Դեկտեմբեր 04, 2024
exclusive
4840 դիտում

Հանուն ձյուդոյի ապագայի ու միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու. Մարզաձեւի խնդիրները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական ձյուդոն կարեւոր ու մեծ փոփոխությունների կարիք ունի, որպեսզի կարողանա ժամանակին համահունչ եւ միջազգային ասպարեզում մրցունակ լինել:

Մարզաձեւի խնդիրների մասին պատմող երկրորդ հրապարակման մեջ Mediamax Sport-ը խոսել է Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի հետ:


Մարզչական խորհուրդը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան արդեն մի քանի տարի է օգտագործում է տարբեր երկրների հաջողակ փորձը: Թաթուլ Հովհաննիսյանը պատմում է, որ ստեղծել են մարզչական խորհուրդ ու բոլոր տարիքային ընտրանիների գլխավոր մասնագետները որոշումներ են կայացնում միասին քննարկումների արդյունքում.

«Մրցումներից առաջ կազմն ընտրում է մարզչական խորհուրդն ու հիմնավորում, թե ինչու է հենց այդ մարզիկին անհրաժեշտ ընդգրկել թիմում: Ժամանակը ցույց տվեց, որ այդ տարբերակը բավական արդյունավետ է, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց ապահովեցինք: Նախկինում ամեն ընտրանու մարզիչն իր համար էր միայն պատասխանատու, իսկ հիմա հավաքվում ենք բոլորս՝ ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահը, գլխավոր քարտուղարն ու մարզիչները՝ քննարկելով ամեն հարց»:

Հովհաննիսյանը նշում է, որ մարզիկների լայն ընտրության հնարավորություն չունեն: Ամեն ձյուդոյիստին միջազգային ասպարեզում ուժերը փորձելու 1-2 փորձ են տալիս՝ ավելի թույլերը հանդես են գալիս Եվրոպայի Գավաթներում, իսկ ուժեղներին ուղարկում են ավելի բարդ մրցումների.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մարզիկների աճին հետեւելու համար ամենակարեւորն ուսումնամարզական հավաքներն են: Մի քանի շաբաթների ընթացքում կարողանում ենք տեսնել նրանց  հնարավորություններն ու թույլ կողմերը, որոնք էլ հաշվի ենք առնում կազմն ընտրելիս: Եթե անգամ հավաքների ժամանակ չեն կարողանում հաղթել թույլ մրցակիցներին, անիմաստ է նման մարզիկների վրա գումար ծախսել ու տանել միջազգային մրցաշարերի: Եթե պոտենցիալը տեսնում ենք, աճելու շանս ենք տալիս: Հավաքների ժամանակ պայքարում են ուժեղների հետ, իրենց սխալները տեսնում ու հասկանում, որ աշխատելու դեպքում իրենք էլ կարող են հաղթել»:

Կադրերը

Պատանիներն ու երիտասարդները 8 քաշային կարգերում են պայքարում, իսկ մեծերը՝ 7: Սովորաբար հավաքականները կազմավորվում են 28-32 մարզիկներով: Հովհաննիսյանին ոչ այնքան մտահոգում է ուժեղ ձյուդոյիստների քիչ քանակությունը, որքան մրցակցության բացակայությունը երկրի առաջնությունում: Հազիվ 3-4-ին են կարողանում նշմարել, որոնց հետ հետագայում հույսեր են կապում.

«Եթե Հայաստանի առաջնությունում մեկ մարզիկը 3 հաղթանակ չի կարողանում գրանցել, ինչի մասին է խոսքը: ԽՍՀՄ-ի տարիներին մեր առաջնությունն այնքան ուժեղ էր, կարծես Աշխարհի փակ առաջնություն լիներ: Ամենակարեւոր խնդիրը բանակի պատճառով է առաջանում, պետք է կարեւոր միջազգային մրցումներում մինչեւ 5-րդ տեղը զբաղեցնեն, որպեսզի կարողանան ընդգրկվել սպորտային վաշտում: Բազմիցս եմ ասել, որ ձյուդոյին յուրահատուկ մոտեցում է պետք ցուցաբերել: Համացանցով էլ կարելի է  տեսնել ու համոզվել, որ մեզ մոտ մրցակցությունն ու մասնակիցների քանակը շատ է: Մի քաշային կարգում մինչեւ 42 մարզիկներ են հայտավորվում, այն էլ բավական տիտղոսակիր, անգամ 90-ի հասնող թիվ է գրանցվել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննիսյանը վկայում է, որ շատ են եղել դեպքեր, որ անգամ 7 հաղթանակ տարած մարզիկը 7-րդ տեղն է գրավել, մինչդեռ կան մենապայքարային մարզաձեւեր, որ անգամ 3 հաղթանակով կարելի է Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Նա ցանկանում է, որ նման առանձնահատկություններից լավ տեղյակ լինի նաեւ սպորտային ղեկավարությունն ու այդ ամենը հաշվի առնի:

Կենտրոնի բացակայությունը

Հովհաննիսյանը ցավով է փաստում, որ ձյուդոյի պես մասսայական մարզաձեւը Հայաստանում չունի որեւէ կենտրոն կամ մասնագիտացված մարզադպրոց: Դրա հիմնական պատճառներից մեկը համարում է այն, որ ԽՍՀՄ-ի տարիներից սամբոն ու ձյուդոն կցված են եղել միմյանց, թեեւ տարբեր են նրանց փիլիսոփայությունն ու կանոնները:

Գլխավոր քարտուղարը պատմում, երբ 2008 թվականին իտալացի Էնցո Գամբան նշանակվել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, առաջին պահանջներից մեկն այն է եղել, որ ձյուդոն առանձնացվի: Դրա արդյունքում կարողացել են մեծ հաջողությունների հասնել Աշխարհի առաջնություններում ու Օլիմպիական խաղերում: Մինչդեռ Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք անգամ սամբոն ձյուդոյից տարբերել չեն կարողանում.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մի քանի անգամ նամակով դիմել ենք կառավարություն եւ սպորտի նախարարություն ու բարձրաձայնել կենտրոն ունենալու անհրաժեշտության մասին, բայց որեւէ արդյունքի չենք հասել: Նման կենտրոններում ուրբաթից կիրակի մրցումների օրեր են հայտարարում ու ձյուդոյիստներն իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստանում: Մեզ մոտ ոչ մի դպրոցում չկա նախապատրաստական ու ուսումնամարզական նման ծրագիր, որ տնօրեններն էլ գնան գոտեմարտերին հետեւելու ու մարզիչներից բարձր արդյունքներ պահանջեն: Լսել ենք, որ Հայաստանում ձյուդոյի 170 մարզիչ կա, հետո էլ հարցնում են, թե փողերը որտե՞ղ են փոշիանում, ոչ մեկը տեր չի կանգնում մարզաձեւին»:

Մարզադպրոցների բացթողումները

Նա գտնում է, որ բոլոր մարզադպրոցները պետք է համագործակցեն ֆեդերացիայի հետ, մինչդեռ Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող առանձին 41 դպրոց ունի, նախարարությունը՝ 25, համայնքներն էլ իրենցն ունեն: Բոլորին վերահսկող մեկ մարմին չկա, ինչն էլ Հովհաննիսյանի կարծիքով մեծ բացթողում է.

«Հայաստանի առաջնություններից առաջ նախարարությունն ընդամենը պետք է դիմի բոլոր ֆեդերացիաներին ու խնդրի արդյունքներն իրենց ներկայացնել: Այդպես կիմանանք, թե ամեն մարզադպրոցից որքան մասնակիցներ կան ու ինչ ցուցանիշներ են գրանցում, անգամ՝ որ մարզիչների սաներն են հաջողություններ ունենում: 10 արտոնագիր ունեցող մասնագետ կա, որ ամեն ինչ տեսականորեն հիանալի սերտում է, բայց գործնականում արդյունք տալ չի կարողանում: Մարզիչներ կան, որ Հայաստանի առաջնության անցկացման տեղն էլ չեն իմանում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է ու իրավասություն չունի հսկելու, թե մարզադպրոցներում մասնագետներն ինչով են զբաղվում, դա պետք է տնօրեններն անեն, մինչդեռ Հովհաննիսյանի վկայությամբ, նրանք թերանում են այդ հարցում.

«Պետությունն այդ մարզիչներին վարձատրում է ձյուդոյի համար, իսկ նրանք երեխաներին ինչ մարզաձեւերի մրցումների ասեք տանում են, ոչ ոք չի էլ հարցնում, թե իրականում ո՞ր հաստիքով են գրանցված: Ցանկացած մրցումից մեդալ են բերում ու համարում արդյունք ապահովեցին: Ձյուդոն շատ բարդ ու դժվար սպորտաձեւ է, մարզիչները պետք է դպրոցներում հստակորեն աշխատեն ու մեզ լավ արտադրանք տան, որ հետագայում այդ կադրերին փորձենք միջազգային մակարդակի հանել»:

Ձյուդոն՝ դպրոցներում

Հովհաննիսյանը նշում է, որ ամեն ինչ անում են, որ մարզերում էլ ձյուդոն զարգանա, դրա համար էլ պատանիների ու երիտասարդների առաջնություններն անցկացրել են Չարենցավանում: Իրենց ամենամեծ ձեռբերումներից է համարում ձյուդոն դպրոցներում ներդնելու ծրագիրը: Ընդգծում է, որ ձյուդոյի միջազգային ֆեդերացիային մեծ դժվարությամբ են համոզեցել այն իրականացնել Հայաստանում ու 1-5-րդ դասարանների երեխաներին 500 տատամիով ապահովել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ֆեդերացիան, Օլիմպիական կոմիտեն ու մեր նախարարությունն ամեն ինչ շատ արագ ստորագրեցին, բայց մեկ տարի պահանջվեց մինչ այն դպրոցներում ներդրեցինք: Մինչ կրթության նախարարությունը համապատասխան հրահանգներ կտար դպրոցներին, չափազանց երկարեց գործընթացը: 1 տարվա ընթացքում միջազգային ֆեդերացիան 10 մարզչի 500 դոլարի համարժեք դրամով վարձատրեց, որ երեխաներին ձյուդոյի հիմունքները սովորեցնեն»:

Միջազգային ֆեդերացիան հստակորեն հետեւում է, որ բոլոր գումարներն ու գույքն իրենց նպատակին ծառայեն: Հովհաննիսյանը նշում է, որ այդ ծրագրի շնորհիվ հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ զգալիորեն ավելացել է ու խմբակներում ակտիվություն է նկատվել:

Գումարները

Հայաստանում դժվար է գտնել որեւէ ֆեդերացիա, որը գոհ է մնում պետության կողմից տրամադրվող գումարի չափից, ձյուդոն էլ բացառություն չէ.

«Անընդհատ կրկնում ենք, որ մեր սպորտաձեւին հատկացվող գումարը քիչ է, սկզբում 50 մլն դրամ է եղել, նախորդ տարի կազմել է 71 մլն, այս տարվա բյուջեն դեռ չի հաստատվել: Մեր խնդրանքը կառավարությանն այն է, որ ամեն սպորտաձեւի յուրահատուկ մոտեցում ցուցաբերեն»:

Մինչեւ համավարակը ձյուդոյով զբաղվողների թիվը 5000 էր, հիմա հասել է 3000-ի: Մարզաձեւով հատկապես ակտիվորեն զբաղվում են Երեւանում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Սյունիքում, Արմավիրում, Արցախում: Կան նաեւ ակումբներ, որոնց Հայաստանի ֆեդերացիան միջազգայինի պահանջով չափորոշիչներ է տվել, որպեսզի կարողանան աշխատել.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վրաստանի ֆեդերացիայի բյուջեն 1,5 մլն դոլար է, առանձին հովանավորներ էլ կան: Ուժեղ թիմ ունեն եւ բոլորն են ցանկանում այնտեղ հավաք անցկացնել, մեզ երբեք չեն մերժում ու հաճախակի ենք համատեղ մարզվում: Ծիծաղում են, երբ իմանում են մեզ հատկացված գումարների մասին: Դրա համար էլ Վրաստանում ձյուդոն նման մեծ առաջընթաց ունի: Կուզեի մեր գումարն էլ շատ լիներ, որ 3-րդ համարներին էլ իրենց ցույց տալու հնարավորություն տայինք: Նախորդ տարի կարեւոր մրցումներում 8 մեդալ նվաճեցինք, աչքի ընկան հատկապես պատանիներն ու երիտասարդները: Այդ առաջընթացը ճիշտ աշխատանքի արդյունք է»:   

Միջազգային հավաքներ

Հովհաննիսյանի խոսքով ամեն տարի դիմել են միզազգային ֆեդերացիային ու Հայաստանում մարզչական եւ մրցավարական սեմինարներ անցկացնելու համար մասնագետներ են ուղարկել: Դրանց ընթացքում նաեւ արտոնագրեր են շնորհում ու վերապատրաստման առումով հսկայական աշխատանք տանում:

IJF-ն նաեւ հաշվի առնելով ձյուդոյի բարդությունը՝ հաճախակի կազմակերպում է միջազգային ճամբարներ ու հավաքներ: Կարեւոր մրցաշարերի ավարտից հետո ձյուդոյիստները 3 օր մնում են մրցավայրում ու շարունակում մարզումները.

«Դա հատկապես մեծ առավելություն է պարտություն կրած մարզիկների համար: Կարող են հենց առաջին գոտեմարտից լքել պայքարը, բայց նրանց սեփական սխալներն ուղղելու ու նույն մրցակցի հետ նորովի պայքարելու շանս է տրվում: Շատ ուժեղ ճամբարներ կան, օրինակ՝ Ավստրիայում ու Իսպանիայում բազմաթիվ տիտղոսակիր ձյուդոյիստներ են ներգրավված լինում: Մինչեւ անգամ 1300 մարզիկ է հավաքվում, բարձրախոսով են հայտնում, թե որ քաշային կարգերը մտնեն գորգ: Ամեն ինչ հստակ ժամանակացույցով է, ամեն մեկը գիտի իր գոտեմարտելու գրաֆիկը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննիսյանին դուր է գալիս նաեւ, որ դրանց ընթացքում չափազանց կարեւորում են ձյուդոյի սկզբունքներն ու փիլիսոփայությունը: Մարզիչներին ու մարզիկներին չի թույլատրվում գոռալ, անհարկի աղմկել ու միմյանց վրա ձայն բարձրացնել: Արտաքին տեսքին էլ մեծ ուշադրություն է դարձվում, մասնակիցներին այդ ամենը ստիպում են կիրառել նաեւ իրենց երկրներում.

«Մեզ մոտ բոլորը երեխաներին բերում են մարզադպրոց, որ չեմպիոն դառնան: Արտերկրում այդպես չէ, նրանք խաղերով ու քայլ առ քայլ են ամեն ինչ սովորեցնում, ինչը շատ ճիշտ է: Բանիմաց մարզիչը գոտեմարտի ընթացում պարզապես պետք է հետեւի իր սանի ելույթներին, այլ ոչ թե անհարկի կռիվ սարքի ու բանավիճի: Երեխան ինչ կարողանում է, դա էլ գորգում անում է: Չստացվելու դեպքում նորից պետք է աշխատեն ու ձգտեն ավելի մեծ արդյունք ապահովել: Վեճերն ու աղմուկները մեր առաջնությունների ժամանակ պետք է վերանան»:

Հովհաննիսյանը նշում է, որ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի պահանջով եկել են այն սկզբունքին, որ երբեք գումարի դիմաց որեւէ մեկին միջազգային մրցումների չտանեն: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը երկար տարիներ նախարարությունում եւ Օլիմպիական կոմիտեում է աշխատել ու այդ երեւույթի մասին բազմիցս է լսել.

«Երբեք թույլ մարզիկին մրցումների չենք տանում, մարզիչներն էլ ձգտում են, որ իրենց ուժեղ սաները մասնակցեն, քանի որ հաջողության դեպքում իրենք էլ պարգեւավճար են ստանում»:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական նոր փուլն ու անելիքները

Հովհաննիսյանը նշում է, որ մարզիկների հաջողության դեպքում շատերն են ցանկանում նրանց հետ լուսանկարվել, մինչեւ ձախողումների ժամանակ միայն ֆեդերացիան է մնում նրանց կողքին ու օգնում վնասվածքները բուժել.

«Մեզ հատկացվող գումարը պետք է բարձրանա, ամեն ինչ 100 անգամ հիմնավորած ու ներկայացրած ունենք, թե ինչի վրա ենք այն ծախսում: Մարզիկները պետք է Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ գոնե 3 հավաք անեն ու 2 մրցաշարի մասնակցեն, որ պատրաստ լինեն: Ընդ որում՝ նվազագույն քանակն եմ նշում: ԱԱ-ից առաջ 4 հավաքի ու 3 մրցման կարիք կա, իսկ մենք այդ նպատակով ծախսելու գումար չունենք: Մինչեւ ԱԱ-ում չեմպիոն ունենալը ցանկացած հայ մարզչի էլ որ հարցնեիք, կբացառեին նման հաջողությունը, մինչդեռ ինքներս գիտեինք, որ մեր տղաները մրցակիցներից ակնհայտ թույլ չեն, պարզապես սպորտային բախտի գործոնն էր իր դերը խաղում»:  

Փարիզի Օլիմպիական խաղերին 1,5 տարի է մնացել եւ ուղեգրերի պայքարն այս տարվանից բավական թեժ է լինելու: Հովհաննիսյանը վստահեցնում է, որ անելու են առավելագույնը, որպեսզի հնարավորինս շատ մարզիկներ մեկնեն խաղեր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անկեղծանում է, որ իրենց շատերն են դիմել Հայաստանը ներկայացնելու խնդրանքով, ավելի հեշտ կլիներ նրանց գումարով բերել ու միջազգային հարթակներում մեդալներ ապահովել: Սակայն այդ դեպքում տեղի կադրերը կանտեսվեին ու Հայաստանի առաջնության մասնակցելու մակարդակից չէին աճի.

«Վրացի եւ ռուս 4-5 մարզիկ կարող էինք բերել հավաքական, պետբյուջեի գումարները նրանց վրա կծախսեինք, իսկ կարիերան ավարտելուց հետո կթողնեին եւ կհեռանային: Բայց դրա արդյունքում ոչինչ էլ չէինք շահի, փոխարենը ցույց կտայինք, թե մեր ֆեդերացիան որքան լավ է աշխատում: Ցանկացանք տեղի կադրերին զարգացնել, որ ձյուդոն ապագա ունենա, մեր երեխաները հաջողության հասնեն՝ նրանք են մնալու ու Հայաստանում աշխատելու: Պետք է երիտասարդ կադրեր ապահովել, որովհետեւ ձյուդոն չափազանց արագ է զարգանում, ամեն Օլիմպիական խաղերից հետո զգալի փոփոխություններ են լինում»:

Էլի շեշտում է, որ այդ հարցում շատ կօգներ ձյուդոյի կենտրոնը, վրացական Գորին նմանատիպ մի քանիսն ունի եւ դրա հաշվին է նաեւ, որ միայն այդ քաղաքը բազմաթիվ Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոններ է ապահովել: IWF-ի նախագահ Մարիուս Վիզերը խոստացել է նման կենտրոն բացելու դեպքում Հայաստանին անհրաժեշտ տատամիներ ու գույք հատկացնել.

«Պետք է փորձեն իրենց որակները բարձրացնել նաեւ մարզիչները: Վատ են աշխատում, որովհետեւ իրենց երկիրը չեն սիրում, իրենց վերաբերմուքնով ցույց են տալիս, որ մասնագիտությանն էլ չեն տիրապետում: Բոլորը պատերի տակ խոսում են, բայց միմյանց չեն ասում, որ վատ են աշխատում»:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին