Դեկտեմբեր 23, 2024
exclusive
6350 դիտում

Պատերազմի մարզիկները. Տիգրան Մարտիրոսյան


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Սամվել Անտոնյանի հետ
Սամվել Անտոնյանի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Ձախից առաջինը Դավիթ Մոսոյանն է
Ձախից առաջինը Դավիթ Մոսոյանն է

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Գոռ Բարոյանը
Գոռ Բարոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականին հայ-ադրբեջանական պատերազմը, ցավոք, ավարտվեց մեր պարտությամբ:

Չնայած դրան՝ հայ զինվորը պայքարել է մինչեւ վերջ ու իր ողջ ուժերը ներդրել հանուն հայրենիքի: Նրանց թվում է նաեւ վանաձորցի նախկին ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, որի կյանքի անհավանական պատմությունը ներկայացնում ենք մեր «Պատերազմի մարզիկները» շարքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բանակ զորակոչված ծանրորդը

Հայրիկիս շնորհիվ եմ սիրել սպորտն ու 5 տարեկանից գնացել մարմնամարզության, ապա ձյուդոյի: Երեք տարի անց մտա ծանրամարտի դահլիճ ու հենց առաջին պարապմունքից գտա, որ այն իմն է:

Դարձել եմ Հայաստանի երիտասարդների չեմպիոն, Ուսանողական խաղերում գրավել 3-րդ տեղը: 2018 թվականին Հայաստանի երիտասարդական առաջնությանը երկու ամիս էր մնացել, ու ես լուրջ պատրաստվում էի դրան: Հանգստյան օրը մեր մարզիկներով որոշեցինք ֆուտբոլ խաղալ:

Խոտը թաց էր, վազելու ժամանակ ընկա ու կոճս ջարդեցի: Բժիշկն ասաց, որ այլեւս չեմ կարող ծանրամարտով զբաղվել: Ես էլ որոշեցի բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ պարապել: Մի քանի անգամ Հայաստանում խառը մարտարվեստի մրցումների մասնակցեցի ու 2020-ի հունվարին զորակոչվեցի բանակ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ծանրամարտը դաստիարակել է ինձ: Դրանում հակառակորդդ ոչ թե մարդն է, այլ անշունչ առարկան, որին պետք է հաղթես: Ամեն անգամ, երբ ծանր քաշ ես բարձրացնում, ցանկանում ես ավելին անել: Սպորտն ինձ շատ է օգնել, հատկապես՝ վիրավորվելուս ժամանակ:

Հայկական կողմը տեղյակ էր պատերազմի մեկնարկի մասին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու օր արնաքամ եմ եղել ու, ինչպես ասում է բժիշկս, իմ ֆիզիկական ուժի հաշվին եմ ապրել: Նա ասաց, որ եթե վիզս մկանուտ չլիներ, ապա գլխավոր երակս, որի վրայով անցնում է դեմքիս սպին, չէր դիմանա: Ինձ Աստված ու սպորտն են փրկել: Սպորտն ինձ բառիս բուն իմաստով կյանք է պարգեւել:

Եթե այս պատմությունն ուրիշից լսեի՝ կզարմանայի հրաշքի վրա, բայց այն ինձ հետ է տեղի ունեցել:

Ծառայել եմ Հադրութ քաղաքում: Բանակում ամեն ինչ շատ լավ էր, գոհ եմ եղել: Սերժանտ էի, մեր դիրքի ավագը, հսկում էինք Հադրութի ամենավտանգավոր դիրքերից մեկը, որի հեռավորությունը թշնամուց մի քանի մետր էր: Այնքան մոտ էինք իրար, որ ամեն ինչ տեսնում ու լսում էինք: Մինչ պատերազմի ընթացքը հասկանում էի, որ մի բան է կատարվում: Ժամանակ էր լինում 80 զինվորական մտնում էր իրենց դիրքերն ու սկսում գործ անել: Կապ էի տալիս ու հարցնում, «կարո՞ղ եմ կրակ բացել», բայց երբեք թույլ չեն տվել. «ոչ մեկին ոչ մի գնդակ չգնա»: Ակնհայտ էր, որ պատրաստվում են:

Լուսանկարը` անձնական արխիվից


Սեպտեմբերի 25-ին բարձրացանք դիրքեր, որոնք մոտ 40 կմ հեռու են Հադրութ քաղաքից: Այդ ընթացքում մեկ անգամ դիվերսիա եղավ, իսկ մեկ օր անց գիշերը 12-ին շտաբի պետը կապ տվեց, որ 4:30-ին պատերազմ է սկսվելու, պատրաստ լինենք:

Մենք 6 զինվոր էինք ու համար մեկ պատրաստվածությամբ բարձրացանք խրամատ: Ոչինչ չկար, լռություն էր, միայն շատ տանկերի ձայներ էին գալիս: Առավոտյան 6-ին հրաման ստացանք՝ «թողնել ու անցնել առօրյա ծառայության»: Շատ հոգնած ու լարված էի: Մտա գետնատնակ մի քիչ հանգստանալու, աչքերս ուզում էին փակվել, երբ ուժեղ ձայն լսվեց: Վազեցի դուրս ու տեսա, որ թշնամու ուղղաթիռը մեր դիրքի վերեւն է, երեւի 5 վայրկյան անց այն պայթեցվեց: Բոլորս ուրախացանք, մի տեսակ ոգեւորվեցինք, տրամադրություններս բարձրացավ ու վազեցինք խրամատներ: Հետո միանգամից 12 տանկ տեսանք, իսկ մենք ունեինք ընդամենը չորս արկ ու մի կրակող: Ցավոք, չորսն էլ իրենց նպատակին չհասան:

Դիրքերի կորուստը, թանկ ընկերների դերը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մենք երկու գումարտակով ենք պահել ամբողջ դիրքը, իսկ պատերազմի ժամանակ պետք է անցնեինք պաշտպանության, հարկավոր էր ուժեղացնել դիրքերը: Հայկական կողմը հաստատ գիտեր, որ պատերազմ է սկսվելու, բայց այդ քայլերն այդպես էլ չձեռնարկեց:

Մոտ 20-25 րոպեում կողքիս երկու դիրքն էլ ոչնչացվեց: 139 դիրքի ավագը Կյաժն էր, իմ ընկերը: Ոտքը տանկի տակ էր մնացել, բայց վեց հոգու կյանք փրկեց, 4 տանկ խփեց ու վիրավոր շարունակեց կռվել մինչեւ վերջ: Շատ ուժեղ տղա է:

Իմ կողքի դիրքից մյուս ընկերս՝ Սամվել Անտոնյանը, որին Սատանա էինք ասում, իր ամբողջ խմբով եկավ իմ դիրք: Սամվելի դիրքը շատ վատն է եղել, սակայն իր ավագ դառնալուց հետո այն Հադրութի ամենաուժեղ ու մաքուր դիրքն էր դարձել: 5 ամիս եկեղեցի էր կառուցել ու պատերազմի հենց սկզբին թուրքերը դրան էին հարվածել:
Սամվել Անտոնյանի հետ Սամվել Անտոնյանի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Ամսի 27-ին արդեն ուժասպառ էի, ուղղակի կրակում էի տանկերի վրա, որոնք ընդամենը 30 մ էին հեռու: Ավելին անելու ոչ մի բան չկար, կողքներս ամեն ինչ գրավված էր, միայն մենք էինք: Երբ ասացի «չեմ հանձնվելու, կմնամ ու կմեռնեմ», Սամվելը բռնեց զրահաբաճկոնիցս, գցեց ներքեւ ու թուշս պաչեց: Ասում եմ «ի՞նչ ես անում, մեռնո՞ւմ ենք», թե «մի մտածի, դուրս ենք գալու»: Համոզելով ինձ հանեց այդտեղից:

Սամոն մեր ամեն ինչն էր: Ինքն ու մեր մյուս ընկեր Դավիթ Մոսոյանը միաժամանակ են զոհվել, ես այդ ժամանակ առաջին վիրավորումս էի ստացել ու նրանց հետ չէի:
Ձախից առաջինը Դավիթ Մոսոյանն է Ձախից առաջինը Դավիթ Մոսոյանն է

Լուսանկարը` անձնական արխիվից


Խուճապը հասարակ զինվորների համար չէր

Այդ օրը մեզ ոչ ոք օգնության չի եկել: Ինչպես կարողացել ենք, դիմադրել ենք ու դուրս եկել՝ տալով 5-ից ավել զոհ: Երեք դիրքից 6-ական զինվոր հավաքվել էինք իմ դիրքում, ունեինք երեք գնդացրորդ, բայց դա օգուտ չէր տալիս տանկերի դեմ:

Հրետանին գործում էր հենց սկզբից, բայց խուճապի մեջ էր: Բոլորը հրաման էին տալիս, բայց ոչ ոք չէր տիրապետում իրավիճակին: Երեք անգամ հրաման էին տալիս, չորրորդի ժամանակ ասում՝ «ոնց կարող եք փախեք, փրկվեք»: Այնպիսի խուճապ էր, որ եթե ես թողնեի դիրքս ու փախչեի, ոչ մեկը չէր իմանա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ վաշտի հրամանատարն առաջին օրը վիրավորվել էր, դասակի հրամանատարը փախել, մյուս դասակինն այնպես էր վախեցած, որ ոտքերը դողում էին: Բայց ունեինք այնպիսի զինվորներ, օրինակ՝ Սամվելը, ովքեր իրենց վրա վերցրին ամեն ինչ: Եթե Սամոն չլիներ, ավելի շատ մարդ կզոհվեր, ինքն էր զորքը պահում, մարտ վարում:

Ես ու Սամոն իրար ամեն օր 5 րոպեով էինք տեսնում, մեզ հետ էր նաեւ մանկությանս ընկերը՝ Գոռ Բարոյանը, որին Ստեփանակերտից տեղափոխել էին Հադրութ, նա էլ 6-7 տանկ է խփել:

Ամսի 27-ի երեկոյան 7 հոգով նահանջեցինք ու մինչեւ հոկտեմբերի 1-ը ոչ ոք չկարողացավ գալ օգնության, քանի որ մեր տեղակայման վայրը՝ Կարախամբեյլի գյուղը, ահավոր գրոհի էր ենթարկվում, նույնիսկ գիշերը չէին կարողանում մոտենալ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեկս մեկից ուժեղ տղաներ էինք, զենքին տիրապետող ու չէինք սպասում, թե ինչ հրաման կտան, արդեն գիտեինք ինչ անենք, խելացի էինք դարձել, սկսել էինք հասկանալ ամեն բան: Այդ օրերի ընթացքում մի կտոր հաց չենք ունեցել, ջուր չի եղել, տնեցիները ոչ մի լուր չեն իմացել մեր մասին: Միակ լավ բանն այն էր, որ ռադիոկապ ունեինք: Ամսի 29-ին մեր 7-ից մեկը՝ գյումրեցի Արտակը, զոհվեց:

Ամսի 1-ին նոր կարողացանք ուտելիք, փամփուշտ ստանալ:

Միայն պաշտպանվելն ու առաջին վիրավորումը

Մենք Կարախամբեյլի-Ֆիզուլի հատվածում էինք, ամենաահավոր տեղը: Գրոհի հրաման չենք ստացել, միայն պաշտպանվել ենք: Բայց ստացվում էր նաեւ առաջանալ, տեխնիկա էինք վերացնում կամ լավ ջարդ տալիս: Այդ ժամանակ ուրախություն էր տիրում բոլորիս մոտ, բայց պահ էր գալիս այնպիսի դաժան մարտ էր լինում, որ 5 րոպե անց շրջվում ու տեսնում էիր բազմաթիվ դիակներ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Կռիվ-պայքար-նահանջ-խուճապ: Ուժեղ հարված ու «սաղդ լա՞վ եք» գոռում ես ու հասկանում, որ եւս մի քանի դիակ ունենք: Ահավոր էր: Ամենուր մահ էր, բայց դա էլ արդեն չէր ազդում, ոչ մի բան չէիր զգում, սպասում էիր քո հերթին: Իհարկե, սթափ էիր ու փորձում էիր տիրապետել, բայց եթե հարվածը քո կողմը գար, ոչ մի բան էլ չէիր կարող անել:

Հոկտեմբերի 6-ն էր: Սամոն ու Գոռն իրար հետ էին, ես՝ կողքի խրամատում, մոտ 100 մետր հեռու: Մութն արդեն ընկնում էր, արագ վազեցի իրենց մոտ, հանդիպեցինք, փամփուշտները փոխանցեցի ու Արթուրին, Սամվելին պաչեցի, Գոռի ճակատը մի հինգ անգամ պաչեցի: Հրեց, թե «խի՞ ես հաջող անում, արա», ասի «հաջող չեմ անում, չեմ կարա՞ ընկերոջս պաչեմ»: Թե «չէ, գնա»: Սա մեր վերջին հանդիպումն էր:
Գոռ Բարոյանը Գոռ Բարոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Շտաբի պետը դիտակետում էր, տեղեկացրի, որ գնում եմ իմ դիրք: Ասաց սպասեմ՝ գրադը համազարկային կրակ է բացում: Հենց ասացի լավ, թշնամու արկը խփեց ու ծածկը փլվեց գլխիս:

Հասկացա, որ դեմքս արյան մեջ է: Կամավորականներից մեկն ասաց, որ աչքս ճղվել է: Գնացի իմ խրամատ: Լավ չէի զգում: Գիշերները համարյա չէինք քնում, բայց լվացվեցի ու գլուխս դրեցի քարին: Առավոտ ծեգին արկակոծումը սկսվեց: Վեր կացա, կողքիս Կյաժոն էր: Դե, ցուրտ էր, անձրեւ, մենք էլ ծածկվելու բան չունեինք, իրար  փաթաթվում էինք, որ մի քիչ տաք լինենք: Կյաժոն, թե «չխառնվես, բայց գլուխդ ուռել ա»: Աչքս չէր տեսնում: Չէի ուզում գնալ, նույնիսկ վիճեցի մեր սպաներից մեկի հետ, բայց նա ինձ ուղարկեց Ֆիզուլի, հետո՝ Գորիս:

Վերադարձ ու երկրորդ վիրավորում

Լուսանկարը` անձնական արխիվից


Գորիսում աչքիս երկաթը հանեցին, մերոնք եկան ինձ տեսան ու նրանց ասացի, որ հետ եմ գնում: Բժիշկներն էլ, թե չէ, ուղարկում ենք Երեւան: Հաղթողը ես դուրս եկա: Ինձ օգնեցին նաեւ հայրիկիս խոսքերը, երբ նրան հայտնեցի, թե գնում եմ Ստեփանակերտ՝ տղերքին ուտելիք ուղարկելու համար: Նա հաստատ չհավատաց ինձ ու շատ ոգեւորիչ խոսքեր ասաց:  Երկու օր էր կրակոցների ձայն չէի լսել, բայց ուզում էի հետ գնալ ու դրա տակ լինել:

Գորիսում էլի տղաներ կային՝ թեթեւ վիրավոր կամ խուճապահար: Խոսեցի հետները, համոզեցի, որ պետք է հետ գնանք ու մեր ընկերներին օգնության հասնենք, մոտ 10-16 հոգով ամսի 10-ին վերադարձանք: Գնացինք նախ Շուշի:

Լուսանկարը` անձնական արխիվից


Այդ ժամանակ Հադրութ քաղաքն արդեն գրավված էր, բայց մերոնք Հադրութի դիրքերի մոտ 80 տոկոսը հետ էին վերցրել: Առավոտյան Կարմիր Շուկայի մոտ հանդիպեցի Հադրութի զորամասի ծանոթ գնդապետի ու ասացի, որ ուտելիքով լի ավտո ունենք, իսկ ես ուզում եմ հասնել 150 դիրք (Գոռն այնտեղ էր): Ասաց, որ խնդիր չկա: Նստեցինք, ես 3-րդ ավտոմեքենայում էի, որի մեջ 30-ից ավել մարդ կար:

Չէինք խոսում: Շոգեցի, սաղավարտս ու գլխարկս հանեցի ու հենց այդ պահին անօդաչուն ընկավ մեր մեքենայի վրա: Էն եմ հիշում, որ մեքենան ծալվել ու վառվում էր: Ինձ ուժ տվեցի, կանգնեցի, բայց երեսս կախվեց: Չհասկացա՝ ինչ է կատարվում, բայց զգացի, որ վառվում եմ: Մի տղա մոտեցավ նայեց դեմքիս ու սկսեց գոռալ. «ո՞նց ես սենց ապրում»: Թեւից բռնեցի ու տեսնեմ մի հինգ տղա էլ կան: Որ ԱԹՍ-ն ընկնելիս է եղել, վարորդն ու կողքի նստածները հասկացել ու դուրս թռել, իսկ թափքում մնացածներս չէինք զգացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի կերպ մոտեցա իրենց, չէի կարողանում խոսել, ծնոտս ջարդվել էր, գլուխս էլ բեկորներ էին մտել, ձախ ձեռքս ցանց էր դարձել, ոտքս էր վիրավոր: Մի սպա կար, ուզեցի ասեմ օգնի, բայց չկարողացա, ինքն էլ, թե «ախպեր, վախում եմ, մի կողմ գնա էլի»:

Իրենք սկսեցին քայլել, ես էլ հետեւներից: Քիչ անց հասկացա, որ էլ չեմ կարողանում, ծնկներս ծալվեցին ու ընկա գետնին: Ողջ մարմինս պարալիզացվել էր, բայց գիտակցությունս կար: Վարորդը՝ Մխոն, եկավ ու ձեռքիցս բռնեց սկսեց քարշ տալով տանել: Ես ձեռքերով մի կերպ հասկացրի, որ չեմ կարող, թողնեն ինձ ու գնան: Մխոն էլ ասաց, որ դիմանամ, հետեւիցս գալու են:

Պայքար կյանքի համար

Լուսանկարը` անձնական արխիվից


Շոկային պահ էր մոտս ու անընդհատ արյուն էի հետ տալիս: Ամբողջ գիշեր պայքարել եմ, իմ կյանքի ամենավատ պահն էր դա: Ուզում էի ձեն հանեմ, բայց չէի կարողանում, դողացնում էի:

Ես ամեն վայրկյան մտածում էի, որ էսա կմեռնեմ, բայց չէի մեռնում: Դանակ ունեի, մի կերպ ուժ գտա, հանեցի գրպանիցս ու պահում էի սրտիս մոտ, որ եթե հանկարծ թուրքի ձեն լսեմ, սպանեմ ինձ:

Լույսը բացվեց ու արեւը սկսեց տաքացնել մարմինս: Հետո էլի մութն ընկավ, արդեն չէի դիմանում ու ինձ թվում էր, որ եթե գիշերն էլի նույն ձեւ անցնի, ես հաստատ չեմ լուսացնի: Չգիտեմ ինչքան էր անցել, երբ ձայներ լսեցի. «տեսեք, մեկը շարժվում է, վանաձորցի Տիգրանն ա»: Մերոնք եկել էին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Հետո արդեն չեմ հիշում, տղաներն են պատմել: Ինձ փրկել են Դուշման ջոկատի զինվորները, որոնց մեջ նաեւ շատ լավ բժիշկ է եղել: Նրանք դիրքեր բարձրանալիս հանդիպել են իմ մոտից գնացած զինվորներին, ովքեր պատմել են իրենց հետ պատահածն ու առաջարկել օգնել դիակները հանել: Բայց եկել են տեսել, որ բազմաթիվ զոհերի կողքին ես կենդանի եմ:  

Մորֆինի մեծ չափաբաժին ներարկելուց հետո դրել են մեքենայի մեջ, մարմինս քարացել է, սիրտս՝ կանգնել: Ստեփանակերտում գլուխս վիրահատել են եւ ուղղաթիռով բերել Երեւան:

4 օր կոմայի մեջ լինելուց հետո արթնացել եմ: Ընտանիքիս բժիշկներն ասել էին, որ հնարավոր է հիշողության կորուստ ունենամ, բայց ես զարթնեցի ու ձեռքերով բացատրեցի, որ ուզում եմ զանգել: Ասացին «Էդուրադ Մարտիրոսյանի եղբա՞յրն ես», գլխով արեցի: Ասացին, որ ինքն էլ, ընկերներս էլ եկել են ինձ տեսել, հիմա էլ ներքեւում են: Հաջորդ օրը հայրիկիս ծնունդն էր, հեռախոս ուզեցի ու զանգեցի, ուրախությանը չափ չկար:

Լուսանկարը` անձնական արխիվից


Կռվել հանուն ընտանիքի

Երբ կռվում ես ու գիտես, որ ամեն վայրկյանը կարող է վերջինը լինել քո կամ կողքինիդ համար, այն ավելի է թանկ դառնում: Ոչ ոք չի կարող դա զգալ, մինչեւ չհայտնվի այդ իրավիճակում: Էնքան եմ լսում, որ պատմում են, թե պատերազմում են եղել ու ցույց տալիս վիդեոներ, նկարներ: Սուտ է, եթե դու լինեիր իսկական պատերազմի դաշտում, չէիր նկարվի ու ինստագրամ գցի, չէիր երգի, հնարավոր չի նման բան:

Ազնվությամբ եմ ասում, մինչեւ ամսի 1-ը մեզնից ոչ մեկը նույնիսկ մի րոպեով տուն չի զանգել, ուր մնաց մտածեր նկարվելու մասին: Տուն վերադառնալուց հետո վանաձորցի կամավորականներից մեկն եկել էր մեր տուն ու ձեռքս էր համբուրում, որովհետեւ իրեն ես ու Սամվելն ենք հանել մի ահավոր տեղից: Այս ահասարսուռ բաները տեսնել, ընկերներ կորցնել, կռվել, թշնամուն հարվածել ու հանկարծ նկարվելու մասին մտածե՞լ: Անհամատեղելի են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես չգիտեմ, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց մեր երկրի համար, բայց մենք տեղյակ ենք եղել պատերազմի մեկնարկի մասին, հնարավորություն էլ կար ավելին անելու: Միգուցե ավելի վերեւներից կկարողանան պատասխանել պարտության հարցին: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ պատերազմի ժամանակ զինվոր տղերքն ու հաշված սպաներ են մինչեւ վերջ պայքարել: Մենք մի կողմ էինք դրել մեր կյանքը, հասկանում էինք, որ պետք է մեր ընտանիքը, տունը պահենք:

Մեզ երեւի հույսն էր պահում, չնայած պահ էր գալիս, որ դա էլ էինք կորցնում: Ամեն ինչ մեկ էր՝ մահը, զոհերը, վիրավորները: Ամենա-ամենա վատը տեսել եմ, վախ չկար, մեկ էր դարձել նաեւ այն միտքը, որ կարող է ես էլ մեռնեմ: Ընկեր կորցնելուց հետո քո միակ նպատակը թշնամուն վերացնելն է:

11 վիրահատություն, եւս 3-ը կլինի շուտով

Ես համաձայն եմ կյանքս տամ, բայց ոչ մի հայ այլեւս նման բան չտեսնի: Հիմա մեջս ոչ մի հույզ չկա, դատարկ է, ամեն ինչ մարել է: Շատ թանկ բան է ընկերներ կորցնելը, ուզում ես շրջվես, հետը խոսես, գլուխ գովես, մեկ էլ հասկանում ես, որ չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես հոգեբանական խնդիրներ չունեմ, սառնասիրտ տարել եմ ամեն ինչ, միայն ծնողներիս ուրախությունը տեսնելով մտածում եմ, որ արժե ապրել: Բայց ինձ հաճախ էի մեղադրում, թե ինչու եմ ես կենդանի, իսկ ընկերներս չկան, ինչու ես էլ չեմ մեռել, կամ իրենք չեն ապրում: Այս մտքից մի կերպ եմ ազատվել: Անկեղծ եմ ասում, շատ հարցերի պատասխաններ մինչեւ այսօր էլ չեմ գտնում:

Այս ընթացքում 11 անգամ վիրահատվել եմ՝ գլխի, աչքի, ականջի, մարմնի տարբեր հատվածների, ծնոտի: Եւս երեքը պետք է լինի՝ աջ աչքս չի տեսնում, բայց 80 տոկոս հնարավորություն կա, որ կվերականգնվի: Ձախ ականջս էլ չի լսում, սա մի քիչ ծանր վիրահատություն է լինելու, բայց հույս ունեմ դա էլ կհաղթահարեմ:

Հիմա սովորում եմ Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնում: Ուզում եմ սպորտային կյանքն ակտիվացնեմ մեր քաղաքում, դրա համար քայլեր եմ ձեռնարկում: Բայց մարզվել դեռ չի կարելի, թեկուզ շատ եմ ցանկանում: Եթե ամեն ինչ լավ ավարտվի, միգուցե նորից կկարողանամ ուժերս փորձել սպորտում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին