Նոյեմբեր 12, 2025
exclusive
95 դիտում

Ուժեղագույն մրցակիցներ եւ փորձարարական կազմ․ Ինչ է սպասվում առաջիկա խաղերում


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` Հունգարիայի հավաքականի ֆեյսբուք

Լուսանկարը` Պորտուգալիայի հավաքականի ֆեյսբուք


Աշխարհի առաջնության որակավորման փուլի նոյեմբերյան հանդիպումներից առաջ Հայաստանի ընտրանին 3 միավորով զբաղեցնում է խմբի վերջին հորիզոնականը։ 

 

Եղած արդյունքը թերեւս սպասելի էր, միակ ցավալի «կորուստը» Իռլանդիայի ընտրանուց կրած արտագնա պարտությունն էր, որտեղ առնվազն կարող էինք մեկ միավոր վաստակել։ Ներկայիս իրավիճակում առավելագույնը կարող է համարվել ավելի թիմային խաղը, մոտիվացված ֆուտբոլիստներն ու տարբեր խաղային օղակների միջեւ խաղակցվածության ավելացումը, իսկ շոշափելի արդյունքների սպասել դեռ շատ վաղ է եւ հիասթափեցնող։ Եղիշե Մելիքյանը կկարողանա լավացնել արդյունքները, բայց դրա համար անհարժեշտ է ավելի երկար ժամանակ եւ ընդլայնված միջոցներ։

 

Հայաստան-Հունգարիա՝ 13.11.2025

Լուսանկարը` Հունգարիայի հավաքականի ֆեյսբուք

Հանդիպումներին Հայաստանի հավաքականը մոտենում է կազմի լրջագույն կորուստներով։ Չկա հարձակման գծի հիմնական եռյակը՝ Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Վահան Բիչախչյան։ Դուբլինում տեղի ունեցած տխրահռչակ իրադարձություններից հետո Բարսեղյանը կարծես որոշել է ավարտել կարիերան հավաքականում, նույնպիսի որոշում կայացրել է նաեւ Սելարայանը։ Այս ամենին գումարվում է նաեւ Ուգուչուկվու Իվուի վնասվածքը։ Բացակա ֆուտբոլիստներից զատ տարատեսակ ասեկոսեներ են պտտվում Մելիքյանի ու Նաիր Տիկնիզյանի միջեւ եղած լարվածության մասին։

 

Առանց այդ էլ միջոցների մեջ սահմանափակ Մելիքյանը ստիպված է լուծում գտնել այս բարդ իրավիճակում։ Սա թերեւս հրաշալի հնարավորություն է, որպեսզի պահեստային ֆուտբոլիստները ցուցադրեն իրենց ներուժը։ Լավ մարզավիճակում են գտնվում Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Սերոբյանը, ովքեր կարող են զբաղեցնել հարձակման գծի եզրերը։ Նրանք միասին են հանդես գալիս նաեւ «Արարատ-Արմենիա»-ի կազմում, ուստի խաղակցվածության խնդիր չի լինի։ Հենակետայինի դիրքում Իվուին կարող է փոխարինել Կարեն Մուրադյանը, ով այս մրցաշրջանում եւս շատ կայուն խաղ է ցուցադրում Հայաստանի առաջնությունում։ 

 

Բարեբախտաբար ամեն ինչ լավ է պաշտպանության գծում, Մելիքյանը թերեւս չի փոփոխի 3 կենտրոնական պաշտպանով մարտավարությունը: Ավագի թեւկապով Էդուարդ Սպերցյանը կշարունակի գործել հենակետայինի գոտում՝ փորձելով խորքից կառուցել մեր ընտրանու գրոհները։ Պարզ է մի բան․ Հայաստանի հավաքականը կորցնելու ոչինչ չունի եւ սեփական տրիբունաների աջակցության ներքո պետք է ցուցադրի արժանապատիվ ու համարձակ խաղ։ Պետք է փորձել մրցակցին զրկել ազատ տարածություններից եզրերում եւ արագորեն հակագրոհների նետվել՝ օգտագործելով առջեւի գծում եղած արագավազ ֆուտբոլիստներին։ Կարգապահ, համբերատար եւ թիմային պաշտպանությունը հնարավորություն կընձեռի հավաքականին դիմագրավել հունգարացիների ճնշմանը եւ, ով գիտի, հնարավոր է հակագրոհներից մեկում մեր ընտրանուն ժպտա մարզական բախտը։

 

 

Հունգարիայի հավաքականն, ի տարբերություն առաջին խաղի, հիմա ունի ավելի ահեղ կազմ՝ վերադարձել են Ռոլանդ Շալաին եւ Բարնաբաշ Վարգան։ Նրանց հաղթանակն անհրաժեշտ է օդի եւ ջրի պես, որպեսզի ամրապնդվեն երկրորդ հորիզոնականում, ուստի ցանկության պակաս նրանց գործողություններում չի լինելու։ Մարկո Ռոսիի ղեկավարած թիմն ավելի թույլ մրցակիցների հետ խաղերում սովորաբար շատ է տիրում գնդակին եւ անընդհատ գրոհներ անցկացնում եզրերով։ Բայց հունգարացիները կարող են նաեւ հանդես գալ 2-րդ համարով՝ ամուր պաշտպանվելով եւ ապավինելով հակագրոհներին, ինչը նրանք ցուցադրեցին Պորտուգալիայի հետ խաղում։ Թիմի մտավոր կենտրոնն է Դոմինիկ Սոբոսլաին, ով պատասխանատու է գրոհների կառուցման համար։ Վերջինս անընդհատ տեղաշարժվում է խաղադաշտում՝ փորձելով գտնել մրցակցի թույլ օղակը։ 

 

Հունգարացիների խաղաոճում կարեւոր դեր են զբաղեցնում եզրային պաշտպանները, ովքեր անընդհատ միանում են գրոհներին՝ թվային գերակշռություն ստեղծելով հարձակման գծում։ Հունգարացիները Երեւան են ժամանելու միայն ու միայն 3 միավորի հետեւից, ինչը նշանակում է, որ մեր հավաքականին սպասվում է շատ բարդ հանդիպում, որտեղ մրցակիցը մեծ ճնշում է գործադրելու հենց առաջին րոպեներից։ 

 

Պորտուգալիա-Հայաստան՝ 16.11.2025

Լուսանկարը` Պորտուգալիայի հավաքականի ֆեյսբուք

 

Վերջին խաղում մեր հավաքականին սպասվում է էլ ավելի բարդ մրցակից՝ ահեղ Պորտուգալիան։ Կարող է թվալ, որ պորտուգալացիներն ապահովագրել են առաջին հորիզոնականը, գուցե պահեստային կազմով եւ ոչ այդքան մոտիվացված լինեն որակավորման փուլի վերջին խաղում։ Բայց դրա համար նախ պետք է հաղթել Իռլանդիային, եւ հետո Քրիստիանո Ռոնալդուն գերմոտիվացված է հասնելու 1000 գոլի շեմին իր կարիերայում եւ այս ճանապարհին անկարեւոր խաղեր չկան։ Պորտուգալիայի ընտրանին գրեթե չունի թույլ կողմեր եւ Հայաստանի հավաքականի համար միակ հնարավոր լուծումն է հագեցնել կազմը պաշտպանողական ֆուտբոլիստներով եւ փորձել դիմակայել անհամեմատ ուժեղ մրցակցին։ Իրականում թե այս խաղին ինչպես կմոտենան թիմերը՝ կախված է նոյեմբերի 13-ին կայանալիք մրցավեճերի արդյունքներից։ 

 

 

Ինչպես էլ ավարտվեն առաջիկա խաղերը, սա շատ լավ հնարավորություն է Եղիշե Մելիքյանի համար գործի մեջ տեսնել հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստներին՝ այն կադրերին, ովքեր լինելու են նրա ենթակայության ներքո առաջիկա տարիների ընթացքում։

 

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին