Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, որին էլ Mediamax Sport-ը ներկայացնում է այսօրվա հարցազրույցում:
-Ինչպե՞ս ես ընտրել բռնցքամարտն ու կատարել առաջին քայլերդ:
- Տանը միշտ ձեռնոցներ ենք ունեցել, քանի որ հայրիկս էլ բռնցքամարտիկ է եղել: Ամեն հարմար առիթի նա եկող-գնացողի հետ ինձ ու եղբորս մենամարտել էր տալիս: Բայց նախ հայրիկի որոշմամբ մոտ 5 տարի մարմնամարզության գնացինք, որպեսզի ավելի կոփված լինենք ու ֆիզիկապես ուժեղ: Իմ դեպքում կարելի է ասել ամեն ինչ որոշված էր, ես պետք է բռնցքամարտիկ դառնայի, իսկ եղբայրս ընտրեց ազատ ոճի ըմբշամարտը:
-Փաստորեն սպորտը գեներո՞վ է փոխանցվել ձեզ:
-Այո, հայրիկը սպորտի վարպետ է եղել, սակայն կարիերան չի շարունակել պատերազմի պատճառով: Նա մասնակցել է Արցախյան գոյամարտին, այնուհետեւ եղել է նաեւ Աֆղանստանում: Բայց ինձ ու եղբորս՝ Վալտերին, միշտ քաջալերել է, որ լավ մարզիկներ դառնանք ու շարունակենք իր սկսած գործը:
-Վլադիմիր, իսկ ի՞նչն է քեզ ամենաշատը մոտիվացնում:
-Ինձ շատ են մոտիվացրել ու ոգեւորել մեր հավաքականի տղաները: Երբ տեսել եմ, թե ինչպես են նրանք աճում ու մեդալներ նվաճում, հավատացել եմ, որ ինձ մոտ էլ ամեն ինչ կստացվի: Այդպես եղավ նաեւ Թուրքիայում, երբ Արթուր Հովհաննիսյանը մեր առաջին ուղեգիրը նվաճեց, հասկացանք, որ անհնարին ոչինչ չկա: Արդյունքում վերադարձանք 4 ուղեգրով:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչն օգնեց Թուքրիայում այդքան լավ ելույթ ունենալ, այն օրերին, երբ Արցախում պատերազմ էր ու բազմաթիվ զոհեր ունեինք:
-Շատերն էին մեզ թերահավատորեն մոտենում, արդեն նույնիսկ խաչ էին քաշել բռնցքամարտի վրա: Բայց մենք անհնարինն արեցինք: Վարկանշային մրցաշարից առաջ այնպես էինք պատրաստվել, որ չէինք կարող վատ հանդես գալ: Մարզումների ժամանակ ավելի շատ էինք տանջվել, քան հենց բուն մրցաշարի: Կարեն Աղամալյանն ասում էր, ո՞վ կարող է հաղթել ձեզ, դուք ամենաուժեղն եք, դա մեզ շատ էր տպավորվել:
-Ի՞նչ հատկանիշ պետք է ունենալ քո մարզաձեւում հաջողություն գրանցելու համար:
-Կամային որակներ, հոգեբանական պատրաստվածություն ու մեծ ձգտում:
-Սպորտի պատճառով ինչի՞ց եք ստիպված լինում հրաժարվել:
-Գուցե, շատերը կարծում են, որ մեր ազատ ժամանակն ենք կորցնում, զոհողությունների գնում, բայց դա գիտակցված ընտրություն է: Իրականում սպորտն ավելի շատ բան տալիս է, քան վերցնում: Մեր շուրջը բազմաթիվ վտանգներ կան, ու սպորտն օգնում է դրանցից հեռու մնալ:
-Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիադան, որ նայել ես հեռուստացույցով:
-Ռոյ Ջոնսի մասնակցությամբ 1988 թվականի Օլիմպիական խաղերի տեսագրությունն եմ նայել: Նա Օլիմպիադայում 2-րդ տեղն է զբաղեցրել մրցավարների կողմնակալության պատճառով, այդ հանդիպման մասին շատ է խոսվել: Իսկ հենց ինքս սկսել եմ 2008-ի խաղերին հետեւել ու երկրպագել մեր բռնցքամարտիկներին:
-Ռիոյում ի՞նչ հայտնի մարզիկի կցանկանաս հանդիպել:
-Շատ եմ ցանկանում տեսնել Ռոնալդինիոյին, նա, իսկապես, մեծ ֆուտբոլիստ է եղել ու իմ սիրելի մարզիկներից է:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Օլիմպիական խաղերում քո ամենասիրելի մարզաձեւը՝ բռնցքամարտը չհաշված:
-Բասկետբոլ եմ շատ սիրում, ինչպես նաեւ ըմբշամարտ, մեծ սիրով կհետեւեմ ու կերկրպագեմ մեր ըմբիշներին:
-Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու բրազիլացիները:
-Սերիալ են սիրում (ծիծաղում է):
-Բնավորությանդ ո՞ր գիծն է խանգարում քեզ:
-Շատ բարի եմ, իսկ դա հիմնականում ի վնաս ինձ է գործում:
-Ինչպիսի՞ն է քո մենամարտելու ոճը:
-Հիմնականում փորձում եմ խորամանկ գործել, մրցակցին շատ հարվածներ հասցնել ու քիչ ստանալ, ինչպես իմ սիրելի բռնցքամարտիկներից Մուհամեդ Ալին էր անում: Ինձ մոտ հատկապես լավ են ստացվում կողային հարվածները:
-Վերջին լուսանկարը, որ արել ես հեռախոսով:
-Արամ Ավագյանի հեռախոսով մեր թիմին եմ նկարել:
-Facebook, Intagram թե՞ Twitter:
- Facebook, օգնում է հասանելի լինել ու լուրեր ստանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս
-Հայաստանում քո սիրած վայրը:
- Լաստիվերը, շատ հրաշալի ու գեղեցիկ վայր է: Ովքեր չեն եղել, խորհուրդ կտամ անպայման այցելել:
-Ընտանի կենդանի ունե՞ս կամ ունեցե՞լ ես:
- 15 տարի շուն ենք ունեցել: Գիտան մեր ընտանիքի սիրելին էր, բոլորս շատ էինք կապված նրա հետ: Վերջերս է մահացել, չեմ կարող ասել սատկել: Շատ խելացի շուն էր, շատ ենք կարոտում նրան:
-Հնարավո՞ր է մրցակցի հետ ընկերանալ:
-Իհարկե, հիմա հավաքականի տղաներից մի քանիսը, ում հետ մտերիմ ենք, նաեւ իմ մրցակիցներն են եղել: Ամեն ինչ էլ հնարավոր է, կարեւորը փոխադարձ հարգանքն է ու ծանր պահերին իրար ձեռք մեկնելը:
-Հիմա փորձենք միասին կազմել նախադասություններ: Ես սկսեմ, դու շարունակիր: Ամենաշատը հավաքների ժամանակ կարոտում եմ…
-ընկերուհուս, նա Գյումրիից է ու հաճախակի տեսնել չի ստացվում:
-Իմ անունը դրել են Վլադիմիր…
-պապիկիս պատվին:
-Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ..
-անկեղծությունը:
-Ազատ ժամանակ հիմնականում…
-Ֆիլմեր եմ դիտում ու գրքեր կարդում, հատկապես Պարույր Սեւակի:
-Բռնցքամարտը նախ եւ առաջ …
-կյանքիս մի մասն է:
Վլադիմիր Մարգարյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: