Դեկտեմբեր 22, 2024
exclusive
70882 դիտում

«Արտակարգ» թիմի յուրահատուկ բասկետբոլիստները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց համար սպորտը լավագույն միջոցն է սեփական ուժերին կրկին հավատալու, հասարակության մեջ ներգրավվելու ու նոր հորիզոններ բացահայտելու համար:

Այդպիսինն են մեր այսօրվա հերոսները, որոնք կարողացել են անցյալում թողնել բոլոր դժվարություններն ու դառնալ իսկական մարզիկներ: Աշխատանքից հետո նրանք շտապում են մարզադահլիճ ու զբաղվում սիրելի բասկետբոլով:

Mediamax Sport-ի «Սպորտը բոլորի համար» նախագծում այս անգամ սիրով անդրադարձել ենք ԱԻՆ-ի «Արտակարգ» թիմին:

Հովհաննես Խզմալյան (բասկետբոլիստ)

Լուսանկարը` Մեդիամաքս


2011-ին դժբախտ պատահարի հետեւանքով հայտնվեցի սայլակի վրա, վերականգնողական փուլն ու բուժումը տեւեցին 2 տարի: 2013 թվականին աշխատանքի անցա ԱԻՆ-ում:

Ընկերներս այնքան էին պատմել հաշմանդամային բասկետբոլի մասին, որ ինձ արդեն խաղացող էի պատկերացնում: Առաջին անգամ թիմի տղաներին հանդիպեցի 2014-ին, երբ ընկերական հանդիպում էին անցկացնում: Ընկերներիս երկար հորդորների արդյունքում էի համաձայնել գնալ ու հենց առաջին պահից սիրահարվեցի այդ մարզաձեւին, դեռ ոչ կանոն գիտեի, ոչ նորմալ սայլակ էի կարողանում վարել:

Մեկ տարի անց Իրանում մասնակցեցի Սպահանի քույր քաղաքների մրցաշարին: Ընդգրկվել էի Երեւանի թիմի կազմում, 2 ամիս պատրաստվել էինք մրցմանը: Վերադառնալուց հետո նորից պարապեցինք ու մեր ուժերը չափեցինք Թավրիզում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրան ուղեւորությունը պատճառ դարձավ, որ բասկետբոլը վերածնվի մեր երկրում: Տեսանք, թե այնտեղ ինչպիսի աշխատանք է տարվում հաշմանդամների սպորտը զարգացնելու համար: Խաղացողներն անգամ մարզումների իրենց սայլակներով էին գնում, արդյունքում կարողացան կարճ ժամանակում հասնել նրան, որ հիմա աշխարհում 4-րդն են: 

Բայց մեզ մոտ ամեն ինչ հեշտ չեղավ, մոտ 2 տարի թիմը դադարեց մարզվել, պատճառները հիմնականում ֆինանսական էին: 2017-ին ԱԻՆ-ի այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի աջակցությամբ ստեղծվեց «Արտակարգ» թիմը: Սկսեցինք շաբաթը 3 անգամ մարզվել: Մասնակցեցինք անվասայլակով բասկետբոլի Հայաստանի բաց առաջնությանը, ապա նախագահի մրցանակի համար հանդես եկանք, հաշմանդամային փառատոնում ելույթ ունեցանք: 2019-ի ապրիլին ընկերներով ստեղծեցինք անվասայլակով բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան, ես գլխավոր քարտուղարն եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզվում ենք ցածը որակի սայլակներով, պրոֆեսիոնալները բավական թանկ են ու տարբեր ձեւերի՝ հարձակվողի, պաշտպանվողի սայլակ: Մեր ունեցած 10-ն էլ նույն կարգի են:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար խնդիրները շատ են, բայց այնպես ենք ինտեգրվել, որ չենք էլ նկատում դրանք: 2018-ին ԱՄՆ-ում էի, այնտեղ ամեն ինչ գերհարմարեցված էր, մի տեսակ հոգնեցնող էր: Մենք սովոր ենք խնդիրներ հաղթահարել: Իսկապես լիարժեք կյանքով ենք ապրում ու ոչ մի դժվարության վրա էլ ուշադրություն չենք դարձնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտով զբաղվելը շատ կարեւոր է, այն առաջին հերթին առողջություն է տալիս, ապահովում ընկերների հետ շփումն ու նոր ծանոթություններ հաստատում: Երբեք-երբեք ուշ չէ որեւէ բան սկսելու համար, խորհուրդ կտամ սթափվել ու գործել: Ինչպես ինձ են ժամանակին օգնել, հիմա էլ ես եմ փորձում շատերի համար օրինակ դառնալ:

Մեր առաջ խնդիր ենք դրել ունենալ հավաքական, որ տանը հաշմանդամություն ունեցող մարդիկ չլինեն, դուրս գան, աշխարհ տեսնեն, մարզվեն ու լիարժեք կյանքով ապրեն: 


Ուզում ենք անվասայլակով բասկետբոլը մասսայական դարձնել, որ բոլորը տեղյակ լինեն այս գեղեցիկ մարզաձեւին ու մեր ակումբների խաղին մեծ ոգեւորությամբ հետեւեն: 

Հարություն Եսայան («Արտակարգ» թիմի գլխավոր մարզիչ)

Լուսանկարը` Մեդիամաքս


2012 թվականից մուտք եմ գործել պարալիմպիկ սպորտ եւ երկու տարի է գլխավորում եմ «Արտակարգ» թիմը:

Մենք ուզում ենք զարգացնել այս սպորտը Հայաստանում, ցույց տալ, որ անվասայլակներով հնարավոր է բասկետբոլ խաղալ ու այն մարդիկ, ովքեր, ցավոք սրտի, գամվել են սայլակին, սպորտով զբաղվեն ու միշտ տոնուսի մեջ լինեն: Պետք է նրանց կարողանանք տնից դուրս հանել ու բերել սպորտ:

Մոտ մեկ ամիս է ստեղծել ենք անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան եւ արդեն անդամագրվել ենք անվասայլակով բասկետբոլի միջազգային ֆեդերացիային:


Ֆեդերացիայի նպատակներից է Հայաստանում բասկետբոլը մասսայականացնելը, կենտրոնանալ ոչ միայն Երեւանում, թիմեր ստեղծել նաեւ այլ բնակավայրերում: 



Առաջին հերթին ցանկանում ենք մարզաձեւը զարգացնել Գյումրիում, հետո կլինի Վանաձորը, այնտեղ եւս շատ են հաշմանդամություն ունեցող մարդիկ, իսկ մարզիչները պատրաստ են աշխատել: Անվասայլակով մարդկանց թիվը մեծ է նաեւ Արցախում, հետեւաբար այնտեղ եւս անելիքներ ունենք:

Մեր հիմնական խնդիրները կապված են դահլիճների հետ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ մուտք, ելք, հանդերձարան, լոգարան:

Հիմա մարզվում ենք «Միկայում», որի տնօրինությունից շատ շնորհակալ ենք: Այստեղ թեքահարթակ ունենք, հանդերձարանն ու լոգարանը հարմարեցված չեն, բայց տղաները հաղթահարում են դժվարությունները: Հայաստանում միայն Կարմիր խաչում է ամեն ինչ հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլեւս ոչ մի տեղ պայման չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուրջ խնդիր է սայլակների քանակը: Մեկ սայլակն արժե 1500-5000 դոլար: Այս պահին ունենք սայլակներ, որոնցով հնարավոր է խաղալ, ՊՆ-ի աջակցությամբ իրենց թիմում մի քանի նոր անվասայլակ են ձեռք բերել, բայց տարանջատում չկա ԱԻՆ-ի կամ ՊՆ-ի թիմերի միջեւ, բոլորն էլ դրանցով մարզվում են:

Մեր նպատակն է ունենալ ակումբ, որը հանդես կգա միջազգային մրցաշարերում: Մարզիկներն այլ երկրների թիմերի հետ խաղալով մեծ փորձ ձեռք կբերեն: Հույս ունենք, որ ակումբին հովանավորները կօգնեն, իսկ հավաքականին՝ պետությունը:


Մեր թիմում այժմ մարզվում է 12 հոգի, որոնք բոլորն էլ աշխատանք ունեն: Միջոցառումների ժամանակ հրավիրում ենք հաշմանդամություն ձեռք բերած նոր մարդկանց, որոնք խաղը դիտելուց հետո ոգեւորովում են ու սկսում մարզվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներին ներգրավելու հոգեբանական խնդիր կա, ամեն մարդ չէ, որ կարողանում է տղաների հետ աշխատել: Ես էլ սկզբում այդ բարդույթն ունեի, բայց նրանց հետ ընկերանալուց հետո հասկացա, որ սովորական մարզում է: 

Այս օգոստոսին Թումոյի այգում անցկացնելու ենք 3x3 բասկետբոլի միջազգային մրցաշար: Սպասում ենք պետական աջակցության, հովանավորների հետ ենք համագործակցում, ուզում ենք լավ ներկայանալ: Տղաները ցանկանում են հաղթել նախ իրենք իրենց, որ կարող են սայլակով ինչ-որ բան անել, հետո պայքարել մեդալների համար:

Վրաստանից հրավեր ունենք, սեպտեմբերին կմեկնենք սովորական բասկետբոլի մրցաշարի: Դրան մասնակցելու համար հավաքական կստեղծենք, որ ուժեղ կազմով գնանք ու բարձր տեղեր գրավենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հմայակ Մարգարյան (բասկետբոլիստ)
 
Արդեն 25 տարի է, որ Կարմիր խաչում սկսել եմ բասկետբոլով զբաղվել: Այնտեղ էին երկրաշարժից հետո հավաքվում բոլոր սայլակավոր մարդիկ: Նուբար Կիրակոսյանի՝ մեր ամենահին ու լավ մարզիկներից մեկի շնորհիվ եմ սիրել ու ընտրել այս մարզաձեւը: Մինչեւ այսօր ընկերներ ենք ու միասին շատ ժամանակ ենք անցկացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


90-ական թվականներին մրցումների ենք մասնակցել Իսպանիայում, Հունաստանում, եվրոպական շատ լուրջ թիմերի հետ ենք պայքարել: Այն ժամանակ էլ առաջամարտիկներ էինք, զարմանում էինք, թե Եվրոպայում ինչպիսի սայլակներ կան, բայց մեր ունեցածով էլ կարողանում էինք դրսեւորել մեզ:

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Դավիթ Տոնոյանին, նրա շնորհիվ է, որ մեր թիմը կա ու մարզվում է: Տոնոյանն ամենակարեւորը հույս է տվել, որ հավատանք սեփական ուժերին:

Բասկետբոլը կարված է մեր մաշկի վրա, այն ամեն ինչից շատ ենք սիրում ու ֆիզիկապես մեզ ամուր զգում: Միգուցե, ճակատագիրն է մեղավոր, որ հենց այն ենք սիրում, եթե ոտքի վրա լինեինք, գուցե, այլ մարզաձեւ ընտրեինք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս սպորտաձեւը շատ անհրաժեշտ է ու առողջությանն օգտակար: Դեռ ոչ մեկի կարիքը չունեմ, որ ինձ օգնեն տեղափոխվել մեքենա, կամ սայլակս տեղադրեն այնտեղ, ամեն ինչ ինքնուրույն եմ անում:

Ցավալի է, որ մեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք ենք, հենց ցուցադրական պահերն անցնում են, մոռացության են մատնում՝ մինչեւ նոր առիթներ:

Մեր մարզիչ Հարութը շատ լավն է, մեծ ջանքեր է գործադրում, ուժ ու եռանդ չի խնայում, որ ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնի: Նա շատ լավ գաղափարներ ունի, թիմը պատրաստ է դրանք կյանքի կոչել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկար տարիներ զբաղվում ենք այս մարզաձեւով, որքան էլ չենք ցանկանում, որ հաշմանդամություն ունեցողներ լինեն, բայց պետք է նոր սերնդի մասին մտածել ու նրանց լավ ավանդույթներ փոխանցել:

Մեր թիմի դռները բաց են, ցանկացողները միշտ կարող են գալ, պատրաստ ենք օգնել ու սովորեցնել օգտվել բասկետբոլային սայլակներից: Բարդ մարզաձեւ է, բայց ցանկության դեպքում կարելի է սովորել խաղալ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին