Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն անդրադարձել է Միքայել Միքայելյանի հետ տեղի ունեցած միջադեպին եւ դրան՝ ԿԳՄՍ-ի նախարար Ժաննա Անդրեասյանի արձագանքին:
Օրեր առաջ Միջազգային դահուկային ֆեդերացիան Tour de Ski-ի ժամանակ տուգանեց դահուկորդ Միքայել Միքայելյանին, որը ելույթի ընթացքում իր մրցակցային հագուստի վրա կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի «Ադրբեջան» գրությունը:
«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի բոլոր մարզիկները կրում են մարզահագուստ, որոնց վրա հայերենով ավելի մեծ գրված է «Հայաստան», իսկ անգլերենով ավելի փոքր՝ «Armenia»: Մենք ազգային ֆեդերացիաներից առաջինն ենք, որ մրցումային հագուստի վրա հայերեն գրություն ունի:
Ինչո՞ւմն է թյուրիմացությունը․ դահուկային բոլոր ձեւերում կան մրցումային համարներ, որոնք մարզիկները կրում են համազգեստի վրայից ու նշված են նաեւ հովանավորի անվանումը: Միքայելը չի կրել «Ադրբեջան» գրությամբ մարզահագուստ․ իր մարզահագուստի վրայի էլաստիկ շապիկն ունեցել է հովանավորի անվանումը:
Մի հետաքրքիր հանգամանք՝ պատահականության արդյո՞ւնք է, թե՞ այդ դեպքը հաշվի առնելու շնորհիվ է, որ հաջորդ օրը Միքայելի ստացած համարի վրա եղել է այլ հովանավորի անվանում:
Շատ են հարցնում, եթե մեր մարզիկները շարունակեն փակել «Ադրբեջան» գրությունը, ի՞նչ կանի Հայաստանի ֆեդերացիան: Մեր ֆեդերացիան միայնակ չէ, մարզիկը ստացել ու ստանալու է ամբողջ աշխարհի հայերի աջակցությունը: Չեմ կարծում, որ գործնականում որեւէ տեսանելի լուրջ խնդիր կունենանք։
Տույժերի դեպքում մենք սիրով կվճարենք գումարը: Իսկ եթե տեսականորեն Միքայելին կամ մարզիկներից որեւէ մեկին փորձեն որակազրկել, կա խնդրի իրավական լուծում՝ կդիմենք Միջազգային սպորտային արբիտրաժային դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կվիճարկենք այն:
2 օր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս թեմային: Նա նշել է, որ հարցում են ուղարկել մեզ, որի պատասխանը ստանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը: Նույն օրը հարցում ենք ստացել սպորտը համակարգող փոխնախարարի կողմից (Հասմիկ Ավագյան, խմբ.), անմիջապես պատասխանել ենք: Քանի որ հարցը համազգային քննարկման առիթ է հանդիսացել, խոստանում եմ վաղը հրապարակել ԿԳՄՍ-ի հարցումն ու մեր պատասխանը:
Շատ հետաքրքիր էր տիկին նախարարի պատասխանը․ ասուլիսն ամբողջությամբ չեմ տեսել, բայց այդ թեմային նվիրված հատվածն այսպիսին էր. «Սպորտը պետք է լինի սպորտի մասին»:
Տիկին նախարարն առավել քան իրավացի է՝ սպորտը պետք է լինի սպորտի մասին: Դրան է նվիրված մեր կյանքի ամենամեծ մասը: Տիկի՛ն նախարար, մենք էությամբ դրանով ենք ապրում, որ սպորտը լինի սպորտի մասին: Մարզական կրթությունը, մարզական գիտությունը, գործունեությունն եւ պրոֆեսիոնալիզմը, սպորտը պետք է լինի սպորտի մասին:
Շատ կուզեմ, որ սպորտի համակարգը Հայաստանում կիսասովետական չմնա, այլ լինի 21-րդ դարին համապատասխան, ժամանակակից ու տեխնոլոգիական: Բազմիցս ասել եմ, որ ինքս պատրաստ եմ կամավորական հիմունքներով օգնելու ձեզ սպորտը դարձնել 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական համակարգ:
Հարգելի՛ տիկին նախարար, շատ հարգելով Ձեր անձը, տարիների ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել, բարձրաձայնել խնդիրներ՝ հատկապես 2026-ի Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրի վերաբերյալ: Ոչինչ չի փոխվելու, բացարձակ, 0 արդյունք: Այո՛, սպորտը պետք է լինի սպորտի մասին, տիկին նախարար:
Հայաստանի դահուկասպորտի հավաքականի գլխավոր մարզիչը հիրավի պատմական արդյունքներ է գրանցում: Սպորտը համակարգող փոխնախարարն ի՞նչ պատմական արդյունքերի եք հասել 2026-ին հարցին անդրադառնալով՝ նշել էր պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանի մասին, որը Համաշխարհային ուսանողական խաղերում բրոզնե մեդալակիր է դարձել:
Այդ արդյունքը գրանցվել է հավաքականի գլխավոր մարզիչ ու Միքայել Միքայելյանի հայր Արթուր Միքայելյանի ու նրա տիկնոջ՝ Ալլա Միքայելյանի շնորհիվ: Այն մարզչի, որը Ձեզ բազմաթիվ նամակներ է հղել՝ ցանկանալով հանդիպել ու քննարկել դահուկային սպորտի առջեւ ծառացած խնդիրները: Նա ցանկացել է ներկայացնել ձմեռային մարզաձեւերում մեր բարեփոխման տեսլականը, բայց այդպես էլ մնացել է անպատասխան:
Տիկի՛ն նախարար, սպորտը պետք է լինի սպորտի մասին:
Դուք տեղյակ եք խնդիրներից, քանի որ դրանց մասին բազմիցս ենք Ձեզ գրել: Մի քանի տարիների ընթացքում մի անգամ կարճ հանդիպում է եղել Ձեզ հետ: Քննարկել ենք մի ցավոտ հարց, որը շատ հեշտ լուծելի է: Ձմեռային մարզաձեւերի հավաքականները մրցումների մասնակցելու համար մի քանի տարի պետությունից մարզահագուստ չէին ստացել: Եւ վերջապես 2025-ին ԱԱ-ի համար ստացան ամառային մարզաձեւերի համար նախատեսված հագուստ: Եթե չեմ սխալվում, կառավարության որոշման մեջ գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներակայացնելու համար»:
Եթե պատշաճ ներկայացնելը պետք է ամառային մարզահագուստով անել, բնականաբար, սպորտը պետք է լինի սպորտի մասին»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: