Տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրները, որոնք այսօր առկա են հաշմանդամային սպորտում, դեռեւս համակարգային լուծում չեն ստանում:
Mediamax Sport-ի «Սպորտը բոլորի համար» շարքում զրուցել ենք հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ: Նա նշել է խնդիրները, պետության անուշադրությունն ու ներկայացրել իրենց առաջարկները:
Անփորձությունից մինչեւ խաղային մարզաձեւերի առաջնություններ
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2009 թվականին «Հայկական ճամբար» ՀԿ-ի կողմից, որի նպատակն է ծրագրեր իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային ցանց ունենալու համար:
ՀԿ-ի ղեկավար Սամվել Ռոստոմյանը 1994-ից աշխատել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ եւ եղել է մեր երկրում պարալիմպիկ սպորտի շարժման ակունքներում, պատրաստել է առագաստանավային սպորտի մարզիկների:
«Ֆեդերացիան ձեւավորելուց հետո որոշ մարզաձեւերի մասով մենք բախվեցինք պրակտիկա չունենալու խնդրին: Օրինակ՝ առագաստանավային սպորտի հետ կապված բոլոր նրբություններին տեղյակ էինք, բայց մյուս ձեւերում լրիվ նոր էինք ու անփորձ: Մենք կարողացանք ճիշտ օգտագործել ունեցած ֆինանսական միջոցներն ու բավականին արդյունավետ աշխատել: Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Հայաստան բերեցինք հաշմանդամային նոր մարզաձեւեր, սկսեցին խոսել ոչ թե հատուկենտ մարզիկների, այլ հաշմանդամային սպորտի մասին ընդհանրապես»,-պատմում է Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդուհի Արամյանը:
Նրանց ջանքերով Հայաստանում հաշմանդամային խնդիրներ ունեցող մարդիկ սկսում են զբաղվել խաղային ձեւերով: Կույր մարզիկների համար նախատեսված գոլբոլ մարզաձեւից առանց պետական աջակցության անցկացրել են Հայաստանի երեք առաջնություն, որը մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում կայացած առաջին առաջնությունն է եղել:
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
«Տարածեցինք նաեւ բոչիա մարզաձեւը, որը նախատեսված է բարձր մակարդակի աջակցություն ունեցող մարդկանց համար: 2010-ին ֆեդերացիան կարողացավ բոչիայի առաջնություն անել, ինչը հետաքրքիր զարգացում ունեցավ: Արցախի սպորտի պետական կոմիտեն ամեն տարի պետական ֆինանսական միջոցներ է հատկացնում եւ Ստեփանակերտում բաց առաջնություն է կազմակերպվում: Սա նշանակում է, որ մեզ հաջողվել է մասսայականացնել այս մարզաձեւը, ներառվում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամները, հարազատները: Այլ միջոցառումներ եւս անում ենք, շարունակում ենք դասընթացները, վերապատրաստումները, ուսանողների հետ ենք աշխատում»,-շարունակում է Արամյանը:
Պետական աջակցության բացակայությունն ու մարզիչներ պատրաստելը
Ֆեդերացիան պետական աջակցություն չի ստանում, միջոցները հիմնականում ձեռքբերում ենք դրամաշնորհային մրցույթներից: Գրում են ծրագրերը, դիմում տարբեր դոնորների ու իրականացնում հաշմանդամային սպորտի զարգացմանը նվիրված միջոցառումները: Սակայն, ինչպես նշում է Արամյանը, այս եղանակով աշխատելը չափազանց դժվար է, որովհետեւ թելադրողն իրենք չեն, կայունություն չկա, իսկ ծրագրերը կարճաժամկետ են լինում:
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Մարզիչներ գտնելու ու պատրաստելու հարցում ֆեդերացիային օգնել է Սամվել Ռոստոմյանի սպորտին անչափ կապված լինելը: Հենց նրա փորձի ու գիտելիքների շնորհիվ էլ որոշել են գտնել այն մարզիչներին, ովքեր կարող են աշխատել հաշմանդամություն ունեցողների հետ:
«Մասնագետները ոչ հաշմանդամային սպորտում իրենց կուտակած փորձը բերեցին նաեւ այս ոլորտ: Օրինակ, ինչպե՞ս վարվեցինք գոլբոլի պարագայում: Ընտրեցինք խաղային ձեւերի մարզիչների ու սկսեցինք աշխատել նրանց հետ: Նա, ով գիտի ինչպես կազմակերպել ֆուտբոլի մարզումները, կկարողանա նաեւ վերաձեւակերպել իր գիտելիքներն ու կիրառելի դարձնել գոլբոլում: Մեր մարզիչները ճկուն էին, միանգամից սովորեցին կանոններն ու կույր մարզիկների հետ աշխատեցին կամավոր սկզբունքներով: Նույնը եղավ նաեւ սեղանի թենիսի պարագայում: Հայաստանի լավագույն խաղացողներին ներգրավեցինք, իսկ որոշ ժամանակ անց նրանք մարզում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց»,-ավելացնում է նա:
Պետության անուշադրությունը հաշմանդամային սպորտին ու գումարի ոչ նպատակային ծախսումը
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Գրանցած հաջողությունները պահպանելու համար հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիան դիմել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, սակայն իրենց ընդառաջ չեն գնացել: Իսկ գումարի սղության ու պետության անուշադրության պատճառով ձեռքբերումների հիմնական մասը կորցնում են. «Մենք հավատում էինք, որ պետությունը կվերցնի այդ պատասխանատվությունը, բայց բախվեցինք այն իրականությանը, որ պետական համակարգն ուղղակի չի աջակցում: Գուցե ամեն ինչ չվերացավ, բայց այս ընթացքում շատ բաներ կարող էին զարգանալ, աճել, ինչը տեղի չունեցավ: Հաշմանդամային սպորտի զարգացմանը մեր երկրում խանգարում է համակարգային մոտեցում չունենալը»:
Հայկական ֆեդերացիայի բոլոր դիմումներին ու օգնությանը տարիներ շարունակ սպորտի նախարարությունը պատասխանել է, որ գումարներ չունեն, հետեւաբար օգնել էլ չեն կարող:
Պետության կողմից հաշմանդամային սպորտի զարգացման համար տրամադրում է 9 մլն դրամ: Այս գումարը բաշխվում է չորս կառույցի միջեւ՝ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին պարալիմպիկ փառատոն անելու, խուլերի սպորտային կոմիտեին, հատուկ օլիմպիադաներին՝ սպորտային շաբաթ կազմակերպելու եւ կույրերի միությանը՝ շախմատի առաջնություն անցկացնելու համար:
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Բացի այդ, սկսել են կազմակերպել Լավագույն մարզական հաշմանդամային ընտանիք եւ լավագույն հաշմանդամ մարզիկ միջոցառումները:
«Միլիոններ են տրամադրում այդ միջոցառմանը եւ ասում, թե դա ուղղված է հաշմանդամային սպորտի զարգացմանը: Սա չի համապատասխանում իրականությանը, այն ոչ զարգացնում, ոչ էլ մասսայականացնում է, ժամանցային միջոցառում է ու ոչ մի կապ չունի հաշմանդամային սպորտի հետ: Ասում են փող չկա, բայց նման ոչ նպատակային ծախսերի համար այն միշտ գտնվում է: Այդ մարդկանցից ոչ մեկը մրցման կանոնները չգիտի, սպորտով չեն պարապում, մարզիչ չունեն: Պարզապես քաղաքապետարանից կանչում են, իրենք էլ մասնակցում են, մի քանի օր ժամանակ անցկացնում, ուրախանում ու գնում տուն՝ մեկ տարի կրկին մոռանալով սպորտի մասին: Մի անգամ նախարարությունը մոնիտորինգ արե՞լ է, ստուգե՞լ է այս միջոցառման արդյունավետությունը: Նախարարությունն իմիտացիա է անում, որ իրենք զբաղվում են հաշմանդամային սպորտի զարգացմամբ, սակայն պարզապես փողերն են անտեղի վատնում: Շատ տխուր է ու վիրավորական»,-նշում է Արամյանը:
Հաշմանդամային սպորտի հայեցակարգ, առաջարկներ ու մտահոգություն
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Նա գտնում է, որ այդ գումարով կարելի է հաշմանդամություն ունեցող մարդկանց առաջնություններ կազմակերպել ինչպես քաղաքային ու մարզային, այնպես էլ հանրապետական: Այդպես տեղերում կստեղծվեն ակումբներ, որոնք մարզիկներ կպատրաստեն, մրցակցությունը կմեծանա, մարդիկ կսկսեն զբաղվել սպորտով ու ամեն օր լինել դրա մեջ:
«Իմիտացիոն դաշտը, որը մեզ մոտ ձեւավորվել է, խանգարում է ռեալ նայել իրականությանը, բարձրացնել խնդիրներն ու հասկանալ, թե ոնց անենք զարգանալու համար: Նախարարությունը պետք է լինի ոլորտի կարգավորողը, կազմակերպիչը, պատասխանատուն ու զարգացման ծրագրեր առաջարկողը, որին ՀԿ-ները կգան աջակցության ու օգնության: Կամք ցուցաբերելու դեպքում նախարարությունը կկարողանա ստանձնել այդ դերը»,-ավելացնում է ֆեդերացիայի քարտուղարը:
Արամյանը շեշտում է, որ Հայաստանը պարտավոր է ունենալ հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգ, որպեսզի հասկանան՝ ինչ վիճակ է տիրում ու ինչի կարելի է ձգտել:
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Տարիներ շարունակ նրանց կողմից առաջարկվող այս կետերը 2017-ին վերջապես սկսել են առարկայանալ: Նախորդ տարի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգի մշակմանը:
«Մենք շատ ուրախացանք, վերջապես կարող եք ունենալ օրենսդրական հիմք: Նախարարությունից ստացանք նախագիծը, երկար աշխատեցինք դրա վրա, առաջարկություններ ներկայացրինք, որոնց հիմնական մասն ընդունվեց: Հիմա դա հաշմանդամային սպորտի զարգացման ծրագրի հիմք է հանդիսացել: Չգիտեմ, ինչ կարելի է սպասել, որքանով կյանքի կկոչվի այս ամենը, բայց մեզ մնում է միայն լավատես լինել»,-փաստում է նա:
Ըստ հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիայի ուսումնասիրությունների՝ հաշմանդամային սպորտը զարգացնելու համար պետք է.
* օրենք ու հստակ քաղաքականություն
* պետական հոգածության ավելացում
* բարեփոխումներ ուսումնական հաստատություններում
* ռեսուրսների մոբիլիզացիա
* առաջնությունների կազմակերպում
Սպորտը հաշմանդամություն ունեցողներին օգնող հրաշալի միջոց
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
«Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման լավագույն միջոցը սպորտն է: Ծանր խնդիրներ ունեցող մարդիկ ներկայանում են լավ լույսի ներքո, ցույց են տալիս այնպիսի հատկանիշներ, որոնք ոչ ոք չէր սպասում նրանցից, ոգեւորվում են, իրենց հասարակության մի մասը զգում: Այսպես է նաեւ հասարակության մոտեցումների վերանայում տեղի ունենում: Միայն ՀԿ-ների մակարդակով սա անել հնարավոր չէ, որովհետեւ այն այսօր կարող է փող ունենալ, մյուս օրը՝ ոչ»,-ավելացնում է Արամյանը:
Ֆեդերացիայի կազմակերպած բոլոր առաջնությունները շատ սպորտային են, այստեղ համոզված են, որ հաշմանդամ մարզիկների համար կարեւոր պետք է լինի ոգին, մրցակցությունը, հաղթանակի հասնելու ձգտումը: Սրա շնորհիվ է, որ նրանց սաները հաջողություններ են գրանցում մրցաշարերի ժամանակ: Նրանք կարծում են, որ ոչ թե պետք է տոն նվիրել խնդիրներ ունեցող մարդկանց, այլ գումարը ծախսել մարզիկներ պատրաստելու ու սպորտի զարգացման վրա:
Սխալ է հաշմանդամային սպորտը տարանջատելը
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար չկան տարրական հարմարանքներ տնից դուրս գալու եւ ինչ-որ տեղ գնալու համար: Բացառություն չեն կազմում նաեւ սպորտային համալիրները, որոնք հարմարեցված չեն նրանց համար: Այնինչ, պետք է այնպես անել, որ բոլոր սպորտային կառույցները հասանելի ու մատչելի լինեն: Օրենքով սահմանված են այդ չափանիշները, սակայն չեն պահպանվում:
«Երեւանի քաղաքային բյուջեից 2014-17 թվականներին 455 մլն դրամ է տրամադրվել մարզադպրոցների վերակառուցմանը: Այդ գումարից միայն 5 դպրոցի մոտ է կառուցվել թեքահարթակ: Սա ծիծաղելի է: Ինչո՞ւ վերահսկողություն չի եղել, բյուջե մտած փողերը միայն ոչ հաշմանդամ մարդի՞կ են մուծել: Կամ, ամեն տարի քաղաքապետարանից 50 մլն դրամ է տրամադրվում մարզադպրոցներում գույք առնելու համար: Շուրջ 200 մլն-ից ընդամենը 470 հազար դրամ է տրամադրվել հաշմանդամային շոուդաունի (կույրերի թենիսի խաղ) երկու սեղանի ձեռքբերման համար: Ավելի ծանր վիճակ ունենք մարզերում: Գուցե եկե՞լ է ժամանակը, որ մարդիկ, ովքեր հաստատում են այս սխալ տարանջատումները, պատասխանատվության ենթարկվեն»,-ասում է նա:
Արամյանը գտնում է, որ սխալ է տարանջատել սպորտն ու հաշմանդամային սպորտը: Ողջ աշխարհում բոլոր միջոցառումներում պրոֆեսիոնալ մարզիկները պայքարում են հաղթանակի համար, լինեն նրանք առողջ, թե խնդիրներ ունեցող:
Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա
«Սա է պատճառը, որ Պարալիմպիկ խաղերում ականատես ենք լինում թեժ սպորտային պայքարի, այնինչ Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնում պարզապես մասնակցելու համար. Մեր երկիրը պետք է ներկայացնեն մարզիկներ, ովքեր ձգտելու են մեդալների, հաղթանակների: Միգուցե պետք է մի քանի տարի չմասնակցե՞լ, այդ հսկայական գումարները ներդնել, զարգացնել հաշմանդամային սպորտը, մարզիկներ պատրաստել ու մրցակցություն ապահովել: Նոր միայն ուղարկել նրանց միջազգային ասպարեզ»,-նշում է Արամյանը:
Ըստ նրա՝ եթե այս ամենը լուծում չստանա, ապա պետությունը շարունակելու է պատճառաբանել, թե փող, կադրեր, դպրոց, միջավայր չունենք. «Իսկ ինչո՞ւ չունենք, որովհետեւ չենք ցանկացել ունենալ: Սա մեր մեջից հանել է պետք, ես առաջարկում եմ հաշմանդամային սպորտի մասին մտածող բոլոր կողմերին մի կողմ դնել ամեն ինչ, իսկապես գործ անել, պետական մոտեցում ցուցաբերել ու հասնել ինչ-որ մի արդյունքի»:
Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: