Դեկտեմբեր 22, 2024
exclusive
72397 դիտում

Գրետա Վարդանյան. Ավտոտնակում մարզվելուց դեպի 4 Պարալիմպիկ խաղեր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարմիր շրթներկ, գեղեցիկ դիմահարդարում ու արտահայտիչ հայացք: Դահլիճում էլ Գրետա Վարդանյանն անթերի տեսք ունի, նախ նա ուշադիր հետեւում է իր սաների մարզումներին, խորհուրդներ տալիս, ապա ինքն է արդեն պայքար մղում ծանրաձողի հետ:

Մարզուհի, մարզիչ, մայր ու ԱԻՆ-ի աշխատակից:  Թվում է, նա ամեն ինչ հասցնում է անել, ոչնչից չի բողոքում, սովորել է ինքնուրույն հասնել նպատակներին:

Անցած ուղու, ձգտումների ու դժվարությունները հաղթահարելու մասին էլ Վարդանյանը պատմել է Mediamax Sport-ի «Սպորտը բոլորի համար» շարքում:

Սպորտային ուղին

Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձեւերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով ու սայլակավազքով, 2 անգամ ԱՄՆ-ում 42 կմ-ոց մարաթոնի է մասնակցել, բայց 2007 թվականից հետաքրքրվել է փաուերլիֆթինգով ու սիրել այն: Հասկացել է, որ բոլորով միաժամանակ զբաղվել ու արդյունք ունենալ չի կարող, դրա համար ընտրել է մեկն ու կենտրոնացել դրա վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


2006-ին Իտալիայում լեռնադահուկային սպորտի մրցումների մասնակցեցի, իսկ մեկ տարի անց փոխեցի մարզաձեւս: Առաջին միջազգային մրցումս հունական Կավալլա քաղաքում էր, պատանիների պայքարին մասնակցեցի ու 2-րդ տեղը գրավեցի: 2008-ին Պեկինում առաջին ամառային Պարալիմպիկ խաղերում հանդես եկա ու դրանից հետո բազմաթիվ միջազգային մրցումներում եմ ուժերս փորձել: Արդեն 4 մեդալ ունեմ, որոնցով անչափ հպարտ եմ:

Վարդանյանը 4 Պարալիմպիկ խաղերի` 1 ձմեռային (Թուրին) ու 3 ամառային (Պեկին, Լոնդոն, Ռիո) մասնակից է, երկար տարիների փորձ ունի, սակայն իր գիտելիքներն ու վարպետությունն աստիճանաբար է կուտակել, չստացված փորձեր ու չբարձրացված ծանրաձողեր ունեցել:

Պեկինի խաղերում 0 եմ ստացել, հենց այդ արդյունքն ավելի ոգեշնչեց ու ուժ տվեց, որ ինձ հավատամ: Ես կարող էի ծանրաձողը բարձրացնել, ուղղակի կատարման տեխնիկային լավ ծանոթ չլինելու պատճառով ձախողվեցի: Դրանից հետո Լոնդոնում 7-րդն էի, Ռիոյում` 5-րդը, 2-ական տեղով առաջխաղացում եմ գրանցել: Հույս ունեմ, որ Տոկիոյում արդեն մեդալ կունենամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անկախ ամեն ինչից Գրետան երբեք չի հանձնվել կամ հուսահատվել, քանի որ լավ գիտեր իր ֆիզիկական հնարավորություններն ու թե ինչքան կիլոգրամներ է կարողանում բարձրացրնել մարզադահլիճում:

Այդ ժամանակ նպատակս էր ապացուցել ինձ ու մարդկանց, որ կարող եմ ավելին անել: Սպորտում ամեն ինչ էլ պատահում է, Օլիմպիական ոսկե մեդալակիրն էլ է 0 ստանում, նախկինում 0 ունեցողն էլ կարող է մեդալ նվաճել, դրանով է ծանրամարտը գեղեցիկ:

Դժվար ուղին ու նոր մարտահրավերները

Մարզուհին խոստովանում է, որ դժվարություններ շատ է ունեցել, մինչ պետության կողմից դրամական աջակցություն ստանալն իրենց ավտոտնակում է մարզվել: Հատուկ հարմարանքներ են տեղադրել, որ կարողանա մարզվել, քանի որ տրանսպորտ գտնելն ու դահլիճ հասնելը բարդ էր Վարդանյանի համար:

Երբ 2007 թվականին Կավալայի Եվրոպայի բաց առաջնությունում մեդալ նվաճեցի, պետությունից 1 տարվա դրամական ֆինանսավորում ստացա: Միայն մեդալ ունենալու դեպքում է թոշակ նշանակվում, իսկ Պարալիմպիկ խաղերում` 6-յակում ընդգրկվելիս: Այդ ժամանակ է, որ կարողացա մեր երկիրը ներկայացնել ու մարզումային պայմաններս բարելավել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն 3 տարի է Հայաստանի կանանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի որդու` Արտակի գլխավորությամբ է մարզվում: Մարզումները, որոնք անվճար են, Գյումրու բարձրագույն Օլիմպիական մարզադպրոցում են անցկացվում, տրանսպորտի ծախսերն էլ պետությունն է հոգում:

Հաշմանդամություն ունեցողներին սպորտում հաջողության հասնելու համար ահռելի կամքի ուժ է պետք, որ դժվարություններին դիմակայեն: Հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Առաջ գնալու համար պայքարել է պետք: Ցանկացած մարզիկի համար շատ կարեւոր է սեփական ուժերին հավատալ: Օրերից մի օր նա ամեն ինչ հաղթահարում է ու արդյունքների հասնում:

Գրետային առաջ գնալ օգնել են նրա մեդալներն ու կամքի ուժը: Նա չի թաքցնում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի դժվար է ապրել, պայքարել, դիմակայել ու ինչ-որ բանի հասնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավատացեք, կրկնակի, եռակի անգամ բարդ է, քան հաշմանդամություն չունեցողների դեպքում է: Իմ նպատակը միշտ եղել է մեդալ նվաճելը, միայն ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ, տանջանքով ու խնդիրների միջով անցնելով եմ կարողացել դրանք ունենալ: Իմ ճանապարհին ձեռք բերած ամեն մեդալն ավելի է ոգեշնչել ու ոգեւորել ինձ, որ ձգտեմ Օլիմպիական պարգեւին:

Ուժեղ կինն ու մայրը

Միանգամից երեւում է, որ Վարդանյանն ուժեղ կին է ու մարզիկ, ոգեշնչման աղբյուր իր սաների ու ծանոթների համար: Չի թաքցնում, որ միշտ է այդպիսին եղել. կյանքն է ստիպել:

Երկրաշարժից հետո առաջին անգամ պրոտեզ հագնելու համար կամքի ուժ էր պետք: Սեփական ոտք չունենալ ու այն փայտով եւ երկաթով փոխարինելու համար թույլ լինել չես կարող: Այդ ամեն ինչը հաղթահարելու համար ոգու ամրություն էր պետք, որ կարողանայի ապրել, սպորտով զբաղվել կամ մասնագիտություն ընտրել: Այդ ամենը միմիայն անսահման կամքի ուժի շնորհիվ եմ կյանքի կոչել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրետայի մարզումներին դահլիճում հետեւում է դուստրը, անչափ ակտիվ, ամեն ինչից հետաքրքրվող ու կենսախինդ Օֆելյան:

Ես էլ չգիտեմ, թե ինչպես եմ կարողացել աղջկաս մեծացնել, սպորտով զբաղվել, մրցումների մասնակցել ու աշխատել: Կյանքում որեւէ բանի հասնելու համար ինչ-որ բանից պետք է զրկվել, ոչինչ հեշտ չի տրվում:

Մարզչական աշխատանքն ու սաներին առաջ տանելը

Գրետա Վարդանյանը մարզչական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի 2016 թվականից: Ռիոյից վերադառնալուց հետո նա սպորտի վարպետի կոչում է ստացել ու ավելի վստահ սկսել աշխատել, իր գիտելիքները փոխանցել մարզիկների նոր սերնդին:

Սաներիս արդյունքներից ավելի շատ եմ ուրախանում, քանի որ ամեն ինչ ճիշտ եմ անում ու իրենք տեղում չեն դոփում, առաջ են գնում ու մեդալներ նվաճում: Նրանք հաջողության հասնելու հնարավորություն ունեն, հույս ունեմ, որ միջազգային խոշոր մրցումներում էլ իրենց կդրսեւորեն: 



Գրետան նշում է, որ մարզիչ լինելն ավելի դժվար է ու պատասխանատու: Ցանկանում է, որ սաներն էլ անեն այն ամենն, ինչ ինքն է կարողանում ու նվաճումներ ունենան: Մարզիկը միայն իր արդյունքի համար է անհանգստանում, մինչդեռ մարզչի կարգավիճակում ապրումներն ու անհանգստությունը բոլորովին այլ են:

Իմ ու սաներիս տարբերությունն այն է, որ ես սպորտային որակավորում ունեմ, իսկ իրենք`ոչ, քանի դեռ Եվրոպայի կամ էլ Աշխարհի առաջնության մասնակցելու հնարավորություն չեն ունեցել ու մարզական անձնագրեր չունեն: Տխրում եմ, որ այդքան քրտնաջան մարզվում են, պատրաստվում ու ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում մասնակցել մրցաշարերի: Վատ է, որ ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվում: Մինչդեռ ուրիշ երկրների մարզիկների հետ պայքարում մերոնք էլ ավելի ուժեղ կդառնան ու մեդալներ նվաճելու շանսեր կունենան:

Հիմա իրենց առաջնային նպատակը հովանավորներ գտնելն է, որ Հայաստանից դուրս էլ կարողանան միջազգային մրցումների մեկնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծրատիպերով չապրող ու ինքնավստահ

Վարդանյանն արդեն շատ բաների է հասել կյանքում, նա կայացել է սպորտում, աշխատանք ունի ու ամենակարեւորը հավատում է իր ուժերին:

Ես առաջին հերթին ինձ համար եմ ապրում, ոչ թե հասարակության կարծիքը փոխելու: Իմ կատարած աշխատանքով, առաջ գնալու ցանկությամբ, նվաճած մեդալներով ինքս ինձ եմ ապացուցում, որ կարող եմ ավելիին հասնել: Կարեւոր չէ, թե ով է գնահատում իմ արածը, ես գիտեմ ինչ եմ անում իմ ու ազգիս համար:

Արդեն 3 տարի է աշխատում է Շիրակի մարզի փրկակարական վարչության ահազանգման կենտրոնում: Մարդկանց օգնում է իրենց խնդիրները լուծել:

911-ում ոչ մի քաղաքացու զանգն անպատասխան չի մնում: Փորձում եմ բոլորին օգտակար լինել, մարզիկներիս առաջ տանել ու իմ կարիերայում հաջողության հասնել:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին