Դեկտեմբեր 21, 2024
2967 դիտում

Մեկ կադրում. 1982-ի ԱԱ-ում Մարադոնայի դեմ պայքարող 6 բելգիացիները


Լուսանկարը` Sport Illustrated


Դիեգո Մարադոնան թեեւ 2 տարի է մեզ հետ չէ, բայց նրա թողած ֆուտբոլային ժառանգությունը եւ էներգիան շարունակում են կենդանի մնալ:

Այսօր Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում որոշել ենք ներկայացնել նրա հայտնի լուսանկարներից մեկի պատմությունը: Բացառվում է, որ ֆուտբոլ սիրեք ու այն տեսած չլինեք՝ Մարադոնան միայնակ դիմակայում է 6 բելգիացիների:

Լուսանկարն արվել է 1982 թվականին Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնության Արգենտինա-Բելգիա հանդիպման ժամանակ:

Կադրը եւս մեկ անգամ ցույց է տալիս այն վախը, որ արգենտինացին առաջացնում էր մրցակիցների մոտ: Նրանք գտնում էին, որ Մարադոնային հնարավոր է վերահսկել ու կանգնեցնել միայն թիմային ջանքերի շնորհիվ:

Այդ 6 ֆուտբոլիստները տուգանային հարվածի ժամանակ դարպասապահի «կառուցած պատում» են կանգնած եղել, բայց հենց գնդակը փոխանցվել է Մարադոնային, միանգամից վազել են նրա ուղղությամբ:

Այդ պահի ու ստացված կադրի մասին պատմել է լուսանկարիչ Սթիվ Փաուելը: Նա առաջին անգամ էր Մունդիալի ժամանակ լուսանկարում Sports Illustrated-ի համար ու երկար հետեւելիս է եղել արգենտինացուն, որպեսզի որեւէ յուրահատուկ բան ստանա:  Իրականում «Նոու Կամպում» կայացած խաղում բոլորն էին այդպիսի պահի սպասում: Մարադոնան իր առաջին ԱԱ-ին էր մասնակցում, նոր էր տեղափոխվել «Բարսելոնա» ու իսկական աստղ էր համարվում:

Փաուելի դիրքն այնքան էլ բարեհաջող չի եղել, սակայն ավելի բարձր գտնվելու արդյունքում կարողացել է ֆիքսել պահը:

«Լուսանկարն իդեալական գույներ ունի՝ կանաչ խոտն ու բելգիացիների մարզաշապիկների երանգները հակասություն են ստեղծում, ինչի շնորհիվ նկարը միայն շահում է: Համադրությունն էլ բավական լավն է՝ վեցը մեկի դեմ: Բելգիացիները զվարճալի պանիկայի մեջ էին, մինչդեռ Մարադոնան շատ հանգիստ էր, անգամ մի քիչ բալետային՝ պատրաստ ամեն պահ փոխանցում կատարելու»,- նշել է նա:

Լուսանկարչի կարծիքով՝ այդ կադրը շարժում է մարդկանց երեւակայությունը, այն դիտելիս սկսում են պատկերացնել, թե ինչպես է Մարադոնան կարողանում հերթով հաղթահարել բոլորի արգելքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին