Առատ տեղումների ներքո անցկացվող Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրը հարուստ չէր անսպասելի եւ ինտրիգային իրադարձություններով ու տեղ-տեղ հիշեցնում էր ջրագնդակի մրցաշար։ Առաջատարներն ամրապնդեցին իրենց դիրքերը, իսկ հետնապահներն այս անգամ չկարողացան լուրջ պայքար մղել նրանց դեմ։ Խաղերը հիմնականում հաճելի լարման մեջ էին պահում ֆուտբոլասերներին։ Բայց կային նաեւ դրանց հակապատկեր հանդիսացող ու շատ ձանձրալի հանդիպումներ, որոնք մինչեւ վերջ դիտելու համար ամուր նյարդեր են հարկավոր։
«Վեստ Արմենիա»-«Փյունիկ»՝ 0:1
Խաղային զգալի անկում ունեցող «Փյունիկ»-ն այս մրցավեճում կարողացավ դրական արդյունքի հասնել իր ավելի բարձր կարգի հաշվին։ Խաղն ընթանում էր արհեստական խոտածածկի վրա եւ հորդառատ անձրեւի պայմաններում (խաղադաշտում անգամ փոքրիկ լճակներ էին առաջացել), ինչն անշուշտ իր ազդեցություն ունեցավ խաղի վրա։

Լուսանկարը` FC Pyunik
Թիմերը չէին կարողանում կարճ խաղարկումներով գրոհել՝ ավելի հաճախ դիմելով երկար փոխանցումների օգնությանը։ Սա հատկապես լավ էր ստացվում Եղիշե Մելիքյանի թիմի մոտ, քանզի առաջնագծում առկա էր բարձրահասակ Թեմուր Ջիքիան, ով շատ լավ է գործում երկրորդ հարկում։ Վերջինս էլ կատարեց այդ հանդիպման միակ գոլային փոխանցումը Սերժ Դեբլեին։
«Վեստ Արմենիա»-ն թե՛ բաց թողած գոլից հետո, թե՛ խաղավարտին մոտ մեծ ակտիվություն չցուցաբերեց կորցրածը վերադարձնելու համար։ Սեփական կիսադաշտում երկար խաղարկումներից զատ Պատրիկ Պապյանի թիմի մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում։ Փորձում էին կրկնօրինակել «Փյունիկ»-ի երկար ուղղահայաց փոխանցումներով խաղաոճը, բայց դա էլ չէր հաջողվում, անգամ դժվար է հիշել որեւէ վտանգավոր գործողություն նրանց կատարմամբ մրցակցի տուգանայինի մատույցներում։ Առհասարակ 2 թիմերի գործողություններում էլ շատ էր խոտանը։
«Գանձասար»-«Արարատ-Արմենիա»՝ 0:4
Առաջնության գարնանային հատվածում գերազանց մարզավիճակ ձեռք բերած «Արարատ-Արմենիա»-ն խաղի մեկնարկից տիրեց նախաձեռնությանը։ Վարդան Մինասյանի թիմը կառուցում էր սեփական գրոհները թե՛ կարճ խաղարկումներով, թե՛ երկար փոխանցումներով։ Սրան հակառակ «Գանձասար»-ը դիրքավորվել էր սեփական կիսադաշտում՝ ապավինելով հիմնականում հակագրոհներին։ «Արարատ-Արմենիա»-ի խփած արագ գոլը հանգստացրեց վերջիններիս եւ թուլացրեց խաղի տեմպը։ Սրանից շատ լավ օգտվեց Կարեն Բարսեղյանի թիմը՝ առաջին խաղակեսում կարողանալով հավասարը հավասարի պայքար մղել անչափ ուժեղ մրցակցի հետ։

Լուսանկարը` FC Ararat-Armenia
Միայն խաղակեսի վերջում «Արարատ-Արմենիա»-ն կարողացավ վերադարձնել նախաձեռնությունը։ Երկրորդ խաղակեսում Մինասյանը կատարեց փոփոխություններ, որոնք թարմ շունչ հաղորդեցին թիմի խաղին։ Ի տարբերություն մրցակցի՝ «Գանձասար»-ի պահեստայինների նստարանը խորը չէ եւ չկան առաջատարներին համարժեք փոխարինողներ։ Այս ամենի արդյունքում կապանցիներն ուղղակի փակվեցին սեփական տուգանայինում։
«Արարատ-Արմենիա»-ն բարձր պրեսինգ էր կիրառում եւ ստիպում մրցակցին սխալվել։ Սակայն վճռորոշ եղավ «Գանձասար»-ի դարպասապահի անփույթ խաղի արդյունքում ծնված երկրորդ գոլը։ Սրանից հետո Բարսեղյանի թիմն ուղղակի քանդվեց եւ արագորեն եւս 2 գնդակ բաց թողեց՝ կրելով հերթական պարտությունը։ Նշանակալի է, որ հենց այս խաղում Տենտոն Եննեն դարձավ «Արարատ-Արմենիա»-ի բոլոր ժամանակների ռմբարկուն՝ 43 գնդակ:
«Նոա»-«Արարատ»՝ 3:0
Այս տուրի «հիասթափություն» կարելի է անվանել հենց այս խաղը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ «Արարատ»-ը գտնվում է լավ մարզավիճակում (2 հաղթանակ վերջին 3 խաղում), իսկ «Նոա»-ն կարծես աստիճանաբար թուլացնում էր իր հաղթական տեմպը, սպասվում էր դիտարժան մրցակցություն։ Բայց իրականում խաղադաշտում գործում էր միայն «Նոա»-ն։

Լուսանկարը` FC NOA
Վերջիններս գերազանցեցին մրցակցին բոլոր ասպարեզներում։ «Արարատ»-ը փորձում էր միայն հակագրոհել երկար փոխանցումներով, բայց անգամ դա չէր ստացվում նրանց մոտ։ Սրան հակառակ Ռուի Մոտայի գլխավորած թիմը կիրառում էր ֆուտբոլային բոլոր գործիքները՝ կարճ խաղարկումներ, բարձր պրեսինգ, բարձրից փոխանցումներ տուգանային հրապարակ եւ այլն։ «Նոա»-ն գրեթե ապահովել է իր չեմպիոնությունը (անհրաժեշտ է 1 հաղթանակ մնացած 5 տուրում) եւ հիմա լավ տրամադրությամբ է մոտենում չեմպիոնության անմիջական մրցակիցների հետ հանդիպումներին։
ԲԿՄԱ-«Վան»՝ 1:1
Եվրագավաթային ուղեգրերի համար պայքար մղող «Վան»-ի մասնակցությամբ յուրաքանչյուր խաղ հիշեցնում է եզրափակիչ։ Ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհին Վահե Գեւորգյանի թիմը պետք է բացառի յուրաքանչյուր սայթաքում, բայց այս անգամ դա չհաջողվեց։
Բանակայինները չեն ճանաչում հեղինակություններ եւ չեն վախենում ոչ մի մրցակցից։ 2 թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը՝ փորձելով ճնշել մրցակցին։ Եթե սկզբից դա ավելի լավ էր ստացվում ԲԿՄԱ-ի մոտ, ապա հետո խաղի նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց «Վան»-ը։

Լուսանկարը` FC BKMA
Ընդմիջումից առաջ նշանակվեց տուգանային հարված, որը հստակորեն իրացրեց բանակայինների առաջատարներից Դավիթ Հակոբյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսը սկսեց առաջինի նմանությամբ՝ փոխնիփոխ գրոհներ, լարված եւ անխնա պայքար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում։ Արդեն խաղավարտին մոտ «Վան»-ը, ինչպես մի արդյունաբերական մամլիչ, ճնշել էր բանակայիններին։ Եզակի խաղերում կարելի է տեսնել ամբողջ կազմով պաշտպանվող ԲԿՄԱ։ Խաղավերջում «Վան»-ը կարողացավ հավասարեցնեց հաշիվը փոխարինման դուրս եկած Ջեսսե Ակիլայի ջանքերով:
«Շիրակ»-«Ուրարտու»՝ 1:1
Մարտական ոչ-ոքի հաշիվների գիծը շարունակություն գտավ Գյումրիում։ Շատ հավասար խաղ ստացվեց եւ արդյունքն ամբողջովին արտացոլում է այն։
Առաջին խաղակեսում նախաձեռնությունը փորձում էր իր ձեռքը վերցնել «Ուրարտու»-ն՝ ցուցադրելով կոմբինացիոն ֆուտբոլ՝ գնդակի կարճ խաղարկումներով։ Սակայն «Շիրակ»-ը սրան ի պատասխան կիրառում էր ագրեսիվ անհատական պրեսինգ։ «Ուրարտու»-ն կարծես չէր սպասում նման դիմադրության ու սկսեց ավելի ու ավելի հախուռն գրոհել՝ ուղղակի գնդակն ուղարկելով Բռունո Միշելին։

Լուսանկարը` FC Urartu
«Ուրարտու»-ին այս մրցաշրջանում պակասում է խաղային կայունությունը եւ թիմը միայն հատվածաբար է բարձր որակի խաղամակարդակ ցույց տալիս։ Երկրորդ խաղակեսի միջնամասում թիմերը դերերով փոխվեցին եւ «Շիրակ»-ը վերցրեց նախաձեռնությունն իր ձեռքը։ Բռունո Միշելի անհատական վարպետության հաշվին խփած գնդակին հաջորդ իսկ րոպեին պատասխանեց Ռուդիկ Մկրտչյանը։ Թիմերն այսքանով բավարարվեցին՝ տանելով 1-ական միավոր իրենց հետ։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: