Ապրիլ 22, 2025
exclusive
251 դիտում

Թրիլլեր Տարանտինոյի ոճով․ Հայաստանի առաջնության 27–րդ տուրը


Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat

Լուսանկարը` FC BKMA

Լուսանկարը` FC NOA

Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` FC Van


Հայաստանի առաջնության 27-րդ տուրը կարելի է առանձնացնել իր դիտարժան եւ գոլառատ խաղերով, ինչն իրականում հազվադեպ է լինում։ Թիմերը կարծես մրցում էին իրար հետ թե ում դիմակայությունը կլինի ավելի արդյունավետ։ Եղան մարզիչներին ուղղված կարմիր քարտեր, գերկամային հաղթանակներ, մրցավարական հակասական որոշումներ, այսինքն այն ամենը ինչի համար մենք սիրում եւ դիտում ենք ֆուտբոլը։

«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 3:2

Փոխնիփոխ վտանգավոր գրոհներով լի այս մրցավեճում վճռորոշ եղավ դարպասապահենրի ցուցադրած խաղը։ Թեեւ «Ալաշկերտ»-ի ներկայացուցիչ Վալերիո Վիմերկատին անհամեմատ ավելի փորձառու է քան իր «Արարատ»-ի գործընկերը, բայց թույլ տվեց 2 գոլային սխալ։ «Արարատ»-ն այս խաղում խուսափում էր երկար խաղարկումներից՝ նախընտրելով բարձրից փոխանցումներով գնդակ մատակարարել առաջնագծի ֆուտբոլիստներին։ Իսկ «Ալաշկերտ»-ն ընդհակառակը փորձում էր կարճ խաղարկումներով վերահսկել գնդակը։ Հաճախ վերջիններս դիմում էին անգամ բարձր պրեսսինգի։

Լուսանկարը` FC Ararat


Թեեւ «Արարատ»-ը արագորեն աչքի ընկավ, բայց «Ալաշկերտ»-ն իր մեջ ուժ գտավ ու առաջին խաղակեսում կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ 2 գոլերն էլ եկան եզրային պաշտպան Յուրի Մարիտիրոսյանի ջանքերով (գոլ եւ գոլային փոխանցում)։ Առհասարակ այս խաղում շատ լավ տպավորություն թողեց Էդգար Թորոսյանի ղեկավարած թիմը՝ ստեղծելով բազմաթիվ պահեր։ Բայց սեփական սխալները եւ «Արարատ»-ի հարձակվողների ջանքերը (հատկապես Կեաս Փոլ Բահի) 2-րդ խաղակեսում հաղթանակ պարգեւեցին երեւանյան թիմին՝ նվեր մատուցելով 250-րդ խաղն անցկացնող Գոռ Մալաքյանին։ Ցավալի է, որ այս հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնանկ է արվել «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը, ով քիչ թե շատ կայունություն էր բերել այս թիմ։

ԲԿՄԱ-«Շիրակ»՝ 3:2

Նախորդ մրցավեճի հաշիվը նույնությամբ կրկնվեց նաեւ այս խաղում առաջին հերթին շնորհիվ ԲԿՄԱ-ի գերկամային քամբեքի։ Ռաֆայել Նազարյանը հյուր էր եկել իր նախկին ակումբ եւ քաջ ծանոթ էր շատ ֆուտբոլիստների կարողություններին։ «ԲԿՄԱ-ն այս անգամ եւս փորձում էր խաղալ գնդակի տիրապետման վրա հիմնված հարձակվողական ֆուտբոլ։ Սակայն վերջիններս դժվարություններ ունեին գրոհի կառուցման փուլում եւ հաճախ էին գնդակ կորցնում մրցակցի ճնշման ներքո, կային խնդիրներ նաեւ հենակետայինի գոտում։ Իսկ «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն ապավինել էին արագ հակագրոհների մարտավարությանը։ Երկրորդ խաղակեսում եղան բանակայինների սխալները պաշտպանության գծում եւ գյումրեցիները 2 անգամ պատժեցին նրանց։ Հատկանշական է, որ հենց այս խաղում Մորի Կոնեն դարձավ «Շիրակ»-ի կազմում ամենաշատ գոլեր հեղինակած արտասահմանցինն (31 գոլ)։

Լուսանկարը` FC BKMA


Թվում էր, թե ամեն բան գնում էր դեպի գյումրեցիների հաղթանակը, բայց «Շիրակ»-ի դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ որսալով գնդակը թիմակցի դեպի իրեն կատարած փոխանցումից հետո։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն այնքան արագ խաղարկեցին ազատ հարվածը եւ գոլ խփեցին, որ մրցակիցը ոչինչ չհասկացավ՝ կարծելով, որ գնդակը դեռ խաղի մեջ չէ։ Սա իհարկե առաջացրեց Ռաֆայել Նազարյանի դժգոհությունը մրցավարության հանդեպ եւ նա հեռացվեց խաղադաշտից։ Սրանից հետո եղավ ազատ հարվածի վերախաղարկում, որի արդյունքում անկյունային, ինչն էլ իր հետ բերեց ԲԿՄԱ-ի գոլը։ Այնուհետեւ «Շիրակ»-ը կարծես դուրս մնաց խաղից, իսկ բանակայիններն ընդհակառակը սկսեցին մեկը մյուսի հետեւից վտանգավոր գրոհներ կազմակերպել։ Այս ամենն էլ հանգեցրեց վերջիններիս էմոցիոնալ եւ գերկամային քամբեքին։

«Նոա»-«Գանձասար»՝ 1:0

Այս խաղում կարող էր կայանալ տուրի գլխավոր անակնկալը՝ առաջատարի միավորների կորուստ հետնապահի հետ խաղում։ Հանդիպման ընդհանուր տրամաբանությունը սպասելի էր՝ անընդհատ գրոհող «Նոա» եւ մեծ ուժերով պաշտպանվող «Գանձասար»։ Սա միակ ադեկվատ մարտավարությունն է, որը կարող էր ընտրել կապանյան թիմի մարզիչ Կարեն Բարսեղյանը, քանզի բաց ու հարձակվողական ֆուտբոլը նման մրցակցի հետ հավասարազոր է ինքնասպանության։

Լուսանկարը` FC NOA


«Գանձասար»-ը շատ լավ էր պաշտպանվում՝ չմոռանալով նաեւ հակագրոհների մասին, որոնք իրենց մեջ իրական վտանգ էին պարունակում։ Սրան հակառակ Ռուի Մոտայի թիմը կարծես չգիտեր, թե ինչպես հաղթահարել իրենց առջեւ կայանած ավտոբուսի արգելքը։ Այս խնդրի լուծումը չէր գտնում նաեւ հենց ինքը պորտուգալացի մարզիչը։ Այս անգամ «Նոա»-ին օգնության եկավ մրցավարի նշանակած 11-մետրանոցը, ով խախտում նկատեց Էրալդո Չինարիի նկատմամբ «Գանձասար»-ի դարպասապահի կողմից։ Իրականում տարբեր ռակուրսներից կրկնապատկերներ դիտելուց հետո թվում է, որ դարպասապահը հարվածեց մրցակցի գլխին գնդակի փոխարեն։ Այսպիսով առաջատարը կարողացավ հաղթել հետնապահին միայն 11- մետրանոցի շնորհիվ, ինչը լուրջ մտածելու տեղիք է տալիս Ռուի Մոտային, իսկ «Գանձասար»-ին մնում է միայն ծափահարել եւ սպասել նման նվիրվածության նաեւ առաջնության մնացած խաղերում։

«Փյունիկ»-«Ուրարտու»՝ 1:4

Այս մրցավեճի հաշիվը չի համապատասխանում խաղի ընդհանուր տրամաբանությանը։ Երեւանյան դերբին անցնում էր հավասար պայքարում ուղղակի «Ուրարտու»-ի կողմն էր մարզական բախտը։ Դմիտրի Գունկոյի թիմը, ինչպես նախորդ մրցավեճերում, ձախողեց առաջին խաղակեսը՝ կային միայն երկար եւ հաճախ անիմաստ խաղարկումներ։ Սրան հակառակ «Փյունիկ»-ը գործում էր շատ արագ՝ կազմակերպելով վտանգավոր գրոհներ։ Դրանցից մեկի արդյունքն էլ եղավ Մատաս Վարեյկայի խփած գեղեցիկ գոլը։

Դրանից հետո Եղիշե Մելիքյանի թիմն ունեցավ մի քանի վտանգավոր դրվագներ, որոնք կամ ավարտվում էին շեղ հարվածով, կամ մրցակցին փրկում էր Ալեքսանդր Մելիխովը։ Առհասարակ «Փյունիկ»-ը խնդիր ուներ սեփական պահերի իրացման հետ կապված, ինչն էլ շատ թանկ արժեցավ նրանց համար։ Առաջին խաղակեսը նշանավորվեց նաեւ մրցավարական հակասական որոշումներով։ Նախ «Փյունիկ»-ի տուգանայինում գնդակը դիպավ Անտոն Բրատկովի ձեռքին, որը ամենեւին էլ բնական դիրքում չէր, իսկ հետո արդեն հակառակ տուգանայինում ընկավ Ագդոն Մենեզեսը «Ուրարտու»-ի դարպասապահի հետ ունեցած բախումից հետո։ Երկու դրվագում էլ մրցավարը կարող էր նշանակել 11–մետրանոցներ, սակայն դա չարեց։ Դրանից հետո խաղադաշտից հեռացվեց Դմիտրի Գունկոն եւ 2 թիմերն էլ մնացին առանց մարզիչների (Եղիշե Մելիքյանը եւս որակազրկված էր)։

Լուսանկարը` FC Urartu


Երկրորդ խաղակեսում «Ուրարտու»-ն կարողացավ հավասարեցնել խաղը։ Երկու թիմերն էլ կարողանում էին վտանգավոր գրոհել եւ բարձր տեմպ էին հաղորդել խաղին։ Ակտիվ էր հատկապես «Ուրարտու»-ի կազմում փոխարինման դուրս եկած Արտյոմ Պոլյարուսը, ով կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Այնուհետեւ եղավ Միխայիլ Կովալենկոյի ինքնագոլը։ Սա էլ դեռ բավարար չէր անկյունայինի խաղարկման արդյունքում Բռունո Միշելը խփեց «Ուրարտու»-ի երրորդ գոլը։ Սակայն «Փյունիկ»-ը չէր ընկճվում՝ փորձելով հետ բերել կորցրածը, բայց ավաղ գրոհի եզրափակիչ փուլում միշտ ինչ–որ բան չէր բավարարում։ Այս մրցավեճը եկավ փաստելու, որ «Փյունիկ»-ում այժմ առկա է իրական ճգնաժամ եւ թիմը խնդիր ունի անգամ պահպանելու 4-րդ հորիզոնականը, սակայն վստահաբար Եղիշե Մելիքյանը ելք կգտնի նաեւ այս բարդ իրավիճակից՝ նոր շունչ հաղորդելով լեգենդար թիմին։

«Վան»-«Արարատ-Արմենիա»՝ 2:3

Այս մրցաշրջանի ամենամարզչական թիմ «Վան»-ը սեփական դաշտում հյուրընկալեց ամենալավ մարզավիճակում գտնվող «Արարատ-Արմենիա»-ին։ Վահե Գեւորգյանի ղեկավարած թիմը պայքարում է թոփ 4 ում տեղ գտնելու եւ եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար։ 2 թիմերն էլ ցուցադրեցին բաց ու հարձակվողական ֆուտբոլ։ «Վան»-ը հենց սկբից նախաձեռնությունը հանձնեց «Արարատ-Արմենիա»-ին եւ հաճախ հակագրոհում էր։ Սեփական գրոհները չարենցավանցիները հիմնականում սկսում էին Արսեն Բեգլարյանի կատարած երկար փոխանցումներով դեպի առաջ։ Սրան ի պատասխան «Արարատ-Արմենիա»-ն կառուցում էր իր խաղը գնդակի տիրապետման հիման վրա։ Վարդան Մինասյաին թիմը գտնվում է գերազանց մարզավիճակում եւ անգամ բաց թողած գոլից հետո  չընկճվեց՝ արագորեն հետ բերելով կորցրածը։ Աչք է շոյում Ժիրայր Շաղոյանի մարզավիճակն, ով դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ այս լարված խաղում։ Երբ արդեն «Արարատ-Արմենիա»-ն հաշվի մեջ առաջ անցավ իր կամային որակները ցույց տվեց «Վան»-ի առաջատար Կարեն Նալբանդյանը, ով վաստակեց տուգանային, որի խաղարկման արդյունքում եղավ պատասխան գոլը։

Լուսանկարը` FC Van


Թեեւ Վահե Գեւորգյնաի թիմը փորձում էր հավասարը հավասրաի հետ մրցել երեւանյան թիմի հետ, բայց դա այքան էլ չէր ստացվում, ինչն ավելի ակնառու դարձավ 2-րդ խաղակեսում: Ժիրայր Շաղոյանի խփած 2-րդ գոլից հետո «Արարատ-Արմենիա»-ն ավելի մոտ էր առավելությունը մեծացնելուն քան «Վան»-ը հաշիվը հավասարեցնելուն։ Այնուամենայնիվ հաճելի է այն փաստը, որ չարենցավանցիները երբեք չեն ընկրկում մրցակցից՝ փորձելով հավասար պայքար մղել նրանց հետ, բայց այս երեկո Վարդան Մինասյանի թիմն ավելի ուժեղ էր եւ շարունակեց իր հաղթարշավը (6 խաղ):

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին