Դեկտեմբեր 04, 2024
exclusive
83564 դիտում

Մարգարիտա Գասպարյան. Ցանկանում եմ հայտնվել top-10-ում

Մարգարիտա Գասպարյանը
Մարգարիտա Գասպարյանը

Լուսանկարը` REUTERS


Բաքվում 2015 թվականին իր առաջին WTA տիտղոսը շահելուց հետո բախտը, կարծես, երես թեքեց Մարգարիտա Գասպարյանից (WTA-91):  Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստուհին ծնկի վնասվածք ստացավ, որի հետեւանքով բաց թողեց 2016-2018 թթ մրցաշրջանների մեծ մասը: Անհաջող վիրահատությունը երկարացրեց նրա վերականգնման ընթացքը:

2018 թվականի երկրորդ կեսին Մոսկվայում ծնված եւ մեծացած Գասպարյանը ցույց տվեց թենիսի աշխարհին, որ վերադարձել է: Անցած տարվա սեպտեմբերին Տաշքենդի WTA մրցաշարում տարած հաղթանակը եւ շաբաթներ անց Ավստրիայում առաջին անգամ թոփ տասնյակի թենիսիստուհուն (Կիկի Բերթընս) հաղթելու փաստը վկայում էին, որ 24-ամյա մարզուհին պատրաստ է 2019 թվականի մրցաշրջանին:

Մարգարիտա Գասպարյանը՝ Australian Open-2019-ում Մարգարիտա Գասպարյանը՝ Australian Open-2019-ում

Լուսանկարը` REUTERS


Մարգարիտա Գասպարյանը տարին սկսել է աշխարհի թոփ 100-ի մեջ եւ ձգտում է հայտնվել թենիսի աշխարհի ընտրյալների շարքում: Իր 1,83 սմ հասակով եւ մեկ ձեռքի բեքհենդով նա մանրամասն ուժային խաղ է ցուցադրում: Իսպանացի մարզիչ Կառլոս Մարտինեսի ղեկավարության ներքո, ով նախկինում աշխատել է Սվետլանա Կուզնեցովայի հետ, Գասպարյանը պետք է որ հաջողություններ ունենա, եթե կարողանա խուսափել նոր վնասվածքներից:

Mediamax Sport-ին հաջողվել է Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում մի քանի բառ փոխանակել Մարգարիտա Գասպարյանի հետ: Ցավոք, Australian Open-ի երկրորդ փուլում նա զիջեց բելգիացի թենիսիստուհի Էլիսա Մերտենսին(6-1, 7-5):   

- Հայկական արմատներն ի՞նչ դեր ունեն Ձեր կյանքում:

- Ես սիրում եմ Հայաստանը: Ես սիրում եմ հայ մարդկանց: Ես Հայաստանում որոշ ժամանակ անցկացրել եմ, երբ ավելի երիտասարդ էի: Ցավոք, հայրենիք գնալուս վերջին պատճառը պապիկիս մահն էր: Սակայն, իրապես, հաճելի էր այնտեղ գտնվելը: Եթե հնարավորություն ունենամ նորից Հայաստան գնալ, ես դա, անշուշտ, կանեմ: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2-3 տարի առաջ: Էջմիածնում հորս կողմից բարեկամներ ունենք:

- Հայերեն խոսո՞ւմ եք:

- Հայրս՝ Մելիքը, Հայաստանից է, սակայն մանկությանս տարիներին նա երբեք ինձ հետ հայերեն չի խոսել: Դա է պատճառը, որ ես հայերեն չեմ խոսում: Բայց երբ մարդիկ հայերեն են խոսում, ես հասկանում եմ:
Մարգարիտա Գասպարյանը՝ Australian Open-2019-ում Մարգարիտա Գասպարյանը՝ Australian Open-2019-ում

Լուսանկարը` REUTERS


- Կապ պաշտպանո՞ւմ եք հայկական արմատներ ունեցող այլ խաղացողների, օրինակ, Կարեն Խաչանովի հետ:

- Մենք լավ հարաբերություններ ունենք, սակայն մտերիմ ընկերներ չենք: Ես իսկապես հպարտանում եմ նրանով: Նա շատ մոտ է ATP վարկանիշային աղյուսակի թոփ տասնյակին:

- Ի՞նչ նպատակ ունեք այս տարվա համար: 

- Ցանկանում եմ հայտնվել թոփ տասնյակում: Եթե առողջ լինեմ, գիտեմ, որ կարող եմ լավ արդյունքներ ունենալ: Չգիտեմ, կլինեմ թոփ 10-ում, 20-ում թե 30-ում, սակայն համոզված եմ, որ արդյունքները լավն են լինելու: 

Դավիդ Ավակյան, Մելբուրն, հատուկ Mediamax Sport-ի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին