Ռուբեն Գրիգորյանին արդեն բոլորն են ճանաչում։ Ամեն դեպքում նրանք, ովքեր հետաքրքրվում են ֆուտբոլով ու տեսել են Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը։ Նա այն տղան է, որին Ռոնալդուն անվանեց իր նոր ընկերը, իսկ տեսանյութերը տարածվեցին համաշխարհային մամուլով։
Ռուբենին հանդիպեցինք Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Մինչ տնօրեն Արմինե Բաբայանի հետ փորձում էինք հասկանալ, թե որտեղ կարող ենք կատարել նկարահանումները եւ բարձրանում էինք դահլիճ, պարզվեց Ռուբենն արդեն այնտեղ է եւ ընկերների հետ մարզումներ է անցկացնում։ Տղաները խաղացին բասկետբոլ, ֆուտբոլ, ապա պատրաստվեցին հաջորդ դասին։
Ազատ ժամանակահատվածն օգտագործեցինք ու ժեստերի լեզվի թարգմանիչ Սրբուհի Ղազարյանի օգնությամբ զրուցեցինք Ռուբենի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոնալդուին տեսնելը երազանք էր
«Սովորում եմ 9-րդ դասարանում, նոյեմբերին կդառնամ 14 տարեկան։ Ռոնալդուին միշտ հետեւել եմ ու հենց իր շնորհիվ եմ որոշել ֆուտբոլ պարապել։ Հիմա մարզվում եմ ընկեր Դանիելի մոտ՝ «Ադապտիվ ֆուտբոլային ակումբ»-ում։ Մինչ այդ 11 տարեկանից մարզվել եմ «Ուրարտու»-ում։ Ուզում եմ հնարավորինս երկար շարունակեմ ֆուտբոլ խաղալ։ Հայ ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանին, Էդուարդ Սպերցյանին եւ Լուկաս Սելարայանին եմ ճանաչում ու հավանում նրանց խաղը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ իմացա, որ լինելու եմ ֆուտբոլիստներին դաշտ ուղեկցողների թվում, շատ ուրախացա։ Գիտեի, որ Ռոնալդուն եւս լինելու է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների շարքում, բայց երբ պատահաբար տեսա նրան, հուզվեցի եւ սկսեցի լաց լինել։ Գրկեց ինձ ու ձեռքս բռնեց, այդպես էլ միասին մտանք դաշտ։ Նրա մյուս ձեռքը բռնած փոքրիկ աղջիկը պետք է ուղեկցեր, բայց մենք երեքով մտանք խաղադաշտ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, գիտեմ, որ խաղից առաջ պետք է երգենք Հայաստանի օրհներգը։ Երգելու ժամանակ Ռոնալդուն ուսիս խփեց ու ձեռքով ցույց տվեց, թե լավ է, բայց ես չցանկացա շեղվել օրհներգից ու շարունակեցի երգել։ Հետո արդեն բոլոր թիմակիցներով նստեցինք առաջին շարքում ու հետեւեցինք հանդիպմանը։ Ես Ռոնալդուին շատ եմ սիրում, բայց այդ օրը մեր հավաքականին էի երկրպագում ու տխրեցի, որ պարտվեցինք։
Երբ տեսա, որ Ռոնալդուն ինձ հետ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում, ավելի հուզվեցի ու մեկնաբանություն գրեցի։ Չէի հավատում, որ նրան մի օր կհանդիպեմ, բայց ամեն բան հանկարծակի ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա ինձնով բոլորն են հետաքրքրվում, անծանոթները հետս նկարվում են։ Ուզում եմ օրերից մի օր ես էլ լավ ֆուտբոլիստ դառնամ ու Չեմպիոնների լիգայի խաղերին մասնակցեմ։ Կուզեմ Հայաստանի պատիվը բարձր պահեմ ու պայքարեմ Ոսկե Գնդակի համար»։
ՀՖՖ Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Ամալյա Գրիգորյանը ֆեդերացիայի պատրաստած տեսանյութում պատմում է հետեւյալը․ «Ի սկզբանե Ռուբենը չպետք է քայլեր Ռոնալդուի հետ։ Քանի որ խմբում երկու աղջիկ կար, որոշվել էր, որ նրանք կբռնեն ավագների ձեռքերը։ Ռուբենը պետք է կանգներ դարպասապահի կողքին։ Բայց տեսավ Ռոնալդուին ու սկսեց միանգամից արտասվել, մոտեցավ, բռնեց ձեռքը»։
Ընտանիքը եւս հուզվել էր իրենց տղայի համար

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք զրուցեցինք նաեւ Ռուբենի հոր՝ Արթուր Գրիգորյանի հետ, որը նույնիսկ այդ ընթացքում չէր կարողանում թաքցնել հուզմունքը, քանի որ կատարվել էր որդու մանկության երազանքը։
«Փոքր ժամանակից պապիկի հետ միշտ ֆուտբոլ էր նայում, հատկապես, Ռոնալդուի խաղերը։ 6-7 տարեկան երեխա կլիներ, ասում էր «տար ինձ Ռոնալդուին մոտիկից տեսնեմ»։ Բացատրում էի, որ դրա համար այլ երկիր պետք է գնանq, հույս էի հայտնում, թե մի օր կգա Հայաստան ու անպայման կհանդիպի նրան։

Լուսանկարը` Մեդիամաքս
11 տարեկան էր, երբ հարեւանի երեխան սկսեց ֆուտբոլի գնալ, պնդեց, որ ինքն էլ է ուզում։ Այդպես տարանք «Ուրարտու» ակումբ։ Ցավոք, որոշ ժամանակ անց խումբը ցրվեց ու որպեսզի տղաս հետ չմնա ֆուտբոլից, սկսեց այցելել ներառական ֆուտբոլի՝ «Ադապտիվ ֆուտբոլային ակումբ»։ Նաեւ մարմնամարզությամբ է զբաղվում։
Հենց իմացավ, թե երբ է Պորտուգալիան գալու Հայաստան, սկսեց լաց լինել, թե «Ռոնալդուն գալիս է ու ինձ տարեք օդանավակայան»։ Այնքան ստիպեց, որ տատիկի հետ գնաց դիմավորելու։ Հետո էլ մտածում էր, թե տոմս որտեղից ճարի ու գնա մարզադաշտ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք տեղյակ չէինք, որ ֆուտբոլիստներին դաշտ ուղեկցող երեխաների թվում է լինելու։ Ֆուտբոլի ֆեդերացիայից մարզչին ասել էին, որ իր սաներից եւս լինելու են այդ երեխաների շարքում։ Հետո մարզիչը զանգահարեց ու զգուշացրեց, որ ժամը 5–ին լինենք մարզադաշտում։ Ոգեւորված նրան տարա այնտեղ։ Ռուբենիս երազանքը կատարվեց, չէր հավատում տեղի ունեցածին ու ողջ գիշերը չի քնել։ Մենք էլ էինք հուզվել այդ փաստից։ Երբ հետո արդեն տեսանյութերը տեսանք, ավելի աննկարագրելի պահեր ունեցանք»։
Բոլորն էլ կարող են դառնալ չեմպիոններ

Լուսանկարը` Մեդիամաքս
Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում սովորում է 91 աշակերտ։ Այնտեղ ուսուցումն իրականացվում է երկլեզու մեթոդով՝ ժեստային լեզվով եւ բանավոր խոսքով։
Տնօրեն Արմինե Բաբայանը պատմում է, որ երեխաներն ակտիվ զբաղվում են նաեւ սպորտով, մասնակցում տարբեր միջոցառումների ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ միջդպրոցական։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սպորտի դերն անձի կայացման, աշակերտների ինքնահաստատման գործում չափազանց կարեւոր է։ Մենք մասնակցում ենք տարբեր մրցումների եւ շատ ենք կարեւորում ներառական միջոցառումները։ Լսողության խանգարում ունենալը դատավճիռ չէ, բոլորը կարող են չեմպիոններ դառնալ ու լինել բարձրունքում։
Մենք ունենք բազմաթիվ երեխաներ, ովքեր մեդալներ են նվաճում, կամ արդեն սովորում են Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ Իսկ ահա մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներից Սարգիս Սարգսյանը խուլերի ըմբշամարտի Աշխարհի բազմակի չեմպիոն է։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուբենի ու Ռոնալդուի հանդիպումը մեր երեխաներին ցույց է տալիս, որ պետք է նպատակներ դնել ու հասնել դրանց, նույնիսկ եթե դրանք անիրական են թվում»։
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: