Ապրիլ 26, 2024
exclusive
40046 դիտում

Մեկ կադրում. «Black Power»-ի հաղթանակը


Լուսանկարը` Associated Press

Լուսանկարը` Associated Press

Լուսանկարը` Associated Press


Թոմի Սմիթ եւ Ջոն Կարլոս: Այս մարզիկները դեմ դուրս եկան անարդարությանն ու ողջ աշխարհին ցույց տվեցին, որ մարդ լինելը պայմանավորված չէ մաշկի գույնով: Չնայած նրանց այլեւս չթույլատրվեց ելույթ ունենալ ԱՄՆ-ի հավաքականում, սակայն մտան պատմության մեջ:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքն այս անգամ անդրադարձել է ամենաճանաչված լուսանկարներից հերթականին:

1968 թվականին Մեխիկոյում ընթանում էին Օլիմպիական խաղերը: ԱՄՆ-ի հավաքականում մրցավայր էին մեկնել վազորդներ Թոմի Սմիթն ու Ջոն Կարլոսը: 200 մետր մրցատարածությունում Օլիմպիական չեմպիոն դարձավ Սմիթը, իսկ Կարլոսը՝ բրոնզե մեդալակիր:

Սակայն սեւամորթ մարզիկները պատվոհարթակին միայն մեդալներ ստանալու համար չէին բարձրացել: Նրանք, ինչպես նաեւ արծաթե մեդալակիր ավստրալացի Փիթեր Նորմանը, որը եւս կողմ էր մարդկանց հավասարությանը, դուրս էին եկել Օլիմպիական ծրագրի մարդու իրավունքների համար (OPHR) կրծքանշանով:

«Երբ ես հաղթում եմ, ինձ ամերիկացի են ասում, պարտվում՝ սեւ ամերիկացի: Մենք սեւ ենք ու հպարտանում ենք դրանով»,-ասել էր Սմիթը:

Հենց հնչեց ԱՄՆ-ի օրհներգը, նրանք իջեցրին գլուխներն ու բարձրացրին սեւ ձեռնոց հագած ձեռքը՝ արտահայտելով իրենց դժգոհությունն ընդդեմ ռասիզմի:

«Մինչ այդ մենք թիրախավորված էինք, ուր էլ գնայինք, մեզ սպառնում էին, ծիծաղում ու հայհոյում: Կարծես մարդ չլինեինք: Չէինք ցանկանում պարզապես մասնակցել խաղերին ու վերադառնալ տուն, որտեղ շարունակվում էր սեւամորթների նկատմամբ խտրականությունը: Միակ նպատակը մեր երկրի հետ երկխոսության մտնելն էր, ժամանակն էր, որ ԱՄՆ-ում սոցիալական հավասարություն լիներ: Մենք մարզիկ էինք, օգտագործեցինք մեր դիրքն ու այդ օրը խոսեցինք բոլոր սեւամորթների անունից»,-տարիներ անց խոստովանել է Սմիթը:

Լուսանկարը` Associated Press


Շուրջ 400 մլն մարդ այդ օրն ականատես եղավ բողոքի ակցիային: Սմիթը, Կարլոսն ու Նորմանը մարզադաշտը լքեցին սուլոցների ուղեկցությամբ: Հաջորդ օրը թերթերի առաջին համարները զարդարում էին հենց նրանց նկարները, սակայն հասարակությունն այդ քայլը միանշանակ չընդունեց: Ձեռքերը վեր պարզած մարզիկներին համեմատեցին նացիստների հետ: 

«Մենք գիտեինք, որ հետդարձ չի լինելու, համոզված էինք, որ դուրս են անելու հավաքականից, իսկ ԱՄՆ-ում աշխատանք չենք կարողանալու գտնել: Բայց պատրաստ էինք այդ ամենին»,-շարունակել է Սմիթը:

ՄՕԿ-ն այդ քայլը որակեց քաղաքական, դուրս հանեց Օլիմպիական ավանից, մարզիկներին հեռացրին նաեւ ԱՄՆ-ի հավաքականի կազմից, նրանք այլեւս իրավունք չունեին հագնել այդ երկրի մարզահագուստը: 

Սակայն գտնվեցին նաեւ նրանց պաշտպանողներ: ԱՄՆ-ի հավաքականի շատ մարզիկներ կրկնեցին իրենց թիմակիցների ժեստը: Ղեկավարները ստիպված էին նոր մարզիկների հեռացնել կազմից:

Սմիթի ու Կարլոսի քայլը տարբեր երկրներում տարբեր ժամանակ սկսեցին գնահատել: Աշխարհը կամաց-կամաց հասկացավ, որ նրանք ոչ մի վատ արարք չեն կատարել, պարզապես ցանկացել են լինել բոլորի հետ հավասար:

Լուսանկարը` Associated Press


«Սեւերի ուժը» (Black Power), ահա այսպես մնաց պատմության մեջ մարզիկների արարքը, այն դարձավ աֆրոամերիկացիների պայքարի սիմվոլը, որը սկսեցին օգտագործել ողջ աշխարհում:

ԱՄՆ-ում այս լուսանկարի պատկերով արձան է բացվել, սակայն երկրորդ տեղի պատվոհարթակը դատարկ է: Այն նախատեսված է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է աշխարհում տեսնել հավասարություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին