Դեկտեմբեր 26, 2024
exclusive
74204 դիտում

Սպորտային բժշկության խնդիրները Հայաստանում. Մաս 3


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկար ուսումնասիրելով հայկական սպորտային բժշկության խնդիրները, խոսելով տարբեր մասնագետների հետ՝ հոդվածաշարի վերջին մասում փորձեցինք ի մի բերել կարծիքները:

Mediamax Sport-ին ցավոտ խնդիրներին տեղյակ մարդիկ ներկայացրել են իրենց առաջարկները, որոնց քննարկման ու լուծման դեպքում մեր երկրում վնասվածքների պատճառով սպորտից հեռացող կամ սխալ բուժումներ ստացող մարզիկների թիվը կպակասի:


Հոդվածաշարի վերջին մասում մեր զրուցակիցները Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Նաիրի Մանուկյանն ու կենտրոնի տնօրենի սպորտային բժշկության տեղակալ Ռաֆայել Թորոյանն են: Խնդրի մասին տեղեկատվություն ենք ստացել նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:


Ապահովագրությունը՝ շատ հարցերի լուծման տարբերակ

Արդեն երկար ժամանակ է քննարկվում է մարզիկների բժշկական ապահովագրության հարցը, սակայն համապատասխան ընկերությունների հետ դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մարզիկները ռիսկային խմբում են, նրանք ավելի հաճախ են տարբեր բարդության վնասվածքներ ստանում: Հաշվարկել ենք, թե 3000 մարզիկի ապահովագրությունն ինչ կարժենա ու շատ խոշոր գումար է ստացվել: Մարզիկների բուժումը թանկ է, այդ պատճառով էլ ապահովագրական ընկերությունները չեն համաձայնում այն իրականացնել»,-ասում է Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Նաիրի Մանուկյանը:

Մարզիկների վիրահատութունները սովորաբար ավելի թանկ են լինում, քանի որ նրանց վերականգնման ու շարք վերադառնալու ժամկետներն ավելի սեղմ են:

Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրենի սպորտային բժշկության տեղակալ Ռաֆայել Թորոյանն էլ ցավով է նշում, որ սովորաբար առաջացող հիվանդանոցային տարբեր ծախսերը մարզիկներն են կատարում:

Միայն առաջատար մարզիկների դեպքում է, որ ֆեդերացիաները կամ էլ ՀԱՕԿ-ը բուժման ծախսերը վերցնում են իրենց վրա: Ֆեդերացիաները պետական միջոցներից տրամադրված գումարները կարող են ծախսել միայն մարզահագուստի, հավաքներ կազմակերպելու ու մրցումներին մասնակցելու վրա:

«Մինչդեռ բուժման մասին ոչ ոք էլ չի մտածում: Ախր դա իրավաբանորեն էլ ճիշտ չէ: Մարզիկներն առողջության հետ խնդիրներ ունեն, որի լուծումն անհրաժեշտ է: Մենք պետք է տարբերակներ գտնենք, որ մարզիկների բուժումն անվճար իրականացվի: Սպորտային բժշկությունն ուշադրություն է պահանջում, առանց դրա հնարավոր չէ»,-ավելացնում է մասնագետը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախարարությանը կից գործող հասարակական խորհրդի երկրորդ նիստի ժամանակ առաջ քաշվեց բոլոր մարզիկների ապահովագրության հարցը: Դա թույլ կտա ավելի պաշտպանված լինել ու հետագայում վնասվածք ստանալու դեպքում զերծ մնալ ավելորդ ծախսերից:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից փորձեցինք պարզել, թե մարզիկների ապահովագրության հետ կապված քննարկումներն ինչ փուլում են:

«Մարզիկների բժշկական ապահովագրության խնդրին օպտիմալ լուծում տալու նպատակով նախարարությունն այս փուլում հավաքագրում է ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների առաջարկությունները՝ գործընթացի ֆինանսական կողմի, առողջապահական հաստատությունների ցանկի (ՀՀ-ում եւ արտերկրում գործող կլինիկաները, որտեղ մատուցվելու են բժշկական ծառայությունները), ինչպես նաեւ ապահովագրական փաթեթում ընդգրկված առողջապահական ծառայությունների վերաբերյալ ամբողջական պատկերն ունենալու համար»,- նշված է նախարարության պատասխանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտային կենտրոնի անհրաժեշտությունը


Մասնագետները փաստում են, որ սպորտային բժշկությունում բացերն ակնհայտ են ու շատ՝ անհրաժեշտ սարքավորումներից մինչեւ ժամանակակից կենտրոնների բացակայություն:

Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրենի սպորտային բժշկության տեղակալը շատ է ցանկանում, որ Դավթաշենում կառուցված Օլիմպավանում, որի բացումն անընդհատ հետաձգվում է, Բարձրլեռնային ֆունկցիոնալ լաբորատորիա լինի: Այն մասնագիտացված կլինի ֆունկցիոնալ ախտորոշման, բիոքիմիայի եւ հոգեբանության վրա: Թորոյանի խոսքով, անհրաժեշտ մասնագետներ կան, մնում է ծրագիրը կյանքի կոչվի:

«ՀԱՕԿ-ից մեզ տեղեկացրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, եւ երբ շենքը շահագործման հանձնվի, այդ հարցին էլ կանդրադառնան: Այն շատ կարեւոր է մեզ համար, 5-6 մասնագետ ունենք, որոնք կկարողանա հետազոտություններ կատարել: Մենք հիանալի բնակլիմայական պայմաններ ունենք, ու կլինիկա չունենալն ամոթ է: Մարզիկների արդյունքները շատ հաճախ կախված են սպորտային բժշկությունից: Այդ 3 կոմպոնենտների միասնության դեպքում միայն կարող ենք արդյունքի հասնել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թորոյանի առաջարկներից մեկն էլ այն է, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, լինի սպորտային բժշկության ֆեդերացիա: Այդ դեպքում իրենք կվերահսկեն ու կիրականացնեն մարզիկի բուժման ողջ ընթացքն ու նաեւ կկարողանան գումար հատկացնել այդ նպատակով. «Բոլոր երկրներում էլ սպորտային բժշկության համար պետությունն է պատասխանատու, ինքնաֆինանսավորում չի կարող լինել»:

Սպորտային միջազգային ֆեդերացիան տարեկան տասնյակ հետազոտություններ է կատարում, ու նրան անդամագրվելու դեպքում դրանք նաեւ հայ մասնագետներին հասանելի կլինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես վերջաբան

Չնայած սպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, հայ մասնագետները շարունակում են ուժերի ներածին չափով աշխատել ու որքան հնարավոր է օգտակար լինել մարզիկներին: Իսկ իրենց հնչեցրած առաջարկների ընդունումը կամ պետական մարմինների կողմից քննարկումը հույս ունեն ստանալ որքան հնարավոր է շուտ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին