2 տարի առաջ Հրաչիկ Բաբայանը դեռ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից էր, որտեղից վերադարձավ արծաթե մեդալով: Հիմա նա պատրաստվում է մասնակցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Հայկական հրաձգության ամենամեծ հույսերից մեկին էլ Mediamax Sport-ը ներկայացնում է իր օլիմպիական շարքում:
-Օլիմպիական խաղերում ելույթ ունենալը բոլոր մարզիկների երազանքն է: Քեզ հետ ի՞նչ կատարվեց, երբ հաստատվեց մասնակցությունդ:
-Ես չէի սպասում, որ սպիտակ քարտով կմասնակցեմ Օլիմպիադային, հույս ունեի ուղեգիր նվաճել, սակայն չստացվեց: Եվրոպայի առաջնության ժամանակ իմացա, որ ինձ իրավունք է տրվել մեկնել Ռիո: Շատ ուրախացա, հասկանում եմ, որ առաջին հերթին դա մեծ պատասխանատվություն է: Շատ եմ ցանկանում Ռիոյում իմ լավագույն արդյունքը ցույց տալ:
-Ի՞նչ նորություն դու կբերես մեր Օլիմպիական թիմ:
-Մեր սպորտաձեւում միշտ Նորայր Բախտամյանն էր մասնակցում խաղերին, ես կշարունակեմ իր գործը: Ինչպես մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է ասում, սպասվող տոնից հրաձգությունն էլ հետ չի մնա (ծիծաղում է):
Լուսանկարը` Մեդիամաքս
-Քո մարզաձեւում նաեւ ինքդ քեզ հետ ես առաջին հերթին պայքար ծավալում: Ինչպե՞ս ես մրցումներից առաջ տրամադրվում:
-Հրաձգությունում ամենադժվարը հոգեբանական կողմը հաղթահարելն է: Ռիոյում իմ առաջին խաղերն են լինելու, բնականաբար, լարվածությունից խուսափել չի լինի: Որակավորման փուլում հնարավորությունները ցույց տալու ժամանակն է, եթե ստացվում է, հայտնվում ես եզրափակչում: Իսկ այնտեղ ամեն ինչ անկանխատեսելի է, եզրափակիչ հասնելն արդեն իսկ նվաճում կլինի:
-Մասնակցել ես պատանեկան Օլիմպիադային ու արծաթե մեդալ նվաճել: Ի՞նչ հիշողություններ են մնացել:
-Պատանեկան խաղերը բոլորովին այլ են: Նանջինգում ամենուր մանկական շունչ էր զգացվում, ամեն տեղ քայլող խաղալիքներն էին, իսկական տոն էր, ու մասնակիցները լիովին վայելել են այն: Բազմաթիվ մրցումների եմ մասնակցել, բայց հիմա միայն Օլիմպիական խաղերն եմ շատ կարոտում (ծիծաղում է):
-Դու շատ հանգիստ ու հավասարակշռված մարդ ես, որքանո՞վ է դա օգնում սպորտում:
-Այդքան էլ հանգիստ չեմ: Հանգստությունն ու համբերատարությունը պարտադիր են հրաձգությունում: Միայն սպորտում եմ այդպիսին, իսկ կյանքում ամենաչնչին բանն էլ կարող է ինձ հունից հանել:
-Իսկ ի՞նչն է ամենակարեւորն ու դժվարը հրաձգությունում:
-Շատ կարեւոր է փորձն ու հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ուժը: Դա ոչ միշտ է ստացվում: Այնպես չէ, որ մեկ մրցման ժամանակ հաղթահարեցիր, վերջ, արդեն հաջորդի ժամանակ կարող ես համոզված լինել, որ կստացվի: Օլիմպիական չեմպիոնն էլ մրցման գնալիս նույն վախն ունի: Մեկ անգամ հաղթահարեցիր, մոռանում ես, մեր հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասում է, ամեն ինչ գրվում է սառույցին, հաջորդ անգամ 0-ից պետք է սկսել:
-Ինչո՞վ է հրաձգությունը նման այլ մարզաձեւերին:
-Որոշ մարզաձեւերի նման հրաձիգները մրցակից չունեն, ինքներս մեզ հետ ենք պայքարում: Մեզ հաղթահարելով՝ ցույց ենք տալիս ինչ-որ ցուցանիշ, որը մրցում է մրցակիցների ցուցանիշի հետ: Իսկ այդպիսի մարզաձեւեր շատ կան:
-Հայաստանի Օլիմպիական թիմի կազմում արդեն 33 մարզիկ կա: Նրանցից ո՞ւմ հետ ես հատկապես մտերիմ:
-Պատանեկան խաղերին մասնակցել եմ Սիմոն Մարտիրոսյանի ու Վահան Մխիթարյանի հետ: Վահանի հետ նաեւ ծառայում ենք մարզական վաշտում: Ճանաչում եմ նաեւ մեր բռնցքամարտիկներին, քանի որ նրանց հետ հանդես ենք եկել Բաքվում կայացած Եվրոպական խաղերում:
-Հիշո՞ւմ ես առաջին Օլիմպիական խաղերը, որ հետեւել ես:
-Ես 2010 թվականից եմ մարզվում ու 2012-ին Լոնդոնում Նորայր Բախտամյանի ելույթին եմ հետեւել: Նաեւ անձնական մարզչիս եղբոր՝ Արթուր Այվազյանին, որը ներկայացնում է Ուկրաինան, դարձել է Օլիմպիական չեմպիոն: Մինչ այդ չէի հասկանում ինչ են Օլիմպիական խաղերը:
-Բացի խաղերին մասնակցելը, ի՞նչ կցանկանաս անել Ռիոյում:
-Առաջին հերթին ելույթիս մասին եմ մտածելու, հետո արդյունից է կախված, ինչ կցանկանամ անել: Երեւի անպայման կուզեմ մասնակցել կարնավալի, բայց չեմ պարի, ուղղակի կնայեմ: Հիսուսի արձանը կգնամ տեսնելու ու ծովում չեմ եղել, կգնամ լողափ:
Լուսանկարը` Մեդիամաքս
-3 բան, որ Ռիո ասելիս միանգամից առաջանում են գլխումդ:
-Կարնավալը, ծովը, մեկ էլ հանցագործությունը:
-Թռիչքը դեպի Բրազիլիա երկար է: Ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել ինքնաթիռում:
-Շատ դժվար է լինելու ինձ համար, քանի որ իմ մարզաձեւն այնպիսին է, որ աչքերս չպետք է լարվեն, ես չեմ կարողանա ոչ ֆիլմ դիտել, ոչ էլ գիրք կարդալ: Այդքան քնել էլ չեմ կարողանա: Տանջվելու եմ մի խոսքով (ծիծաղում է):
-Հրաչիկ, ո՞վ է Օլիմպիական չեմպիոններից միշտ օրինակ եղել քեզ համար:
-Արթուր Այվազյանը: Նա ինձ շատ խորհուրդներ է տվել, ամեն հարցով կարող եմ դիմել իրեն: Նա միշտ աչքի է ընկնում նաեւ իր համեստությամբ: Նաեւ Օլիմպիական չեմպիոն Հրաչիկ Պետիկյանը, որը շատ բան է արել մեր մարզաձեւի համար:
-Եթե քեզ հնարավորություն ընձեռնվի երբեւէ հարցազրույց անցկացնել 3 հայտնի մարզիկների հետ, ովքեր կլինեն նրանք:
-Չինացիների (ծիծաղում է), ես չեմ կարողանում հասկանալ նրանց ֆենոմենը: Միայն չինացիները կարող են 18 տարեկանում մասնակցել մեծահասակների մրցման ու 120 մարզիկներից լավագույնը դառնալ: Ու դա մեկ անգամ չէ, որ լինում է, այլ պարբերաբար: Նրանք աննորմալ են, ուզում եմ այդ գաղտնիքն իմանալ:
-Որո՞նք են քո ուժեղ ու թույլ կողմերը:
-Բռնկվող եմ, դա շատ է խանգարում: Ուժեղ եմ համարում այն, որ բոլոր մրցումներից էլ միշտ փորձում եմ օգուտ քաղել: Կապ չունի հաջող եմ մասնակցել, թե ոչ:
-Ինչպե՞ս է ընտանիքդ աջակցում ու օգնում քեզ: Հիմա նաեւ քո օրինակին է հետեւել փոքր եղբայրդ:
-Այո, նա իմ օրինակով է եկել սպորտ, շատ էր ոգեւորված: Խորհուրդ էի տալիս սպասել մինչեւ 12 տարեկանը լրանա, սակայն Հայկը 11-ում եկավ հրաձգության, հենց իր ծննդյան օրը: Շատ մեծ ոգեւորությամբ է մարզվում: Հրաձգությունը շատ դժվար մարզաձեւ է, ոչ բոլորն են հասկանում այն: Ծնողներիս հիմա շատ են խորացել, ուսումնասիրում են, շատ բան գիտեն արդեն: Նրանք անհանգստանում են մեզ համար ու հպարտանում ցանկացած հաջողությամբ: Ես ու Հայկն էլ ամեն ինչ անում ենք, որ արդարացնենք նրանց սպասելիքները:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչն է, ըստ քեզ, առանձնահատուկ հմայք տալիս Երեւանին:
-Մասիս սարը: Երբ եղանակը լավն է ու այն երեւում է, կարող եմ ժամերով նայել: Աննկարագրելի տեսարան է:
-Եթե անմարդաբնակ կղզում հայտնվես, ի՞նչ կվերցնես քեզ հետ:
-Զենքս, ավտոմեքենաս ու եղբորս:
-Փաստորեն չե՞ս կարող առանց մեքենայի:
-Մեքենա վարել շատ եմ սիրում, բայց այսքան ժամանակ երբեք արագությունը չեմ գերազանցել: Վախենում եմ, բայց առաջին հերթին եղբորս համար, հետո ծնողներիս, նրանց մասին եմ մտածում:
-Ամենատպավորիչ ու հիշվող սպորտային իրադարձությունը քեզ համար:
-Պատանեկան խաղերը: Երկար ժամանակ է հայ մարզիկներին չէր հաջողվում հրաձգությունում մեդալ նվաճել, մոտենում էին մրցանակային եռյակին, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Ինձ հաջողվեց արծաթե մեդալով վերադառնալ, Հայաստանի համար հրաձգությունում դա զգալի նվաճում էր:
-Իսկ վերջում, ավարտիր նախադասությունները: Միայն հայերն են կարող…
-օգտագործել ջան բառը, այն ոչ մի ուրիշ լեզվով չի թարգմանվում, կախարդական բառ է, շատ եմ սիրում:
-Իմ անունը դրել են Հրաչիկ…
-պապիկիս պատվին:
-Երբեք չգիտես, թե փամփուշտը…
-որտեղ կդիպչի:
-Առանց երեւակայության հնարավոր չէ…
-հասնել սպորտային լուրջ հաջողության:
-Օլիմպիադայից առաջ…
-պետք է մի լավ հանգստանալ:
Հրաչիկ Բաբայանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: