Դեկտեմբեր 23, 2024
exclusive
5626 դիտում

Պատերազմի մարզիկները. Աշխեն Սիմոնյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հատուկ նշանակության ջոկատի զինվոր, բռնցքամարտիկ, մրցավար ու մարզիչ Աշխեն Սիմոնյանը Արցախյան երրորդ պատերազմի մասնակից այն կանանցից է, ով ոչ մի վայրկյան չի երկմտել կռվել, թե ոչ: Նրա համար հայ կինը պատերազմի դաշտում ոչ միայն թիկունք է, այլեւ զգոնության խորհրդանիշ ու անձնազոհության օրինակ։

Սիմոնյանի համար կարծրատիպեր չկան, կան նպատակներ, որոնց նա քայլ առ քայլ հասնում է` իր կամքի եւ անդադար աշխատանքի շնորհիվ: Նա առաջին կինն էր մեր երկրում, ով սկսեց զբաղվել բռնցքամարտով եւ դարձավ Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն, 4 միջազգային մրցաշարերի ոսկե մեդալակիր, պատանիների Աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր:

Նա կարծում է, որ Հայաստանում պետք է կարողանան կռվել բոլորը: Իսկ հետագա պարտություններից խուսափելու պայմանը անդադար եւ շատ աշխատելն ու կատարելագործվելն է: Սիմոնյանը հստակ գիտի, որ բանակին ու բռնցքամարտին իր նմանները հաստատ պետք են:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Կինը բանակո՞ւմ

«Բա սա աղջկա տե՞ղ է, ի՞նչ պետք է անես բանակում» արտահայտությունը հաճախ եմ լսել: Նույնն էլ բռնցքամարտի պարագայում էր, լացելով էի մտնում դասի ու դուրս գալիս: Սկզբում «Դինամոյում» չէի պարապում, Ենգիբարյանի անվան մարզադպրոցում էի: Այն ժամանակ աղջիկները չէին զբաղվում բռնցքամարտով, միայն ես էի: Առաջինն էի, որ մասնակցեցի միջազգային մրցաշարերի ու բազմաթիվ հաղթանակներ տարա:

 

Սպորտով փոքրուց եմ զբաղվել, մայրս լողորդ է եղել, հայրս`բռնցքամարտիկ: Մերոնք չէին ուզում, որ բռնցքամարտով զբաղվեմ, բայց մի պահ զգացին, որ էլ ոչինչ չեն կարողանում անել ու փորձեցին օգնել: Նույնն էր նաեւ բանակի պարագայում:

Երբ նոր էի անցել ծառայության, մտածում էի կկարողանա՞մ արդյոք հասնել իմ ծառայակիցներին։ Մեկ-երկու անգամ գնալուց հետո զգացի, որ հետ չեմ մնում նրանցից։ Մի անգամ կրակային դասընթացների էին ուղարկել: Ինչպես միշտ սկզբում չէին ուզում մասնակցեմ, բայց խնդրեցի, որ ուղարկեն: Բոլոր մասնակիցները տղամարդիկ էին, Արցախից եկած մի լեյտենանտ էլ կար, որն իր զինվորներին էր բերել: Ինձ ասաց. «Աղջիկս, սա քո տեղը չէ, սարի կեսին ես հասնելու, ու չգիտեմ, թե քեզ էնտեղից ոնց պիտի տանենք»:

 

Պարոն լեյտենանտը սարը բուժակի մեքենայով բարձրացավ, իսկ կրակայինի ժամանակ ինձ հետ ընկավ ու նրան հաղթեցի: Վերջում էլ բոլոր տղամարդկանց հետ պայքարում 1-ին տեղը զբաղեցրի: Գիտե՞ք՝ ինչ էր դա ինձ համար: Զգացի, որ ժամանակն իզուր չեմ ծախսել ու ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հղիությունն ու ծառայությունը

3,5 տարվա ծառայության ընթացքում, ամեն երկուշաբթի շարահրապարակում քայլելն ինձ համար կարծես տոն լիներ: Վեց ամսական հղի էի, «ռազվոդի» գնացի, քայլելիս աչքերիս առաջ սեւացավ, դիմացինի գոտուց բռնեցի, վատ էի, ինձ շարքից հանեցին: Լայն հագուստ էի կրում, ու շատերը նույնիսկ չգիտեին հղիությանս մասին: Մինչեւ պատերազմը հղի անգամ գործողության եմ գնացել` ներթափանցել եմ թշնամու թիկունք ու վերադարձել: Իհարկե, հետո երբ գնդապետ Ասատրյանն իմացավ այդ մասին, սարսափելի բարկացավ, բայց հետախույզի օրը`նոյեմբերի 5-ին, պարգեւատրեց:

Բոլորս պետք է կարողանանք կռվել։ Երբ տղամարդը տեսնում է, որ կինն անում է այն՝ ինչն իր պատկերացմամբ չի կարող, դրանից ավելի է ոգեւորվում։ Մի անգամ տղաներից մեկը սկսեց փնթփնթալ ու հայտնեց, որ չի գնալու մարտի, քանի որ երկրորդ երեխան է ունենալու եւ չի ուզում նրանց անհայր թողնել: Զայրացա, եթե ես չէի խոսում, ապա ինքն էլ իրավունք չուներ: Զենքը վերցրեց ու գնաց։ Լավ է, որ չզոհվեց, այլապես ինձ ողջ կյանքում չէի ների։ Այնտեղ միայն մեկ օր եմ արտասվել՝ հոկտեմբերի 11-ին, երբ դուստրս՝ Աստղիկը, դարձավ 6 ամսական, ու ես տանը չէի:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հատուկ նշանակության ջոկատը

Միշտ եմ ուզել ծառայել բանակում, որովհետեւ ինձ անընդհատ ինչ-որ բան չէր հերիքում։ Փորձում էի անցնել ծառայության, բայց չէր ստացվում: Գերմանիա հանգստանալու էի գնացել, այնտեղից էլ դիմում էի, բայց չէին արձագանքում: Անձամբ գնացի նախարարություն, եւ տուն չհասած զանգեցին ու կանչեցին հարցազրույցի:

Թղթերս նայեցին ու ասացին, որ հենց սպեցնազի կադր եմ: Մտքովս չէր էլ անցնում, որ Հատուկ նշանակության ջոկատ կտանեն, ինչի համար շատ ուրախացա, որովհետեւ այնտեղ ծառայողներն ինձ համար բոլորը հատուկ ու ընտրած մարդիկ էին: Չգիտեի, որ կանայք էլ են ընդգրկվում այդ ջոկատում: Երբ առաջին անգամ համազգեստ ստացա, արտասվում էի, ու բոլորը տարօրինակ հայացքով ինձ էին նայում:

Ծառայության ընթացքում այնպես էի անում, որ ներգրավվեմ տղամարդկանց հատուկ գործողությունների մեջ: Համարյա բոլորը դիպուկահար էին, բայց ինձ հետախույզ-գնդացրորդ նշանակեցին: Գնդացիրը շատ ծանր զենք է, բայց ֆիզիկապես պատրաստ էի: Իմ վաշտի հրամանատար Հովիկ Սիմոնյանն էր այդ զենքն ինձ վստահել: Նա զոհվել ու հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Երբեք չեմ մոռանա, երբ Քարվաճառում ինձ վստահված դիրքում էի, պետք է թիկունքը պահեի, անընդհատ ուզում էի հայացքով Սիմոնյանին հանդիպել։ Երբ վերջապես հասա իրեն, ասաց. «Եկար, Աշխեն ջան»: Արցունքները սկսեցին հոսել, հրամանատարին հուսախաբ չէի արել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմը

Սիրտս վկայում էր, որ պատերազմ է լինելու: Օր առաջ ուզում էի գնալ զորամաս ու պատրաստվել, ֆիզիկապես լավ վիճակում լինել: Հենց տագնապը տվեցին, միանգամից ճանապարհ ընկանք ու հետո իմացանք, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում:

Նախ գնացինք Սիսիան, մի քանի օր մնալուց հետո ուղեւորվեցինք Քարվաճառ, որտեղ լուրջ գործողություն ձեռնարկվեց՝ հանձնված երկու դիրք հետ բերեցինք։ Ցավոք սրտի մեկ զոհ ունեցանք՝ հրամանատարի տեղակալին կորցրինք:

Նման գործողությունների ժամանակ սովորաբար ավելի շատ զոհեր են լինում։ Դրանք բարդ տեղադրություն ունեցող դիրքեր էին՝ բարձ էին, ու մենք պետք է ներքեւից  գրոհեինք: Գործողությանը նախորդող գիշերը հրամանատարը մեզ հարցրեց, թե ինչ տրամադրություն ունենք: Բոլորս էլ պատրաստ էինք ցանկացած հրամանի:

Այդ գործողությանն ինձնից բացի եւս մի կին էր մասնակցում: Իմ հրամանատարը տարբերություն չէր դնում, եթե զգում էր՝ ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ ես, լիարժեք տիրապետում ես գործին, վստահում էր քեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե յուրաքանչյուրը գիտակցեր, թե ինչ է հայրենիքին ծառայելը` հաստատ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Այն մարդիկ, ովքեր ամեն կերպ ճողոպրել էին մարտի դաշտից, մինչեւ այսօր կան: Համաձայն չեմ, որ ասում են չենք պարտվել: Եկեք իրոք ընդունենք, որ մենք պարտվել ենք ու ուժ գտնենք կատարելագործվելու:

Այնքան աբսուրդային դեպքեր են եղել, երբ թարգմանիչներին ուղարկում էինք ադրբեջաներենի դասընթացների, իսկ արդյունքում նրանք ոչ մի լեզվի էլ չէին տիրապետում: Հասկանո՞ւմ եք աբսուրդի աստիճանը: Հրամանատարն այնքան մարդկանց ցուցակ է կազմել, որոնց պետք է զինված ուժերից հանել, ու հիմա նրանք բոլորը զորամասում են։ Մեր բանակի խնդիրը գիտե՞ք որն է՝ ոչ մեկ իր վրա չի աշխատում։

Հրամանատարի ծանր կորուստը

Վերջին 3 օրերին հրամանատարի՝ գնդապետ Վահագն Ասատրյանի հետ եմ եղել։ Հարցնում էի. «Ինչո՞ւ չեք խոսում»: Արդեն չէր դիմանում, իր զինվորների կորուստը, այդ ծանրությունն ու պատասխանատվությունն, որ իր վրա էր դրված, չէր թողնում անգամ մի պահ թուլանալ։ Իրեն խաբված էր զգում՝ լրիվ այլ բան էին ասում, բայց այլ տեղ էին ուղարկում։ Գործողություններից հետո զայրացած ասում էր. «Իմ զինվորներին ինչի՞ տեղ են դրել, նրանք պետք է տանկերի դեմ կռվե՞ն»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որտեղ Ասատրյանին ուղարկում էին, բոլոր խնդիրները լուծում էր, շատ մեծ կշիռ ուներ։ Եթե երկու Վահագները՝ Ասատրյանը եւ Թումասյանը կենդանի մնային, այս ամենի վերջն այլ կլիներ, պատերազմն այդպես չէր ավարտվի։ Նրանց չէին կարողանում լռեցնել, նրանց ուժի դեմ չէին կարողանում ոչինչ անել ու կանգնեցնել։

Խնդրեցի, որ փիկապով չգնան, թշնամին դեռ Քարվաճառից գիտեր, որ այդ մեքենան Հատուկ նշանակության ջոկատինն է, միանգամից կրակում էին: Թումասյանը համոզված էր, որ կարմիր խաչի նշանի շնորհիվ չեն կրակի:

Հրամանատարիս հրաժեշտ էի տվել ու հաջողություն մաղթել: Համոզված էր, որ շուտով միանալու է մեզ: Ընկերուհիս երկու Վահագների հետ է եղել ու ականատես եղել, թե իրականում ինչ է կատարվել ու ինչպես են նրանք զոհվել:

Ինձ համար պարտության գիտակցությունը նոյեմբերի 9-ին չէր, այլ հոկտեմբերի 12-ին, երբ մերոնք չվերադարձան: Չէի հավատում, որ նրանց էլ չեմ տեսնելու: Ծառայության անցնելուց զգում էի, որ պատերազմ կլինի, բայց մտերիմների մահին պատրաստ չէի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառայության ընդունելիս, Ասատրյանն ինձ հարցրել էր, արդյո՞ք կկարողանամ համակերպվել ծանոթներիս մահին, ասել էի՝ մինչեւ նման իրավիճակում չհայտնվեմ, չեմ կարող պատասխանել: Գիտեի, որ ես էլ կարող էի զոհվեի, բայց այդ մասին չէի մտածում: Չէի պատկերացնում, որ այդքան մտերիմ մարդիկ կզոհվեն ու ներսումս ամեն ինչ տակնուվրա կլինի:

Հիմա շատ են մեր սպաներին վարկաբեկում, թեեւ սրիկաները շատ են, բայց քիչ չեն նաեւ նրանք, որոնց չպետք է անտեսել: Հաճախ հերոս զինվորների թիկունքում այդ հրաշալի սպաներն են կանգնած եղել, որոնց մի մասն էլ պատերազմի ժամանակ է զոհվել:

Հիմա կյանքս բաժանվել է երկու մասի՝ մինչև պատերազմը ու պատերազմից հետո։ Ինձ համար սարսափելի դժվար է պատերազմից հետո ապրել, շատ թանկ մարդկանց կորստի հետ բարդ է հաշտվել։ Ամենալավերն էլ չկան, հիմա որպես ընկեր եմ խոսում: Դաժան բան եմ ասում, բայց գնացին նրանք, ովքեր պետք է շարունակեին ապրել։ Այդ մարդիկ պետք է մեծ փոփոխություններ անեին։ Նրանք չկան, ու դա ինձ շատ էր խանգարում մտնել զորամաս։ Երբ տեսնում եմ, ովքեր էլ մեզ հետ չեն՝ Հրամանատարից մինչեւ Կարեն Բաբայան, ցավով գիտակցում եմ, որ գնացին ամենալավերը…

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ջրականը

Ջրականում շրջափակման մեջ էինք ընկել ու հույս չկար, որ որեւէ մեկը կենդանի կմնա, բայց 120 հոգուց երկու հոգի զոհվեցին: Օդուժն էր աշխատում մեր դեմ, ու մոտ տարածությունից մարտեր էին ընթանում: Ահավոր վիճակ էր, բայց ազգային հերոս Վահագն Ասատրյանը կարողանում էր հոգեբանորեն կառավարել բոլորիս։ Երբ իր ձայնը լսում էինք, ամեն ինչ իր տեղն էր ընկնում:
 
Շրջափակման մեջ հայտնվեցինք, որովհետեւ մեզ տրամադրված ինֆորմացիայի համաձայն թշնամու հավանական ներթափանցում էր սպասվում, պետք է սպասեինք նրանց մուտքին: Ողջ գիշեր անձրևի տակ դիրքավորված մնացինք ու ուժասպառ։ Երբ լուսադեմին օդուժը սկսեց աշխատել, հասկացանք, թե ինչ է կատարվում: Սկզբում մեքենաները շարքից հանեցին՝ առաջինն էլ բնականաբար բժշկի մեքենան։ Պարզ էր արդեն, որ ոչ թե ներթափանցում է, այլ մենք ենք ընկել շրջափակման մեջ: Գործի դրվեց մարդկային ուժը` դիպուկահարներն էին աշխատում, նրանցից մեկն էլ մեր Հենզելին սպանեց։ Մոտ 10 ամիս նրա դին մնաց այնտեղ, նա էլ էր դիպուկահար:

Բոլորն արդեն մտածում էին, որ զոհվել ենք։ Հրամանատարը կապվել էր մերոնց հետ ու օգնություն խնդրել, որ զորքը հանեն՝ խոստանալով հետագայում անել այն ամենն, ինչ կուզեն: Բայց օգնության չեկան, Վահագն Ասատրյանը մեզ դուրս բերեց շրջափակումից: Եթե նա, Արգամն ու Լեւոնը չլինեին, բոլորով շրջափակման մեջ էինք մնալու: Նրանք  կազմակերպված ղեկավարեցին ամեն ինչ, մենք էլ՝ լսեցինք հրամանները: Այնպիսի խառնաշփոթ էր, որ դժվարանում էինք հայերին ու ադրբեջանցիներին իրարից զատել: Անընդհատ գոռում էինք, որ հանկարծ մերոնց վրա չկրակենք: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերուհիներիցս մեկը մեզ հետ շրջափակման մեջ չէր ընկել: Երբ կարողացանք դուրս պրծնել, ասաց մեր դեմքերից այնպիսի տպավորություն էր, թե ցեղասպանություն ենք վերապրել: Իրար վրա դողում էինք, բայց ուժասպառ էինք, իրար չէինք նայում, ուղղակի ձայն էինք տալիս:

Երբ մեր խմբից տարիքով ամենամեծը, որին «Բիձ» էինք ասում, չերեւաց, բոլորս իրար էինք մեղադրում, որ ուշադիր չենք եղել եւ նրա կորուստն էինք սգում: Իսկ նա լրիվ ուրիշ ուղղությամբ էր դուրս եկել ու հետո կրկին միացավ մեզ:

Շրջափակման մեջ միայն մտածում էի գերի չընկնելու մասին: Նռնակը մատիս էր հարմարեցված, այդ պահին նույնիսկ չէի գիտակցում, որ եթե դրանցից մեկը պայթեր, ոչ միայն ես կզոհվեի, այլեւ իմ շուրջը գտնվող մարդիկ: Հստակ որոշել էի՝ չէի կարող գերի ընկնել եւ այդքան նվաստանալ թշնամու առաջ: Տանը նստած մեծ-մեծ չեմ խոսում, անցել եմ այդ ամենի միջով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Վերջաբան

Իմ հրամանատարի ու ընկերներիս կորստից հետո ինձ համար դժվար էր զորամաս մտնել։ Տաս տարի էլ տեւի, բայց պիտի հասկանամ, թե ինչո՞ւ արեցին այս ամենը, սա միայն թուրքի գործը չէր։

Բանակը շատ եմ կարոտում: Հիմա առանց այդ ամենի կարծես չապրեմ: Պատերազմից, այդ ահավոր ապրումներից հետո, երկար ժամանակ ոչ մի բանով չէի զբաղվում`չէի կարողանում, նույնիսկ ծառայությունից դուրս եկա:

Հիմա աշխատում եմ ինձ վրա, ուզում եմ քննություն հանձնել, որ նորից վերադառնամ ծառայության: Անկեղծ ասած՝ ինձ հիմա ռինգն է փրկում, հանրապետական կարգի մրցավար եմ ու Հայաստանի առաջնության մարտերն եմ վարում: Ուզում եմ միջազգային կարգ լրացնել ու խոշոր մրցումներ դատել: Երբեմն մտածում եմ նաեւ մենամարտի մասնակցել, շատ եմ ուզում «բոյ» տալ:


Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին