Արսենին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից: Նրա մասնակցությամբ լուսաբանել եմ Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Հիմա արդեն հերթը Ռիոյինն է:
Արսենը այն մարզիկներից է, ում հետ կարող ես երկար զրուցել ամենատարբեր թեմաներով: Mediamax Sport-ի Rio-2016 շարքում այս անգամ ներկայացնում ենք մեր ամենատիտղոսակիր մարզիկներից մեկին:
- Արսեն, ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են ստեղծվել Օլիմպիական խաղերը:
- Կարծում եմ, Օլիմպիական խաղերը լավագույն միջոցառումն է: Այսքան պրոֆեսիոնալ մարզիկներ պետք է ունենան նման միջոցառում, որի ժամանակ էլ կպարզեն լավագույնին: Շատ ուրախ եմ, որ երկար դադարից հետո դրանք վերականգնվել են ու այսօր արդեն պատմական անցյալի հետ են կապվում: Փոքր ժամանակ կարդում էի Օլիմպիական չեմպիոնների մասին, երազում մի օր էլ ես այդպիսին դառնամ: Ցավոք, հիմնական գաղափարախոսությունը, որը եղել է խաղերի ստեղծման ժամանակ, այսօր չի գործում: 2008-ին հենց բացման օրը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ պատերազմ սկսվեց, մյուս տաք կետերում եւս կրակը չի դադարում:
- Հաջորդ հարցս հենց դրա մասին էր: Տես, Օլիմպիական խաղերի հիմնական նպատակներից էր մարդկանց միմյանց մտերմացնելը, որպեսզի նրանք միայն սպորտում «պատերազմեն»: Այսօր նման բան չկա: Ո՞րն է խնդիրը:
- Պատմությունը ցույց է տալիս, որ շատ բան կախված է անհատներից: Կան մարդիկ, ովքեր չունեն բարձր արժեքներ: Պատերազմ սկսողը չունի մարդասիրական դրսեւորումներ, սեր, սրտացավություն սեփական զինվորի նկատմամբ: Ինչքան էլ ուժեղ լինի բանակը՝ զոհերն անխուսափելի են: Այդպիսի մարդկանց, կարծում եմ, հնարավոր չէ կանգնեցնելը: Դրանով եմ այս ամենը պայմանավորում: Սա մեծ խաղ է, որտեղ ՄՕԿ-ը կամ սպորտն առհասարակ լծակներ օգտագործելու շանս չունեն: Լավ կլիներ ՄՕԿ-ն այնքան ուժ ունենար, որպեսզի գոնե խաղերի ժամանակ բացարձակ խաղաղություն լիներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Դու միջազգայնագետ ես ու շատ լավ պատկերացնում ես քաղաքականությունը: Սպորտը քաղաքականություն չէ: Կա՞ նման հասկացություն:
- Հիմա հաստատ չկա, միգուցե նաեւ նախկինում էլ չի եղել: Շատ հետ չգնանք, 1980 ու 1984 թվականների Օլիմպիական խաղերի բոյկոտները հենց քաղաքական բնույթ ունեին: Այսօր վառ օրինակ է ՖԻՖԱ-ն, երբ մի երկրի համապատասխան մարմինն իր վրա վերցրեց հետաքննությունն ու պատասխանատվության ենթարկեց այդ կառույցի ղեկավարներին: Ցավոք, բայց նման պայքարում տուժում են փոքր պետության մարզիկները: Գիտեմ, ուտոպիա է, բայց կցանկանայի սպորտում բացարձակ հավասարություն լիներ:
- Լավ, արի խոսենք քեզնից: Սա թվով արդեն քո 3-րդ Օլիմպիադան է: Ինչպե՞ս ես պատրաստվում:
- Վարկանշային մրցաշարից առաջ վնասվածք էի ստացել: Մրցումից առաջ պատահաբար լսեցի մեր լեգենդար Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի ելույթից մի հատված: Նա ասաց, որ արժեքավորն այն մեդալը չէ, որը դու լավագույն մարզավիճակում ես նվաճել, այլ այն, որին միջին վիճակով ես հասել: Սա շատ ազդեց ինձ վրա: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, մարզվում ենք, պատրաստվում: Անում եմ այն, ինչ կախված է ինձնից, իսկ թե ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա: Հուսամ, Ռիոյում իմ պահը կլինի, ու ես կկարողանամ նվաճել մեդալս:
- Արսեն, ինչի՞ համար ես ափսոսում:
- Ափսոսում եմ, որ իմ սիրելի մարդկանց սեր քիչ եմ խոստովանում, միգուցե, սա տղամարդուն հատուկ գիծ է: Ափսոսում եմ, որ նյարդային վիճակում ինչ-որ մեկին վիրավորում եմ, որ ավելի բարձր կարգի մեդալներ կարող էի նվաճել, բայց չեմ արել: Հա, մեկ էլ, որ իսպաներեն չեմ սովորել (ծիծաղում է):
- Ամենամեծ ռիսկը, որին դիմել ես:
- Երբ 9-րդ դասարանում որոշեցի համալսարան ընդունվել: Հայրիկս ասում էր, թե երկու նապաստակի հետեւից եմ ընկել ու երկուսն էլ կկորցնեմ, ընտրեմ կամ սպորտը, կամ ուսումը: Այդ ժամանակ խախտում էի սպորտային ռեժիմը, սակայն անչափ մեծ բավարարվածություն զգացի, երբ ապացուցեցի, որ հնարավոր է երկուսն էլ ունենալ եւ երկուսում էլ բարձրակարգ լինել:
- Ասա երեք բան, որոնք մարդիկ չգիտեն քո մասին:
- Նրբանկատ եմ ու զգացմունքային, հաճախ օպերա կամ բալետ եմ գնում, շատ քաղցրակեր եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ի՞նչ ես մտածում, երբ լրագրող է մոտենում քեզ ու փորձում հարց տալ:
-Նայած, թե ինչ լրագրող է: Կան այնպիսինները, որոնց տեսնելով, ուզում եմ փախչել: Բայց լրագրող էլ կա, որ կարող եմ նստել ու երկար զրուցել հետը: Հաճույք եմ ստանում, երբ լրագրողը պատրաստված է գալիս հարցազրույցի, հարգանքս միանգամից մեծանում է:
- Ունե՞ս պատմական ինչ-որ կերպար, որի ծավալած գործունեությունով հիանում ես:
- Նելսոն Մանդելան, որին պատրաստվում եմ շատ լուրջ ուսումնասիրել եւ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն, ում արդեն ուսումնասիրում եմ: Նրանք մարդիկ էին, որոնք փոխեցին ոչ միայն իրենց պետությունը, այլեւ օրինակ դարձան ամբողջ մարդկության համար: Ես չեմ պատկերացնում մի պետություն, նույնիսկ խիստ զարգացած, որ չի ցանկանում օրինակ վերցնել Սինգապուրից: Մենք էլ երեւի ուզում ենք, բայց միայն ցանկանալը, կարծում եմ, քիչ է:
- Ի՞նչ է քեզնից խլել ըմբշամարտը:
- Սպորտում դու քո ես-ը զոհաբերում ես, որպեսզի հասնես այն ես-ին, որի մասին երազում ես: Միգուցե, խլել է երիտասարդությունից ինչ-որ ժամանակ: Բայց ես երբեք չեմ ափսոսում: Ես սպորտով կարողացել եմ պատմություն կերտել ոչ միայն իմ, այլ նաեւ իմ երկրի համար:
- Ինչո՞ւ ես գնում Ռիո:
-Օլիմպիական ոսկու համար: Իսկ եթե անլուրջ՝ փոքր ժամանակից երազել եմ գնալ Ռիո (ծիծաղում է):
- Խոսենք նաեւ Բրազիլիայից: Հետեւո՞ւմ ես այնտեղի իրադարձություններին, երկրի նախագահին անվստահություն հայտարարվեց, ժողովուրդը դժգոհ է:
- Խորությամբ շատ բան չգիտեմ, բայց, դատելով իրադարձություններից, հասկանում եմ, որ մարդիկ ճիշտ են: Չի կարող երկիրը 20 ուժեղ պետությունների շարքում լինել, միաժամանակ այնտեղ բարձր լինի աղքատության ու հանցագործության մակարդակը: Ուրեմն պետական սխալ կառավարում կա:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Իսկ ի՞նչպիսին է, ըստ քեզ, Բրազիլիան:
- Երբեք չեմ եղել այնտեղ, բայց միշտ համակրանք եմ ունեցել այդ երկրի նկատմամբ: Գիտեք, ինձ այլ երկրներում շատ են հարցրել, թե ես բրազիլացի՞ եմ: Չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց ես, իսկապես, շատ եմ սիրում Բրազիլիան ու առհասարակ Լատինական Ամերիկան:
- Ինչո՞ւ են Բրազիլիայում խոսում պորտուգալերեն:
- Որովհետեւ ժամանակին Պորտուգալիայի գաղութն է եղել:
- Ավարտիր այս նախադասությունները: Եթե լինեի բրազիլացի, ապա…
- կապրեի ծովի ափին, կզբաղվեի սերֆինգով, ձկնորսությամբ, գիրք կկարդայի, սամբա, ռումբա կպարեի ու ռոմ կխմեի:
- Ըմբշամարտն ինձ տվել է…
- աշխատասիրություն, պայքարելու ուժ, օրը ճիշտ կարգավորելու ունակություն, հարգանք, թիմային մտածողություն:
- Հայաստանում պետք է փոխել…
- այնքան բան կա փոխելու… պետք է կրճատել նախարարությունների, չինովնիկների, ծառայողական մեքենաների թիվը: Բարձրացնել գրագիտության մակարդակը, ուշադրություն դարձնել տարրական դաստիարակությանը:
- Իմ ամենամեծ ձեռքբերումը կամ հարստությունը…
- ընտանիքս է: Հետո ընկերներս ու շրջապատս:
Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: