Նոյեմբեր 24, 2024
exclusive
1269 դիտում

Ալեքսանյան. Մինչեւ վերջ ենք գնալու ու փորձելու ոսկե մեդալը վերադարձնել Հայաստան


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ու Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն վճռական են տրամադրված ու ցանկանում են վերադարձնել Փարիզի խաղերում Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը:

Նրանք գտնում են, որ Օլիմպիական խաղերի եզրափակչում իրանցի Մոհամադ Հադի Սարավիի հետ պայքարում մրցավարները կողմնակալ են եղել, ինչի արդյունքում էլ Ալեքսանյանը զրկվել է չեմպիոնությունից ու բավարարվել արծաթով:

Դեռ Փարիզում Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսպես էր մեկնաբանել գոտեմարտի ելքը.

«Փարիզ ոսկե մեդալի համար էի եկել, բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց։ Իրանցի ըմբիշը երկու ոտքով գոտեմարտելու տարածքից դուրս էր եկել, ինչը նկատեցի ու մեր մարզիչներին ասացի, որ բողոքարկեն։ Այդ դեպքում ինձ պետք է մեկ միավոր տային, փոխարենը իրանցին երկուսը ստացավ, մեկն էլ ավելացրին բողոքարկելու արդյունքում։ Հաշիվը պետք է 2:1 լիներ հօգուտ ինձ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական կողմի բողոքարկումից հետո հաշիվը 1:4 դարձավ, ինչը Արթուր Ալեքսանյանի ու նրա անձնական մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գեւորգ Ալեքսանյանի խոսքով՝ կոպտագույն սխալ է:

Mediamax Sport-ի հետ զրույցում Գեւորգ Ալեքսանյանը նշել է, որ իրենց անհամաձայնությունը հայտնել են դեռ Փարիզում, եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նամակ է հղել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, որի պատասխանն իրենց ընդհանրապես չի գոհացրել:

«UWW-ն չի նշել, թե մրցավարների կայացրած որոշումն իրականում ճիշտ է, թե սխալ, պարզապես ներկայացրել է նրանց մեկնաբանությունն ու պատճառաբանությունը: Մրցավարները գտնում են, որ գործել են օրենքի կետին համապատասխան, մինչդեռ այն պասիվության համար միավոր չի նախատեսում: Մենք խորհրդակցել ենք այլազգի մրցավարների ու տարբեր երկրների հավաքականների մասնագետների հետ, որոնց թիմերը պարբերաբար մեզ հետ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում կամ հանդիպում ենք մրցումների ժամանակ, ու բոլորն էլ միանշանակ համաձայն են մեզ հետ»,- ընդգծել է Ալեքսանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա շեշտել է, որ Փարիզից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն բողոքարկում է ուղարկել Միջազգային Օլիմպիական կոմիտե, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Հայկական կողմը բանակցում է Ֆրանսիայից, Իտալիայից ու Նիդերլանդներից տարբեր փաստաբանների հետ, որոնց առաջարկները լսելուց հետո օգոստոսի 27-ին կընտրի նրանցից մեկին, ինչից հետո 2 օրվա ընթացքում կդիմեն Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Փաստերն արդեն իսկ հավաքած ունենք, համոզված ենք մեր իրավացիության վրա: Ես ու Արթուրը գտնում ենք, որ եզրափակչում մրցավարները կոպտագույն սխալ են թույլ տվել: Մեր բողոքարկումից հետո պետք է Արթուրին միավոր տային, ինչիցն հետո հաշիվը կդառնար 2:1 հօգուտ մեզ: Գոտեմարտի ավարտին 1 րոպե էր մնում ու այդ ընթացքում իրանցին այլեւս չէր հասցնի կանգնած դիրքից հնարք կատարել: Մրցավարների այդ որոշման մեջ միտում ենք տեսնում, բայց հիմա ամենակարեւորն այն է, որ փորձելու ենք ոսկե մեդալը վերադարձնել Հայաստան: Մինչեւ վերջ են գնալու, որպեսզի հասնենք արդարության»,- ավելացրել է մարզիչը:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի եւ Reuters-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին