Այսօր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից ու մեդալակիր հայ մարզիկներին:
Նա նշել է, որ ուրախ է Օլիմպիական թիմի հետ հանդիպման համար ու շնորհակալություն է հայտնել Հայաստանը Փարիզում լավ ներկայացնելու համար:
«Բոլորդ ականատես եղաք, թե ինչպես էին ամբողջ աշխարհի հայերը միասնական դարձել ու հետեւում էին ձեզ: Այս ծանր ու դժվարին օրերին կարողացաք նրանց ուրախության եւ հպարտության պահեր պարգեւել եւ մեր երկիրը պատվով ներկայացնել: Մենք գիտենք, որ խաղերը միայն մի քանի օր չեն տեւում, մարզիկների, մարզիչների, Օլիմպիական ընտանիքի ու պետության համար դրանց նախապատրաստությունը 4 տարի է ձգվում: Այդքան տարիներ պատրաստվում եք, աշխատում ու տանջվում, որ կարողանաք լավ հանդես գալ: Միայն մրցումներին ներկա լինելով է հնարավոր տեսնել, թե դրանք որքան բարդ են: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ կարողացաք պատվով ելույթ ունենալ»,- շեշտել է Ծառուկյանը:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է Օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալու գործում սպորտային հաջողության կարեւորությունը: Ընդգծել է, որ հենց դրա պատճառով Արթուր Ալեքսանյանը չկարողացավ ոսկե մեդալակիր դառնալ: Ծառուկյանն ավելացրել է, որ Հայաստանի ֆեդերացիան ու ՀԱՕԿ-ը բողոքարկել են մրցավարների որոշումը եւ սպասում են պատասխանի:
«Մեր բողոքը բարեկամ ու հարեւան Իրանի ներկայացուցչի դեմ չէ, այլ մրցավարների: Հետեւում ենք, որ բողոքարկումը տեղ հասնի: Ոսկե մեդալին շատ մոտ էր նաեւ Վարազդատ Լալայանը, ցավոք նա 256 կգ-ը չկարողացավ բարձրացնել, հավանաբար, շտապեց, այլապես հենց նա կլիներ առաջինը: Արթուր Դավթյանն այնպիսի աշխատանք կատարեց, որ բոլորին հիացրեց իր ելույթով ու արծաթ նվաճեց: Մալխաս Ամոյանն էլ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է եւ ակնկալում էինք, որ կկարողանա հաղթել, բայց նա էլ շտապեց ու 3-րդ տեղը գրավեց»,- ավելացրել է ՀԱՕԿ-ի նախագահը:
Նա անդրադարձել է նաեւ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին, որը խաղերում զիջել է 2-րդ գոտեմարտում: Ծառուկյանն ընդգծել է, որ ըմբիշն ամեն անգամ ստիպված է լինում մոտ 6 կգ քաշ գցել, ինչի պատճառով չի հասցնում վերականգնվել, հետեւաբար մարզիչները նրա քաշային կարգի վերաբերյալ պետք է հստակ որոշում կայացնեն:
«Ուզում եմ նշել, որ լավ թիմ ու հեռանկարային ապագա ունենք, ամեն ինչ դեռ առջեւում է: Մեր հիմնական մարզաձեւերը, որոնցում սովորաբար արդյունքներ ենք գրանցում, ձյուդոյից բացի, իրենց բարձրության վրա են: Պետք է շարունակենք աշխատել ու հաջողություններ գրանցել: Անհնար է սպորտում լավ պատրաստվել ու արդյունքի չհասնել»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: