Գյումրու Ավստրիական թաղամասը քաղաքի կենտրոնից քիչ հեռու է: Այն կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո հենց ավստրիացիների կողմից: Քանի որ երկրաշարժի հետեւանքով շատ էին հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ, կառուցողներն այստեղ ամեն ինչ հարմարեցրել են նրանց համար:
Քաղաքին հատուկ սառն օդն ու մարդկային ջերմությունը մեզ դիմավորում են Մոցարտի փողոցում ու մի քիչ քայլելուց հետո հասանում ենք «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ, որը գտնվում է հենց Ավստրիական թաղամասում:
Մարզասրահին հատկացված բաժինն այդքան էլ մեծ չէ, սակայն այն ունի ժամանակակից մարզասարքեր ու, որ ամենակարեւորն է, մեծ նպատակներ ու ձգտումներ ունեցող մարզիկներ:
Չնայած Գյումրիում շատ են հաշմանդամություն ունեցողները, սակայն այս պահին այստեղ փաուերլիֆթինգով (հաշմանդամություն ունեցողների ծանրամարտ) զբաղվում են միայն յոթ հոգի: Մեր այցելած օրը միմյանց օգնելով, կատակելով ու ոգեւորող խոսքեր ասելով՝ մարզիչ Գրետա Վարդանյանի գլխավորությամբ պարապում էին նրանցից երկուսը:
Mediamax Sport-ն այս անգամ «Սպորտը բոլորի համար» շարքում սիրով անդրադառնում է գյումրեցի ծանրորդներին, ովքեր չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, դժվարություններին ու պետության անուշադրությանը, շարունակում են մարզվել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արա Մարտիրոսյան
Հորեղբորս տղան այստեղ էր պարապում, իր խորհրդով ես էլ սկսեցի հաճախել ու կամաց-կամաց իմ մարզչի շնորհիվ հաջողությունների հասա: Արդեն երկու տարի է հենց ծանրամարտով եմ զբաղվում, մինչ այդ բազկամարտի էի պարապում: Հետո որոշեցի ուժերս փորձել ծանրամարտում ու շատ սիրեցի այն, հասկացա, որ հենց դա է իմ մարզաձեւը:
Ես Շիրակի Հովունի գյուղից եմ, սեփական միջոցներով եմ հասնում Գյումրի, իսկ մարզումներն անվճար են: Մեր ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ֆիզիկական ամենօրյա աշխատանքն օգնում է, որ մարզումներն ավելի հեշտ անցնեն:
Մեր մարզիչ Գրետա Վարդանյանը շատ բան է մեզ սովորեցնում: Բացի զուտ մարզական նրբություններից, նա նաեւ հոգեբանորեն է պատրաստում, ինչն անչափ կարեւոր է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դարձել եմ փաուերլիֆթինգի Հայաստանի չեմպիոն ու Եվրասիայի չեմպիոն: Քանի որ կարողանում եմ նաեւ առողջների մրցումների մասնակցել, ելույթ եմ ունեցել նաեւ Հայաստանի եռամարտի առաջնությունում ու երրորդ տեղը գրավել:
Մարզումները շատ եմ սիրում, այստեղ ուժեղանում եմ, թեթեւացած ու լավ եմ զգում ինձ: Մինչեւ 53 կգ քաշային կարգում եմ հանդես գալիս ու բարձրացրած ծանրաձողի քաշն արդեն հասցրել եմ 90 կգ-ի: Սա լավ արդյունք է, բայց ցանկանում եմ ավելիին հասնել:
Ծանրամարտն ինձ տվել է ընկերներ: Մինչ այստեղ գալս նրանց չէի ճանաչում, իսկ հիմա մենք շատ մտերիմ ենք դարձել, հաճելի ժամանակ ենք անցկացնում դահլիճում ու դրանից դուրս:
Միջազգային միակ մրցաշարին մասնակցել եմ Թբիլիսիում, որտեղ կայացան Եվրասիայի առաջնությունը: Մեր մարզիկները սեփական միջոցներով էին գնացել մրցավայր: Շատ ուրախ էի, որ այնտեղ կարողացա հաղթող դառնալ ու ոսկե մեդալ նվաճել: Սրանից հետո ես ավելի հավատացի ուժերիս ու հասկացա, որ կարող եմ շատ բաների հասնել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մրցաշարեր մեկնելու համար մենք դիմել ենք Գյումրու քաղաքապետարան, սակայն մեզ ասացին, որ ֆինանսավորում չունեն ու չեն կարող օգնել: Իսկ իմ մարզվելու ընթացքում ոչ մի կազմակերպություն կամ նույնիսկ պետությունը չեն հետաքրքրվել մեզնով ու օգնություն ցույց չեն տվել:
Հեշտ ոչինչ չի լինում, ամեն ինչ քեզնից է կախված: Պարզապես պետք է հաղթահարես ցանկացած դժվարություն, որ կարողանաս հասնել նպատակներիդ:
Օգոստոսին Սեւանում մրցումների եմ մասնակցելու, որտեղ ձգտելու եմ ռեկորդակիր դառնալ: Սեպտեմբերին եւս մրցման եմ մասնակցելու: Իսկ մեծագույն ցանկությունս Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների մասնակցելն ու երկրիս դրոշը բարձր պահելն է:
Արթուր Գալստյան
Գյումրիում մեզ առաջինն Արթուրի մայրն է դիմավորում, միասին քայլում ենք դեպի կենտրոն ու իմանում մարզիկների առօրյայի մասին: Նա պատմում է որդու հենաշարժողական խնդիրներից ու թե ինչքան դժվար է ամեն անգամ այդտեղ հասնելը:
Գյումրին երբեք սպորտային ոգու ու առավել եւս լավ ծանրորդների պակաս չի ունեցել: Դրանում եւս մեկ անգամ արդեն դահլիճում ենք համոզվում:
4 Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանի գլխավորությամբ 2 ծանրորդներ են մարզվում: Նրանից մեկը` 28-ամյա Արթուր Գալստյանն է, գյումրեցիներին հատուկ հումորով ու պայքարող բնավորությամբ:
Մոտ 12 տարի սիրողական մակարդակով տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել, արդեն 3 տարի է բազկամարտից անցում եմ կատարել փաուերլիֆթինգ ու պրոֆեսիոնալ եմ պարապում: Գրետայի առկայությունն էր, որ ինձ բերեց այս մարզաձեւ, նախկինում մարզիչ չունեի: Նրա գործոնը խթան հանդիսացավ, որ ճիշտ մարզվեմ ու արդյունքների հասնեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գրետայի հետ շատ վաղուց ընկերներ ենք, միշտ հիացել եմ նրա ձգտմամբ, նվաճումներով ու անկոտրում կամքով: Նա ու մեր մյուս փորձառու մարզիկներն են խթանել, որ սպորտով զբաղվեմ: Միշտ մարզիկ դառնալու թաքուն երազանք եմ ունեցել, բայց ֆիզիկապես չեմ կարողացել տարբեր խմբակներ գնալ: Երբ իմացա, որ փաուերլիֆթինգով կարող եմ զբաղվել, փորձեցի երկար տարիներ փափագած երազանքս իրականացնել:
Արդեն բոլոր մրցանակային տեղերի բազմաթիվ մեդալներ եմ նվաճել: Մասնակցել եմ Հայաստանի հաշմանդամների սպորտային ամենամյա փառատոնին: Վերջերս Յուրի Վարդանյանի հուշամրցաշարում առաջին տեղը գրավեցի: Բոլորի համար զարմանալի էր, որ հաշմանդամություն ունեցողներն էլ են ծանրամարտով զբաղվում:
Գյումրիում միշտ ծանրաձողի հերթ է, լավ մարզիկների պակաս չունենք: Ինքս էլ ամբողջությամբ տարվել եմ այս մարզաձեւով ու սովորել բոլոր նրբությունները: Իմ նվիրական երազանքը Պարալիմպիկ խաղերում հանդես գալն է: Այդ ձգտումն է ինձ մոտիվացնում ու առաջ տանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուզում եմ բոլորին ցույց տալ, որ կապ չունի առողջական խնդիրներ ունեմ, թե ոչ, սպորտային ոգիս ինձ ամենուր էլ կմղի:
Ծանրամարտն առաջին հերթին նրա համար եմ սիրում, որ մրցակից չունեմ, ես եմ իմ հիմնական հակառակորդն ու ծանրաձողը: Երկաթն ոչինչ էլ չի հասկանում: Նրա համար ամեն ինչ միեւնույն է` 80 կգ միշտ նույնքան է կշռում, դու պետք է կարողանաս քեզ ուժեղ դարձնել ու այն հաղթահարել:
Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ լավ գիտեն`ինչ է նշանակում նպատակներ ունենալ: Մարզադահլիճ հասնելուց սկսած ամեն ինչ մեզ համար խնդիր է: Բայց ամեն ինչի վրա էլ աչք ենք փակում, մի կողմ դնում ու ամեն օր փորձում մեզ հաղթել: Այս սպորտաձեւն ինձ դրանով է գրավում, որ նախ քեզ ես հաղթում, դա իմ կարծիքով ամենալավ բանն է այս աշխարհում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծանրաձողի հետ միշտ չէ, որ հաշտ ենք լինում: Մի օր մարզման ժամանակ 75 կգ-ն ինձ ոչ մի կերպ չէր ենթարկվում, մինչդեռ դա ինձ համար սովորական քաշ է: Բայց զարմանալին այն էր, որ մարզիչս չասաց ավարտեմ պարապմունքը, հակառակը` պատվիրեց ծանրաձողը 80 կգ դարձնել: Զարմացել էի, բայց երբ զգում ես, որ ինչ-որ մեկն էլ է քեզ հավատում, հանձնվելու իրավունք չունես: Երբ նաեւ մայրդ է կողքիդ, ամեն օր մարզումների է բերում, տեսնում ջանքերդ, հանուն նրա էլ ես պայքարում:
Մասնագիտությամբ համակարգչային օպերատոր, վեբ դիզայներ եմ, շատ տեղեր եմ կամավոր սկզբունքներով աշխատել: Հիմա աշխատանք չունեմ, քանի որ Հայաստանում դեռ կարծրատիպեր կան, որ հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող կատարել նույնն, ինչ առողջ մարդիկ: Մենք ամեն կերպ փորձում ենք ապացուցել, որ ոչնչով հետ չենք մնում, բայց հանրությունը դեռ իր պնդաճակատ դիրքորոշմանն է:
Չնայած այդ ամենն ինչ չի ընկճում, նորից սովորում եմ` Շիրակի պետական համալսարանի հոգեբանության հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանող եմ:
Կարծրատիպերը վերացնելու համար հաշմանդամություն ունեցողներով մեր քայլը պետք է կատարենք`տներից դուրս գանք ու մեզ ցույց տանք: Որքան էլ հասարակությունը չընդունի, մի օր ի վերջո ստիպված կլինի հանձնվել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարիներ առաջ, երբ մեզ դրսում տեսնում էին, սենսացիա էին ապրում, ասես կինոթատրոն եկած լինեին, այնքան էին նայում`ասես այս մոլորակից չլինեինք: Այդ ամենը հաղթահարել ենք, եկել է ժամանակը հասկանալու, որ մենք էլ լավ մասնագետ ենք ու հասարակությանը կարող ենք պիտանի լինել սպորտում, գիտության մեջ ու ցանկացած այլ ասպարեզում:
Առանց այն էլ մենք ամեն օր բազմաթիվ խնդիրների ենք բախվում: Հարմարեցված տրանսպորտ չունենք, մարզադահլիճ հասնելու համար ինձ միշտ օգնություն է պետք: Հավելյալ օգնող ձեռքի կարիք ունեմ, որ ձեռնափայտերով բարձրանամ տրանսպորտ ու իջնեմ: Երբեմն վարորդներն են դժգոհում դանդաղելու ու իրենց ուշացնելու համար:
Կուզեի, որ շատ երկրների պես մենք էլ հարմարեցված տրանսպորտ ունենայինք: Տաքսիից էլ հաշմանդամության 23 հազար թոշակով միշտ չենք կարող օգտվել: Ցանկալի է, որ պետությունը թեկուզ մի փոքր աջակցի մեզ, տեսնենք, որ անտարբեր չէ:
Ամեն ինչ անում ենք ապացուցելու, որ ինքնուրույն ենք ու միայնակ էլ կարող ենք գլուխ հանել, բայց տեղեր կան, որ մեզ կառավարության ու հասարակության օգնությունն է պետք:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։
![]()





























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: