Դեկտեմբեր 23, 2024
exclusive
73476 դիտում

Սպորտային բժշկության խնդիրները Հայաստանում. Մաս 2


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FC Banats

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտային բժշկության խնդիրները մեր երկրում ավելի խորքային են, քան կարող է թվալ: Այսօր Հայաստանում հատ ու կենտ թիմերի հետ են աշխատում սպորտային բժիշկների որակավորում ունեցող մասնագետներ: Պատճառները շատ են՝ ցածր վարձատրությունից մինչեւ անհրաժեշտ մասնագետների բացակայությունը:

Mediamax Sport-ը փորձել է վեր հանել այն խնդիրները, որոնց առջեւ կանգնում են Հայաստանի մարզիկներն ու իրենք՝ բժիշկները: Շարքի երկրորդ հատվածում զրուցել ենք սպորտային բժիշկների ու Բժշկական համալսարանում գործող խմբի ղեկավարի հետ:

Սպորտային բժիշկների պակաս, ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում կա: Ոչ բոլոր թիմերի ու ակումբների հետ են մասնագետներ աշխատում:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրայում 2003 թվականից գործում է Սպորտային բժշկության եւ հաշմանդամային սպորտի կրթական խումբը:

Խմբի ղեկավարը Նունե Տեր-Մարգարյանն է, որի խոսքով սպորտային խմբում այս պահին սովորում է 5 ուսանող:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սպորտային բժշկության խմբում միշտ քիչ ուսանող է լինում: Պատճառներից մեկը իրազեկված չլինելն է: Ցավոք, բայց բժշկական համալսարանի շրջանավարտները չգիտեն, որ կլինօրդինատուրա ունենք: Հիմա արդեն սկսել ենք աշխատանքներ տանել, որպեսզի մասնագետներն ուսանողներին տեղեկացնեն սպորտային բժշկության խմբի մասին»,- նշում է Տեր-Մարգարյանը:

Ըստ նրա՝ իրենց օրդինատուրան ավարտած մասնագետներն աշխատում են ազատ ոճի ըմբշամարտի, մարմնամարզության հավաքականների հետ եւ գեղասահքի մարզադպրոցում:

«Սպորտային բժիշկները գրեթե չեն վարձատրվում: Այդ գործով զբաղվում են անմնացորդ նվիրված մարդիկ, ովքեր իսկապես զոհաբերում են իրենց: Չի բացառվում, որ նրանցից շատերը հետագայում թողնեն այդ գործը, որովհետեւ ընտանիք պահելու խնդիր կա: Ակումբները կամ թիմերը սպորտային բժշկի հաստիք չունեն, երբեմն էլ այդ պաշտոնում ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտած մերսողներ են աշխատում: Բայց դա շատ սխալ է, միայն բժիշկը գիտի, ինչպես վերահսկել մարզումներն ու ինչ ծանրաբեռնվածություն տալ մարզիկներին»,- ասում է նա:

Ծանրամարտի հավաքականների բժիշկ Դավիթ Մոսինյան

Դավիթ Մոսինյանն ավելի քան 3 տարի աշխատում է ծանրամարտի հավաքականների հետ, իսկ 2006-ից Սպորտային բժշկության ու հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի աշխատակից է: Նա սպորտային բժշկության մակարդակը մեր երկրում անբավարար է գնահատում:

«Պետք է նշել, որ մենք սահմանափակ թվով սպորտային բժիշկներ ունենք: Պատճառը վարձատրությունն է, նրանք քիչ գումար են ստանում: Միայն աշխատավարձով ապրելը, ցավոք, քիչ է: Դրա համար էլ քիչ մարդիկ են մասնագիտանում սպորտային բժշկության մեջ: Մեզ սպորտային բժշկության ֆեդերացիա է պետք, որը կկարողանա կանոնակարգել աշխատանքն ու միասնական գործելու հնարավորություն կտա»,- նշում է Մոսինյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաղտնիք չէ, որ տարբեր աշխարհահռչակ մարզիկներ ամեն օր բարձրակարգ մասնագետների օգնությամբ վերականգնվում են ու կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը: Փոխարենը Հայաստանում շատ քիչ մարդիկ են օգնում ու աջակցում սպորտային բժշկությանը: Իսկ առանց բժշկության բարձր արդյունքներ չեն կարող լինել:

«Շատ հետաքրքիր է ծանրորդների հետ աշխատելը: Ես ամբողջ օրն անցկացնում եմ մարզիկների հետ, հետեւում նրանց, ամեն մեկի հետ առանձին աշխատանք տանում: Առավոտյան ծանոթանում եմ վիճակին, ով ինչ գանգատներ կամ ցավեր ունի, ինչպես է իրեն զգում: Իմանալով ինձ հուզող հարցերի պատասխանները՝ գլխավոր մարզչի հետ որոշում ենք արդյոք կարող է ծանրորդը գնալ մարզման եւ ինչ ծանրաբեռնվածությամբ պետք է այդ օրն աշխատի»,- ասում է բժիշկը:

Մոսինյանի խոսքով կան տարբեր թեստեր, որոնցով իրենք որոշում են ծանրաբեռնվածության չափը: Թեստերը թե լաբորատոր են, թե վիզուալ՝ շարժումներով, զարկերակի ու ճնշման փոփոխությամբ պայմանավորված: Իսկ «Օմեգա սպորտ» ծրագրով, որով էլ հենց Մոսինյանն աշխատում է, ծանոթանում են մարզիկների ընդհանուր վիճակին:

«Երբ բժիշկները մարզիկների հետ աշխատում են, բոլորովին այլ արդյունքներ են լինում: Իսկ որպեսզի բժշկությունը տեղում չմնա ու զարգանա, գումար է պետք, որն այսօր չկա»:

Ըստ Մոսինյանի՝ սպորտային բժշկի առաջնային նպատակը բուժելը չէ, նա այնպես պետք է անի, որ մարզիկները վնասվածքներ չստանան, իսկ դրանք առաջանալու դեպքում էլ ճիշտ մասնագետի մոտ ուղորդեն: «Մեր մասնագետները լավն են, ոչ մեկին չեն զիջում, պարզապես նրանք պետք է ավելի լավ իմանան մարզիկների օրգանիզմի առանձնահատկությունները, որպեսզի ամեն ինչ ճիշտ կազմակերպեն»,- ավելացնում է բժիշկը:

Ավելի լուրջ վիրահատությունների համար հայ մարզիկները մեկնում են Ռուսաստան կամ Գերմանիա: 2016-ին Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո արտերկիր մեկնեցին Անդրանիկ Կարապետյանն ու Միհրան Հարությունյանը. «Վերջին անգամ Հայաստանում վիրահատել են Մելինե Դալուզյանին, բայց մենք դժգոհ էինք արդյունքից ու նրան կրկին ուղարկեցինք արտերկիր»:

Դավիթ Մոսինյանը վնասվածքները ժամանակին ու ճիշտ բուժելու համար որպես լուծում առաջարկում է ապահովագրել բոլոր մարզիկներին՝ անկախ նրանից քանի տարեկան են ու ընդգրկված են ազգային հավաքականի կազմում, թե ոչ. «Վնասվածք ստացած մարզիկը պետք է արագ սկսի բուժումը, այլ ոչ թե սպասի, թե որտեղից կարող է գումար հայթհայթել կամ պետական միջոցներից ինչ-որ բան կստանա, թե ոչ: Պետությունը պետք է ապահովագրի մարզիկներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան օգտագործել իրենց հաշվին եղած գումարները»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Բանանցի» բժիշկ Կարեն Ստեփանյան

Հայաստանի ֆուտբոլային ակումբներում աշխատող բժիշկներն ամենօրյա աշխատանքի ընթացքում փորձում են մարզիկներին ճիշտ ծանրաբեռնվածություն տալ:

Լուսանկարը` FC Banats


Կարեն Ստեփանյանն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Բանանց» ակումբի հետ: Նա նշում է, որ այսօր մեր երկրում սպորտային բժշկությունը կայացման փուլում է:

«Մենք փորձում ենք ոտքի կանգնեցնել այս ոլորտը, սպորտային բժշկի դերը բարձրացնել: Մեր մարզական ղեկավարները, ակումբների հովանավորները, մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է հասկանան բժշկի կարեւորությունը: Այսօր առանց բժշկի հնարավոր չէ միայն մարզումային ծրագրով հաջողությունների հասնել: Ժամանակին մենք դաշտերի խնդիր ունեինք: Հիմա ՀՖՖ-ի կողմից մեծ աշխատանք է տարվել եւ ֆուտբոլային խաղադաշտերի վիճակը բարելավվել է, եւ սա ինչ-որ չափով նվազեցնում է վնասվածք ստանալու հավանականությունը: Ընդհարապես, թե ֆուտբոլի ֆեդերացիան, թե «Բանանցը» բժշկությանը մեծ ուշադրութուն են դարձնում, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է Ստեփանյանը:

Ըստ նրա՝ այսօր մարզիչներն ավելի կրթված են, մարզումները ժամանակակից մեթոդներով են անցկացնում, ու խնդիրները քչանում են: Համագործակցությունը մարզիչների հետ հեշտ է լինում, նրանք կազմում են ծրագիրը, խորհրդակցում բժշկի հետ ու անցնում աշխատանքի. «Պետք է հաշվի առնել, թե մրցաշրջանի որ հատվածն է, ինչ առողջական խնդիր ունի այս կամ այն ֆուտբոլիստը, կան արդյոք վնասվածքեր»:

Նա նշում է, որ հավաքականում մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ ֆուտբոլիստներն ակումբներից տարբեր վիճակում են գալիս:

«Տղաներին անհատական մոտեցում ենք ցույց տալիս: Ավելի լավ է կանխել վնասվածքը, քան հետո բուժել այն: Հայաստանում կան լավ մասնագետներ, որոնց հետ համագործակցում ենք, սակայն խնդիր կա ախտորոշման հետ կապված: Ցավոք, չկա սպորտային մասնագիտացված կլինիկա, որտեղ սպորտից հասկացող մասնագետը կարողանար ճիշտ աշխատել ֆուտբոլիստի կամ այլ մարզիկի հետ: Շատ խնդիրներ հենց մեզ մոտ են լուծում ստանում, իսկ բարդ վիրահատությունների կամ վնասվածքի դեպքում ֆուտբոլիստին արտասահման ենք ուղարկում»,- ավելացնում է նա:

Ստեփանյանը գտնում է, որ սպորտային բժիշկների թիվը պետք է ավելանա: Դրա համար պետք է լինի բարձր վարձատրություն: Նա նշում է, որ բժշկական համալսարանն ավարտած ուսանողները ձգտում են ստանալ այնպիսի մասնագիտացում, որտեղ նաեւ աշխատավարձն է բարձր.

«Սպորտում մեծ գումարներ դեռ չկան, դա է նաեւ պատճառը, որ երիտասարդները չեն ընտրում այս ճյուղը: Հիմա մենք աշխատում ենք վերջին կուրսի ուսանողների հետ, փորձում նրանց ներգրավել մեր աշխատանքների մեջ, հետաքրքրությունը բարձրացնել: Երկրորդը՝ անպայման մասնագիտացված կլինիկա պետք է ունենալ, որտեղ թեկուզ սկզբնական շրջանում արտասահմանցի մասնագետներ հրավիրվեն ու վիրահատություններ անեն»:
 
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի բժիշկ Արա Կարապետյան

Գործընկերների ասածների հետ համաձայն է նաեւ Հայաստանի ազատ ոճի հավաքականի բժիշկ Արա Կարապետյանը: Նա գտնում է, որ սպորտային բժիշկների պակասը շատ լուրջ խնդիր է, որի լուծման համար հարկավոր է պետական մոտեցում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք շատ լավ մասնագետներ ունենք, բայց միայն գիտելիքը քիչ է: Մեր ունեցած հնարավորությունները շատ սահմանափակ են: Մեծ կլինիկայի կարիք ունենք, որտեղ բոլոր մարզիկները կկարողանան հետազոտվել ու բուժվել: Մեր երկրում չենք կարողանում ապահովել մարզիկների ճիշտ հետազոտությունները: Դա շատ լուրջ խնդիր է, ինչպե՞ս կարող է մարզիկը շարունակել պարապմունքները, եթե նրա խնդիրը ճիշտ չի բացահայտվում»,- նշում է Կարապետյանը:

Նա կարծում է, որ հետազոտություն անող բժիշկը պետք է սպորտը լավ հասկանա, ծանոթ լինի մարզիկի ծանրաբեռնվածությանն ու օրգանիզմի առանձնահատկություններին: Միայն ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր կլինի արդյունքի հասնել:

Ըմբիշները, ինչպես նշում է Կարապետյանը, տարեսկզբին ապահովագրվում են ու եթե միջազգային մրցաշարի ժամանակ վնասվածք են ստանում, ապա միջազգային ֆեդերացիայի ծախսերով ցանկացած երկրում կարողանում են բուժում ստանալ.

«Բայց կա մեկ այլ խնդիր: Եթե արտերկրում ուսումնամարզական հավաք է լինում, ու մարզիկը վնասվածք է ստանում, ապա ինքն է հոգում բուժման ծախսը, այդ դեպքում ապահովագրությունը չի գործում: Խնդիրների առաջ են կանգնում նաեւ Հայաստանում վնասվածք ստացածները կամ էլ նրանք, ովքեր այդ պահին հավաքականի կազմում չեն»:

Կարապետյանը համոզված է, որ սպորտային բժշկությունում առկա բոլոր բացերը կարող են լրացվել միայն այն դեպքում, երբ պետական մոտեցում լինի, հակառակ դեպքում ամեն ինչ նույնը կմնա:

«Ինչպես բժիշկն է տեսնում մարզիկին ու զգում նրա խնդիրները, այնպես էլ կառավարությունը պետք է նկատի ու հասկանա բժշկության խնդիրները: Մենք նվիրվածության ու շատ մեծ սիրո շնորհիվ ենք հաղթահարում դժվարությունները եւ շարունակում մեր աշխատանքը»,- եզրափակում է Կարապետյանը:

Շարունակելի

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին