Ապրիլ 20, 2024
exclusive
35370 դիտում

Մեկ կադրում. 1999-ից Երեւանում մնացած Զինեդին Զիդանի մարզաշապիկը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


1999 թվականի սեպտեմբերի 8-ին ԵՎՐՈ-2000-ի ընտրական փուլում Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին հյուրընկալվեց Հայաստանում:

Աշխարհի չեմպիոններին ուզում էին տեսնել բոլոր հայ ֆուտբոլասերները, իսկ նրանց դեմ խաղալու մեծ ցանկությամբ դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականը: Այն մրցում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստների՝ Զինեդին Զիդանի, Յուրի Ջորկաեֆի, Ֆաբիեն Բարտեզի, Դիդյե Դեշամի դեմ:

Հանդիպումից հետո Զիդանի մարզաշապիկը Երեւանում մնաց Հայաստանի ընտրանու ավագ Վարդան Խաչատրյանի մոտ:

Հենց դրան էլ նվիրված է Mediamax Sport-ի այսօրվա «Մեկ Կադրում» շարքը:  Զրուցել ենք մարզաշապիկը տարիներ շարունակ խնամքով պահած Խաչատրյանի հետ:

Ֆրանսիայի հետ հանդիպումը մոռանալ չի լինի: Մրցում էինք Երեւանում, մի խաղակես նույնիսկ հաղթում էինք գործող չեմպիոններին: Կարապետ Միքայելյանի գոլի շնորհիվ 6-րդ րոպեին առաջ էինք անցել:

Մեծաքանակ երկրպագուներն իսկական պայքարի ականատես եղան, ոչ մի կերպ չէինք ուզում զիջել, բայց ֆրանսիացիները կարողացան հասնել հաղթանակի: Ջորկաեֆը հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետեւ գոլերի հեղինակ դարձան Զիդանն ու Լիլիան Լասլանդեսը: Մեզ հաջողվեց միայն խաղավարտին Արմեն Շահգելդյանի գոլի շնորհիվ կրճատել հաշիվը:

Էմոցիոնալ առումով էլ հանդիպումն անմոռանալի էր՝ հազար տեսակ զգացողություններ ու ապրումներ էին առաջացել, բայց մի բան հստակ հիշում եմ, որ ամեն ինչ անում էինք չպարտվելու համար:

Ինձ բախտ է վիճակվել շատ հայտնի ու անվանի ֆուտբոլիստների՝ Ֆեռնանդո Եռոյի, Յուրգեն Կլինսմանի, Զիդանի դեմ խաղալ ու փոխանակվել շապիկներով: Սակայն միայն Զիդանի շապիկն եմ խնամքով պահել, մյուսները նվիրել եմ ընկերներիս:

Նա յուրահատուկ ֆուտբոլիստ էր, այնպես էր պահում գնդակը, որ ոչ մի կերպ չէիր կարողանում այն խլել: Իսկական վարպետ էր, անգամ նրա դեմ գործելիս հիանում էիր խաղով: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Զիդանի հետ փոխանակվել շապիկներով:

Ստադիոնում մեզ հանրապետության նախագահն էր աջակցում, շատ պաշտոնատար անձինք կային, որոնք նույնպես շատ էին ցանկանում ստանալ Զիդանի մարզաշապիկն ու դրա համար նույնիսկ գումար էին խոստացել 10 հազ. դոլարի չափով: Հիմա էլ ավելի շատ են տալիս, սակայն մարզաշապիկից ոչ մի դեպքում չեմ բաժանվի, այն շատ մեծ արժեք ունի ինձ համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին