Ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերը խոստանում են լինել ամենագունավորը, վառն ու անմոռանալին: Ատլանտյան Օվկիանոսի ափին տեղակայված այս քաղաքում կյանքը եռում է, այստեղ միշտ տոն է եւ ուրախություն: Բրազիլացիներն ամեն ինչ արել են, որ Օլիմպիական խաղերի մասնակիցների ու հյուրերի համար այդ մեկ ամիսը լավագույնը դառնա:
Mediamax Sport-ը շարունակում է ձեզ ծանոթացնել Օլիմպիական Ռիոյի հետ ու այս անգամ պատմելու է խաղերի կառույցների մասին:
31-րդ ամառային Օլիմպիադան անցկացնելու համար օգտագործվելու են քաղաքի հայտնի կառույցներից մի քանիսը, նախագծվել են նաեւ նորերը: Օլիմպիական բոլոր կառույցները խաղերի կազմակերպիչները տեղակայել են 4 գոտիներում՝ «Մարականայում», Բառռայում, Կոպակաբանայում եւ Դեոդորոյում:
Բառռա
Բառռան դառնալու է Օլիմպիական խաղերի սիրտը: Այն շրջապատած է գեղեցիկ սարերով ու կղզյակներով, կարող է հպարտանալ նաեւ Ռիոյի ամենագեղեցիկ ծովափով:

Լուսանկարը` wsdg.com
Սպորտային մրցումների մեծ մասը կայանալու է հենց Բառռայում. այստեղ անցկացվելու են 42 մարզաձեւերից 16-ի մրցումները: Այդ նպատակով էլ կենտրոնական ու գլխավոր համարվող այս գոտում մի քանի նոր օլիմպիական կառույցներ են տեղակայվել: Հիմնականները երեքն են ու կոչվում են Կարիոկաներ, դրանք իրարից տարբերելու համար պարզապես համարակալել են:
Մարի Լենկի անվան Օլիմպիական բաց ջրային կենտրոնում մրցելու են ջրացատկորդները եւ ջրագնդորդները: Մարմնամարզիկներն ուժերն են չափելու Օլիմպիական արենայում: Ռիոկենտրոնում հանդես են գալու բռնցքամարտիկներն ու ծանրորդները: Բառռայի տարբեր մարզադահլիճներում անցկացվելու են բասկետբոլի ու մենապայքարային մարզաձեւերի մրցումները:
Սպորտային կառույցներից բացի, Բառռայում է տեղակայվելու նաեւ Օլիմպիական ավանը, Միջազգային հեռարձակման կենտրոնն ու խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը, ինչպես նաեւ Թենիսի կենտրոնն ու հեծանվահրապարակը:
Դեոդորո
Դեոդորոն կառույցների քանակով զիջում է միայն Բառռային: 9 սպորտային հարթակներում մեդալներ են խաղարկվելու 11 մարզաձեւում: Այս գոտին գտնվում է քաղաքի արեւմտյան հատվածում ու կառուցվել է 2007 թվականի Պանամերիկյան խաղերի համար:
Դեոդորոյի նախկին զինվորական բազայում կայանալու են ձիասպորտի, ժամանակակից հնգամարտի, սուսերամարտի, հեծանվասպորտի ու հրաձգության մրցումները:

Լուսանկարը` rio2016.com
Այստեղ է գտնվում X-Park-ը, որն իր մեջ ներառում է Whitewater ու Օլիմպիական BMX-կենտրոնը:
«Մարականա»
Այս գոտին գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային հատվածում ու իր մեջ ներառում է աշխարհի ամենամեծ ու հայտնի ստադիոններից մեկը՝ «Մարականան» եւ Սամբոդրոմը, որտեղ ամեն տարի անցկացվում է բրազիլական կարնավալը:
1950 թվականին կառուցված ու 2 աշխարհի առաջնություն (1914 ու 1950 թթ) ընդունած մարզադաշտն առաջին անգամ չէ, որ հայտնվելու է մարզասերների ուշադրության կենտրոնում:
Հենց «Մարականայում» էլ օգոստոսի 5-ին կայանալու է խաղերի բացման արարաղությունը: 90 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտում է նաեւ ազդարարվելու խաղերի փակման արարողությունն ու անցկացվելու է ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:
Իսկ ստադիոնի կողքին գտնվող 12 հազար նստատեղ ունեցող «Մարականազինյու»-ում էլ կայանալու է վոլեյբոլի մրցաշարը:

Լուսանկարը` rio2016.com
Սամբոդրոմում ընթանալու են նետաձիգների մրցումներն ու ազդարարվելու է կանանց ու տղամարդկանց մարաթոնյան վազքի մեկնարկը:
Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ աթլետիկայի մրցումները չեն կայանալու գլխավոր մարզադաշտում, դրանք հյուրընկալելու է «Ժոաո Ավելանժ» ստադիոնը:
Կոպակաբանա
Կոպակաբանայի ամենահայտնի վայրերից մեկը 4 կմ ձգվող ու կիսալուսնաձեւ ծովափն է: Հենց այդ գեղեցիկ ու արեւոտ վայրում անցկացվելու են ծովափնյա վոլեյբոլի մրցումները: Ծովափի հարավային հատվածում կազմակերպվելու են լողի (մարաթոն), տրաիտլոնի, հեծանվասպորտի ու սպորտային քայլքի մրցաշարերը:

Լուսանկարը` www.boomsbeat.com
Դրանից քիչ հեռու գտնվող լագունա Ռոդրիգու-դի Ֆրեյտաշում, որի բարձունքում գտնվում է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը, մրցելու են ակադեմիական թիավարության, բայդարկայի ու կանոեի ներկայացուցիչները: Գուանաբարա ծովածոցում էլ ուժերն են չափելու առագաստանավորդները:
Ռիո դե Ժանեյրոյից բացի մրցումներ են լինելու եւս բրազիլական 4 քաղաքում՝ Բելու-Օրիզոնտիում, Սալբադորում, Սան-Պաուլուում եւ Բրազիլայում: Այդ քաղաքներում կայանալու են Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումները:
Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: