Դեկտեմբեր 21, 2024
2752 դիտում

«Մեկ կադրում». Ադամ Գրիգորյանի ու նրա սաների չեմպիոնական ցատկը Ռիոյի լողավազան


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` pressdemocrat.com

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` AFP


Ադամ Գրիգորյանն արդեն 14 տարի է ԱՄՆ-ի կանանց ջրագնդակի հավաքականի գլխավոր մարզիչն է ու թիմի հետ անհավանական նվաճումների է հասել:

Առաջին մեծ հաջողությունն ընտրանու հետ Ադամյանը գրանցել է 2009-ին Հռոմում կայացած Աշխարհի առաջնությունում եւ դարձել չեմպիոն: Այդ հաջողությունը նրա սաները կրկնել են եւս 3 անգամ՝ 2015-ին, 2017-ին ու 2019-ին:

Վերջին 3 Օլիմպիական խաղերում 2012-ից մինչեւ 2020՝ Լոնդոնում, Ռիոյում ու Տոկիոյում, հենց Ադամյանի սաներն են հաղթող ճանաչվել:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ անդրադարձել ենք Ռիոյի Օլիմպիական խաղերում արված այս յուրահատուկ պահին:

Ադամյանի համար իր տարած հաղթանակներից հատկապես էմոցիոնալ է եղել 2016-ի խաղերում գրանցածը, քանի որ դրանից օրեր առաջ էր կորցել եղբորը:

Լուսանկարը` pressdemocrat.com


«Այն ժամանակ բոլոր մտքերս հիմնականում կապված էին ընտանիքիս ու եղբորս հետ: Շատ հուզիչ էր ինձ համար ու սկսեցի արտասվել հենց հանդիպման միջնամասում: Երկու րոպե էր մնում ավարտին ու չդիմացա, դրան նախորդած 2 շաբաթների ընթացքում այնքան բան էի խեղդել իմ մեջ: Շատ վստահ էի, որ կհաղթահարենք խումբը, բայց երբեք չէի ակնկալում, որ Օլիմպիական խաղերը նման կերպ կանցնենք: Հարցն այն չէ, որ հաղթում ենք, այլ թե դա ինչպես ենք անում: Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ նման բան մեզ հետ է տեղի ունեցել: Առաջատար լինել խաղի ամեն վայրկյանին, ամեն պահ, ողջ մրցաշարի ընթացքում՝ բացառությամբ 44 վայրկյանի: Կարծում եմ՝ նման երեւույթի էլ ականատես չեք լինի: Անկեղծ կլինեմ, այս մասին խոսել չեմ սիրում, Օլիմպիական ոսկի հաղթելը շատ զիլ է, բայց այդպես առավելության հասնելը բավական ձանձրալի էր: Միշտ ցանկանում ենք, որ մրցակիցները մեզ մարտահրավեր նետեն, դրա համար էլ վերջում ինչ-որ բանի պակաս ունեինք: Չգիտեմ՝ գուցե այդ ամենը նաեւ իմ սեփական կորստով էր պայմանավորված»,- swimmingworldmagazine.com-ին խոստովանել է Գրիգորյանը:

Մարզիչը համաձայն է, որ շատերին զայրացնում է այն հանգամանքը, որ ամերիկացի մարզուհիները մեծ առավելություն ունեն մյուսների նկատմամբ: Երկրպագուների վերաբերմունքն այդ հարցին հասկանում է, սակայն որպես մարզիչ բնավ էլ չի տխրում, քանի որ այն լավ կատարած աշխատանքի ու արդյունքի մասին է վկայում:

Լուսանկարը` AFP


«Պարտավոր չենք իջնել մեր մրցակիցների մակարդակին, այդ նրանք պետք է ձգտեն ավելի բարձրանալ ու փորձել գոնե հավասարվել մեզ: Միշտ չէ, որ պայքարում ենք մրցակիցների դեմ, սովորաբար այդ պայքարը հենց մեզ հետ է տեղի ունենում: Վերջնական նպատակը հենց դա է՝ միշտ լինել մեր լավագույն տարբերակը»,- ավելացրել է նա:

Ինչպես ամեն կարեւոր հաղթանակից հետո, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում էլ Գրիգորյանն ու նրա սաները հաջողությունը միասին լողավազանում են նշել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին