Դեկտեմբեր 22, 2024
exclusive
72631 դիտում

Սարգիս Ստեփանյան. Զինվորական, մարզիկ ու անկոտրում մարդ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարգիս Ստեփանյանն այն մարդկանցից է, ովքեր կյանքի դժվարություններից միմիայն ուժեղանում են ու ոգեշնչման օրինակ դառնում:

Նրա եռանդն ու ավելին անելու ցանկությունը հսկայական են, գիտի, որ իր առաքելությունը նաեւ մյուսներին օգնելն ու իր հետեւից տանելն է:

Զինվորական, մարզիկ, ոսկե մեդալակիր ու պարզապես անկոտրում մարդ Սարգիս Ստեփանյանն է «Սպորտը բոլորի համար» շարքի այսօրվա հերոսը:

Հագեցած ու հետաքրքիր տարին

Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան գործում է 2018-ի հունիսից, իսկ սեփական մարզադահլիճը, որն անչափ ոգեշնչող անուն ունի՝ «Լեգենդներ», բացվել է սեպտեմբերին: Մայոր Ստեփանյանը համոզված է, որ այդ դահլիճից բազմաթիվ լեգենդներ են դուրս գալու ու մեծ ճանաչում ձեռք բերելու:

Հիմնական ուղղվածությունն ուժային մարզաձեւերի վրա է, որովհետեւ մեր մարզասարքերը դրանց են հարմարեցված: Զարգացնում ենք սեղմում հենարանից վարժությունն ու բազկամարտը, շուտով կավելանա նաեւ գնդի հրումը, այն Պարալիմպիկ մարզաձեւ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ տարի Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ անցկացրել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը: Ստեփանյանը շատ գոհ է մրցաշարից, քանի որ այն միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան է եղել:

Այս տարվա կարեւոր նպատակներից է ամռանը Սեւանում ճամբար կազմակերպելն ու այն հետաքրքիր անցկացնելը: Անպայման դժվարություններ կլինեն, որոնք մեր մարզիկները կհաղթահարեն, վրաններում կմնան, երեկոներն էլ խարույկի մոտ կանցկացնեն: Պարզապես չեն գա վայելելու, հեշտ բաներ ինքս էլ չեմ սիրում: 

Ճամբարը կտեւի մի քանի օր, որի ընթացքում էլ կլինեն 3 մարզաձեւերի մրցումները: Գնդի հրման համար նախատեսված նստատեղերն արդեն պատվիրել են, ֆեդերացիան հետաքրքիր ու իրադարձություններով առատ օրեր է խոստանում:

Նպատակներն ու գաղափարախոսությունը

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նպատակը պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելն ու առողջությունը վերականգնելն է: «Լեգենդներ» մարզադահլիճ հիմնականում այցելում են նրանք, ովքեր ցանկանում են գեղեցիկ մարմին ունենալ ու լավ մարզիկներ դառնալ: 

Տարեվերջին պլանավորել ենք Աշխարհի գավաթին մոտ 5-6 ներկայացուցիչ ունենալ: Շատ լավ մարզիկներ ունենք, ովքեր խիստ պարապմունքներ են անցկացնում ու լավացնում իրենց ցուցանիշները: Նրանք ցանկանում են միջազգային մրցումներում հաջող հանդես գալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարգիս Ստեփանյանն ընդգծում է, որ իրենց ֆեդերացիան հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող այլ կառույցներից շատ է տարբերվում, այստեղ ամենօրյա աշխատանք է տարվում մարզիկների հետ: Պարբերաբար այցի են գալիս նաեւ նրա մարտական ընկերներն ու ծառայելու ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածները:

Ամենօրյա աշխատանք ենք կատարում, ոչ թե տարվա  մեջ 1-2 միաջոցառում անցկացնում ու մարդկանց իրենց հոգսերով ճանապարհում: Գեւորգ Ստեփանյանը կիրակիից բացի ամեն օր համարյա 12 ժամ դահլիճում է լինում, մարզչական աշխատանք կատարում ու բոլորին անհատական մոտեցում ցուցաբերում: Դա բավական  բարդ է, ամեն վայրկյան ծանրոցը տալիս է, դնում տեղը, բոլորի խնդիրներին տեղյակ է, նա մարզիկներին այնքան լավ է հասկանում: Մեզ մոտ շատ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում:  Չենք տարանջատում զինվոր ժամանակ են հաշմանդամ դարձել, թե  դժբախտ պատահարի: Բոլորս նույն ցավն ենք քաշում ու իրար շատ օգնում:

Ծանրամարտից մինչեւ բազկամարտ

Ստեփանյանը սպորտի հետ միշտ է կապված եղել: Ավելի վաղ ծանրամարտով է զբաղվել ու սպորտի վարպետի կոչում ունի: 2015 թվականից էլ Արտավազդ Նալբանդյանի գլխավորությամբ բազկամարտով է պարապում, մի շարք խոշոր միջազգային մրցաշարերի է մասնակցել ու մեդալներ նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայերը հոգեպես շատ ամուր են: Երբ հաշմանդամություն ես ձեռք բերում (թեեւ մեզ հաշմանդամ չենք  համարում, քանի որ ոչ ոքից չենք տարբերվում), արագ ես մտածում, ավելի շատ աշխատում, բայց իրականում ուզած-չուզած ինչ-որ չափով սահմանափակվում ես: Իսկ երբ ոգուդ հետ նաեւ ֆիզիկապես ես ուժեղանում, ավելի ամուր ես դառնում: 2 ոտք ու աջ ձեռք չունեմ, որպեսզի նստած տեղից կանգնեմ, պետք է ձախով հենվեմ ու բարձրանամ: Եթե ձեռքս թույլ լինի, չեմ կարողանա, հասարակ օրինակ է, բայց ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ֆիզիկապես ամուր լինելը:

Նա համոզված է, որ ցանկացած դժվարություն նախ ոգով պետք է հաղթահարել ու չընկճվել: Պրոֆեսիոնալ սպորտն օգնում է հաղթողի հոգեբանություն ձեռք բերել, իսկ երբ տարիների քրտնաջան աշխատանքը հասնում է գագաթնակետին ու արդյունք ապահովում, հոգեբանորեն չափազանց ամուր է դարձնում:

Հաղթողի գաղափարը մտնում է մարդու մեջ, նա հասկանում է, որ անպարտելի է, ցանկացած խոչընդոտ կարող է հաղթահարել, թույլ լինելու իրավունք չունի: Ինձ հետ մարզվող ընկերներից շատ բան եմ սովորում, իրարով ենք ոգեւորվում, ուժեղանում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստեփանյանը հիմա մասնակցում է Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Եվրոպայի բազկամարտի առաջնությանը: Հայաստանը ներկայացնում է նաեւ Խաչատուր Սարիբեկյանը: Մրցաշարին, ինչպես միշտ, մայորը մարտական է տրամադրված, ուզում է նորից հաղթել ու իր օրինակով ոգեշնչել դահլիճում մարզվողներին:

Մրցակիցներն իմ դեմ պայքարին միշտ տրամադրվում են, պետք է նախորդ արդյունքս բարելավել, ավելի լավ հանդես գալ ու պաշտպանել տիտղոսներս՝ Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնն եմ:

Ստեփանյանը մարզումները երբեք չի դադարեցնում, միայն մրցումներից մի քանի օր հետո է հանգստանում: Հայաստանի Զինված ուժերում է ծառայում, սիրում է իր աշխատանքն ու սպորտը: Հուլիսին Խորվաթիայում նոր մրցաշարի՝ Աշխարհի Գավաթին է մասնակցելու, հոկտեմբերին՝ Ռումինիայում ԱԱ-ին, տարին հագեցած ու ծանրաբեռնված է լինելու, բայց նորանոր նպատակներն ավելի են իմաստավորում կյանքը:

Ցավոք սրտի, մեր շարքերը համալրվում են`սահմանում մարտական առաջադրանքներ կատարելիս ու հայրենիքի պաշտանության ժամանակ զինվորներ են վիրավորվում ու դժբախտ պատահարներ լինում: Մենք պետք է ցույց տանք, որ ամեն պարագայում հնարավոր է հաղթել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզադահլիճն ու նորը կառուցելու պլանները

«Լեգենդներ» այցելողների թիվը 30-ից ավելի է, այստեղ կողք կողքի մարզվում են հաշմանդամություն ունեցողներն ու չունեցողները, վերջիններս 10 հազ. դրամ են վճարում, գումարը վարձակալությանն ու կոմունալ ծախսերին է տրամադրվում:

Հենց սկզբից էլ ֆեդերացիան ցանկացել է նպաստել նրանց ինտեգրմանն ու փոխադարձ շփում ապահովել, որ միասին մարզվեն ու օգնեն իրար: Մարզերից էլ հաճախողներ ունեն, սակայն տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով միշտ չէ, որ կարողանում են լինել դահլիճում:

Եթե մեր մարզիկներին առանձնացնենք, ոչ մի արդյունք էլ չի լինի: Բացի այդ էլ, իրար օրինակ են ծառայում: Հաշմանդամություն  չունեցողները տեսնում են, թե ինչպես են սայլակով իրենց բարձրացնում, զարմանում են, որ այդպիսի բան հնարավոր է: Տեսնում են՝ ինչպես են հաշմանդամություն ունեցողները մարզվում ու ինչ դժվարություններ են հաղթահարում, իրենցից հպարտ հայացք ունեն , ոչ մի բանից չեն տրտնջում ու բողոքում: Հասկանում են, որ նեղվելու իրավունք չունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիան նպատակ ունի հետագայում նմանատիպ դահլիճներ բացել նաեւ Գյումրիում, Վանաձորում ու Արցախում: Դեռ կենտրոնացած են Երեւանում նոր մարզադահլիճի կառուցման վրա: Քաղաքապետարանը դեկտեմբերին տարածք է հատկացրել, որտեղ էլ լինելու է նոր դահլիճը:

Ճիշտ է, լրիվ անմխիթար է, պատեր են միայն, բայց մեծ պլաններ ունենք: Հիմա հովանավորներ ունենք, բայց մեծ գումարի մասին է խոսքը, ուզում ենք երկհարկանի դահլիճ կառուցել՝ փոքրիկ առողջարարական  լողավազանով ու լավ մարզասրահով, նաեւ հաշմանդամություն ունեցողների համար տարբեր խմբակներ կունենանք:

Առաջին հերթին ցանկանում են նույն ոգին ու տրամադրվածությունը նոր դահլիճ տեղափոխել: Ստեփանյանը լավ գիտի, որ Հայաստանում մարզվելու համար շատ դահլիճներ կան, բայց դրանք չեն տրամադրում պարապելու համար: 

Պետական մոտեցում այս հարցում չկա, ես չեմ էլ դիմել, էությամբ այնպիսին եմ, որ արդյունք լինելու դեպքում կդիմեմ միայն: Բայց դահլիճն անպայման կյանքի կկոչենք, ամբողջ հայությամբ կանենք, նահանջելու տեղ չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ առաքելությունն ու աջակիցները

Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո սեփական նախաձեռնությամբ է Սարգիս Ստեփանյանը սկսել սպորտով զբաղվել: Արտավազդ Նալբանդյանին գտնելուց հետո միասին սկսել են աշխատել ու խոչընդոտներն էլ համատեղ ուժերով հաղթահարել: Նա իր օրինակով հիանալի գիտի, թե որքան արգելքների են հանդիպում հաշմանդամություն ունեցողները: Շատ էր ցանկանում սպորտային կառույց բացել, որտեղ հարմարեցված պայմաններ կլինեին բոլորի համար:



Իրենց հաջողությունները Ստեփանյանը նշանակալի կհամարի, երբ ֆեդերացիայի 5-6 մարզիկներ կարողանան միջազգային խոշոր մրցումների մասնակցել ու մեդալներ նվաճել: Համոզված է, որ բացերն առաջիկա տարիներին կհաղթահարվեն:

Բազկամարտի առաջին միջազգային մրցաշարին մասնակցելուց ի վեր մարզիկի կողքին է ու աջակցում է Հայ վիրավոր հերոսների ֆոնդը:

Այն նաեւ հայոց բանակի կողքին է ու կարեւորագույն առաքելություն է կատարում: Ամբողջ առաջնագիծն առաջին բուժօգնության պայուսակներով է համալրել՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Ուժեղ լինելու գաղտնիքը

Սպորտում ու կյանքում անելիքներ Սարգիս Ստեփանյանը շատ ունի, նա չափազանց շատ փորձությունների միջով է անցել ու գնահատում է ամեն մի վայրկյանը:

Աստված է ինձ կենդանի պահել: Երբ 2014-ին վիրավորվել եմ, շատ ծանր եմ եղել, 3,5 լիտր արյուն եմ կորցրել, սիրտս մի քանի անգամ կանգ է առել, աննկարագրելի վատ եմ եղել:  Այդքանից հետո, որ չեմ մահացել, ուրեմն պետք է կենդանի մարդուն վայել ապրեմ: Եթե նվնվամ, դժգոհեմ, որ չի ստացվում, ավելի լավ չի լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա ուժեղ է իր ժողովրդով ու ընկերներով, համոզված է, որ միայնակ ոչնչի էլ չի հասնի: Իսկ երբ իր հաղթանակներով ու հաջողություններով բոլորն են ուրախանում, հպարտությանը չափ չի լինում:

Դա նաեւ պարտավորեցնում է ու միաժամանակ ուժեղ դարձնում: Ինձ ուժեղ եմ համարում, իմ շուրջն էլ են այդպիսի մարդիկ խմբված: Ոգով թույլ մարդկանց չեմ ընդունում:

«Լեգենդներում» էլ թույլ մարդիկ չեն մարզվում, երբ հասկանում են, որ այն իրենց տեղը չէ, էլ չեն հաճախում: Մարզադահլիճը նպատակ ունի օրինակելի դառնալ ու չեմպիոնների պատրաստել:

Թույլ լինելու իրավունք չունենք: Հակառակը, պետք է մյուսներին օգնենք ավելիին հասնել: Մեր տղաներին ու աղջիկները մեկը մյուսից ուժեղ են ու գեղեցիկ, նրանք մեծ նպատակներ ունեն, որոնց իրականացմանն էլ օգնում ենք:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին