Դեկտեմբեր 22, 2024
exclusive
71756 դիտում

Դավիթ Սարգսյան. Կյանքը նվեր է, այն պետք է շատ սիրես


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթի հետ ծանոթանալն ու մտերիմ շփվելը շատ արագ ստացվեց: Բաց, անմիջական, հետաքրքիր ու դրական մարդ լինելով՝ նա կարողանում է հստակ արտահայտել իր մտքերը, հաղթահարել բոլոր դժվարություններն ու վստահ քայլել դեպի նպատակը:

Mediamax Sport-ն այս անգամ «Սպորտը բոլորի համար» շարքում հաճույքով զրուցել է Դավիթ Սարգսյանի հետ:

Ֆուտբոլային մեկնաբանի դժվար ու պատասխանատու աշխատանքը

Դավիթ Սարգսյանը փոքր տարիքում է պարապել ֆուտբոլով՝ հաճախելով Երեւանի «Արարատի» պատանեկան թիմի մարզումներին:

14 տարեկան էի, երբ դադարեցի մարզումների հաճախել: Սակայն մեր ընտանիքը շատ ֆուտբոլային է, որտեղ սպորտը մեծ տեղ է գրավում: Պապիկս ու հորեղբայրս «Բարսելոնայի» երկրպագուներ էին, իսկ ես ու հայրիկս՝ «Ռեալի»: Պապիկիս հետ միշտ հաճախում էի ստադիոն ու ներկա լինում Հայաստանի խաղերին: Բացի այդ էլ, մեր բակն առաջինն էր, որտեղ կառուցվեց արհեստական խոտով դաշտ, երեխաներով ամբողջ օրն այնտեղ էինք անցկացնում: Փոքր էի, երբ Իսպանիայի հավաքականը եկավ Երեւան, քրոջս տարան այդ խաղին, իսկ ինձ՝ ոչ: Շատ ծանր էի տանում, քանի որ այդպես էլ չտեսա իմ սիրելի ֆուտբոլիստներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթի համար ֆուտբոլը պարզապես մարզաձեւ չէ, նա սիրում է խորն ուսումնասիրել այն, վերլուծել ու հասկանալ ամեն մի մանրուք: Համոզված է, որ ֆուտբոլը երկիրը լավագույնս ներկայացնելու միջոց է, դրանով է բացատրում այն, որ հավաքականի ամեն մի հաղթանակ նաեւ իրենն ու յուրաքանչյուր հայինն են:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում տեղի ունեցող խաղերին այսօր եւս Դավիթն ու նրա ընկերները ներկա են լինում: Հենց այդտեղ էլ, երբ զրուցելիս են եղել սիրելի մարզաձեւի մասին, խոսակցությանը միացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից Մարիամ Պողիկյանը, որին էլ նա խոստովանել է, թե ցանկանում է գոնե մեկ անգամ ֆուտբոլային հանդիպում վարել:

Մի քանի օր անց Մարիամը զանգեց, թե մեկնաբանական դպրոցում կարող եմ դասընթացներ անցնել: Դասերն ինձ համար անվճար էին, ՀՖՖ-ն էլ տրանսպորտ տրամադրեց ու սկսեցի հաճախել Էդուարդ Քալանթարյանի դասերին: Անկեղծ ասած, ֆուտբոլային մեկնաբանի գործն ինձ միշտ հեշտ է թվացել: Հեռուստացույցով լսում էի ու մտածում, թե ես ավելի լավ կանեմ: Բայց երբ ինքս անցա այդ աշխատանքին, հասկացա, որ ամեն ինչ ավելի բարդ է: Հանկարծ սպառվում ես, կամ նախադասությունն սկսում ես ու հասկանում, որ սխալ ես կառուցում: Դրա համար պարտավոր ես շատ աշխատել, սովորել ու կատարելագործվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա խոստովանում է, որ հենց մեկնաբանական դասընթացի ժամանակ է սկսել մտածել մարզիչների ու ֆուտբոլիստների նման, փորձել հասկանալ, վերլուծել խաղը:

Կարծում եմ, որ ֆուտբոլային մեկնաբանը պետք է ազատ լինի, խոսի գրագետ, ճիշտ, միեւնույն ժամանակ նաեւ մտերմիկ ձեւով: Մեզ մոտ փորձում են պահել հավասարություն ու ոչ մի թիմի նկատմամբ վերաբերմունք ցույց չտալ, բայց կարելի է անկեղծ լինել հեռուստադիտողի հետ ու ասել, թե որ թիմին ես երկրպագում: Միեւնույն ժամանակ հարկավոր է ոչ թե որպես երկրպագու խոսել, այլ իսկական պրոֆեսիոնալ: Մեկնաբանությունը միայն խոսելը չէ, պետք է կարծիք արտահայտես, կատակ անես, հետաքրքիր լինես, որպեսզի դիմացինը հաճույքով լսի: 

Դավիթի մեկնաբանած առաջին խաղը եղել է Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումներից մեկը: Խոստովանում է, որ լարվել էր, սակայն արդեն մի քանի րոպե անց, երբ հաղթահարել է ամեն ինչ, կարողացել է ավելի հանգիստ ու հավասարակշռված խոսել:

Արման Աբելյանի հետ էի վարում հանդիպումը, նա ինձ շատ օգնեց: Երբ լսեցի ձայնագրությունը, այդքան էլ չհավանեցի: Հասկացա, որ աշխատելու շատ տեղեր ունեմ: Ես տանն էլ ինձ ձայնագրում եմ, լսում, փորձում գտնել սխալներս: Հիմա այնքան արագ է տեղեկատվությունը տարածվում, որ մեկնաբանն էլ պարտավոր է ամեն ինչ ժամանակին ասել, այլապես հեռուստադիտողները դա ավելի շուտ կիմանան ու չեն ցանկանա հին բանը կրկին լսել: Ես պետք է կրկին ուղիղ եթերում լինեմ, որպեսզի կամաց-կամաց բացվեմ ու արդեն էլ ավելի վստահ ու լավ պահեմ ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կյանքը շատ սիրելն ու ուրիշներին օգտակար լինելը

Դավիթը զինվորական ծառայության ընթացքում է հաշմանդամություն ձեռք բերել: Դիրքերից իջնելու ժամանակ վայր է ընկել, ինչի հետեւանքով ողնաշարը ծալվել է, սակայն այդ պահին լրջությունը չի հասկացել եւ զենքերը վրան շարունակել է իջնել զորամաս: Ուշագնաց լինելուց հետո տեղափոխել են Երեւան:

Շատ երկար ժամանակ կոմայի մեջ եմ եղել, բժիշկներն ապրելու հույս չեն տվել: Բայց ես կյանքը շատ եմ սիրում, դրա համար էլ ուշքի եմ եկել: Ես շատ ակտիվ մարդ եմ ու երբ ասացին, որ չեմ քայլելու, ինձ թվաց՝ ամեն ինչ ավարտվեց: Շնորհիվ իմ ընտանիքի, ընկերների հասկացա, որ պետք է ամեն ինչ հաղթահարեմ ու ապրեմ: Հիվանդանոցում էի, երբ ինձ մոտ եկավ Հայկուհի Մինասյանը, որն այդ ժամանակ նոր-նոր էր սկսում Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի ստեղծումը: Նա հարցրեց, թե կցանկանա՞մ արդյոք սովորել իրենց մոտ: Ես թերահավատորեն էի մոտենում այդ ամենին, որովհետեւ բազմաթիվ պաշտոնյաներ էին եկել, շատ բաներ խոսք տվել, նկարվել ու հեռացել: Դրա համար ոչ ոքի այլեւս չէի հավատում: Որոշ ժամանակ էլ բուժվեցի Կարմիր խաչում, ապա դուրս գրվեցի, գնացի տուն ու հասկացա, որ վերջ, այլեւս անելու ոչ մի բան չունեմ: Հենց այդ անորոշ վիճակում էի, երբ Հայկուհին զանգեց ու ասաց, որ կենտրոնը կայանում է, ես էլ պետք է անընդհատ այնտեղ պարապեմ, որ վերականգնվեմ:



Այնտեղ Դավիթը ոչ միայն սկսել է բուժվել, այլ նաեւ տարբեր դասընթացներ անցնել: Բացի այդ, ձեռք է բերել նոր ընկերներ, որոնց հետ շատ ընդհանուր բաներ ունի ու կարողանում է հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Երբ պարապ էի, ինչպես սկզբնական շրջանում, ահավոր էր, անընդհատ մտքերիս հետ էի: Իսկ հիմա, երբ աշխատում եմ, անընդհատ ընկերներիս հետ եմ, հասկացել եմ, որ զբաղված մարդուց լավ բան չկա: Լավ չի, որ անընդհատ քեզ օգնում են, պետք է դու էլ կարողանաս մեկին օգնել, պատասխան տալն ամենալավ բանն է:

Սիրելի աշխատանքից մինչեւ տեղաշարժվելու համար անհարմար միջավայր

Դավիթը մինչեւ բանակ գնալը բարմեն է աշխատել, շատ է սիրում ու կարոտում այդ գործը: Վերադառնալուց հետո նախ աշխատանքի է անցել ԱԻՆ-ում, ապա Վերականգնողական կենտրոն այցելած դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռի Գասպարյանի առաջարկով սկսել է աշխատել այնտեղ որպես կոորդինատոր:

Ինձ կոլեկտիվում շատ լավ ընդունեցին, հենց սկզբից հարմարավետ ու ազատ եմ զգում: Հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Մեր կրթական ոլորտը շատ ծանր վիճակում է, ու բոլորս փորձում ենք մի բան անել, որ այն ոտքի կանգնի: Որպես մասնագետ այստեղ զարգացա, նոր բաներ եմ սովորում, սխալվում, ուղղում դրանք: Կարծում եմ, հենց զգացի, որ մի ոլորտում սպառվել եմ, պետք է փոխվեմ, կամ էլ աշխատանքս փոխեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաշմանդամություն ունեցողները Հանրապետական մարզադաշտում միշտ ներկա են լինում հավաքականի կամ առաջնության խաղերին: Մեր զրուցակիցը խոստովանում է, որ քիչ թե շատ այստեղ է իրենց հարմար շարժվել, մյուս մարզադաշտերում ոչինչ հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող ֆուտբոլասերների համար:

Բոլոր տեղերում էլ զրոյական վիճակ է: Հույս ունեմ, որ եթե նոր ստադիոն կառուցեն, հաշվի կառնեն նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ես սայլակով շատ մարդ եմ ճանաչում, որ ապրում են ֆուտբոլով, բայց չեն կարողանում տնից դուրս գալ: Երբ ստադիոնում տեսնում ես արագ խաղը, կարծես դու լինես վազողը, այնքան շատ էներգիա ու լիցքեր է տալիս ֆուտբոլը: Ստադիոն հասնելը եւս անհարմար է: Շատ քիչ տեղերում կան թեքահարթակներ կամ այնքան վատ են սարքած, որ չես կարողանում օգտվել: Տրանսպորտը եւս հարմարեցված չէ, երթուղայինների մասին ընդհանրապես չեմ խոսում, իսկ տաքսիների մեծ մասը գազով են աշխատում: Դրա համար սայլակը չենք կարողանում բեռնախցիկում դնել: Մի խոսքով, խնդիրներ անընդհատ են առաջանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջաբանի փոխարեն

Ինձ հետ պատահածից հետո ես փոխվել եմ, սկսել եմ մարդկանց ավելի շատ գնահատել, նրանց չափազանց զգույշ եմ վերաբերվում:

Մինչեւ հիմա էլ ինձ այսպիսին չեմ ընդունել՝ պայքարել եմ, հուզվել, հանձնվել ու հարմարվել: Ամեն դեպքում, երբեք չեմ կորցնում հույսս, ամեն ինչ անում եմ, որ հաղթող դուրս գամ: Հիմա գիտությունն այնքան արագ է զարգանում, որ չեմ կարող ասել վաղն ինչ կլինի ու ինչպես ես կրկին կկարողանամ քայլել: Մեր կենտրոնում նոր կոնստրուկտոր են սարքում, որը հատուկ ազդակներով կարողանալու է օգնել շարժել ոտքերը, այն եւ կքայլեցնի, եւ կբուժի:

Իսկ նպատակներս ինձ հետաքրքրող ոլորտներում՝  ֆուտբոլային մեկնաբանության, կոորդինատորի, ՏՏ ոլորտի, նաեւ սեփական բիզնես ունենալու ծրագրերի մեջ առաջ գնալն ու հետագայում նաեւ ընտանիք կազմելն է: Կյանքը նվեր է, այն պետք է սիրես, շատ սիրես, ուրիշ ճար չկա:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին