Դեկտեմբեր 26, 2024
11108 դիտում

Հայաստանի դատախազությունը քրեական գործ է սկսել Նուրլան Իբրահիմովի նկատմամբ


Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանի դատախազությունը քրեական գործ է սկսել «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ:

Հոկտեմբերի 31-ին նա սոցկայքերում հայատյաց գրառում էր կատարել. «Պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց ու ծերերին: Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ նրանց հետ ուժի լեզվով խոսեցինք, եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր Իբրահիմովը:

Ադրբեջանցին նաեւ արդարացրել էր 1915 թվականին Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունը:  

Ինչպես հայտնում են դատախազությունից, 1949 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված եւ ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել ու պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաեւ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) եւ 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով»,- հայտնում են կառույցից:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին