Մայիս 26, 2024
exclusive
77817 դիտում

Արթուր Ալեքսանյան. Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ իմացա հայի իրական ուժի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի 3, Աշխարհի 2 ոսկե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ: 4 օր առաջ նրա նվաճումներին ավելացավ ամենակարեւորն ու նշանակալին՝ Օլիմպիական ոսկին:

Mediamax Sport-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ամփոփել է Օլիմպիական խաղերը, խոսել նվիրական պահերի, արցունքների ու Ռոբերտ Աբաջյանի քաջության մասին:

Ոսկե մեդալ. Իմ սպորտային հիմնական նպատակը: Արդեն 18 տարի է, որ մարզվում եմ, ու չի եղել մի օր, որ չերազեմ այս մեդալի մասին: Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում գլխումս մեկ միտք էր պտտվում՝ ես կարող եմ հաղթել Օլիմպիական խաղերում:

 

Ռիոյից առաջ էլ այդ վստահությունը կար: Բայց շատ մարզիկներ կան, որոնք 4-5 անգամ Աշխարհի չեմպիոն են դարձել, բայց այդպես էլ չեն կարողացել Օլիմպիական խաղերում հաղթել: Դա էր պատճառը, որ մի քիչ զգուշանում էի:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արդեն բոլոր հնարավոր մեդալներն ունեմ, 25 տարեկանս դեռ չի լրացել, շարունակելու եմ նույն  կերպ, ավելացնելու եմ Եվրոպայի ու Աշխարհի մեդալների թիվն ու դառնալու եմ Օլիմպիական կրկնակի չեմպիոն:

 

Ռոբերտ Աբաջյան. Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ եմ հագնելու: Միայն ընկերս գիտեր այդ մասին, նա էլ պատրաստել էր շապիկը:

 

Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված:

 

Երբ իմացա, թե նա ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:

 

Առաջին շնորհավորանք: Գորգի վրա հայրիկս շնորհավորեց: Եզրափակիչ սուլիչից հետո չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Միայն տեսագրությունը դիտելուց հետո իմացա, որ հայրս եկել ու գրկել է ինձ: Այդ ժամանակ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր, ես միայն 2-րդն էի:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռիո. Ռիոն միշտ կմնա իմ սրտում, հիանալի հիշողություններով կվերադառնամ Հայաստան:

 

Օլիմպիական խաղեր. Յուրաքանչյուր մարզիկի համար էլ խաղերը երազանք են: Առաջնայինը միայն մեդալ նվաճելը չէ, մասնակցել էլ արդեն մեծ նվաճում է: Օլիմպիադան սպորտի գագաթնակետն է, դրանից այն կողմ մարզիկի համար ոչինչ չկա:

 

Երազանք. Սպորտային երազանքս իրականացավ: Հիմա ամեն ինչ արդեն դարձել է նպատակ:

 

Ոսկի 20 տարի անց. 4 տարեկան եմ եղել, երբ Արմեն Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել, դրանից հետո իմ մեջ տպավորվել է, որ ոսկին մեր երկրի համար դարձել է անհասանելի ինչ որ մի բան: Ու հատկապես Լոնդոնի խաղերից հետո զգում էի, որ 20 տարի անց Օլիմպիական ոսկին բերելու եմ Հայաստան:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Եզրափակիչ. Եզրափակչից առաջ մեկ բան էի մտածում, որ կհաղթեմ, կամ էլ կմեռնեմ գորգի վրա, այլ ելք չէի տեսնում:

 

Արցունքներ. Այսքան տարվա հաղթանակներից հետո առաջին դեպքն էր, որ չկարողացա արցունքներս զսպել: Ամեն ինչ անբացատրելի էր:

 

Հայրիկ. Իմ հաղթանակներում ամենամեծ ներդրում ունեցող մարդը: Եթե հայրս միշտ կողքիս չլիներ, ես այսպիսի մեծ նվաճումների չէի հասնի:

 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

 

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին