Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել մի քանի պատճառներով:
Նախ ազգային ընտրանին առաջին հանդիպումը պետք է անցկացներ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, Եղիշե Մելիքյանն իր նորամուտը նշեր գլխավոր մարզչի դերում եւ վերջապես 10 տարի անց Հայաստան ժամաներ Քրիշտիանու Ռոնալդուն:
Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին տեսնելու իսկական որս էր սկսվել: Բազմաթիվ երկրպագուներ նրան դիմավորեցին օդանավակայանում, հերթապահում էին հյուրանոցի շրջակայքում եւ փորձում ներկա լինել միայն լրագրողների համար նախատեսված բաց մարզմանը: Սակայն անվտանգության աշխատակիցները պորտուգալացուն շատ խիստ վերահսկում էին:
Պարզվեց, Հայաստանի հավաքականի խաղացողների համար էլ առանձնահատուկ էր խաղադաշտում մրցել Ռոնալդուի հետ: Նախ մինչեւ հանդիպումը Էդուարդ Սպերցյանը նշեց, որ կփորձի նրա հետ մարզաշապիկներով փոխանակվել, ապա Ինստագրամում համատեղ հրապարակում արեց:
«Հիանալի է խաղադաշտը կիսել այս լեգենդի հետ: Շարունակում ենք աշխատել»,- գրել է նա:
Պորտուգալացու մասնակցությամբ հրապարակումներ են արել նաեւ ավագ Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը եւ դարպասապահ Հենրի Ավագյանը, որի երկար գրառումը Հայաստանի հավաքականի մասին էր.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրպագում եւ հավատում են մեր հավաքականին։ Լավագույն ժամանակներն առջեւում են։
Վստահ եմ, որ մեր հաղթանակներով շուտով կուրախացնենք մեր ազգին։
Առաջ Հայաստան»:
Սա էլ պաշտպան Էրիկ Փիլոյանի հրապարակումն է.
«Այսօր հանդիպեցի լեգենդին, բայց ճանապարհորդությունը դեռ շարունակվում է: Մեծ նպատակներն առջեւում են»:
Առիթը բաց չի թողել նաեւ Նաիր Տիկնիզյանը. «Թող ամեն ինչ ստացվի»:
Ուգոչուկվու Իվուն առանձապես շեշտել է Ռոնալդուի գործոնը. «Պարտվեցինք, բայց խաղացի նրա դեմ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: