Չնայած բազմաթիվ խնդիրներին, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն շարունակում է մեծ աշխատանքներ տանել հաջողություններ գրանցելու համար։
Պարա ծանրամարտի Աշխարհի առաջնությունում հայ մարզիկները տարբեր տարիքային խմբերում նվաճել են 8 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ։
Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշել է, որ ունեն 13 մարզաձեւ, որոնք պոտենցիալ ունեն առաջընթաց գրանցելու։ Հիմնական խնդիրը ֆինանսի քչությունն է, որով պայմանավորված չեն կարողանում շատ հավաքներ անցկացնել ու լավ մոտենալ մրցաշարերին։
«Համեմատելու համար ասեմ, որ Վրաստանում 3 մլն դոլար տրամադրվում է կոմիտեին, 2 մլն՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պարաշարժումը զարգացնելու համար։ Ադրբեջանը տրամադրում է 6 մլն դոլար։ Հայաստանում կոմիտեին գումար չի հատկացվում։ Պետությունը ֆինանսավորում է միայն մրցաշարերի մասնակցությունների համար, այն էլ հաշվապահների մի մեծ թիմ է կազմվում, որը երբեմն չի ընդունում մեր ծախսերը, որի պատճառով գումարը հետ ենք վերադարձնում։ Օրինակ՝ ծանրամարտի համար պետությունն այս տարի տրամադրել է 231 մլն դրամ, իսկ մեզ մարզում ու հավաք անելու համար ոչինչ չի տվել։ Աշխարհի առաջնության մասնակցության համար ստացել ենք 6,5 մլն դրամ, հովանավորների եւ անհատների միջոցով մոտ այդքան ավելացրել ենք ու մեկնել մրցավայր»,- ասել է Աբրահամյանը։
Հայաստանի պարա ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ իրենց տեղեկություններով նոր հաստատվող բյուջեով պարալիմպիկ մարզաձեւերի ֆինանսավորումը քիչ է լինելու։
«Մեկ մասսայական միջոցառում կազմակերպելու համար պետական բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան մեզ։ Օլիմպիական մարզիկներին գումարներ են տալիս, իսկ պարալիմպիկինը՝ ոչ։ Ինչո՞ւ։ Նույն ծանրաբեռնվածությամբ ու առողջությունը վնասելով մարզվում են մարզիկները, ինչո՞ւ են մեկին տալիս գումար, մյուսին՝ ոչ»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: