Դեկտեմբեր 21, 2024
1720 դիտում

Մեկ կադրում. Մանչեսթերի փողոցներում առավոտյան վազող Ռայան Գիգզը


Լուսանկարը` FC Manchester United

Լուսանկարը` FC Manchester United


Հիմա դժվար թե որեւէ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հանդիպենք Երեւանի կամ ցանկացած այլ քաղաքի փողոցներում վազելիս: Դրա համար հատուկ մարզասրահներ ու մարզադաշտեր կան, որտեղ էլ սովորաբար անցկացնում են իրենց պարապմունքները:

Սակայն ամեն ինչ այլ էր 1990-ականներին, եւ նման մի դրվագի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում, որում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն է:

Նա ակումբի մարզաշապիկը կրել է 24 տարի շարունակ ու Գինեսի 9 ռեկորդ սահմանել, որոնց թվում են Պրեմիեր Լիգայում ամենաշատ հանդիպումները (632), նվաճած ամենաշատ տիտղոսները (13), անցկացրած անընդմեջ մրցաշրջանները (22), Պրեմիեր Լիգայում գրանցած ամենաշատ հաղթանակներն ու գոլային փոխանցումները:

Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 146-ամյա պատմության խաղաժամանակի մոտ 19 %-ն անցկացրել է ակումբում, իսկ ամեն ինչ սկսվել է սովորական առաջարկությունից, որն արել է լավ ֆուտբոլիստներ ընտրելու բացառիկ հոտառություն ունեցող սըր Ալեքս Ֆերգյուսոնը:

15 տարեկանից Գիգզը սկսել է մարզվել գլխավոր թիմի հետ ու մշտապես գտնվել մարզչի ուշադրության կենտրոնում: Նորամուտը թիմում նշել է 18 տարեկանում`1991 թվականի մարտի 2-ին: Ֆերգյուսնը նրան ընդգրկել է «Էվերթոնի»-ի դեմ խաղի պահեստային կազմում, բայց պաշտպան Դենիս Իրվինի վնասվածքի պատճառով ստիպված էր խաղադաշտ դուրս բերել: Մեկ ամիս անց Գիգզը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում էր ու խփեց իր առաջին գոլը, որը կիսապաշտպանը շատ զվարճալի է համարում ու գտնում՝ բնավ էլ ինքը չի խփել: Նրա պատմելով՝ գնդակն իրեն պատահական է դիպել, ինչից հետո անդրադարձով հարվածել է մրցակցի պաշտպանին ու նոր հայտնվել դարպասում:

Երբ 1989-ին Գիգզը նոր էր տեղափոխվել Մանչեսթեր, հյուրանոցում էր բնակվում, ու քանի որ մարզվելուց եւ խաղալուց բացի շատ զբաղմունք չուներ, սիրում էր առավոտյան դուրս գալ քաղաքի փողոցներ եւ վազել: Կադրն էլ արվել է նման վազքի ժամանակ եւ ցույց է տալիս Գիգզի ու աշխատանքի գնացող կնոջ ջերմ ողջույնը: Բնակիչների համար ֆուտբոլիստին հաճախակի հանդիպելը սովորական երեւույթ էր դարձել:

90-ականների սկզբին դժվար էր Անգլիայում գտնել մի ֆուտբոլիստի, որը Գիգզից ավելի հայտնի կլիներ, անգամ ինքն էր զարմացած նման ճանաչումից. «Սովորական տղայից վերածվեցի շատ հայտնի անհատականության: Որտեղ էլ գնայի, շուրջս հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվում: Երբ սկսում էի ինքնագրեր բաժանել, մինչեւ հաջորդ թաղամաս հերթեր էին գոյանում: Իսկ մի անգամ Սուրբ Վալենտինի տոնին 6000 բացիկ ստացա»:

Բնաբանակար, նման ճանաչումից հետո իրեն էլ առավոտյան քաղաքում նախավարժանք անել թույլ տալ չէր կարող, այլապես այն կվերածվեր երկրպագուների հետ հանդիպման ու ինքնագրերի բաժանման: Նաեւ հայտնիություն է պատճառը, որ հայտնի մարզիկները սկսում են խուսափել մարդաշատ վայրերից, եւ միշտ չի դա պայմանավորված աստղային հիվանդությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին