Սպորտային հաղթանակներն ու անմոռանալի պահերը շարունակում են ապրել ու փոխանցվել լուսանկարների միջոցով:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում այս անգամ պատմում ենք Աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկի` Մուհամեդ Ալիի հաղթական լուսանկարի մասին, որն արվել է 1965 թվականի մայիսի 25-ին:
Սոննի Լիստոնն Աշխարհի չեմպիոն էր ու տպավորիչ նոկաուտներ ուներ իր հաշվին գրանցած: Այդ պատճառով շատերն էին խուսափում նրա հետ հանդիպել: Սակայն ոչ Կասիուս Կլեյը:
Այդ ժամանակ նա արդեն հաղթել էր 1960-ի Օլիմպիական խաղերում, սիրում էր գտնվել ԶԼՄ-ի ու ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում: Այդ դիմակայությունում էլ թեեւ նա ֆավորիտ չէր համարվում, սակայն կարողացավ հասնել հաղթանակի ու 22 տարեկանում դառնալ Աշխարհի չեմպիոն:
Բռնցքամարտիկների ռեւանշ հանդիպումը կայացավ մեկ տարի անց: Առաջին անգամ Կլեյն աշխարհին ներկայացավ Մուհամեդ Ալի անունով: Մենամարտը տեւեց ընդամենը մեկ ռաունդ: Աջ ձեռքի հուժկու հարվածից հետո Լիստոնը հայտնվեց ռինգի հատակին:
«Վեր կաց ու կռվիր, ծույլիկ»,-Լիստոնի ականջին գոռում էր Ալին: Ռինգի մրցավարը ոչ մի կերպ չէր կարողանում նրան հեռացնել մրցակցից: Ալին բարձացրած ձեռքերով պարում էր ռինգում:
Այդ ընթացքում Լիստոնը մեծ դժվարությամբ բարձրացավ հատակից, ու մենամարտը շարունակվեց: Ստեղծված խառնաշփոթ վիճակում մրցավարը չէր հասցրել բացել հաշիվն, ու Լիստոնը հատակին պառկած էր մնացել պահանջվածից ավելի շատ՝ 17 վայրկյան:
Արդյունքում հանդիպումն ավարտվեց, ու Մուհամեդ Ալին տարավ հերթական տպավորիչ հաղթանակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: