերջին անգամ երկրի առաջնությունում լավագույնն եմ դարձել 2020-ի հունվարին:

2019-ին մասնակցել եմ Ռումինիայում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, բայց մեդալ նվաճել չկարողացա, դրա համար էլ 2020-ի ամռանը զորակոչվեցի բանակ:

Եղբայրը

Ես Ապարան քաղաքից եմ, որտեղ ձմեռային մարզաձեւերն ավելի զարգացած են: Եղբայրս լեռնադահուկային սպորտով է զբաղվել, նա էլ մի քանի անգամ Հայաստանի չեմպիոն է եղել, բազմաթիվ միջազգային խոշոր մրցումների մասնակցել:

Ընտանիքում հայրս ու հորեղբայրս դահուկորդներ են եղել, նրանցից է մեզ փոխանցվել սպորտի նկատմամբ սերը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Դեռ մտածում եմ բանակից հետո նորից ծանրամարտով զբաղվելու մասին: Ստույգ որոշում չեմ կայացրել: Մարզիչների հետ էլ խոսել եմ, խորհուրդ են տվել շարունակել: Բանակում փորձում եմ պահել մարզավիճակս, մեր ձեռքով սարքած ծանրաձող ունենք: Այստեղ մարզվելու ամեն հնարավորություն օգտագործում եմ:

Զինվորական կյանքը

Ես ու եղբայրս Սիսիանի զորամասում ենք ծառայում՝ հետախուզական վաշտում: Թեեւ ես նրանից 3 տարով մեծ եմ, բայց միասին ենք զորակոչվել բանակ: Սովորել եմ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, դրա համար էլ 3 տարով ծառայությունս հետաձգվել է: Ֆիզկուլտինստիտուտի 2-րդ կուրսում եմ եղել, երբ զորակոչվել եմ:

Եթե երկրի վիճակը խաղաղ է, եղբոր կողքին ծառայելը միանշանակ լավ է, բայց ամեն ինչ փոխվում է պատերազմի ժամանակ:

Բանակում, ի տարբերություն առօրյա կյանքի, որոշակի օրենքներ կան, որոնց պետք է համապատասխանես, որպեսզի ծառայությունդ հաջող ավարտես ու տուն վերադառնաս:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ես հարմարվելու որեւէ խնդիր չեմ ունեցել, միանգամից ինձ լավ եմ զգացել, ընդամենն օրեր են պետք եղել, որ բացատրեն ամեն ինչ, ու հունի մեջ ընկնեմ:

Ծառայության ընթացքում սպորտը շատ է օգնում, ֆիզիկական աշխատանք կատարելիս չես հոգնում, մարզիկը մի քանի անգամ առավելություն ունի մյուսների նկատմամբ:

Պատերազմն ու նորակոչիկները

Երբ պատերազմը սկսվեց, մեկ ամսից մի քիչ ավել էինք ծառայել: Շատ բան չէինք հասցրել սովորել, պարզապես կարգ ու կանոն էինք պահում, կրակային դասեր էլ չէինք անցել: Շատ բան հենց բուն պատերազմի ժամանակ ենք սովորել:

Սկսվելու լուրը ԶԼՄ-ից իմացանք, ապա մեզ վաշտի հրամանատարն ասաց, որ պատրաստ լինենք: Բոլորս էլ գիտեինք, թե ինչի համար ենք բանակում, առանձնակի տրամադրելու կարիք չկար, պատերազմ էր, պետք է գնայինք մեր հայրենիքը պաշտպանելու: Պատերազմի մեկնարկից մոտ 1 շաբաթ անց մենք էլ հայտնվեցինք ռազմաճակատում:

Ամենամեծ անհանգստությունս այն էր, որ եղբորս հետ էի, նրա համար ես էի պատասխանատու: Պատկերացնում եք տնեցիների վիճակը՝ մեկ ընտանիքից 2 տղա պատերազմում: Դա էր ինձ համար միակ դժվարությունը: Պետք է եղել վազել ենք, կրակել, սոված մնացել, ինչպես մնացած տղաները, այնպես էլ՝ մենք:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հադրութն ու վիրավորումը

Պատերազմը զգացի այն ժամանակ, երբ ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավվեցինք, ամբողջ ուշադրությունս եղբորս կամ մեր վաշտի տղաների կողմն էր: Բոլորս մինչեւ վերջ միասնական ենք եղել:

Հոկտեմբերի 8-ից ենք մասնակցել պատերազմին, մեզ Հադրութ են ուղարկել: Շատ խառը իրավիճակ էր, հրամանատարն ասաց, որ մի քանի անգամ նույն բանը չեն կրկնելու, գործողությունները պետք է անեինք միանգամից ու հստակ, քանի որ ժամանակը կյանք արժեր:

Մեծ դժվարությամբ ենք հասել տեղ, առանց նահանջի մեր վաշտով 7 օր նույն կետում ենք եղել: Հադրութ հասնելու ճանապարհին ամեն ինչի էլ ականատես ենք եղել՝ զոհված մարդկանց, անսարք մեքենաների, վատ ճանապարհների, գյուղերից գնացող մարդկանց: Փորձում էինք այդ ամենի վրա չկենտրոնանալ, որ կարողանանք շարունակել ճանապարհն ու մեր առաքելությունն անել:

Նահանջի հրաման ենք ստացել հոկտեմբերի 15-ին, այդ ժամանակ մեզ վրա սկսել են արկեր նետել: Դրանցից մեկն ընկել է մեր մեքենայի վրա, ով ինչպես կարողացել է, իրեն ընթացքից դուրս է նետել: Ես էլ ցատկել եմ, առաջինը եղբորս եմ փնտրել, րոպեներ անց գտել ենք իրար: Շատ մարդ է վիրավորվել, մեծ թիվ են կազմել նաեւ զոհվածները:  

Ես այրվածքներ եմ ստացել ձեռքերի, դեմքի, եղբայրս կոտրվածքներ է ունեցել, բեկորային վնասվածքներ, թմբկաթաղանթներն են պայթել, ինչպես նաեւ կանտուզիա է ստացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այրվածքներս շատ լուրջ էին, մոտ 10 րոպե անց գիտակցությունս կորցրել եմ, եղբայրս է ուշքի բերել: Օգնության տարբերակ չունեինք, ստիպված դիմանում էինք, մոտավորապես էինք մեր գտնվելու վայրը հայտնել, համոզված չէինք, որ մեզ կգտնեն: Այդ ժամանակ արդեն Վարանդայում (Ֆիզուլի) էինք:

Մի քանի ժամ սպասելուց հետո մեզ օգնություն է հասել, շտապ օգնության մեքենայով նախ Մարտունի, հետո՝ Ստեփանակերտ, ապա Երեւան են տեղափոխել:

Ինձ օգնել է դիմանալ այն միտքը, որ ամեն ինչ անցողիկ է ու լավ օրեր էլ կլինեն, գիտեի, թե ինչի համար եմ հասել այդ ամենին, կարեւորը ողջ մնալն էր: Երբ նայում էի, թե շուրջս ինչ է կատարվում, որքան մահեր կան, գիտակցում էի, որ ինձ ոչինչ էլ չի եղել:

Այդ ամենն օգնել է կյանքն ու ամեն վայրկյանն ավելի արժեւորել, գնահատել, որ ողջ եմ:  

Վերականգնողական երկար շրջանը

Ընտանիքի հետ կարողացել ենք կապ հաստատել միայն 8 օր անց, երբ շտապ օգնության մեքենայում էինք, վարորդն է իր հեռախոսը տվել: Տեղեկացրել ենք, որ ողջ ենք ու թե որ հիվանդանոց են տեղափոխում:

Բուժումս 4 ամիս է տեւել, սկզբում 8 օր Այրվածքաբանության ազգային կենտրոնում եմ եղել, ապա 20 օրով տեղափոխել են Կարմիր խաչ, վերջում էլ 10 օրով՝ Մուրացան հիվանդանոցային համալիր: Երկու ամիս էլ տանն եմ վերականգնվել: Եղբայրս էլ ինձ հետ 4 ամիս բուժվել է, ապա միասին վերադարձել ենք զորամաս:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իմ վերքերը դեռ չեն ապաքինել, 12 ամիս է պետք լիովին բուժվելու համար, ձեռքերիս սպիներ կան, այրված տեղերն էլ դեռ երեւում են:

Վերադառնալուց հետո ամեն ինչ փոխվել է, բանակում ավելի շատ ենք սկսել իրար սիրել ու գնահատել, էլ ոչինչ առաջվանը չէ: Զինվորներն էլ միմյանց այլ կերպ են վերաբերվում, փորձում են ավելի հոգատար լինել: Մենք միասին ենք բարդ իրավիճակներում հայտնվել ու միասին էլ դժվարությունները հաղթահարել: Երբեք այդ ամենը չի մոռացվի:

Ցավալի կորուստները

Շատ ընկերներ եմ կորցրել պատերազմի պատճառով: Ընկերս՝ Արեն Չատինյանը, որը եւս ծանրորդ էր ու Հայաստանի չեմպիոն, Մեղրիում է ծառայել, զոհվել է: Մահացել է նաեւ Գյումրիից Էդվարդ Մարանջյանը, իմ մրցակիցն էր, ես չեմպիոն եմ դարձել, նա՝ 3-րդ տեղը գրավել:

Արենի ընտանիքի հետ մոտ եմ, հուղարկավորությանն եմ ներկա եղել, Էդվարդի եղբայրների ու ընկերների հետ եմ խոսել:

10 օր տեւած քաղցն ու շրջափակման մեջ հայտնվելը

Պատերազմ ասելիս առաջին հերթին ադրբեջանցիների վրա կրակելն եմ հիշում (խմբ. ծիծաղում է երկար): Դիպուկահար եմ եղել ու բավական շատ կրակել, ահագին շատ:

Սիրտս գոնե մի քիչ հովանում էր, համ էլ հաճույքով էի անում: Ուզում ես ամիսներով շարունակել, միայն թե կարողանաս թշնամուդ վնաս պատճառել:

Լուսանկարը` Reuters


Պատերազմն ինձ համար գոյատեւել էր նշանակում, պետք է կարողանայիր դիմանալ առանց հացի, ջրի, անհրաժեշտ այլ բաների: Հադրութ լինելու ամբողջ ընթացքում մինչեւ Երեւան հասնելը մենք քաղցած ենք մնացել:

10 օր հաց չենք կերել, ոչինչ չենք ունեցել: Հադրութ դիվերսիոն խմբի ներխուժման ժամանակ շրջափակման մեջ ենք հայտնվել: Ամբողջ վաշտով ենք եղել, բոլորը մեր մասին մոռացել էին: Չէին պատկերացնում, որ այդտեղից ողջ դուրս կգանք, կարծել են մահացել ենք, բայց 6 օր անց կապի ենք դուրս եկել: Կարողացել ենք ճեղքել օղակն ու փրկվել, մեզ նաեւ օգնության են եկել: Հրաշքով ենք ողջ մնացել, վտանգը մինչեւ վերջ մեզ հետ է եղել, խմբի մոտ 80 տոկոսը զոհվել է:

Հադրութը հնարավոր չէր պահել, թշնամին շատ-շատ է եղել: Վերջինը մենք ենք եղել, որ այնտեղից դուրս ենք եկել: Պատերազմի 4 օրերի ընթացքում չի եղել մի օր, որ առաջխաղացում ունենայինք, անընդհատ նահանջել ենք՝ մի քիչ՝ քիչ, մի քիչ՝ շատ, կամ պահել ենք մեր դիրքերը, ես որ այդպես գիտեմ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սպորտային տղաներն ու կորցրածը հետ բերելը

Մեր վաշտում շատ լավ մարզիկներ ունենք՝ Գառնիկ Հայրապետյանը հունահռոմեական ոճի ըմբիշ է, Հայաստանի, մեդալակիր ու հավաքականի անդամ, Վազգեն Կարապետյանն ու Արմեն Պողոսյանը բռնցքամարտիկներ են, Արսենը Մուրադյանն ու Ֆրունզ Եղիազարյանը՝ ֆուտբոլիստներ, Վալեր Հակոբյանն էլ լավ մարզիկ է: Շատ ուժեղ վաշտ ունենք:

Ափսոսում եմ, որ պատերազմի ընթացքում այն զինամթերքը, որ պետք էր, մեզ չի հասել: Մեր հնարավորություններն էին քիչ, մի երկրով այդքանի դեմ կռվել ենք, այսքանն էլ որ ազգովի արել ենք, մեզ համար հաղթանակ էր:

Հաղթելու տարբերակ չունեինք: Կարող էինք, բայց շատ զոհեր կպահանջվեին՝ մոտ 50 հազ, չէինք կարող այդքան մարդ զոհել, մեր երկրի համար դա շատ է: Կյանքից թանկ ոչինչ չկա:

Հետագայում, երբ բավականաչափ ուժեղանանք, կկարողանանք կորցրած հողերը հետ բերել: Իսկ ուժեղանալու համար տեխնիկա է պետք, ուրիշ ոչինչ: Հայ զինվորը 10 ադրբեջանցի արժե:

Ընտանիքը, ընկերները, հայրենասիրությունն ու հավատը

Զորացրվելուց հետո հաստատ ընտանիք եմ կազմելու, արդեն 5 տարի է ընկերուհի ունեմ: Ամուսնանալու ենք ու երեխաներ ունենանք:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ծառայելու ընթացքում սպորտը կարոտում եմ, այստեղ ընկերներիս հետ մարզվելով եմ մխիթարվում: Ծանրորդների ելույթներին եմ հետեւում: Թիմակիցներից շատ մոտ եմ Հակոբ Մկրտչյանի հետ, ամեն օր խոսում ենք, Մոնթե Մխիթարյանի, Արմեն Գրիգորյանի, լավագույն ընկերներս են: Երբ հոսպիտալում էի, դռներից այն կողմ չէին գնում, քնել են ինձ մոտ ու ամեն պահ կողքիս եղել:

Ինձ համար հայրենասիրությունն այն է, որ սահմանից է քո տունը սկսվում: Հիմա սահմանը պահելու իմ ժամանակն է, մնացածը հանգիստ քնում են: Գալու է ժամանակը, որ ես էլ հանգիստ քնեմ ու իմ փոխարեն ուրիշ տղաներ են այստեղ տանջվելու ցրտի, սովի, շոգի պայմաներում: Հայրենիքն արդեն նրանք են պահելու: Մենք սերնդեսերունդ անելիք ունենք:

Իմացել ենք, որ որեւէ մեկից չպետք է վախենանք, մեր պապերը ժամանակին ամեն ինչ արել են, հիմա էլ մեր հերթն է: Չեմ հավատում, որ այս պատերազմը վերջացել է:

Իսկ մեզ պատերազմում առաջին հերթին պահել է այն, որ քրիստոնյա ենք, մեր հավատն է ուժ տվել: Եթե այն չլիներ, ողջ դուրս չէինք գա, բոլորս էլ հավատում էինք, որ Աստված մեզ հետ է ու ամեն ինչ լավ է լինելու, դա ամենամեծ ուժն է եղել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Բոլոր զինվորների մոտ էլ աղոթագիրք կա, երբ ազատ ժամանակ ենք ունենում, կարդում ենք: Դժվար պահերին դա շատ է օգնում:

Մեր ժողովրդին կմաղթեմ, որ իրար հարգեն, զիջեն, սիրեն, մեր արժեքներն ու կրոնը լավ պահեն, եկեղեցի մտնելը ձեւական չլինի, աղջիկներն էլ տիկ-տոկներից հեռու մնան: Դրանից է, որ ազգը կամաց հետընթաց է ունենում:

Քանի մեր արժեքները պահենք, լավ կլինի, բայց եվրոպականին տուրք տալու դեպքում, ամեն ինչ կկորցնենք:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին