Դեկտեմբեր 29, 2024
exclusive
10552 դիտում

Լիլիթ Հարությունյան. Սպորտը կթողնեմ այն ժամանակ, երբ աղջիկս հաղթի ինձ


Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Հարությունյանը
Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի աթլետիկայի հավաքականը Ռիո-2016-ում ներկայացված է լինելու հինգ մասնակցով:

Նրանցից է Լիլիթ Հարությունյանը, որը, չնայած տարբեր դժվարություններին, տքնաջան մարզվում է ու աստճանաբար մոտենում իր ամենամեծ երազանքի կատարմանը՝ Օլիմպիական խաղերում ելույթ ունենալուն:

- Լիլիթ, արի մեր զրույցը սկսենք հենց ուղեգրից: Ինչպե՞ս հաջողվեց քեզ ապահովել տեղդ Հայաստանի Օլիմպիական թիմում:

-Արտաշատում կայացած վարկանշային մրցաշարի առաջին օրը ելույթ ունեցա, սակայն ուժերս պահել էի արգելավազքի համար, որտեղ ինձ ավելի լավ եմ զգում: Արգելավազքը դժվար ձեւ է, ամեն արգելքն անցնելը մեծ ջանքեր է պահանջում, բայց կարողացա հաղթահարել ու նվաճել Ռիո մեկնելու իրավունք: Եթե անկեղծ լինեմ, ապա սպասում էի այս հաջողությանը, քանի որ երկար ու դժվարին պարապմունքներ եմ ունեցել:

- Աթլետիկայում արգելավազքն, իսկապես, հեշտ ձեւերից չէ: Որո՞նք են այն նրբությունները, որոնց պետք է տիրապետի մարզիկը:

- Աթլետը պետք է ֆիզիկապես ուժեղ լինի, ոտքերը պինդ, մեջքը միշտ ճիշտ պահի: 400 մետրում ես հաղթահարում եմ 10 արգելք, մի փոքր բան սխալ անեմ, չեմ կարող շարունակել: Հիմա մարզիչներիս օգնությամբ պարապում եմ, որպեսզի լավ մասնակցեմ խաղերին, իսկ Ռիոյում իմ գլխավոր նպատակն արդյունքս բարելավելն է:

- Ինչի՞ շնորհիվ Հայաստանի աթլետիկայի թիմը հինգ ուղեգիր ապահովեց:

- Առաջինն ուղեգիր նվաճեց Ամալիյան: Ես երանի էի տալիս ու անում ամեն ինչ, որպեսզի կարողանամ միանալ նրան: Այդ ոգեւորությունը բոլորիս էլ պատել էր ու շղթայական ստացվեց: Ռիոյում անչափ ուժեղ մարզիկներ են լինելու, պետք է փորձենք մեր ողջ ուժերը ներդնել ու լավագույն արդյունքները ցույց տալ:

Լիլիթ Հարությունյանը Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Աթլետիկա մարզաձեւում առկա խնդիրները բազմազան են: Գաղտնիք չէ, որ մեր երկիրն այս ձեւում բազմաթիվ բացթողումներ ունի: Դու ինչպե՞ս ես հաղթահարում դրանք:

- Հայաստանում ամենամեծ խնդիրը վազքուղիների վատ վիճակն է: Մենք նախ փոսերն ենք հաղթահարում, հետո շարունակում վազել, ինչը շատ է խանգարում: Եթե գոնե այդ խնդիրը լուծվի, մենք էլ կփորձենք մրցանակային տեղերի համար պայքարել: Ես ուրախանում եմ, որ արտերկրում մրցում է լինում՝ լավ վազքուղիների վրա եմ աշխատում, հանդիպում եմ ուժեղ մրցակիցների, սա միայն լավ ազդեցություն է ունենում ինձ վրա:

- Լիլիթ, քո ընտանիքը մարզական է. հայրդ ըմբիշ է, մայրիկդ զբաղվել է սեղանի թենիսով, բասկետբոլով, եղբայրդ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, իսկ քույրդ՝ Քրիստինեն, նույնպես աթլետ է ու մասնակցել է Լոնդոնի Օլիմպիադային:  Դու ինչպե՞ս ես ընտրել աթլետիկան:

- Այո, մեր ընտանիքը խիստ մարզական է, սպորտը բոլորիս ժառանգական է անցել: Դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասաց, որ մարզվեմ, սակայն ես չէի ուզում վազել ու գլուխ էի պահում: Մի անգամ գնացի ստադիոն ու տեսա, թե ինչպես են մարզվում, այդ օրվանից իմ մեջ շատ բան փոխվեց: Հայրս դեմ էր, որ զբաղվենք աթլետիկայով, բայց հետո տեսավ մեր հաջողություններն ու համակերպվեց:

- Ամուսնանալուց ու երեխա ունենալուց հետո հե՞շտ էր մեծ սպորտ վերադառնալը:

- Ամուսինս ու սկեսուրս նույնպես աթլետ են եղել, իսկ հիմա նաեւ իմ մարզիչներն են: Եթե անկեղծ լինեմ, ապա ամուսնանալուց հետո ես ավելի լուրջ սկսեցի պարապել: Իսկ երեխայիս ծնվելուց հետո ամուսնուս ու սկեսուրիս շնորհիվ կարողացա կրկին վերադառնալ աթլետիկա, մենք միասին հաղթահարեցինք բոլոր դժվարությունները: Իմ հաջողություններում մեծ ներդրում ունի նաեւ Վանաձորի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը, առանց որի ես չէի կարող շատ բանի հասնել:

- Ի՞նչ դեր ունի քո մարզումային կյանքում աղջիկդ:

- Վիկտորիան միշտ գալիս է իմ մարզումներին ու մեկնարկից առաջ ասում «պատրաստ», ու ես պոկվում եմ: Մեկ-մեկ էլ բարկանում է, թե մամ, լավ չես պարապում:  Միշտ ասում եմ, որ ինքն է ինձ հաղթելու, ու այդ ժամանակ ես կթողնեմ սպորտը:

- Ի՞նչն է քեզ դուր գալիս սպորտում:

- Մրցակցությունը: Սիրում եմ պայքարել, իսկ որտեղ կա պայքար, կա նաեւ արդյունք: Չեմ սիրում խուսափել հակառակորդներից, միշտ ձգտում եմ մեկնարկի դուրս գալ ուժեղների հետ, որպեսզի նաեւ սովորեմ նրանցից:

- Կա՞ հայտնի աթլետ, որին կցանկանայիր հանդիպել:

- Մեծ հաճույքով եմ հետեւում տղամարդկանց 100 մ վազքին ու կցանկանամ տեսնել Ուսեյն Բոլտին:
Լիլիթ Հարությունյանը Լիլիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենատպավորիչ ու հիշվող սպորտային իրադարձությունը քեզ համար:

- Այս ձմռանը կայացած Բալկանյան երկրների առաջնությունը, որտեղ ես լրացրի սպորտի վարպետի կոչումը: Բացի այդ, հաղթեցի թուրք մարզիկին, սա ինձ շատ էր ոգեւորել:

- Լիլիթ, ավարտիր այս նախադասությունները: Մրցումների ժամանակ ես մտածում եմ…

- լավ մասնակցության ու արդյունքս բարելավելու մասին:

- Օլիմպիական խաղեր մեկնող մարզիկը պետք է…

- լինի վստահ, հպարտ ու մեծ պատասխանատվություն զգա:

- Երբ փոքր էի երազում էի…

- դառնալ բժիշկ:

- Ռիոյի ճանապարհին…

- քանի որ շատ եմ վախենում ինքնաթիռից, կփորձեմ այդ երկար ժամանակն ինչ-որ բանով զբաղվել:

-Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում կկարողանա…

- լավ մասնակցել ու մեդալ նվաճել:

Լիլիթ Հարությունյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին