06․04․25թ․ – ահա այս օրը «Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը գերազանցեց լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը՝ խփելով իր 895–րդ գոլը NHL-ում։ Հոկեյի ազգային լիգայի (ՀԱԼ) կանոնավոր առաջնությունում գոլերի քանակությամբ ռեկորդը անգերազանցելի էր 1999 թվականի մարտի 29–ից, երբ լեգենդար կանադացին խփեց իր կարիերայի վերջին՝ 894–րդ գոլը՝ հանդես գալով «Նյու Յորք Րեյնջերսի» կազմում։
Այս հոդվածում կխոսենք Օվեչկինի կարիերայի եւ նվաճումների մասին։
Մանկություն եւ առաջին քայլերը
Ալեքսանդր Օվեչկինը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում։ Նրա մայրը՝ Տատյանա Օվեչկինան, Օլիմպիական կրկնակի չեմպիոն է կանանց բասկետբոլում, իսկ հայրը՝ Միխայիլը, զբաղվել է ֆուտբոլով։ Ինչպես տեսնում ենք, սպորտը նրա կյանքի անբաժան մասն է եղել դեռ մանկուց։ Ալեքսը փոքրուց սիրել է հոկեյը եւ առաջին անգամ սառույց է դուրս եկել վեց տարեկանում։

Լուսանկարը` Reuters
Նրա տաղանդը արագ է նկատվել, եւ 16 տարեկանում նա արդեն խաղում էր պրոֆեսիոնալ մակարդակում՝ Մոսկվայի «Դինամո»-ում։ Շատ շուտով սկաուտները սկսեցին հետեւել նրան, եւ 2004 թվականին նա դարձավ «Վաշինգտոն Քեփիթալսի» խաղացող։
Մուտք հոկեյի ուժեղագույն լիգա եւ արագ վերելք
Օվեչկինի դեբյուտը ՀԱԼ–ում տեղի ունեցավ 2005 թվականին։ Առաջին իսկ խաղում նա երկու գոլ խփեց եւ անմիջապես սիրվեց երկրպագուների կողմից։ Այդ մրցաշրջանում նա խփեց 52 գոլ եւ հավաքեց 106 միավոր՝ դառնալով տարվա լավագույն նորեկը՝ ստանալով «Calder Trophy» մրցանակը։
Այս տեսնյութում Օվեչկինի առաջին գոլն է ՀԱԼ–ում.
Հաջորդ տարիներին Օվեչկինը շարունակեց ապացուցել, որ նա ժամանակակից հոկեյի ամենամեծ աստղերից մեկն է։ Նա բազմիցս դարձել է ՀԱԼ-ի լավագույն «սնայպեր»՝ ստանալով «Rocket Richard Trophy»-ն ու հաստատելով իր տեղը լիգայի էլիտայում։
«Վաշինգթոնի» կազմում Օվեչկինը սահմանեց բազմաթիվ ռեկորդներ, խփեց ֆանտաստիկ ու անհավանական գոլեր եւ, որ ամենակարեւորն է, իրապես նվաճեց ԱՄՆ մայրաքաղաքի թիմի երկրպագուների սրտերը։ Եվ սա՝ առանց որեւէ պաթոսի։
Այս տեսնյութում Օվիի 2006 թվականին գոլն է «Ֆենիքս Կոյոտիսին», որը փորձագետների կարծիքով լավագույններից է ՀԱԼ–ի պատմության ընթացքում։
Սթենլիի գավաթ 2017/18
Ալեքս Օվեչկինի կարիերայի ամենասպասված պահը 2018 թվականի ամռանն էր։ 2017/18 մրցաշրջանը բացառիկ էր «Վաշինգտոն Քեփիթալսի» համար։ Չնայած նախկինում ունեցած բազմակի հիասթափություններին Սթենլիի գավաթի փլեյ-օֆֆ փուլերում, այդ տարի ամեն ինչ այլ կերպ էր։
«Քեփիթալսը» սկսեց փլեյ-օֆֆը՝ հաղթելով «Կոլամբուս Բլու Ջեքեթսին» (4-2), ապա դուրս թողեց «Պիտսբուրգ Փինգուինսին» (4-2), որը երկար տարիներ եղել էր նրանց գլխավոր խոչընդոտը։ Այնուհետեւ կոնֆերենցիայի եզրափակիչում նրանք անցան «Թամփա Բեյին» (4-3)՝ հաղթելով յոթ խաղանոց թեժ պայքարում։
Եզրափակչում նրանց մրցակիցը Արեւմտյան կոնֆերենցիայի հաղթող «Վեգաս Գոլդեն Նայթսն» էր՝ նորաստեղծ, բայց շատ ուժեղ թիմ։ Չնայած Վեգասի ուժեղ մեկնարկին, «Քեփիթալս»-ը կարողացավ վերահսկել սերիան (4-1)։ Օվեչկինը փայլեց ամբողջ փլեյ-օֆֆի ընթացքում՝ խփելով 15 գոլ եւ կատարելով 12 փոխանցում։
Հինգերորդ խաղում, որը տեղի ունեցավ Վեգասում, «Վաշինգտոնն» ապահովեց 4-3 հաղթանակը՝ առաջին անգամ 44 տարվա պատմության ընթացքում բերելով այն մայրաքաղաք։
Օվին ճանաչվեց փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր խաղացող՝ ստանալով «Conn Smythe Trophy»-ն։ Այդ պահը դարձավ նրա կարիերայի ամենազգացմունքային ու խորհրդանշական պահերից մեկը․ Օվեչկինը բարձրացրեց գավաթը՝ ի նշան իր եւ իր թիմակիցների երկար տարիների անմնացորդ աշխատասիրության, պայքարի, նվիրվածության եւ հավատի։
Ուեյն Գրեցկիի ռեկորդը․ անիրական թվացող գագաթ
Ուեյն Գրեցկիի ռեկորդը երկար ժամանակ թվում էր անգերազանցելի։ Սակայն Օվեչկինը սկսեց մոտենալ այդ նշաձողին՝ աստիճանաբար անցնելով Բրեթ Հալին (741), Յարոմիր Յագրին (766) եւ վերջապես Գորդի Հոուին (801)։
Չնայած տարիքին, Օվեչկինը շարունակեց իր գոլերի սարսափեցնող տեմպը։ Ամեն սեզոն նա ավելի էր մոտենում ռեկորդին՝ միաժամանակ հաղթահարելով վնասվածքները։ Նրա կամքի ուժը օրինակ դարձավ հազարավոր երիտասարդ հոկեիստների համար։

Լուսանկարը` https://www.sportingnews.com/
2019-ին Օվեչկինը, առաջին անգամ խոսելով Գրեցկիի ռեկորդը գերազանցելու մասին, ասել էր․ «Ես պետք է առողջ լինեմ եւ լավ մարզավիճակում։ Ես կփորձեմ դա անել, բայց ոչ ոք չգիտի, ինչ կլինի ապագայում»։
6 տարի անց դա տեղի ունեցավ եւ նա իր անունը ոսկե տառերով գրեց հոկեյի պատմության մեջ։
894՝ առաջին պատմական գոլը
2025 թվականի ապրիլի 5-ին «Վաշինգտոն Քեփիթալսի» եւ «Չիկագո Բլեքհոքսի» միջեւ խաղում, Ալեքսանդր Օվեչկինը խփեց իր 893 եւ 894-րդ գոլերը NHL-ի կանոնավոր առաջնությունում՝ հավասարվելով Ուեյն Գրեցկիի ռեկորդին։ 894-րդը պատմական իրադարձություն դարձավ ամբողջ սպորտային աշխարհի համար։
Խաղին ներկա էր նաեւ Ուէյն Գրեցկին, ով առաջիններից շնորհավորեց Օվեչկինին։
895. Ռեկորդը խփված է
895 գոլը երկար չսպասեցրեց․ «Նյու Յորկ Այլաներս»-ի հետ խաղում 2-րդ խաղակեսի 7-րդ րոպեին ռեկորդը գերազանցվեց։ Շատ էր խողվում, որ իդելական կլիներ, եթե դա տեղի ունենար Վաշինգտոնում, սակայն Նյու Յորքի «UBC Arena»-ն ուղակի պայթեց գոլի պահին։ Դա վկայեց այն մասին, որ բացարձակ կարեւոր չեր, թե որտեղ կխփվեր 895-րդ գոլը․ բոլորի համար սա մեծ ու պատմական իրադարձություն էր։ Խաղը դադարեց ու բոլորը եկան շնորհավորելու լեգենդին։
Օվեչկինի խոսքերը միջոցառման վերջում․
«Ինչպես մշտապես ասել եմ, հոքեյը թիմային խաղ է եւ առանց իմ թիմակիցների, անձնակազմի, երկրպագուների, մարզիչների ես այտեղ կանգնած չեի լինի եւ սա տեղի չեր ունենա, ես ձեզ բոլորիդ սիրում եմ։ Ես գիտեմ՝ այստեղ են Տ․Ջ Օշին եւ Նիկլաս Բեքստրոմը, մենք հասանք սրան, տղաներ։ Շնորհակալ եմ Սորոկինին, ով թողեց խփել իմ 895-րդ գոլը, սիրում եմ քեզ, եղբայր։ Վերջապես, շնորհակալ եմ իմ ռուս երկրպագուներին, մենք արեցինք դա։ Ամենակարեւորը շնորհակալ եմ իմ մայրիկին, ընտանիքին, իմ գեղեցիկ կնոջը․ առանց ձեր աջակցության ես երբեւե այստեղ կանգնած չեի լինի»։
Օվեչկինը ապացուցեց, որ սերը խաղի նկատմամբ եւ տքնաջան աշխատանքը կարող են անհնարին թվացող բարձունքների հասցնել։ Նա դարձավ ոչ միայն ռեկորդակիր, այլեւ ազգային հպարտություն Ռուսաստանի եւ ընդհանրապես համաշխարհային հոկեյի համար։
Բոլոր ռեկորդները մի օր գերազանցվում են եւ Օվեչկինի ռեկորդը նույնպես մի օր կգերազանցվի։ Բայց հաշվի առնելով, որ ներկայումս կարիերան շարունակող հոկեիստներից Օվեչկինին ամենամոտը լեգենդար կանադացի Սիդնի Քրոսբին է՝ 619 գոլով, իսկ ցուցակը շարունակում են կանադացի Սթիվեն Սթեմկոսը (579) եւ եւս մեկ ռուս հոկեիստ Եվգենի Մալկինը (513), նաեւ նկատի ունենալով, որ այս հոկեիստները առաջիկա տարիներին կավարտեն կարիերան, ապա նոր ռեկորդին կարող ենք շատ երկար սպասել։
Օվեչկինի կարիերան դեռ չի ավարտվել․նա շարունակում է խաղալ, խփել գոլեր եւ ոգեշնչել նոր սերունդներին։ Անկախ նրանից, թե որտեղ կավարտվի նրա գոլերի թիվը, Օվեչկինը արդեն իսկ հավերժացրել է իր անունը ՀԱԼ-ի պատմության ամենավառ էջում։
Դավիթ Մակարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: