Դեկտեմբեր 11, 2024
exclusive
86529 դիտում

Չնայած խնդիրներին՝ դահուկասպորտը Հայասանում փորձում է զարգանալ


Լուսանկարը` fis-ski.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` minsportyouth.am

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` skiracing.com


Հայաստանում մարզաձեւերն իրենց զարգացվածության մակադակով էականորեն տարբերվում են միմյանցից: Նրանցից որոշները մենք հենակետային ենք համարում ու նվաճում մեդալներ, մյուսներում կայուն հաջողություններ գրանցում: Կան նաեւ այնպիսինները, որոնք թեեւ վաղուց են մեր երկրում հաստատվել, սակայն վերջին ժամանակահատվածում են ակտիվորեն զարգանում:

Դրանց թվին են դասվում ձմեռային 2 մարզաձեւերը՝ դահուկային ու լեռնադահուկային սպորտը:

Mediamax Sport-ը «Սպորտի հակառակ կողմը» շարքի այս մասում խոսելու է հենց այդ մարզաձեւերի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին: Մեր զրուցակիցներն են  Հայաստանի դահուկասպորտի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանն ու Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն դահուկորդ Արթուր Եղոյանը:

Անհրաժեշտ գույքի, հանդերձանքի ու պետական մոտեցման բացակայություն

Ձմեռային այս երկու մարզաձեւերը Հայաստանում հատկապես վերջին տարիներին են ակտիվ քայլերով առաջընթաց արձանագրում: Հայ մարզիկները միջազգային մրցաշարերում զգալիորեն բարելավում են իրենց արդյունքները, սակայն դա բավարար չէ մեդալների համար մղվող պայքարին խառնվելու համար:

Գագիկ Սարգսյանի խոսքով, մարզաձեւերի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները բավականին շատ են, որոնց թվում նա նշեց անհրաժեշտ գույքի, հանդերձանքի ու համապատասխան պետական մոտեցման բացակայությունը:

«ԽՍՀՄ-ի տարիներին բոլորովին այլ համակարգ էր գործում, գրեթե բոլոր ձնառատ բնակավայրերի դպրոցներն ապահովված էին անհրաժեշտ գույքով, անցկացվում էին բազմաթիվ առաջնություններ, այդ թվում եւ դպրոցականների: Գործում էին մի շարք ակումբներ, որոնց շնորհիվ էլ մեծ ակտիվություն էր լինում»,- ասաց նա:

Լուսանկարը` Facebook


Հիմա ամեն ինչ այլ կերպ է. խիստ նվազել է մարզաձեւերի աշխարհագրությունը: Հայաստանում այդ մարզաձեւերով զբաղվում են Շիրակի (Գյումրի, Աշոցք, Ախուրյան), Կոտայքի (Հրազդան, Ծաղկաձոր), Լոռու մարզերում ու Երեւանում (Ֆիզիկական հայկական պետական ինստիտուտի ՖԻՄԱ ակումբ):

Մարզիկների սակավության խնդրով անհանգստացած է նաեւ լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչը: «Շատ քիչ լեռնադահուկորդներ ունենք, ինչի պատճառով մեծ ընտրության հնարավորություն չունենք: Հավաքականն ընդամենը 10 հոգուց է բաղկացած»,- ընդգծեց Սեյրան Հարությունյանը:

Այդ խնդիրը լուծելու համար ֆեդերացիան վաղուց է սկսել քայլեր ձեռնարկել: Այն օգնում է ձմեռային մարզաձեւերի դպրոցներին, որոնք էլ իրենց հերթին պարտավորվում են ավելի շատ մարզիկներ ներգրավել: Ֆեդերացիան փորձում է վերականգնել այն տարածաշրջանների մարզական ավանդույթները, որտեղ ժամանակին զարգացած է եղել դահուկասպորտը:

Սակայն Հայաստանում լավ մարզիչների պակաս կա: ԽՍՀՄ-ի տարիներին նրանք վերապատրաստման ու փորձի փոխանակման բազմաթիվ հնարավորություններ ունեին: Այդ բոլոր բացերը լրացնելու նպատակով նախորդ տարվանից Հայաստանի ֆեդերացիան ինքն է սկսել սեմինարներ ու վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

Այս տարի էլ Ծաղկաձորում նման սեմինար անցկացվել է լեռնադահուկային սպորտի մարզիչների համար: «Այդ հարցում օգնեց միջազգային ֆեդերացիայի կողմից գործուղված փորձագետը: Մեր մարզիչների մոտ որակական աճ արդեն նկատելի է, սակայն ոչ բոլորն են լեզուների տիրապետում, ինչն ուղղակի անհրաժեշտ է միջազգային տարբեր միջոցառումների մասնակցելու համար»,- նշեց Սարգսյանը:

Նա ցավով ընդգծեց նաեւ այն փաստը, որ ավելի երիտասարդ սերունդը շահագրգռված չէ մարզչական գործունեության անցնելու հեռանկարով:

Ֆեդերացիան ծախսերից չի դժգոհում՝ մարզիկներն արդարացնում են իրենց

Ըստ Գագիկ Սարգսյանի, Ծաղկաձորում մարզվելու համար, հատկապես լեռնադահուկային սպորտով, հիանալի պայմաններ կան: Սակայն ձյան սակավության պատճառով հնարավոր  չի լինում մրցումներ անցկացնել, քանի որ դրա համար առնվազն 30 սմ պինդ ձյան շերտ է անհրաժեշտ:

Հայաստանում չեն կիրառվում նաեւ ամբողջ աշխարհում լայնորեն տարածում գտած արհեստական ձյան ծածկույթով սահուղիները, որոնց վրա հնարավոր է լինում երկու անգամ ավելի մեծ արագություն զարգացնել:

Հայ մարզիկներն արհեստական ձյան վրա ելույթ ունենալիս մեծ խնդիրների առաջ են կանգնում: Այդ պատճառով էլ դեռ հոկտեմբերից Հայաստանի հավաքականները մարզումներ են անցկացնում Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ալպերում: «Իսկ այնտեղ 2 ամիս մարզիկներին պահելու ու տարբեր մրցաշարերում նրանց մասնակցությունն ապահովելու համար բավականաչափ գումար է ծախսվում: Ֆեդերացիան կարողանում է ամեն ինչ հոգալ, ուրախալի է, որ տարեցտարի մարզիկներն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս ու արդարացնում սպասելիքները»,- ավելացրեց Սարգսյանը:

Լուսանկարը` Facebook


Անհրաժեշտ ձյան շերտի ու պայմանների բացակայությամբ խիստ անհանգստացած է նաեւ լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչը: Ըստ Սեյրան Հարությունյանի, լեռնադահուկորդները փափուկ ձյան վրա են պարապում, իսկ միջազգային մրցաշարերի ժամանակ՝ արհեստական սառը ձյան, ինչն անհարմարություններ ու դժվարություններ է առաջացնում:

«Հայաստանում անհրաժեշտ սահուղիներ կան, թեեւ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, բայց մարզվել կարողանում ենք: Մեր սարերն էլ Ալպերին ոչնչով չեն զիջում, ուղղակի վատ է, որ ավելի շատ մարզվելու հնարավրություն չի լինում: Մանավանդ հանգստյան օրերին Ծաղկաձորում տուրիստների մեծ թվի պատճառով չենք կարողանում մարզումներ անցկացնել»,- հավելեց մարզիչը:

Ըստ նրա, օրական երկու մարզում է պետք անցկացնել՝ առավոտյան 4, իսկ երեկոյան 2 ժամ տեւողությամբ: Սակայն  իր սաները հնարավորություն ունեն միայն 2-ժամյա մարզման: Չնայած դրան, միջազգային մրցաշարերի մասնակցությունից մարզիչը չի բողոքում. ֆեդերացիան ամեն ինչ անում է եւ արտագնա հավաքներ կազմակերպելու, եւ մրցաշարերի մասնակցելու համար. «Մեր մրցաշարերին սկիզբ կա, բայց վերջը չի երեւում: Եթե տարեկան 3-4 ստարտ անում ենք, հիանալի է, որովհետեւ այդ ամենը շատ թանկ արժե, իսկ ֆեդերացիայի համար դժար է բոլոր ծախսերը հոգալ»:

Իսկապես, այն էլ ոչ այդքան մեծ բյուջեն հավասարաչափ բաշխելը շատ դժվար է, մանավանդ, որ երկու մարզաձեւերի համար տարեկան այն ընդամենը 12 մլն դրամ է կազմում:

Սպորտում մնում են ամենանվիրվածները, որոնք գիտեն դրա իսկական գինը

Դահուկորդ Արթուր Եղոյանը մարզումներն անցկացնում է հայրենի Աշոցքում, որն, ըստ նրա, սկսել է հետաքրքրել նաեւ աշխարհի այլ մարզիկների, ու դրան նպաստել են հայ դահուկորդների ցույց տված արդյունքը. «Աշոցքում մարզվելու համար շատ լավ տեղեր կան, տարին 6 ամիս մեզ մոտ 2 մետրի հասնող ձյուն է լինում: Մարզումային խնդիրներ չունենք, երբ Աշոցքում ձյուն չի լինում,  մեկնում ենք Ֆինլանդիա, եւ առաջին ձյան հետ էլ սկսում ենք մարզվել»:

Լուսանկարը` Արթուր Եղոյանի անձնական արխիվից


24-ամյա Եղոյանն արդեն 15 տարի է զբաղվում է սպորտով, իր ողջ ժամանակն ու էներգիան նվիրել է այդ մարզաձեւին: Չնայած բոլոր դժվարություններին նա չի լքել սպորտը, քանի որ դա նրա համար «հարազատ տունը լքել կնշանակեր»:

Իսկ դժվարություններն, իսկապես, շատ են եղել ու հիմա էլ մնում են: Դրանցից ամենամեծը աշխատավարձի բացակայությունն է:

«Մենք աշխատավարձ չենք ստանում, որպեսզի գոնե մինիմալ ծախսերը հոգանք: 20-25 տարեկան տղան չի կարող միայն մարզվել ու ընտանիք պահելու մասին չմտածել: Շատ հաճախ մարդիկ առանց տեղյակ լինելու սկսկում են քննադատել վատ արդյունքների համար, սակայն նրանք չգիտեն էլ չեն, թե ինչ զրկանքների գնով ենք մարզվում ու մասնակցում մրցաշարերի: Բայց անգամ նման պարագայում ոչնչից չենք հիասթափվում ու շարունակում ենք նվիրված մարզումներ անցկացնել»,- իր բողոքն այսպես արտահայտեց Եղոյանը:

Գումար կամ աշխատավարձ դահուկորդները չեն ստանում, քանի միջազգային մրցումներում մրցանակային տեղերում չեն կարողանում ընդգրկվել: Նրանցից ոմանք մարզումներին զուգահեռ նաեւ աշխատում են, ինչի արդյունքում, բնականաբար, առաջինը տուժում է:

Լեռնադահուկային սպորտի հավաքականի մարզիչը գտնում է, որ նման դեպքերում մարզիկներն ամբողջովին չեն կաողանում կենտրոնանալ սպորտի վրա, քանի որ առաջնային է դառնում գումար վաստակելու անհրաժեշտությունը: «Սպորտում մնում են ամենանվիրվածները, որոնք անսահման սիրում են իրենց գործը»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին