Հոկտեմբեր 17, 2025
199 դիտում

Կարինա Ակոպովա եւ Նիկիտա Ռախմանին. Զույգ սառույցի վրա եւ իրական կյանքում


Լուսանկարը` ISU

Լուսանկարը` ISU

Լուսանկարը` ISU

Լուսանկարը` ISU

Լուսանկարը` Golden Skate

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Օրեր առաջ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինն անկախ Հայաստանի պատմության մեջ գեղասահքի սպորտային զույգերի մրցելույթում նվաճեցին առաջին Օլիմպիական ուղեգիրը:

Զույգը Պեկինում Օլիմպիական որակավորման մրցաշարում նաեւ 2-րդ տեղը զբաղեցրեց: Mediamax Sport-ն ուսումնասիրել է մայիսից Հայաստանի դրոշի տակ հանդես եկող մարզիկներին ու նրանց անցած ճանապարհը: 

Ակոպովա

Մարզուհին ծնվել է 2003 թվականի հունիսի 16-ին Մոսկվայում: Գեղասահքով զբաղվում է 5 տարեկանից: 8 տարի նրա մարզիչն է եղել Իրինա Ստրախովան, ապա սկսել է աշխատել Ստանիսլավ Մորոզովի հետ:

2016-2017 թթ. ելույթ է ունեցել Տիմոֆեյ Կուզնեցովի հետ, հետո որոշ ժամանակ նրա պարընկերն է եղել ավստրալացի Հեկտոր Գիոտոպուլոս Մուրը, բայց Ավստրալիայի հավաքական նրանց տեղափոխությունը չի կայացել: 

2018-2020 թթ. Ակոպովան նորից է փոխել թիմակցին ու սկսել է հանդես գալ Մաքսիմ Շագալովի հետ: Արդեն 5 տարի է նրա զուգընկերը Նիկիտա Ռախմանինն է: Ռուսաստանը ներկայացնող զույգը երկրի առաջնությունում 7-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Գավաթի մի քանի փուլում հաղթել, առաջինն է եղել նաեւ միջազգային մրցաշարերում:

Լուսանկարը` ISU


Հայաստանի ֆեդերացիան Ակոպովայի եւ Ռախմանինի քաղաքացիությունը փոխելու հայցով Ռուսաստանի ֆեդերացիային դիմել է 2024 թվականի մայիսին: Հաստատումը պետք է լիներ նույն տարվա դեկտեմբերին, սակայն տեղափոխությունը կայացել է միայն այս տարվա գարնանը:

Ռախմանին

Գեղասահորդը ծնվել է 1999 թվականի մայիսի 4-ին Չելյաբինսկում, որտեղ էլ արել է առաջին սպորտային քայլերը: 2010-2015 թթ. հանդես է եկել մենասահքում, 2016-2017 մրցաշրջանում նրա զուգընկերուհին է եղել Ելենա Իվանովան: Մինչ Ակոպովայի հետ պարելը, եւս մի քանի զույգ է ունեցել: Երկուսի ամենամեծ հաջողությունները հենց միասին են եղել: 

Օլիմպիական ուղեգիրը

Պարզվում է՝ Ակոպովան ու Ռախմանինը կարող էին բաց թողնել Պեկինի վարկանշային մրցաշարը, պատճառը նրանց կորած ուղեբեռն էր: Սկզբում ամեն ինչ բարեհաջող է անցել, ժամանակին հասել են մրցավայր, սակայն հետո խնդիրներ են առաջացել: Ահա թե ինչ է պատմել գեղասահորդուհին.

«Առաջին մի քանի օրը սթրես ունեինք, քանի որ ուղեբեռն ուշանում էր ու արդեն մտածում էինք, որ չենք կարողանա ելույթ ունենալ: Կարճ ծրագրից առաջ ընդհանրապես չէինք անհանգստանում, իսկ ահա ազատ ծրագրից առաջ հասկանում էինք, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր վերջին հնարավորությունն է: Կարողացանք հավաքվել ու մեր առավելագույնն անել: Հիմա մեր նպատակն է հոգեպես ու ֆիզիկապես վերականգնվել եւ հետագայում էլ ավելի շատ աշխատել»: 

Լուսանկարը` ISU


Ռախմանինն էլ պատմել է, որ սեպտեմբերի սկզբին Նյու Յորքում են ելույթ ունեցել: Նրա խոսքով՝ վաղուց արտերկրում մրցաշարի չէին մասնակցել, վերջինը եղել էր 2022-ին Նիդերլանդներում. 

«Հետ էինք վարժվել ու ցանկանում էինք նորից զգալ միջազգային մրցումների մթնոլորտը: Դրա համար էլ մի քիչ անհանգիստ ու լարված էինք»:

2 տարի առանց մրցումների

Sports.ru-ին տված հարցազրույցում զույգը պատմել է, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել, մինչեւ որ կարողացել է նորից վերադառնալ հարթակ: Նրանք նույնիսկ կարիերան ավարտելու մասին մտքեր են ունեցել:

Ակոպովա. 2 տարի առանց մրցումների մնալը չափազանց բարդ էր, մանավանդ, որ մեր մարզիչների մոտ արտերկրից գեղասահորդներ կան ու տեսնում էինք, թե որքան շատ մրցումների են մեկնում՝ այդ թվում ԱԱ-ի ու Գրան Պրիների: Իսկ մենք ոչինչ չէինք անում ու կյանքն իզուր վատնում էինք: Պարզապես սպասում էինք, վերջին կես տարվա ընթացքում հուսահատվել էինք ու որպեսզի ցրվենք, ինքներս էինք մարզում: Նիկիտան սիրողական խումբ ունի, եւս ես նրան օգնում էի:

Ռախմանին. Արդեն 1,5 տարի է նրանց հետ աշխատում եմ, խմբում երեխաներ կան ու նույնիսկ՝ 63 տարեկան գեղասահորդ: Ի դեպ, նրանով շատ եմ հպարտանում: Ուրախ եմ, որ Կարինան էլ սկսեց մարզել, քանի որ պետք է ինչ-որ բանով շեղվեր:

Լուսանկարը` ISU


Ակոպովա. Նույնիսկ կարիերան ավարտելու մտքեր կային, մանավանդ, երբ նախորդ ձմռանը չթույլատրեցին ներկայացնել Հայաստանը: Բարեբախտաբար, ինձ հրավիրեցին շոուի մասնակցել, որին ամբողջությամբ տրվեցի, քաղաքից քաղաք էի մեկնում, ինչն ինձ շատ օգնեց: Բայց երբ ելույթներն ավարտվեցին, ամեն ինչ նորից սկսվեց, պետք է սպասեի ու էլ դրական ակնկալիքներ չունեի:  

Ռախմանին. Երբ մայիսին թույլտվության մասին լուրը հաղորդագրությամբ ստացա, խանութում էի, շտապեցի տուն՝ Կարինային ուրախացնելու: Հանգստից նոր էինք վերադարձել ու մտադիր էինք էլի որեւէ տեղ մեկնել: Նրան ասացի, որ արձակուրդը հետաձգվում է: 

Ակոպովա. Գեղասահքը թանկ մարզաձեւ է, դրա համար էլ որոշեցինք հավաքած գումարը ծախսել մարզումների վրա: Գիտեինք, որ երազանքին հասնելն այնքան էլ էժան չի լինելու, դրա համար կես տարի տքնաջան մարզել էինք ու տարատեսակ շոուների մասնակցել: Հիմա ամեն ինչ հաշվարկում ենք, որոշ հավաքներ մեզ թույլ տալ չենք կարող, ստիպված ենք շատ խնայել: 

Հայաստանը ներկայացնելը

Ակոպովա. Ես ազգությամբ հայ եմ ու 2 տարի առաջ Հայաստանի քաղաքացիություն ստացա: Դրանից առաջ մայրիկիս հետ Հայաստան էինք մեկնել ու երկրով մեկ ճանապարհորդել: Եթե անկեղծ, չէի սպասում, որ Հայաստանն այդքան գեղեցիկ է:  Այնքան տեսարժան վայրեր կան, որ բոլորն էլ ուզում ես տեսնել: 


Հայաստանը ներկայացնելու խոսակցություններ մեր տանը եղել են դեռ փոքր տարիքից: Երբ Լուկա Բերլուլավայի հետ էի պարում, մարզիչն առաջարկում էր հանդես գալ Հայաստանի կամ էլ Վրաստանի դրոշի տակ: Կատակում էր, որ մեզնից Ջորջիո Արմանի կստացվի: Իսկ Դմիտրի Նիկոլաեւիչն ինձ դեռ 9 տարի առաջ «Սիրանուշ տատիկ» էր անվանում: Նոր ցատկեր էի սովորում, ու մեքենաների լվացման համար նախատեսված սպունգներ էին դնում հագուստիս մեջ, որ ընկնելիս հարվածը մեղմեն: Թեեւ նիհար էի, բայց կլորիկ տեսք էի ունենում, դրա համար էլ այդպես էր ինձ դիմում: 

Երբ Նիկիտայի հետ արդեն զույգ էինք, Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցինք, բայց սկսվեց համավարակն ու դադար եղավ: Այդ թեմային վերադարձանք մի քանի տարի անց, երբ վնասվածքից վերականգնվեցի: Դրանից հետո այն զույգերից, որոնց հետ հավասար պայքար էինք ծավալում, շատ էինք հետ մնացել: Սկզբում երբ քաղաքացիությունը փոխելու միտքն առաջացավ, ոչ մեկ ինձ չէր աջակցում: Նիկիտան արագ համաձայնվեց, իսկ ահա մարզիչների դեպքում ամեն ինչ այլ էր: Հեռվից էինք գալիս՝ սկսեցինք խոսակցություններում հայերեն բառեր օգտագործել, մարզիչների տարեդարձները հայերենով շնորհավորել, բայց դա ընդհանրապես չէր օգնում: Ֆյոդոր Կլիմովը կտրականապես դեմ էր ու համարում էր, որ Ռուսաստանի հավաքականի մյուս անդամների հետ կարող ենք մրցակցել: 

Լուսանկարը` Golden Skate


Ռախմանին. Բայց ժամանակն անցնում էր ու ակնհայտ էր, որ թոփ մակարդակի այնքան էլ հեշտ չենք վերադառնալու, եւ մարզիչները սկսեցին մեզ լսել: 

Ակոպովա. Այնքան էինք տեղափոխության մասին զրույցներով բոլորին հոգնեցրել, որ հանձնվեցին: Սկսեցինք փաստաթղթերը պատրաստել ու դիմեցինք Հայաստանի ֆեդերացիային: Ամեն ինչով ինքներս ենք զբաղվել: Մայրիկս է մեզ շատ օգնել, նա փաստացի մեր մենեջերն էր դարձել: 
 
«Արցախ»-ի ընտրությունը

Ակոպովա. Պեկինում որոշեցինք ներկայանալ հնդկական թեմայով, այդ համարը դեռ 3 տարի առաջ Գրան Պրիի համար ենք արել: «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի երաժշտության մասին վաղուց եմ երազել, ամեն անգամ ուրախանում եմ, երբ պարում եմ դրա տակ: Հավանում եմ նաեւ զգեստները, այդ ոճով քիչ զույգեր են հանդես գալիս: Իսկ կարճ ծրագրի համար որոշեցի ընտրել Արա Գեւորգյանի «Արցախ»-ը, այդ միտքը սկզբում քչերը հավանեցին, Նիկիտան էլ սառն արձագանքեց:

Ռախմանին. Որովհետեւ մեր նախորդ կարճ ծրագրի «Կարմենը» շատ էի սիրում, ինձ թվում էր դա Օլիմպիական խաղերի համար ճիշտ ընտրություն կլինի: 

Լուսանկարը` Getty Images


Ակոպովա. Մարզիչներն էլ էին ծիծաղում վրաս, բայց նրանց համոզեցի: Նոր դրոշի տակ առաջին ելույթն էր ու ինձ համար կարեւոր էր ելույթ ունենալ հայ կոմպոզիտորի երաժշտության տակ: Չեմ ուզում պաթոս մտցնել, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար էլ դա կարեւոր էր: Հիշում էի, որ այդ երաժշտությունը Ռուսաստանի առաջնության համար ընտրել էր նաեւ Ադելիա Պետրոսյանը: Ադելիան արտակարգ համար էր ստացել ու կատարում էր այն ոգով ու հույզերով: Նրան խոստովանեցի, որ ես էլ եմ երազում «Արցախ»-ն օգտագործել, այդ հարցում նրանից լավ ինձ ոչ ոք չի հասկանում: 

Իրական զույգը

Ակոպովա. Նիկիտայի հետ հանդիպում ենք արդեն 6 տարի ու երբ սկսեցինք միասին պարել, արդեն զույգ էինք: Շատերն էին համոզում միասին ելույթ չունենալ, որպեսզի չսկսեքն կռվել: Բայց միանգամից որոշեցինք, որ սպորտային հարցերը տուն չենք բերելու:

Ռախմանին. Գալիս ենք տուն ու տարբեր սենյակներ գնում, որպեսզի իրարից մի քիչ հանգստանանք: Կամ էլ գնում եմ աշխատանքի, իսկ Կարինան շան հետ տանն է մնում:

Ակոպովա. 2 տարի առաջ նշանվել ենք, բայց դեռ չենք մտածում ամուսնանալու մասին, առաջին պլանում շարունակում է սպորտը մնալ: Հիմա բոլոր մտքերը գեղասահքի ու Օլիմպիական խաղերի մասին են:

Ռախմանին. Կարինան շատ էմոցիոնալ է, բարի եւ ուրախ: Բոլոր խենթ մտքերը նրանից են ծնվում:

Ակոպովա. Իսկ Նիկիտան չափազանց հանգիստ է, բարի ու ճիշտ է գնահատում ցանկացած իրավիճակ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Լուրջ վնասվածքը

Ակոպովա. Վաղուց մեջքի վնասվածքներն ինձ հանգիստ չեն տալիս: Ծանրաբեռնվածության ու հաճախակի ընկնելու արդյունքում նստատեղի նյարդը բորբոքվել էր ու մշտապես ցավեր ունեի: Մոտ մեկ տարի բժիշկները չէին կարողանում ախտորոշում տալ: Ամեն ինչ սկսվեց 2022-ին, երբ նախավարժանքից հետո սկսեցի մարզվել ու մեջքիս հատվածում ցավեր զգացի:

Երկու անգամ հիվանդանոց ընկա ու բուժում ստացա, բայց դրանից հետո էլ Մոսկվայում ու Սոչիում մշտապես բժիշկների հսկողության տակ էի: Ոչ մեկ չգիտեր, թե որն է պատճառը, հույս ունեի մասնակցել Ռուսաստանի առաջնությանը, բայց սկսեցի դժվարությամբ քայլել: Ու հանկարծ հրաշք տեղի ունեցավ՝ մայրիկն ինձ նյարդաբանի մոտ տարավ ու նա ինձ փրկեց: Միանգամից հասկացավ պատճառն ու բացատրեց ինչպես հաղթահարել այն:

Բուժում գոյություն չունի, այդ ցավերը մշտապես կմնան ինձ հետ: Հիմա վիճակս կայուն է, բայց պարտադիր է մշտապես վերականգնողական վարժություններ անել: Խնդիրն այն է, որ վնասվածքի արդյունքում խուճապի նոպաներ առաջացան, որոնք հաղթահարելն իսկապես բարդ է: 

Լուսանկարը` Getty Images


Սովորաբար սիրում եմ ելույթներս նայել ու սխալներս ուսումնասիրել: Հերթական դիտումներից մեկի ժամանակ սկսեցի արտասվել, շունչս կտրվում էր, մեկ քրտնում էի, մեկ՝ մրսում, տպավորություն էր, որ հիմա կմեռնեմ: Մարզիչների ու մայրիկիս օգնությամբ այդ դրվագը հաղթահարեցի, բայց նույնը կրկնվեց նաեւ մարզման ու Գրան Պրիի ժամանակ: Ամբողջ մարմինս դողում էր, եւ մարզիչները ստիպված էին մրցաշարը բաց թողնելու որոշում կայացնել: Նման նոպաներ պարբերաբար են տեղի ունենում, բայց արդեն կարողանում եմ դրանք վերահսկել:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին