Ապրիլ 25, 2024
1583 դիտում

Մեկ կադրում. Վիննի Ջոնսի ու Փոլ Գասկոյնի հայտնի բռնվածքը


Լուսանկարը` Daily Mail

Լուսանկարը` The Mirror


Ֆուտբոլում մի քանի շատ հայտնի լուսանկարներ կան, որոնց ծանոթ է համարյա թե ամեն երկրպագու՝ Մարադոնայի ձեռքով գոլը, Էրիկ Կանտոնայի հարվածը, Ինիեստայի ու Զիդանի գոլերն ԱԱ-ում եւ ՉԼ-ում:

Բավական հայտնի ու քննարկված է նաեւ այս մեկը՝ Վիննի Ջոնսի ու Փոլ Գասկոյնի մասնակցությամբ, որի մասին էլ պատմելու ենք «Մեկ կադրում» շարքում:

Ջոնսը կարիերան ավարտելուց հետո հաջողակ դերասան է դարձել, իսկ Գասկոյնը 55 տարեկանում մի քանի անգամ հայտնվել մահվան շեմին ու բրիտանական ֆուտբոլի ամենահայտնի հարբեցողներից մեկը դարձել:  

Նկարն արվել է 1988 թվականի փետրվարին, այն ժամանակ անգլիական ֆուտբոլն առավել քան հայտնի էր իր համառ ու անզիջում պայքարով, այն երբեմն ավելի շատ նման էր հակամարտության, ոչ թե խաղի: Ֆուտբոլիստները միմյանց ընդհանրապես չէին խնայում ու պատրաստ էին ամեն պահի կռվի մեջ նետվել:

Հանդիպումներից մեկի ժամանակ Ջոնսի «Ուիմբլդոնն» ընդունում էր «Նյուքասլին», որի աստղերից էր Գասկոյնը, նրա հետ մեծ հույսեր էին կապում ու հեռանկարային խաղացող համարում: Հենց նրան էլ «Ուիմբլդոնի» գլխավոր մարզիչ Բոբի Գոլդը հանձնարարել էր Ջոնսին տեսադաշտից բաց չթողնել: Ավելի ուշ Վիննին պատմել է, որ դրա պատճառով վիճել է մարզչի հետ ու հեռացել բազայից, քանի որ չի ցանկացել ամբողջ խաղի ընթացքում «վազել ինչ-որ նորաթուխ տղայի հետեւից»:

«Նստած էի հանդերձարանում, բոլորից շուտ էի եկել, քանի որ չէի սիրում երկար նախավարժանք անել: Մի պահ թիմակիցներս եկան ու ասացին, որ աղջիկները ծաղիկներով ու կոնֆետներով վազում են Գասկոյնի հետեւից: Մտածեցի, որ կարող եմ ծիծաղի առարկա դառնալ, եթե նրան հաջողվի 4 գոլ խփել: Այդ պահին ներսումս ինչ-որ բան կատարվեց, մտքովս անցավ, որ նրան տեսնելուն պես սպանելու եմ»,- հիշել է Վիննին:

Լուսանկարը` The Mirror


Ահա այսպես էլ պատմության շարունակության մասին պատմել է Գասկոյնը. «Մարզման ընթացքում տեսախցիկներն ինձ էին նկարում, ես էլ չէի կարողանում հայացքս թեքել խաղադաշտի մյուս կեսում նախավարժանք անող Վիննիից: Անգամ մեծ հեռավորության վրա նա հսկայական էր: Միշտ էլ խաղերից առաջ անհանգստանում էի, բայց այդ անգամ դեռ հանդիպումը չսկսված լրիվ հյուծված էի»:

Իր ինքնակենսագրականում նա գրել է, որ սուլիչից անմիջապես հետո Ջոնսը մոտեցել է իրեն ու ոչ մի քայլ մենակ չի թողել: «Ասացի նրան. «Գնդակը քո թիմի մոտ է», նա էլ պատասխանեց. «Այսօր ես չեմ պատրաստվում ֆուտբոլ խաղալ, բայց դու էլ չես խաղալու»: Նա միայն մեկ անգամ ինձ միայնակ թողեց, երբ եզրային նետում էր անում: Երբ առաջին անգամ գրոհեց ինձ վրա, մի քանի մետր օդ թռա»:

Ամբողջ հանդիպման ընթացքում Ջոնսը չի ցանկացել, որ Գասկոյն իրենից շուտ հասնի գնդակին ու անընդհատ հրելիս է եղել նրան:

«Դրվագներից մեկում ասաց. «Ինչքա՞ն են քեզ այսօր վճարելու: 100 ֆո՞ւնտ»: Այդ պահին ձեռքս ցած իջավ ու բռնեցի նրան: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, բոլորը գոհ մնացին, այդ դրվագից բացի քննարկելու ոչինչ չկար: Հանդերձարանում թիմակիցներս էլ գովեցին, որ Գազզին լավ էի չեզոքացրել»,- ավելացրել է Ջոնսը:

Գասկոյնի թիմակից Դարեն Ջեքսոնը հիշել է, որ խաղի ավարտից հետո Փոլն արտասվել է հանդերձարանում. «Այդ նկարում միայն ֆիզիկական բռնությունն է երեւում, բայց Վիննին նրան վիրավորելիս է եղել ողջ հանդիպման ընթացքում»:

Սակայն այդ ամենով պատմությունը չի ավարտվել: Ջոնսը պատմել է, որ հանդիպումից հետո ստադիոնի աշխատակիցներից մեկը մտել է հանդերձարան ու իրեն կարմիր վարդ փոխանցել Գասկոյնից: Նա էլ խնդրել է մի րոպե սպասել ու Փոլին զուգարանի մաքրիչ է ուղարկել ի պատասխան:

Այդ հայտնի դրվագը նրանք կրկնել են նաեւ 31 տարի անց՝ 2019-ին ու կատակով նորից նկարվել: Այդ կադրն այնքան հայտնի է դարձել, որ նկարահանումների հրապարակում Ջոն Տրավոլտան ու Մել Գիբսոնը խնդրել են Ջոնսին նրա ստորագրությամբ նվեր ստանալ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին