Դեկտեմբեր 22, 2024
exclusive
4656 դիտում

Հայկական ձյուդոյում ներդրված նոր մոտեցումներն օգնում են լուծել առկա խնդիրները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական ձյուդոյում Հովհաննես Դավթյանից եւ Արմեն Նազարյանից հետո երկար տարիներ հաջողություններ գրանցել չէր հաջողվում: Բացառություն եղավ 2018-ը, երբ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ֆերդինանդ Կարապետյանը:

Սակայն 2022-ին առաջին անգամ Հայաստանն այս մարզաձեւում նվաճեց 8 մեդալ՝ պատանիների պայքարում առաջին անգամ ունենալով նաեւ Աշխարհի չեմպիոն:


Մարզաձեւի խնդիրների, հաջողության հասնելու բանաձեւի եւ պետական մոտեցման մասին Mediamax Sport-ն անդրադառնում է «Սպորտի հակառակ կողմը» շարքում: Երկու մասից բաղկացած հոդվածների առաջին մասում զրուցել ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ:


Ձյուդոյում դրվեց մարզումային նոր մոտեցում

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը հայկական ձյուդոյի ամենավառ դեմքերից է, նվաճել է բազմաթիվ մեդալներ տարբեր առաջնություններից ու մրցաշարերից:

25 տարի լինելով սպորտում՝ նա վերլուծել է իր անցած ճանապարհը եւ արել համապատասխան հետեւություններ, որոնք օգնել են հասկանալ ձյուդոյի խնդիրները մեր երկրում: Դավթյանը դրանցից առանձնացնում է մարզիկների փոքր թիվը, ինչը հանգեցնում է սպարինգ մրցակիցների պակասի:

«Ցավոք, բայց ձյուդոյում չես կարող միայնակ մարզվել, իսկ մեր երկրում դժվար է տղաների համար զույգ գտնել: Ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը ձյուդոյիստ է եղել ու լավ գիտի ամեն ինչ, դրա համար հարցերը ճիշտ լուծում են ստանում: Ողջ ֆեդերացիայում քննարկումներ ունեցանք եւ այս հարցը լուծելու համար որոշեցինք պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների հավաքականները դարձնել միասնական: Ճիշտ է, ամեն թիմ լուծում է իր առջեւ դրված խնդիրը, բայց բոլորով ենք հասնում դրան: Մեկը մյուսին օգնելով լիարժեք թիմ ենք ունենում, մարզիչները եւս միմյանց հետ աշխատելով ավելի լավ են հասկանում իրար: Արդյունքը եղավ այն, որ ազգային թիմում արդեն կարողանում ենք ընդգրկել 10 մարզիկի, մինչդեռ նախկինում 2-3 հոգի էին»,-նշում է Դավթյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչը գտնում է, որ երկար աշխատանքի շնորհիվ են հասել նրան, որ 2022 թվականին ձյուդոյում գրանցել են 8 մեդալ, առաջին անգամ են Աշխարհի չեմպիոն ունեցել: Այդ արդյունքից չեն զարմացել, քանի որ հստակ իմացել են՝ ճիշտ են աշխատում:

«Եթե 12 տարի պատանիների պայքարում մեդալ չի լինում, երեխաների մոտ մտավախություն է առաջանում, որ իրենք եւս չեն կարող հասնել արդյունքի: Ֆիզիկական մարզումներից բացի, նաեւ հոգեբանական աշխատանքներ ենք տանում տղաների հետ ու մոտիվացնում, որ եթե տարիներ առաջ մենք ավելի վատ պայմաններում հասել ենք հաջողության, իրենք էլ կարող են: Կարծում եմ, որ գլխավոր նվաճումն այս ընթացքում եղավ այն, որ մարզիկները սկսեցին հավատալ իրենց ուժերին»,-ավելացնում է նա:

Միջազգային հավաքների դրական ազդեցությունը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում վերջին շրջանում ձյուդոյի գրանցած հաջողություններին նպաստում են նաեւ միջազգային ֆեդերացիայի կազմակերպած հավաքները, որոնց մասնակցում են հազարավոր մարզիկներ տարբեր երկրներից:

Չնայած ֆինանսական դժվարություններին՝ Հայաստանի ֆեդերացիան գտնում է միջոցներ ու տարին 7-8 հավաք կազմակերպում արտասահմանում, չհաշված մրցաշարերից հետո կազմակերպվող եռօրյա մարզումները: Այս հավաքների ժամանակ հայ մարզիկները շատ գոտեմարտեր են անցկացնում, ինչի շնորհիվ որակական աճ են գրանցում:

«Վրաստանում, որտեղ ձյուդոն զարգացած է, մենք շատ մարզումներ ենք ունենում: Լավ հարաբերություններ ունենք մեր սերնդակից վրացի ձյուդոյիստների հետ ու այդ կապերն օգտագործում ենք մեր թիմին օգուտ տալու համար: Լավ է նաեւ, որ Ֆերդինանդ Կարապետյանը դադարից հետո կրկին մարզվում է: Թիմի համար շատ կարեւոր է ունենալ նրա պես առաջատար Եվրոպայի չեմպիոն, սա մոտիվացնում է նրանց»,-նշում է գլխավոր մարզիչը:

Պետական կառույցները պետք է լուծումներ տան խնդիրներին

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիկները սպորտայինից բացի, բախվում են նաեւ այլ խնդիրների: Երբեմն նրանք մրցաշարի չեն կարողանում մեկնել վիզա չստանալու պատճառով: Նման դեպք ձյուդոյի ընտրանու հետ տեղի է ունեցել նաեւ վերջերս:

«Եթե մարդը սպորտից չի հասկանում ու այդ ճանապարհով չի անցել, չի կարող պատկերացնել դրա բարդությունը: Մեր ղեկավարներին պետք է այդ ամենը շատ մանրակրկիտ բացատրել: Օրինակ՝ մեր փոխնախարարը բոլոր մարզաձեւերին էլ լավ տիրապետում ու փորձում է օգտակար լինել, բայց ոչ հաճախ է դա նրան հաջողվում ու խնդիրների մեծ մասը մնում է չլուծված: Չենք կարող նստել ու սպասել. տարբեր միջոցներ ենք գտնում դրանք հաղթահարելու համար՝ շարունակելով մեր գործը»,-պատմում է Դավթյանը:   

Լուսանկարը` Մեդիամաքս


Գլխավոր մարզիչն առանձնացնում է նաեւ մարզիկների ֆինանսավորման հարցը: Ըստ օրենքի՝ հավաքականի անդամը գումար ստանում է միայն տվյալ տարվա ընթացքում նվաճած մեդալի համար: Եթե հաջորդ տարի մեդալակիր դառնալ չի ստացվում, զրկվում է վճարից:

«Սա շատ լուրջ հարց է: Անհնար է անընդհատ մեդալներ նվաճել. նախ պայքարն է թեժ, միշտ չէ, որ ստացվում է հաջող ելույթ ունենալ, հետո լինում են նաեւ վնասվածքներ կամ այլ խնդիրներ: Պետք է այս հարցը վերանայվի: Հարկավոր է մարզիկին աջակցել, որպեսզի նա շարունակի աճել ու զարգանալ: Էլի լավ է, որ մեր միջազգային ֆեդերացիան խոշոր մրցաշարերի մեդալակիրներին գումարային պարգեւներ է տալիս, անցած տարվանից նաեւ պատանիներն են ստանում: Սա, իսկապես, մոտիվացնում է մարզիկին»,- վստահ է Դավթյանը:

Մարզիչները եւս բախվում են այս խնդիրներին, քանի որ ստանում են ցածր վարձատրություն ու ստիպված համատեղում մի քանի աշխատանք:

Անձնական մարզիչների սխալ եւ անօգուտ աշխատանքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավաքականի գլխավոր մարզիչը չափազանց դժգոհ է անձնական մարզիչների կատարած աշխատանքից: Նրանց պարբերաբար հրահանգներ ու առաջադրանքներ են տալիս, բայց անարդյունք:

«Ցավոք, չեն գիտակցում, որ հավաքական եկած մարզիկը պետք է գոնե 50 տոկոսով պատրաստ լինի, որ կարողանամ մնացածն ավելացնել: Շատ մարզիկներ անպատրաստ լինելու պատճառով հավաքի երկրորդ օրվանից դուրս են մնում, իսկ անձնական մարզիչները կոնֆլիկտ են ստեղծում՝ թե ինչու իրենց սանին հեռացրի: Փոխարենը հասկանան խնդիրն ու աշխատեն դրա լուծման վրա: Տղաներին հավաքի ընթացքում հասցնում ենք որոշակի մակարդակի, բայց հետո տուն են գնում ու ոչինչ չեն անում: Հաջորդ հավաքից ամեն ինչ սկսում ենք սկզբից: Ստացվում է, որ խաղ ենք անում վեր ու վար անելով, մեծ ցավով եմ ասում այս մասին»,-շարունակում է Դավթյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջերս կազմակերպված սեմինարին, որը վարել է միջազգային ֆեդերացիայից ժամանած ճապոնացի մասնագետը, մոտ 10 մարզիչ է մասնակցել: Դավթյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու են հայ մասնագետներն այդքան անտարբեր ու չեն ցանկանում աճել իրենց ոլորտում:

«Մեր լավագույն մարզիկների մարզիչներին հրավիրում եմ ներկա լինել հավաքներին, որպեսզի սովորեն, տեսնեն ու նաեւ հետագայում կիրառեն: Մի երկու անգամ եկան ու վերջ, որովհետեւ չեն կարողանում ռեժիմին դիմանալ: Միայն աշխատավարձից դժգոհելով չի լինի, պետք է աշխատեն իրենց վրա, աճեն եւ արդյունք ցույց տան»:

Խիստ դրված հարցը՝ ընտրել կամ ձյուդո, կամ սամբո

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում չկա ձյուդոյի մասնագիտացված ոչ մի դահլիճ, ինչը եւս մեծ բացթողում է մարզաձեւը զարգացնելու համար: Ըստ Դավթյանի՝ ֆեդերացիայում դրվել է մի կարեւոր սկզբունք. եթե մարզիկը որոշում է մարզվել ձյուդոյով, ապա պետք է զբաղվի միայն այդ մարզաձեւով:

«Շատերը նախ ձյուդո են փորձում, երբ չի ստացվում արդյունքի հասնել, անցնում են սամբոյի, հետո՝ կրկին ձյուդոյի: Այդպես չի լինի: Պետք է կենտրոնանալ մեկ մարզաձեւի վրա, հաղթահարել դժվարություններն ու հասնել նպատակին: Այս սկզբունքը շատ խիստ է դրվել մեզ մոտ»,-պատմում է նա:

Ձյուդոյում քիչ թվով մարզիկների քանակը կապված է նաեւ բանակի հետ: Շատ լավ պոտենցիալ ունեցող տղաներ 18 տարին լրանալուց հետո զորակոչվում են ու դադարում պարապել, այդ պատճառով էլ երկար ժամանակ երիտասարդական թիմում համալրումներ չեն եղել: Միշտ չէ, որ պատանին կարողանում է ԵԱ-ում կամ ԱԱ-ում մինչեւ 5-րդ տեղը գրավել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չենք ասում, որ ազատեն բանակից, պարզապես կարելի է կարգ մտածել: Պոտենցիալ ունեցող մարզիկին թող ֆեդերացիան երաշխավոր կանգնի: Եթե վերջինս ինչ-որ մի ժամանակահատվածում արդյունք չգրանցի, այդ ժամանակ տանեն ծառայության, բայց հնարավորություն տան նրան դրսեւորելու: Շատ են օրինակները, որ մինչեւ 18 տարեկան դառնալը մարզիկը մեդալ չի նվաճել, սակայն հետո նույնիսկ մի քանի անգամ է չեմպիոն դարձել: Բարդությունների խորացման պատճառն, իմ կարծիքով, ոլորտի մասնագետներին քիչ լսելն է, ինչը հարկավոր է շտկել»,-եզրափակում է Դավթյանը:
 
Շարունակելի

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին