Դեկտեմբեր 23, 2024
exclusive
46232 դիտում

Պատերազմի մարզիկները. Վարդգես Ումրիկյան


Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդգես Ումրիկյանը
Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմը տակնուվրա է անում մարդկանց կյանքը, վերաիմաստավորում արժեքները, փոխում նպատակներն ու ապրելու նոր ուժ տալիս:

Վարդգես Ումրիկյանը կամ, ինչպես բոլորն անվանում են նրան՝ Վակոն, մինչեւ բանակ զորակոչվելը ֆուտբոլիստի կարիերայի ու մեծ ակումբներում խաղալու մասին էր երազում, սակայն եղավ ապրիլն ու նրա կյանքում ոչինչ էլ առաջվանը չէ:

Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքի հերոսն այս անգամ Վարդգես Ումրիկյանն է, նա լավ ծառայության ու ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով:

Կիսատ մնացած կարիերան

Ամենաշատն ինձ դուր է գալիս, որ սպորտում կոնկրետ նպատակ ես ունենում ու այն ամեն կերպ փորձում իրականացնել: Ավելի կամային ու չհանձնվող ես դառնում:

Ես սպորտով 10 տարեկանից եմ զբաղվել, սովորել եմ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, այնուհետեւ սկսել եմ մարզվել «Փյունիկում»: Խաղում էի կիսապաշտպանությունում, այդ ամպլուայում աշխատանքը դաշտում շատ է ու հետաքրքիր, պատասխանատվությունն էլ ավելի մեծ: Սիրում եմ նման տեղերում լինել:

Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ հիմա քիչ եմ խաղում, բայց տարբեր հանդիպումների պարտադիր հետեւում եմ: Հիմնականում Մադրիդի «Ռեալի» երկրպագու եմ, բայց մյուս թիմերին էլ չեմ անտեսում: Ինձ համար կարեւորը հետաքրքիր ու լավ պայքարն է:

Շատ եմ հավանում նաեւ Հենրիխ Մխիթարյանի խաղը, երբ նա դեռ «Փյունիկում» էր հանդես գալիս, ես առաջին քայլերս էի կատարում: Անգամ, եթե հայ էլ չլիներ Մխիթարյանի ելույթներին անպայման կհետեւեի, քանի որ նրա ոճն ինձ դուր է գալիս:

Ես էլ եմ մտածել ֆուտբոլիստի կարիերայի ու բարձունքների հասնելու մասին, սակայն միայն մինչեւ բանակ մեկնելս:

Անսպասելի ծառայությունը


Շատ պատահական եմ հայտնվել բանակում: Ծառայության մեկնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ եմ իմացել այդ մասին: Հանդես էի գալիս «Փյունիկի-1»-ի կազմում ու խաղում Հայաստանի Առաջին լիգայում: Որպես մարզիկ պետք է ազատվեի ծառայությունից, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:

Առաջին կուրսս նոր էի ավարտել ու 2014-ի հունիսի 17-ին զորակոչվեցի բանակ, այնպիսի մի տեղ, որ սպորտի մասին մտածել անգամ չէի կարող: Իսկապես ծանր էր, առաջնային նպատակս դարձավ այդ 2 տարին անցկացնելը:

Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառայել եմ Մարտակերտում, որտեղ մինչեւ ապրիլյան դեպքերն էլ կրակոցներ ու հրադադարի ռեժիմի խախտում մշտապես եղել է: Բայց պատերազմի մասին պատկերացում անգամ չեմ ունեցել, մինչեւ որ այն ինքս չեմ տեսել:

118-րդ ու 116-րդ դիրքերը

Ես 118-րդ դիրքի ավագն էի, ապրիլի 1-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում հեռախոսազանգ ստացանք, որ մեր ու 116-րդ դիրքի վրա դիվերսիա է լինելու: Զգոնությունը պահելու համար նման զգուշացումներ սովորաբար անում էին: Բայց մի կես ժամ էլ չանցած զգացինք, որ ամեն ինչ շատ լուրջ է: Սկսեցին հրետանիով մեր ողջ տարածքը կրակի տակ պահել, կապն ամբողջությամբ շարքից դուրս եկավ:

7 հոգի էինք, անձնակազմին միանգամից թաքստոց մտցրի, հրետանու կրակի ժամանակ այդպես է: Ես ու եւս մեկ հոգի դրսում մնացինք, հաճախ է պատահում, որ կրակի հակառակ ուղղությամբ թշնամին դիվերսիա է անում, պետք էր զգոն լինել:

Առավոտյան 5-ի կողմերը, երբ լույսը նոր էր սկսել բացվել, 116-րդ դիրքից ձայներ լսեցինք ու նկատեցինք դեպի մեզ վազող զինվորի: Էդգարն էր, պատմեց, որ իրենց դիրքը գրավել են, բոլորիս համար շոկային իրավիճակ էր: Կարծել էինք ուղղակի հրետանին է շատ կրակում, բայց լուրջ ոչինչ չկա:
Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհանգստություն ընկերոջ համար

Այդ պահին ամենաշատն ինձ ընկերս՝ Ռոբը, Ռոբերտ Աբաջյանն էր հետաքրքրում, բայց Էդգարը ոչ մեկի չէր տեսել, նա առաջին խրամատում էր եղել Արմենակ Ուրֆանյանի ու Քյարամ Սլոյանի հետ:

Անգամ չի իմացել, որ տղաները զոհվել են, երբ այլեւս նրանց ձայները չեն լսվել, ենթադրել է, որ միայնակ է մնացել, խրամատով դուրս է եկել ու հասել մեզ մոտ:

Այդ պահին անորոշ վիճակ էր, բոլորը սպասում  էին, թե ով իրենց պետք է առաջնորդի, ողջ պատասխանատվությունն ինձ վրա էր մնացել: Ես էլ որոշեցի, որ պետք է շարժվենք դեպի 116: Զինվորական տեսանկյունից դա սխալ որոշում էր, բայց այդ պահին միակ ու ճիշտ տարբերակն էր:

Մոտ ժամը 6-ին հասանք դիրք: Ադրբեջանցիներն այն արդեն ամբողջությամբ գրավել էին, դիտակետերում, խրամաբջիջներում, ամեն տեղ ցրված էին: Հետեւի խրամատի մոտ դիրքավորվեցինք, ճիշտ է որոշակի հեռավորություն կար, բայց ամեն ինչ լավ տեսնում էինք:



Վերջին հեռախոսազանգ

Անգամ այդ ծանր պահերին ընտանիքիս հետ կապն անընդհատ փորձել եմ պահել, գիտեի, թե որքան կարեւոր է նրանց համար լուր ստանալը: Այդ մի քանի օրերի ընթացքում մայրիկս ծերացավ…

Պատերազմական օրերին մի այսպիսի դեպք եղավ. կապ ընդհանրապես չունեինք, բայց տնեցիների հետ վերջին անգամ խոսելու մեծ ցանկություն ունեի:

Չնայած միշտ լավատեսորեն եմ տրամադրված եղել, բայց չգիտեմ ինչու ինձ թվում էր, որ դա վերջին անգամն է լինելու:

Երբ կրկին կրակոցները սկսվեցին ու թեժ կռիվներ էին ընթանում, ամբողջ ընթացքում մտածում էի, որ չկարողացա զանգել տուն, ու եթե ինձ հետ ինչ- որ բան պատահի, ումի՞ց են իմանալու այդ լուրը:

Եթե կարողանայի ամբողջ ապրիլը կհանեի ծառայության  2 տարիներից, այդ ամենը վերապրելու ու հիշելու կարիք էլ չէր լինի: Միայն լավ հիշողություններ ու պահեր կմնային:
Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոբերտ Աբաջյան

Ծառայության ընթացքում լինում են ընկերներ, որոնք միշտ քեզ հետ են, այդպիսին ինձ համար Ռոբն էր: Երկուսս էլ ծառայության մեջ նույն գործն էինք անում, ես 6 ամիս շուտ էի գնացել բանակ, նա ուսումնական գումարտակում ծառայելուց հետո եկել է մեր վաշտ: Սկզբում շարքային էր, հետո սերժանտական դասերի մասնակցեց ու կոչում ստացավ:

Ժամանակակից երեւանցի տղա էր, հումորով, խելացի, կյանքում արդեն շատ բան տեսած, բոլորը հարգում էին նրան: Անգամ չեմ իմացել, որ սովորում է, այդ մասին երբեք չենք խոսել:

Երբ 116-րդ դիրքի վրա հարձակում եղավ, անընդհատ Ռոբերտի մասին էի մտածում: Երբ արդեն կարողացանք մտնել նրանց խրամատ, այն ամբողջությամբ ավերված էր, խաչը կոտրած, ամեն ինչ տակնուվրա արած:

Տղաների դիակներն էին՝ Քյարամի ու Ուրֆանյանի, բայց Անդրանիկ Զոհրաբյանն ու Կյաժը չկային, անգամ այդ պահին չէի մտածում, որ զոհվել են:



Որոշել եմ, եթե տղա ունենամ, ընկերոջս պատվին անունը Ռոբերտ եմ դնելու:

Պատերազմը ֆիլմի սցենար չէ

Պատերազմական իրավիճակներում երբեք էլ չես իմանում ինչ անել: Հիմա էլ համոզված չեմ, որ 2-րդ անգամ նման իրավիճակում հայտնվեմ, ինչպես կկողմնորոշվեմ: Այդ պահին ինչ մտքովդ անցնում է, կամ ինչ կարողանում ես, դա էլ անում ես: Մենք, երեւի, հայի թասիբի շնորհիվ կարողացանք դիմակայել ու ավելին չկորցնել:

Կռվի ժամանակ սխալ է ինչ- որ բաների սպասել, կյանքում ֆիլմերի պես չէ, որ ուզածդ պահին օգնություն կարող է հասնել: Պետք է շատ արագ գործել ու միայն քեզ վրա հույս դնել:
Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում են զինամթերքի պակաս է եղել, սակայն մենք մի քանի ավտոմատի անհրաժեշտություն չունեինք, որովհետեւ այդ պատերազմը զենքի կռիվ չէր: Հիմա տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ նրանք են իրար դեմ կռիվ տալիս, ոչ թե զինվորները: Պարզապես մեր պետությունն այնպիսի տեխնիկա պետք է ունենար, որ միանգամից կարողանար վճռել ամեն ինչ:

Միշտ մտածել են, որ մեր բանակը պատրաստ է, ցանկացած պահի էլ պատերազմը վերսկսվելու դեպքում կկարողանա հանգիստ գործել: Սակայն ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր բացերը:

Մեր բանակն ավելի մարտունակ պետք է դառնա տեխնիկայի շնորհիվ: Թե չէ զինվորները լավն են, իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են:

Կորուստներն ու Եռաբլուր այցերը

Պատերազմի արդյունքում ինձ համար շատ կարեւոր մարդկանց կորցրի, մինչեւ հիմա էլ դրա հետ չեմ համակերպվել: Մտածում եմ, որ այդ պահերն արդեն անցել են, ամեն ինչ լավ է լինելու, բայց ինքնս ինձ եմ խաբում:

Եռաբլուրում հաճախ եմ լինում, այնտեղ այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես գնացել եմ տղաներին տեսնելու: Մի քիչ մնում եմ, հանգստանում ու թեթեւանում:

Ապրիլից հետո կյանքն ավելի շատ գնահատեցի: Միշտ մտածում ենք, որ մեզ հետ վատ բան չի կարող պատահել, ես էլ էի այդպես կարծում: Բայց տեսա, թե որքան հեշտ է մեռնելը, կյանքին այլ կերպ եմ նայում արդեն ու ցանկանում եմ վայելել ամեն մի մանրուք:

Ես էլ մարդ եմ ու, բնականաբար, բոլորի պես վախեցել եմ: Եթե չվախենաս, խելագարի տպավորություն կթողնես: Շատերից եմ լսել, որ այդ պահերին ընտանիքի կամ հայրենիքի մասին են մտածել, իսկ իրականում միայն ինքդ քեզ համար ես անհանգստանում:
Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդալն ու չգնահատված լինելը

Պատերազմում ցուցաբերած խիզախության ու ծառայողական պարտքս արիաբար կատարելու համար մայիսի 9-ին նախկին պաշտպանության նախարարի կողմից Վազգեն Սարգսյան մեդալով եմ պարգեւատրվել: Իհարկե, ինձ մի քիչ ավելի գնահատված եմ զգում, բայց մեծ հաշվով այն ինձ ոչինչ էլ չի տվել:

Կարծում էի, որ պատերազմից հետո ավելի հեշտ կլինի իմ ու կռվին մասնակցած մյուս տղաների համար, բայց անուշադրությունը ստիպում է այլ բաների մասին մտածել:

Ժողովրդի կողմից սրտացավությունն ու աջակցությունը տեսնում ենք, բայց պետության կողմից շատ քիչ է: Երբ նոր էի զորացրվել, այլ պատկերացումներ ու նպատակներ ունեի, իսկ հիմա ապագաս այս երկրում չեմ տեսնում: Նախկինում միայն Հայաստանում ապրելու մասին էի մտածում:
Վարդգես Ումրիկյանը Վարդգես Ումրիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերադարձն ու ապագայի ծրագրերը


Ընտանիքիս հետ բնակվում եմ Արարատում, 2 քույրիկ ունեմ: Մեծն արդեն ամուսնացել է ու 2,5 տարեկան բալիկ ունի, նրան շատ եմ սիրում: Ինձ համար ամենակարեւոր մարդկանցից է: Փոքր քույրս 11 տարեկան է ու դեռ դպրոցում է  սովորում: Մայրս մանկապարտեզում է աշխատում, իսկ հայրիկիս հիմնական աշխատանքը Ռուսաստանում է:

Ես Ֆիզկուլտինստիտուտի մարզաառողջարանային ֆակուլտետի ֆուտբոլի բաժնի 2-րդ կուրսում եմ սովորում: Ուսմանս վարձը 80 տոկոսով զեղչվել է, ինչը շատ կարեւոր է:

Բանակից ամռանն եմ վերադարձել, սկզբում չէի հավատում, որ տանն եմ: Կռվի ժամանակ տուն վերադառնալը երազանքի պես մի բան էր: Անբացատրելի զգացողություններ ունեի ինձ ծանոթ վայրերը տեսնելիս:

Ինձ առաջարկել են մնալ ու ծառայել բանակում, բայց այլ կյանքով եմ ուզում ապրել, այդ ամենից հեռու: Հիմա նախ ցանկանում եմ ուսումս վերջացնել, հետո ինչպես բոլորը լավ աշխատանք ունենալ ու ընտանիք կազմել:

Վարդգես Ումրիկյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին