Փետրվար 08, 2026
exclusive
195 դիտում

«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը


Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալերենով Հենրիխ Մխիթարյանի կենսագրական «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գրքի շնորհանդեսից մի քանի ամիս անց այն վերջապես Երեւանում ներկայացվել է նաեւ հայերենով։ Գրքի թարգմանիչը Լուսինե Շուքուրյանն է։

«Ինտեր»-ի կիսապաշտպանը ֆուտբոլի եւ գրքի սիրահարներին միավորել է «Newmag»-ի ձմեռային փառատոնի շրջանակներում։ Իսկ գրքին նվիրված քննարկմանը Մխիթարյանի մասին խոսել են «Փյունիկ»-ում ու Հայաստանի ազգային հավաքականում նրա նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, նախկին թիմակից Դավիթ Մանոյանը, ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն ու գրքի համաթարգմանիչ Անի Հակոբյանը։

Mediamax Sport-ը ներկա է եղել քննարկմանն ու առանձնացրել է կարեւոր մտքերը։

 




Մինասյան. «Ֆուտբոլը Մխիթարյանի կյանքն է»


Հենրիխ Մխիթարյանի հաջողության եւ բարձրունքների հասնելու դեպքում միայն մեկ գործոն կամ որակ նշել հնարավոր չէ։ Նրա պարագայում մի քանի գործոնների համադրություն էր՝ շատ աշխատասեր է ու նպատակասլաց։ Իր ճանապարհին շատ դժվարությունների է հանդիպել, բայց դրանք հաղթահարելու ունակություն է ունեցել։ Հենրիխը միշտ շրջապատված է եղել ճիշտ մարդկանցով, նրա կողքին են եղել ընտանիքն ու ֆուտբոլից հասկացող մարդիկ, որոնք նրան օգնել են։ Ինչպես նաեւ նրա դեպքում գենետիկան է մեծ դեր խաղացել, ինչը եւս շատ կարեւոր է։

 Ես ֆուտբոլիստներին 3 խմբի եմ բաժանում՝ ուղղակի ֆուտբոլիստների, լավ խաղացողների ու բարձրակարգների։ Բարձրակարգները հասնում են բարձունքի եւ այնտեղ երկար մնում, այդ որակը չես շփոթի ոչ մի բանի հետ։ Հենրիխ Մխիթարյանն էլ այդպիսին է։


Ասում են` ֆուտբոլում մոտիվացիան եւս կարեւոր է, բայց խաղացողներն այն երբեմն կորցնում են, ու այդ ժամանակ հենց կարգապահությունն է, որ օգնում է առաջ գնալ։ Մխիթարյանն այնքան կարգապահ էր, որ նրան առաջադրանք հանձնարարելու դեպքում հետեւելու կարիք չկար, գիտեինք, որ անպայման անելու է։ Կարգապահությունը նրա ապրելակերպն է, նա ֆուտբոլը շատ է սիրում, այն իր կյանքն է։

 


Մխիթարյանը նաեւ տարբերվում է նրանով, որ շատ ինտելեկտուալ խաղացող է, իսկ մենք գիտենք, որ ֆուտբոլը վաղուց դարձել է ոտքի ու մտքի խաղ։

 Գրքում նա անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի հետ փոխհարաբերություններին, կասեմ միայն մեկ բան, որ ֆուտբոլիստի համար դժվար է մտնել մարզչի հոգեբանության մեջ։ Ժոզեին չեմ պաշտպանում, պարզապես մարզիչն ամբողջ թիմի մասին է մտածում, իսկ ֆուտբոլիստը՝ հիմնականում իր։ Կարծում եմ, որ ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Ռոմա»-ում նրանց փոխհարաբերություններն ավելի լավ դասավորվեցին, քանի որ Հռոմում Մխիթարյանն իր թիմի համար շատ կարեւոր ու առանցքային խաղացող էր, ու Ժոզեն նրանից ավելի մեծ կախման մեջ էր։ Մինչդեռ ՄՅՈՒ-ում մարզիչն ընտրության ավելի մեծ հնարավորություն ուներ։

 

Սովորաբար երեխաները երազում են նմանվել անվանի մարդկանց՝ մարզիկներին, պետական գործիչներին, մեր ազնվագույն հերոսներին, ոմանք՝ իրենց ծնողներին։ Հենրիխն ինձ համար այն հերոսն է, որին երեխաները պետք է ձգտեն նմանվել։ Նա ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ չկա։ Նա հայ ազգի համար իրական արժեք է, առանց պաթոսի եմ ասում։ Որքան էլ որոշ մարդիկ փորձում են դա նսեմացնել, նա վայելում է եւ վայելելու է մարդկանց սերն ու հարգանքը։

 

Մանոյան. «Փոքրիկ Համլետը նույնիսկ ավելի տաղանդավոր է, քան Հենրիխը»

 

Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանի տաղանդը գնահատող մարդիկ կան։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ չենք գնահատում, թե ինչպիսի ֆուտբոլիստ ունենք, որը հանդես է եկել ու շարունակում է խաղալ եվրոպական թոփ ակումբում։ Առաջ կերազեինք, որ նման թիմերում «յան» ազգանունով խաղացող լինի։

 

Հենրիխին ճանաչում եմ 7 տարեկանից, միասին ենք սկսել մեր ուղին, գիտեմ, թե ինչ պայմաններում էինք երազում մեծ ֆուտբոլի մասին։ Մենք պարզ մանկություն ենք ունեցել, ինչից նոր սերունդը շատ է կտրված։ Նույն բակում էինք ապրում ու հաճախ էինք ֆուտբոլ խաղում կամ էլ հեծանիվ քշում։ Բայց մեր առօրյայի մեծ մասը հենց ֆուտբոլն էր կազմում։

 

Մեր սերնդակիցները կհիշեն «Պանինի» ամսագրերը, որի համար ֆուտբոլային քարտեր էինք հավաքում եւ փոխանակվում իրար հետ։ Սովորաբար Հենոյի մոտ քարտերն արագ էինք կուտակվում ու նա դրանք ինձ էր տալիս։

Նա գրքում հիշատակել է իր սենյակում փակցրած Արսեն Վենգերի պաստառի մասին, որը ինքս եմ տեսել։ Դեռ փոքր տարիքից էր ասում, որ ցանկանում է հանդես գալ «Արսենալ»-ում։

 

Լինելով այդքան բարձրակարգ ֆուտբոլիստ՝ ճանաչում էր անգամ Առաջին լիգայի վերջին տեղում գտնվող ակումբի խաղացողներին։ Նրա կյանքը ֆուտբոլի շուրջ էր պտտվում։ Հենոյի պես ֆուտբոլ սիրող ու խաղին հետեւող մարդ չեմ տեսել։

 

Նա հաջողությունների է հասել անդադար աշխատանքի, ռեժիմին հետեւելու, նպատակասլացության եւ տաղանդի շնորհիվ։ Հենրիխի ցանկացած որոշում կշռադատված ու ճիշտ է եղել, երբեք էմոցիաների ազդեցության տակ չէր գործում։ Երբ իմացանք, որ Հայաստանի հավաքականից հեռանալու որոշում է կայացրել, գիտեի, որ այդ մասին երկար է մտածել։

 

Հենրիխի հետ միշտ ենք շփվել ու հիմա էլ շարունակում ենք ընտանիքներով ջերմ հարաբերություններ պահպանել։ Ասեմ, որ փոքրիկ Համլետը նույնիսկ ավելի տաղանդավոր է, քան Հենրիխը։ Նա գնդակի հետ հիանալի է վարվում։ Համլետը Հենրիխի համեմատությամբ մեկ առավելություն էլ ունի՝ հոր կերպարն իր աչքի դիմաց է եւ օրինակ է իր համար։ Նա հետեւում է ոչ միայն Հենրիխի ելույթներին, այլ նաեւ շատ աստղերի ու կրկնօրինակում է Իբրահիմովիչից մինչեւ Մեսսիի գոլերը նշելու ձեւը։

Վերջին տարիներին մարզերում եւ Երեւանում մրցաշարեր եմ կազմակերպում ու երեխաների հետ շատ եմ շփվում։ Ծնողներին մի խնդրանք ունեմ՝ հետեւեք, թե ձեր երեխաներն ինչ են դիտում սոցկայքերով։ Ռոնալդուին ու Մեսսիին սիրելը լավ է, բայց նրանցից այն ոգին չեն սովորելու, ինչ Հենոյից, որի պրոֆեսիոնալիզմը, ընկերասիրությունն ու հայրենասիրությունն իսկական օրինակ են երեխաների համար։

Հակոբյան. «Իտալահայկական կրքերով գիրք է ստացվել»

Երբ մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ թարգմանելու ենք Հենրիխ Մխիթարյանի գիրքը, այդ պահից սկսած բազմաթիվ նամակներ էինք ստանում, թե երբ է վերջապես լինելու հայերեն տարբերակը։

 

Գիրքը թարգմանելիս մեզ համար հատկապես դժվար էր աշխատել հուզական շերտի պատճառով։ Պետք էր ամեն ինչ ճիշտ ու նրբանկատորեն հայերեն փոխադրել։ Իտալահայկական կրքերով գիրք է ստացվել, հայ տղայի նվիրումի ճանապարհն ու իտալացի համահեղինակի էմոցիոնալ բառամթերքն այն հրաշալի են դարձրել։

Հենրիխի կարիերան մեր աչքերի առաջ է ծավալվել, բայց մենք ամեն ինչ չէ, որ գիտենք նրա կյանքի մասին։ Եվ այս կենսագրական գրքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն պարզապես ֆուտբոլային հաջողությունների թվագրում չէ, գրքում շատ է Հենրիխի երկխոսությունը հոր հետ։ Նա կարծես թե դիմում է հորն ու խոստովանություն անում նրան. «Պապ, սա էլ արեցի, սրան էլ հասա։ Հիմա «Մանչեսթեր»-ում եմ...»։ Գրքում արտահայտված են որդիական կարոտն ու ակնածանքը, սերը տատիկի ու մայրիկի, շնորհակալությունը քրոջ հանդեպ, որոնց շնորհիվ նա կարողացել է շատ բաների հասնել իր կարիերայում։ Մխիթարյանն իր ողջ էմոցիոնալ ներկնապնակով է ներկայացված։ Գրքի խորհուդը լավ մարդ լինելն է, ինչն այս կյանքում ամենաբարդն է։



«Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը նախ կրթադաստիարակչական է ծնողների համար, ապա նաեւ ուսուցիչների, որոնք մարզիչների աշխատանքի օրինակով կարող են կառուցել իրենց հարաբերությունները երեխաների հետ։ Գիրքն այս միջոցառմանը վառվող աչքերով ներկա այն երեխաների համար է, որոնք ցանկանում են մարզիկ դառնալ։ Բայց նրանք նախ պետք է հասկանան, որ հաղթանակներին, գավաթներին ու մեդալներին հասնում են ոչ թե մի քանի րոպեի ընթացքում, այլ տարիների քրտնաջան աշխատանքի։

Քանի որ հիմա մրցաշրջանն ընթացքի մեջ է, Մխիթարյանը չկարողացավ գրքի շնորհանդեսին ներկա լինել, բայց անպայման նրա հետ հանդիպում կկազմակերպենք ու բոլորն իրենց գրքերի մակագրությունները կստանան։

Ջանջոյան. «Հենոն մեր սրտերը գրավել է իր պարզությամբ»

Շատ հանդիպումներ են եղել, երբ հավաքականն այդքան էլ լավ վիճակում չի եղել, բայց խաղադաշտում միայն Մխիթարյանի ներկայությունն արդեն իսկ երկրպագուներին հույս է հաղորդել։ Ծանր ժամանակներում նա կարողանում էր հարցեր լուծել։

Հենրիխը նաեւ մեծ դեր է ունեցել երկրպագունական շարժման մշակույթի ձեւավորման գործում։ Նրա հետ ամենատարբեր հարցեր ենք քննարկել ու լսել իր կարծիքը։ Երբ թիմի ավագ էր, նա միշտ հավաքում էր ֆուտբոլիստներին ու մոտենում երկրպագուներին՝ այդկերպ ցույց տալով իրենց հարգանքը։ Մեզ համար դա մեծ նշանակություն ուներ։

Հենրիխը երկրպագուների սրտերը հատկապես գրավել է իր պարզությամբ, բոլորն էլ գիտեին, որ կարող են նրան մոտենալ եւ հետը խոսել, նույնիսկ՝ միասին սրճել։



Մեր հավաքականում կարիերան ավարտած Մխիթարյանի նախկին թիմակիցներից մեկը, որի որդին նույնպես ֆուտբոլիստ է ցանկանում դառնալ, նրան այսպիսի խորհուրդ է տվել. «Դու մի գնա իմ ճանապարհով, այլ հետեւիր Մխիթարյանին։ Երբ ազատ օրը հանգստանում էինք, նա աշխատում էր, երբ մենք գնում էինք զվարճանալու, նա կարդում էր ու սովորում»։ Կարծում եմ սա շատ ցայտուն օրինակ է։ Եվ այս գրքի առկայությունը շատ կարեւոր է երեխաներին Մխիթարյանի օրինակով դաստիարակելու համար։


Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին