Դեկտեմբեր 26, 2024
exclusive
7899 դիտում

Հպարտանալու 2 առիթ մեկ երեկոյի ընթացքում. Իսկական չեմպիոնը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ գյումրեցի մի սովորական տղա դառնում է Աշխարհի կրկնակի չեմպիոն, ողջ ազգն է միավորվում»:

Դեռ անցած տարի Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Գարեգին Նժդեհի ամենահայտնի մտքերից մեկով ոգեշնչված այսպես էինք գրել Արթուր Ալեքսանյանի մասին:

 

Այսօր նա 24 տարեկանում արդեն Օլիմպիական չեմպիոն է, լավագույնը, անկրկնելին ու միակը:

 

Արթուրի ֆենոմենը սակայն պարզապես ուժեղագույնն ու անպարտելին լինելու մեջ չէ, նրա մարդկային որակներն ու հայրենասիրությունը շատ ավելի խոսուն են ու հուզիչ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեկ երեկոյի ընթացքում նա իրենով հիանալու ու հպարտանալու 2 առիթ տվեց: Վերջապես 20 տարի անց Հայաստանը կրկին կարողացավ իր խոսքն ասել Օլիմպիական խաղերում: 1996-ի Ատլանտայի Օլիմպիադայից հետո հայ մարզիկները մեդալներ նվաճել էին, սակայն առաջին անգամ այդքան երկար ընդմիջումից հետո խաղերում կրկին լսվեց մեր օրհներգը:

 

Օգոստոսի 16-ին Ռիոյում, սակայն «Մեր հայրենիքը» պարզապես չհնչեց, այն ասես ուղերձ լիներ ամբողջ աշխարհին մեր ուժի, մեր անկոտրուն կամքի ու բնավորության մասին:

 

Այն հնչում էր Արթուր Ալեքսանյանի պատվին, բայց Կարիոկա-2-ում ներկա յուրաքանչյուր հայ այդ հաղթանակը նաեւ իրենն էր համարում:

 

Պատվոհարթակին կանգնած ըմբիշի զարկերին հավասար նաեւ մեր սրտերն էին բաբախում: Գիտեինք, որ օվկիանոսից այն կողմ նույն ապրումներոն ունեն նաեւ մեր հայրենակիցները, որոնք ամբողջ գիշեր արթուն էին մնացել այդ անմոռանալի պահերը վայելելու համար:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արթուրը բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ սովորական մարզիկ չէ, ու հաղթանակն էլ այլ կերպ պետք է նշանավորեր: Նա շատ օլիմպիական չեմպիոնների պես չպարեց, խելագարության աստիճանի չգոռաց կամ էլ իր հասցեին գովասանքի խոսքեր չասաց:

 

Ամեն ինչ շատ զուսպ էր ու համեստ: Օլիմպիական չեմպիոնն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով էր…

 

Քչախոս ու սովորաբար հարցազրույցներից խուսափող մարզիկն այս անգամ էլ առանց բառերի շատ ավելի մեծ գործ արեց ու մտածելու առիթ տվեց բոլորին: Նա հերոսին վայել կերպով մեծարեց հերոսին:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հաշված րոպեների ընթացքում լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհով, առաջատար բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին այդ մասին:

 

Այդկերպ մեր շիկահեր ըմբիշն իր հարգանքի տուրքը մատուցեց «կյաժին» ու այն բոլոր զինվորներին, ովքեր հերոսաբար ընկել են մեր հայրենիքը պաշտպանելիս: Այդ հաղթանակը նաեւ բոլոր զինվորների պատվին է, ովքեր հիմա էլ իրականացնում են այդ դժվար ու կարեւոր առաքելությունը՝ հայրենիքի պաշտպանությունը:



Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին