Դեկտեմբեր 09, 2024
exclusive
76274 դիտում

Հավաքականների չստացված տարին. Սխալներն ուղղելու ակնկալիքով


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի հավաքականներն այս տարի եւս չկարողացան ուրախացնել երկրպագուներին ու հաղթահարել ընտրական փուլերի արգելքները:

Պարտություններից հետո քննադատության տակ հայտնվում են հիմնականում գլխավոր մարզիչները: Սակայն խնդիրներն ավելի խորքային են ու միայն մարզիչներով չեն սահմանափակվում:

«Սպորտի հակառակ կողմը» շարքում նախորդ անգամ անդրադարձել էինք մանկապատանեկան ֆուտբոլի բացերին, որոնք էլ սկիզբ են դնում հետագա խնդիրներին: Այս անգամ զրուցել ենք հավաքականների գլխավոր մարզիչների հետ:

Մինչեւ 17 տարեկանների հավաքական

Լուսանկարը` ffa.am


Հավաքականներից ամենավատ արդյունքն այս տարի գրանցել է մինչեւ 17 տարեկանների թիմը: Մենք փորձեցինք զրուցել գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանի հետ, սակայն նա զբաղված լինելու պատճառաբանությամբ չցանկացավ հանդիպել, հեռախոսով էլ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին երկար զրուցելը ճիշտ չհամարեց:

Նրա սաներն այս տարի մասնակցել են 2018-ի ԵԱ-ի ընտրական փուլին ու 3 խաղում նույնքան պարտություն կրել՝ չխփելով ոչ մի գոլ, սեփականն էլ ընդունելով 14-ը:

3-րդ խմբում հայերը 0:7 հաշվով զիջել են Չեխիային, 0:4՝ Թուրքիային, 0:3՝ Իսրայելին:

Մինչեւ 19 տարեկանների հավաքական

Լուսանկարը` ffa.am


Մինչեւ 19 տ. հավաքականի համար տարվա կարեւորագույն մրցաշարը 2018-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլն էր: Արտակ Օսեյանի սաները ընդգրկված էին 3-րդ խմբում: Մեկնարկային խաղը չափազանց վատ դասավորվեց հայերի համար՝ 5 անպատասխան գնդակ Չեխիայի ընտրանուց: Մյուս 2 խաղերը ոչ-ոքի ավարտ ունեցան՝ 3:3 հաշիվ Շոտլանդիայի, 2:2 էլ՝ Լյուքսեմբուրգի հետ:

Մ-19 տ. ընտրանին 2 միավորով խմբում զբաղեցրեց նախավերջին տեղը:

Ընտրական մրցաշարի խմբային խաղերի արդյունքները միանշանակ գոհացուցիչ չեն: Ցավալի է, որ երկու խաղում հաշվի մեջ առաջ էինք, բայց չկարողացանք հաղթել: Մեր խաղացողներն իրենց ունակություններից ցածր հանդես եկան: Թեեւ արդյունքը չբավարարեց, բայց խաղի որակը, թիմային ոգին, կարգապահությունը, գործին վերաբերմունքը բավականին բարձր էին ու հետագա հաջողությունների հույս են ներշնչում:

Օսեյանը գտնում է, որ իրենց անցած ճանապարհի ընթացքում մեծ առաջընթաց են արձանագրել, ֆուտբոլիստները հասունացել են ու մանկապատանեկան խաղից դուրս եկել դեպի մեծ ֆուտբոլ:

Նմանատիպ խաղերի թոհուբոհի միջով անցնելու շնորհիվ մեծ փորձ են ձեռք բերել, տակտիկական առումով կրթվել, մի քանի սխեմաներ ու դրանց մեջ ճիշտ տեղաշարժվել սովորել: Պարզապես պետք է ամեն օր քրտնաջան ու հետեւողական աշխատել արդյունքը պահելու համար:

Նա հասկանում է, որ սխալներ դեռ շատ են լինելու, բայց դրանից դասեր է պետք քաղել: Հավաքական գլխավորելու պատասխանատվությունն ուսերին միշտ է զգացել, բայց ցանկացել է ավելի լավը դառնալ ու մշտապես աշխատել է իր վրա:

Լուսանկարը` ffa.am


Ինչպես կատակով մարզիչն է նշում՝ ինքն ավտորիտար դեմոկրատ է, հավաքականում ազատության որոշակի սահմաններ կան, բայց հետեւում են նաեւ թիմային չգրված օրենքներին ՝ առաջին տեղում հայրենասիրությունն է, անմնացորդ նվիրվումը, հարգանքն ու վստահությունը:

Սպորտում առաջնայինը միանշանակ արդյունքն է, բայց չեմ կարող նաեւ չնշել, որ մենք մի քայլով առաջ ենք անցել: 19-երն արդեն ավելի պատրաստ կլինեն համալրել Մ-21 տ. ընտրանին: Բոլորիս գլխավոր խնդիրն ազգային հավաքականին լավ խաղացողներ մատակարարելն է: Այդ առումով էլ ահագին աշխատանք է կատարվել ու լավ հերթափոխ ունենք:

ՀՖՖ-ն էլ սկսել է մեծ ուշադրություն դարձնել տարբեր տարիքայինների ընտրանիներին: Այս տարվա փետրվարին Վարդան Մինասյանը նշանակվել է Տեխնիկական տնօրեն ու սկսել լայնորեն համագործակցել մարզիչների հետ: Մինասյանի հետ 14-19 տարեկանների մարզիչները հստակ ծրագրով են աշխատում, չեն շեղվում նախանշված ուղուց:

Փոխվել է թիմերի մարզումային պրոցեսը, ավելացել են միջազգային խաղերը, իսկ դա մեր ֆուտբոլիստների համար ամենակարեւորն է: Հայաստանի առաջնությունում քիչ քանակությամբ թիմեր կան եւ անընդհատ աճելը հնարավոր չէ, որոշակի տարքիում խաղացողները պարզապես լճանում են:

Երկրի առաջնությունում հանդես եկող ակումբների քանակը 6-ի է հասել, ոչ բոլորում են երիտասարդ ֆուտբոլիստները հիմնական կազմում ընդգրկվելու հնարավորություն ստանում, արդյունքում խաղային փորձի բացակայությունն անդրադառնում է նաեւ հավաքականների որակի վրա:

Լուսանկարը` ffa.am


Դրա համար էլ միջազգային ասպարեզում այլ հավաքականների հետ մրցակցելը դժվար է: Այդ խնդիրը ակումբները պետք է լուծեն, պարտադրել չենք կարող, որովհետեւ յուրաքանչյուրն իր քաղաքականությունն ունի ու, ցավոք, ոչ բոլորն են երիտասարդներին տեղ տալիս:

Արտերկրում հանդես եկող հայազգի բազմաթիվ խաղացողներ էլ կան, սակայն նրանք տարբեր պատճառներով ոչ միշտ են կարողանում միանալ հավաքականին:  Մ-19 տ. թիմն առնչվում է նաեւ բանակի հետ կապված խնդիրներին:

ՀՖՖ-ն այդ հարցին որոշակի լուծում տվել է, չնայած այն մեր հիմնական գլխացավանքներից է: Ֆուտբոլիստներ կան, որոնք հավաքականում չեն ընդգրկվում, բայց մեծ պոտենցիալ ունեն ու հետագայում կարող են աճ արձանագրել: Արդյունքում մենք նրանց կորցնում ենք:

Օսեյանի պայմանագիրը հավաքականի հետ մինչեւ դեկտեմբերի 1-ն է գործել: Նա ավելացնում է, որ 2018-ին էլ ընկերական հանդիպումներ են սպասվում, թիմն իր ելույթները կշարունակի արդեն Մ-20 տ. ընտրանու տեսքով:

Պետք է ակումբների թիմն ավելանա ու առաջնությունն ուժեղանա: Եթե ամեն մեկս՝ մարզիչ, ֆուտբոլիստ, թե ղեկավար մտածի, որ ինքն է կարեւոր ու փոփոխությունն իրենցի սկսի, հնարավոր կլինի հաջողության հասնել:
 
Մ-21 տ. հավաքական

Լուսանկարը` ffa.am


Երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կարծում է, որ մեր հավաքականների խնդիրները գալիս են ակումբներից: Հավաքականներն ակումբների դեմքն են. ինչպիսի ֆուտբոլիստներ կտան, այնպիսին էլ կլինի արդյունքը:

Ցավոք, Հայաստանի առաջնության մակարդակը շատ ցածր է: Մեր տղաները ֆիզիկական ու ֆունկցիոնալ վատ վիճակում գալիս են թիմ ու չեն համապատասխանում միջազգային խաղերին, ինչպե՞ս կարող է գլխավոր մարզիչը 4-5 օրում լուծել այդ խնդիրը: Միգուցե առաջադրանքը խաղի որոշակի հատվածում կատարում են, բայց 90 րոպե նման բարձր տեմպին դիմանալ չեն կարողանում: Հավաքականի մարզիչը պետք է մարտավարություն մշակի, հաշվարկի թույլ եւ ուժեղ կողմերը:

Մարզիչը բացատրում է, քանի որ «Փյունիկը» եւ «Բանանցն» են պատանի ֆուտբոլիստներ պատրաստում, իրենք այս ընտրական փուլում հավաքական են հրավիրել հիմնականում այդ ակումբների սաներին: Ընտրական փուլը հաջող են սկսել, քանի որ «Փյունիկն» այդ ընթացքում Եվրալիգային է մասնակցել, խաղացողներն էլ լավ վիճակում են եղել: «Բանանցում» էլ երիտասարդները խաղային փորձ Բարձրագույն խմբում էին ձեռք բերել:

Լուսանկարը` ffa.am


Ջիբրալթարին հաղթեցինք, հետո հանդիպումները վերսկսվեցին սեպտեմբերին: «Փյունիկը» շատ վատ էր հանդես գալիս, իսկ «Բանանցում» այդ տղաները նույնիսկ Առաջին խմբում չէին խաղում: Ռուսաստանի հետ մեծ ցանկության հաշվին միավոր վաստակեցինք, տղաները կռվեցին, բայց խաղով ոչ մի հուսադրող բան չկար: Մակեդոնիայի դեմ խաղին քիչ ժամանակ էր մնացել, դժվար էր արագ վերակագնվել, շատ վատ խաղ ստացվեց: 

Հաջորդ խաղերին թիմ են հրավիրել նաեւ այլ ակումբների ֆուտբոլիստների: Մարզիչն ուրախությամբ է նշում, որ «Արարատում», «Արցախում», «Շիրակում» երիտասարդները սկսել են կանոնավոր խաղալ Բարձրագույն խմբում:

Միանգամից նրանց հրավիրեցինք հավաքական, թեեւ վերջին 2 խաղում պարտվեցինք, բայց գոհացնող բաներ էլ եղան: Խաղի ընթացքում առավելություն ունեինք ու գեղեցիկ հակագրոհներ եղան: Տղաները մինչեւ վերջ պայքարեցին ու հավատացին միմյանց:

2019-ի ԵԱ-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանին անցկացրել է 7 հանդիպում ու իր ակտիվում ունի նույնքան միավոր: Արթուր Ոսկանյանի սաները երկու անգամ հաղթել են Ջիբրալթարին ու մեկ ոչ-ոքի գրանցել Ռուսաստանի հետ: 0:3 հաշվով զիջել են Մակեդոնիային, 0:5՝ Ավստրիային, 1:2՝ Ռուսաստանին եւ 0:1՝ Սերբիային: Խմբում թիմն ընթանում է 4-րդ տեղում:

Լուսանկարը` ffa.am


Մեր հավաքականի գլխավոր խնդիրն ակումբներում խաղաժամանակ չստացող ֆուտբոլիստնրն են: Եթե Բարձրագույն խմբում 20-21 տ. ֆուտբոլիստին չեն վստահում խաղալ, անիմաստ է խոսել ազգայինի կամ երիտասարդականի մասին: Ակումբները պետք է փոխեն իրենց մոտեցումներն ու երիտասարդներին խաղալու հնարավորություն տան:

Ոսկանյանը կարծում է, որ եթե ամեն ակումբ իր կազմում 2-3 երիտասարդ խաղացող ներգրավի, ինքն արդեն ընտրության հնարավորություն կունենա : Ըստ նրա՝ զարգացումը փուլ առ փուլ է լինելու, համբերատար ու անընդհատ աշխատելու շնորհիվ:

Գիտեմ, որ ամեն մարզիչ չի կարող երիտասարդների հետ աշխատել: Սա դժվար, մեծ նվիրում, ուշադրություն, համբերատարություն պահանջող գործ է, բայց պետք է հասկանալ, որ նրանք են ֆուտբոլի ապագան: Անընդհատ աշխատելով են հասնում արդյունքի: Էրիկ Վարդանյանը վատ հանդիպումներ անցկացրեց, ու նրա հետ շատ խիստ խոսեցի: Սկսեց ավելի շատ մարզվել, Արթուր Պետրոսյանն ազգային թիմ  հրավիրեց նրան, արդյունքում Կիպրոսի հետ խաղում գոլի հեղինակ դարձավ:

Ոսկանյանի մարզչական շտաբը հետեւում է բոլոր խաղացողներին ու նշում, որ հավաքականի դռները բաց են լավ մարզավիճակում գտնվողների համար: Իսկ հավաքականներում առկա խնդիրները մեղմելու համար կոչ է անում ակումբներին շատ մեծ ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին եւ ունենալ հստակ մշակված ծրագիր:

Երբ փոքր տարիքից երեխաներն ամեն ինչ սխալ են սովորում, 21 տարեկանում հաստատ ուղղել հնարավոր չէ: Երեխաներին հատուկ մոտեցմամբ է պետք մարզել: Իսկ մեր ակումբներից շատերը ճիշտ չեն մոտենում, արդյունքում էլ առաջանում են խնդիրները:

Ազգային հավաքական

Լուսանկարը` Photolure


Պատանեկան ու երիտասարդական հավաքականների անհաջողություններից հետ չի մնում նաեւ ազգային թիմը:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը, մեղմ ասած, ձախողվեց: 7 պարտություն, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 10 խփած ու 26 ընդունած գնդակ, ընդամենը  7 միավոր ու նախավերջին հորիզոնական: Ահա այսպիսինն է հավաքականի վիճակագրությունը:

Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, որը թիմի ղեկը ստանձնել էր ընտրական փուլի մեկնարկային մի քանի պարտություններից հետո, համոզված է, որ իրենց նոր անուններ են պետք: Հնարավոր է թիմին միանա արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ:

Գալիս է ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա փոփոխություններ կատարելու ամենալավ պահն է, որովհետեւ այսպիսի խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում: Ազգային հավաքականին, իսկապես, թարմ արյուն է պետք: Լավ կլինի, որ ուժեղ առաջնություն ունենանք, մեր ֆուտբոլիստները բարձրակարգ ակումբներում խաղան, բայց հիմա դա անհնար է, թեեւ հույսը վերջինն է մեռնում:

Պետրոսյանը կարծում է, որ կան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն նրանք աճ չեն արձանագրում: Պետք է փորձել տարրական սխալներ չանել, իսկ ֆուտբոլիստները սկսեն մտածել պատասխանատվության մասին:

Լուսանկարը` Photolure


Ընտրական փուլը հակասական ստացվեց, եղան ձախողումներ եւ հաջողություններ: Սա գործընթաց էր, որի միջով պետք է անցնեին ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզչական շտաբը:

Արթուր Պետրոսյանն ազգային ընտրանին կգլխավորի եւս երկու տարի: Այս պահին նրա եւ թիմի առջեւ խնդիր է դրված. հաջորդ տարի Ազգերի լիգայում հաջող հանդես գալ ու կարողանալ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Ազգերի լիգան շատ կարեւոր է մեզ համար: Մարտին ու հունիսին երկուական ընկերական հանդիպում ենք անցկացնելու: Կարծում եմ, որ սեպտեմբերին պատրաստ կլինենք ոչ միայն Ազգերի լիգային մասնակցելուն, այլ նաեւ խմբում առաջին տեղը գրավելուն:

2018-ի սեպտեմբերից մեկնարկող Ազգերի Լիգայի մրցաշարում Հայաստանի ընտրանին, ամենավերջին՝ D դիվիզիոնում է:

Նույն դիվիզիոնում են նաեւ Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Ֆարերյան կղզիները, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Ղազախստանը, Լիխտենշտեյնը, Մալթան, Անդորրան, Կոսովոն, Սան Մարինոն, Ջիբրալթարն ու Ադրբեջանը:

Ազգերի Լիգայի վիճակահանությունը կայանալու է 2018-ի հունվարի 24-ին Լոզանում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին