Մայիս 19, 2024
3944 դիտում

Հայ մարմնամարզիկները չեն կարողանում Գերմանիայի վիզա ստանալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականը պատրաստվում է հանդես գալ գերմանական Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթում:

Թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիայի դեսպանատունը խոչընդոտներ է ստեղծում վիզա ստանալու հետ կապված:

 

«Մրցաշարը մեկնարկելու է նոյեմբերի 21-ին, իսկ դեսպանատուն մտնելու օր չեն տրամադրում: Միայն ամսի 18-ն է բաց, իսկ այդ օրը մենք պետք է արդեն մրցավայրում լինենք: Կազմակերպիչները փորձել են կապվել դեսպանատան հետ, բայց այդպես էլ նրանց ոչ ոք չի պատասխանել: Հիմա պետք է դիմենք մեր երկրի համապատասխան մարմիններին, տեսնենք, թե ինչ կարող են անել: Մի քանի հոգի այս պահին վիզայի խնդիր չունի, սակայն եթե այս հարցը չլուծենք, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը չեն կարողանա հանդես գալ»,-ասել է Սերոբյանը: 

 

Աշխարհի գավաթի փուլերում մարզիկները պայքարում են Օլիմպիական ուղեգրերի համար: Մեր թիմը չի մասնակցի դրանցից երկուսին, ինչպես նաեւ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը, քանի որ բոլորն էլ կայանալու են Բաքվում:

 

«Գերմանիայից բացի եւս երկու փուլ տեղի կունենան Ավստրալիայում եւ Քաթարում: Դոհա մենք անպայման կմեկնենք, սակայն Ավստրալիան դեռ հստակ չենք որոշել»,-ավելացրել է նա:

 

Օլիմպիական խաղերի ուղեգիր այս պահին հայ մարմնամարզիկներից նվաճել է միայն Արթուր Դավթյանը, որը ելույթ կունենա հենացատկում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին