Դեկտեմբեր 23, 2024
exclusive
89927 դիտում

Մեր երկրում ձմեռային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքությունն աճում է


Լուսանկարը` theskichannel.com

Լուսանկարը` minsportyouth.am

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` fis-ski.com

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից

Գագիկ Սարգսյանը
Գագիկ Սարգսյանը

Լուսանկարը` Facebook


Mediamax Sport-ը իր «Սպորտի հակառակ կողմը» շարքում շարունակում է ներկայացնել դահուկային ու լեռնադահուկային սպորտի խնդիրները:

Երկրորդ մասում պատմելու ենք մարզիկների աշխատավարձի հետ կապված բացթողումների, սերնդափոխության, ամառային մարզումների ու մեծ քայլերով կատարվող առաջընթացի մասին:

Մարզաձեւերի հետ կապված իրենց մտահոգություններով կիսվել են Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը եւ Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն դահուկորդ Արթուր Եղոյանը:

Մեկ լեռնադահուկորդի համար տարեկան մոտ 5000 եվրո գումար է ծախսվում

Ձմեռային մարզաձեւերով զբաղվողների ոչ մեծ թիվը պայմանավորված է նրա ծախսատար լինելու հանգամանքով: Անհրաժեշտ մարզագույք գնելու համար բավականաչափ գումար է պետք:

Գագիկ Սարգսյանի խոսքով, հավաքականի մեկ լեռնադահուկորդի համար հանդերձանք գնելու համար տարեկան մոտ 4000-5000 եվրո գումար է անհրաժեշտ: Դահուկների 2 զույգն իր ամրակներով, առանց կոշիկների ու փայտերի, 1200 եվրո արժե: Սակայն երկու զույգը դեռ բավարար չէ, նույնքան էլ մարզումների համար է պետք: «Պատկերացրեք՝ 20-40 մարզիկ պահելու համար որքան գումար կպահանջվի: Վերջին տարիներին մենք դահուկների մոտ 200 հավաքածու ենք բերել Հայաստան, իսկ դա լուրջ թիվ է: Այդ գույքը մարզադպրոցներին ենք հատկացնում»,- նշում է նա:

Լուսանկարը` Facebook


Այլ է վիճակը դահուկավազքում. հավաքականի առաջատար մարզիկը մոտ 20 զույգ դահուկ պետք է  ունենա, որոնցից յուրաքանչյուրն արժե միջինը 300 եվրո: Պատճառն այն է, որ տարբեր եղանակի, մրցատարածության, ձյան շերտի ու ամրության համար առանձին դահուկներ են անհրաժեշտ լինում: Երբեմն մեկ մեկնարկի համար մարզիչը 10-15 դահուկ է փորձարկում, որը համապատասխան քսուքներով մշակելուց հետո է միայն անհրաժեշտ վիճակի հասնում:

Սարգսյանի վկայությամբ, անհրաժեշտ մարզագույքը ձեռք է բերվում ֆեդերացիայի գումարներով, միջազգային ֆեդերացիայի օգնությամբ, ինչպես նաեւ ընկերների աջակցությամբ:

Սակայն եթե այդ հարցում լուծումներ գտնել հնարավոր է լինում, ապա առավել դժվար է ձյուն, ձյուն սարքող մեքենաներ ու դահուկուղիներ ապահովելը. «Եթե խաղային մարզաձեւերի համար միայն դահլիճի առկայությունը եւ նվազագույն կահավորումը բավարար է, ապա մեր դեպքում ամեն ինչ այլ է: Ձմեռային հանդերձանք է պետք, տեղ, ուր հնարավոր կլինի մի քիչ հանգստանալ ու տաքանալ լեռներում: Համապատասպան ենթակառուցվածքներ ու մասնագետների կարիք կա: Մի խոսքով, բացերը շատ են, բայց մենք աստիճանաբար փորձում ենք դրանք լրացնել»:

Ձմեռային մարզաձեւերում սերնդափոխություն է կատարվում

Գագիկ Սարգսյանը վկայում է, որ իրենց մարզաձեւում սերնդափոխություն է կատարվում, ու բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ շուտով իրենց մասին խոսելու առիթներ կտան:

Դրա լավագույն վկայությունը եղել է Հայաստանի առաջնությունը, որտեղ աչքի են ընկել երիտասարդ դահուկորդները, նրանցից ոմանք կարողացել են անգամ հաղթողներ դառնալ:

«Մեզ համար էլ դա լավ անանկանկալ էր, փաստորեն սառույցը կոտրվել է: Դա մեր համատեղ, տարիներ շարունակ կողք կողքի ճիշտ ու նպատակային աշխատելու արդյունքն էր: Այս տարի նաեւ երիտասարդների Հայաստանի առաջություն ենք անցկացրել, ինչը չի եղել նախորդ տարիներին, դա եւս վկայում է մարզաձեւի զարգացման ու նրա նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին»,- խոստովանեց նա:
Գագիկ Սարգսյանը Գագիկ Սարգսյանը

Լուսանկարը` Facebook


Համաշխարհային ձյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ էլ պատանիներն են ուրախացրել իրենց արդյունքներով, ինչը միանշանակ հիանալի հերթափոխի մասին է խոսում: 

Իսկ այն, որ երկար տարիներ է գրեթե նույն մարզիկներն են Հայաստանի առաջնությունում առաջատար տեղեր զբաղեցնում, պատճառն այդ մարզաձեւերի առանձնահատկությունն է: Ըստ Սարգսյանի՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն 22-23 տարեկանից հետո են արդյունքները սկսում աճել: Այդ է պատճառը, որ առաջատարները մոտ 10 տարի կարողանում են պահպանել իրենց դիրքերը, ու 4-5 հոգի պարզապես տեղերով են փոխվում:

Ի տարբերություն լեռնադահուկային սպորտի, դահուկորդներն ավելի շատ են աչքի ընկնում միջազգային հարթակներում, ինչն ըստ Սարգսյանի իր պատճառներն ունի. «Լեռնադահուկային սպորտում լավ պատանիներ ունենք, որոնց պատրաստում ենք Օլիմպիական խաղերի ու մյուս կարեւոր մրցաշարերի համար: Հիմա պարզապես սերնդափոխություն է կատարվում»:

Մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացնելու նպատակով ֆեդերացիան միացել է Համաշխարհային ձյան օրվան: Դա հիանալի նախաձեռնություն է, որն օգնում է ավելի շատ երեխաների ձմեռային մարզաձեւերին մասնակից դարձնել: Իսկ փետրվարի սկզբին Երեւանի քաղաքապետարանի հետ պիլոտային ծրագիր են իրականացրել՝ երեխաների  համար Ծաղկաձորում անվճար պարապմունքներ կազմակերպելով:

Անվադահուկների մրցումները եւս կարող են դառնալ վարկանշային 

Հետաքրքիր ու տարբերվող են լինում դահուկորդների ամառային մարզումները:  Ձյան բացակայության պայմաններում էլ նախապատարստական փուլը շարունակվում է ողջ եռանդով, սակայն դահուկներին փոխարինելու են գալիս անվադահուկները: Հենց դրանց օգնությամբ էլ պահում են անհրաժեշտ մարզավիճակը:

Այդ սպորտը դահուկավազքի բաղկացուցիչ մասն է դարձել: Շատ հայտնի ու տիտղոսակիր դահուկորդներ արդեն մասնակցում են նաեւ անվադահուկների մրցումներին:

Սարգսյանը նշեց, որ անվադահուկային սպորտն արդեն այնքան է զարգացել, որ անցկացվում են տարբեր խոշոր միջազգային մրցաշարեր: «Ես անվադահուկային սպորտի ենթակոմիտեի անդամ եմ, ու վերջերս մի նախաձեռնություն եղավ, ըստ որի անվադահուկների առաջնությունները եւս Օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ կտան, ինչպես դահուկավազքի մրցումների ժամանակ»,- հավելեց նա:

Ամռանը դահուկորդների ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելուն շատ են օգնում նաեւ անհրաժեշտ վարժասարքերն ու անվաչմուշկները: 

Հայաստանը հավակնում է դառնալ դահուկային պետություն

Այն, որ դահուկասպորտը Հայաստանում մեծ քայլերով առաջընթաց է արձանագրում, վկայում են նաեւ մարզիկներն ու նրանց արդյունքները:

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից


2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Եղոյանն էլ է փաստում, որ վերջին տարիներին դահուկավազքը սկսել է մեծ թափով զարգանալ, ու այդ մասին որոշ ժամանակ առաջ նույնիսկ երազել չէին կարող: «Ցանկացած ոլորտում էլ մարդիկ հաջողությունների են հասնում, եթե լինում է համապատասխան ֆինանսավորում: Այսօր մեր ֆեդերացիան անում է ամեն ինչ, որպեսզի մենք գույքի ու մարզահագուստի խնդիրներ չունենանք, անցկացնում ենք բարձրակարգ հավաքներ»,- նկատեց Եղոյանը:

Նա անչափ շնորհակալ է հայ մարզիչներին, հատկապես Արթուր ու Ալլա Միքայելյաններին, որոնք իրենց գիտելիքներով հետ չեն մնում հայտնի մասնագետներից ու օգնում են մեծ քայլերով առաջ շարժվել:

Հայ մարզիկների առաջընթացի լավագույն ապացույցը Սոչիի Օլիմպիական խաղերի նվաճված ուղեգրերն էին: Առաջին անգամ հայ դահուկորդները ձմեռային խաղերին մասնակցեցին սեփական ուղեգրերով:

Վերջերս էլ Մ-23 տարկանների ԱԱ-ում Սերգեյ Միքայելյանը կարողացավ սքիաթլոնում ընդգրկվել լավագույն 10-յակում: «Հզորագույն դահուկային պետությունների անվանի մարզիկների հետ պայքարում Սերգեյն իրեն դրսեւորեց լավագույն կողմերով ու մեկ անգամ եւս ապացուցեց, որ Հայաստանը հավակնում է դառնալու դահուկային պետություն»,- ուրախությամբ ընդգծեց Սարգսյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Դահուկասպորտի խնդիրների մասին պատմող առաջին մասը կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին