Հուլիս 14, 2024
2146 դիտում

Մեկ կադրում. Քարսոն Պիկետի ու Ջոզեֆ Թիդի ոգեշնչող հանդիպումը


Լուսանկարը` Colleen Tidd-ի Ինստագրամից


Քարսոն Պիկետն ու Ջոզեֆ Թիդը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ սիրում են ֆուտբոլ ու ծնվել են ձեռքի միեւնույն խնդրով:

Քարսոն Պիկետն ԱՄՆ-ի հավաքականի ու «Հյուսիսային Կարոլինա» ակումբի ֆուտբոլիստուհի է, թեեւ ծնվել է առանց ձախ թաթի, սակայն դա չի խանգարել նրան իրականացնել երազանքն ու հանդես գալ ԱՄՆ-ի հավաքականում: Պիկետը մանկուց ցանկացել է ֆուտբոլով զբաղվել ու հաջողությունների հասնել:

Mediamax Sport«Մեկ կադրում» պատմելու ենք շատ յուրահատուկ եւ համացանցում մեծ տարածում ստացած լուսանկարի մասին:

Երբ ֆուտբոլիստուհին դեռ «Օռլանդոյում» էր հանդես գալիս, հանդիպումից հետո մոտեցել է 2-ամյա Ջոզեֆ Թիդին, որը նույնպես ձեռքի թաթի խնդիր ունի: Նրա ծնողները Ինստագրամում էջ են բացել ու ցուցադրում են իրենց որդու կյանքը:



Այդ օրը նրանք ամբողջ ընտանիքով եկել էին երկրպագելու «Օռլանդոյին», հագել էին Պիկետի անունով մարզաշապիկներ ու աջակցում էին նրան: Խաղից հետո մարզուհին մոտեցել է տղային, որ ողջունի նրան: Լուսանկարը շատ արագ տարածվել է համացանցում ու մեծ ոգեւորություն առաջացրել: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել ու միասին ժամանակ անցկացնել:

«Քարսոնը ծնկի է իջել Ջոզեֆի մոտ ու ցույց տվել նրան իր ձեռքը: Դա այն վայրկենական կապն էր, որը մենք չենք կարողանում հասկանալ: Քարսոնը հավատում է, որ ամեն ինչի կարող է հասնել: Հենց այդ մտածողությունն է, որ ուզում ենք մեր որդին էլ ունենա», – ասել է Ջոզեֆի հայրը՝ Մայլզ Տիդը:

Քարսոնն ու Ջեզեֆը հանդիպել են նաեւ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ:

«Մենք իրար շատ նման ենք, կարեւոր չէ, թե տարիքային տարբերությունը որքան է: Ինձ համար նա առանձնահատուկ է, քանի որ արդեն ընկերս է: Ջոզեֆն էլ ինձ համար է օրինակ ու կուռք: Հեշտ է թաքցնել թերությունները, բայց երբ դրանք ոգեշնչման աղբյուր են դառնում, ամեն ինչ փոխվում է: Դրանք այն պահերն են, որոնց համար ես ապրում եւ խաղում եմ: Հենց նրա պես երեխաներն են ինձ ցույց տալիս, թե ինչն է այս կյանքում կարեւոր»,- լուսանկարը կիսվելով խոստովանել է Պիկետը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին