Դեկտեմբեր 27, 2024
exclusive
20736 դիտում

Վարդան Մինասյան. Երբեք ոչ մեկին թույլ չեմ տվել խառնվել իմ մարզչական գործերին

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը օրերս լքել է Կոստանայի «Տոբոլի» գլխավոր մարզչի պաշտոնը եւ վերադարձել Երեւան: Հրաժարականի պատճառների եւ հետագա պլանների մասին անվանի ֆուտբոլային մասնագետը պատմել է Mediamax Sport-ի հետ բացառիկ հարցազրույցում:

- Պարոն Մինասյան, Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո մեզ տված բացառիկ հարցազրույցում ասել էիք, որ ցանկանում եք ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում միջազգային ասպարեզում: Ի՞նչ եք կարծում, Ղազախստանում աշխատանքը ի՞նչ տվեց Ձեզ որպես մասնագետի:

- Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ հնարավորություն տրվեց աշխատել արտասահմանյան ակումբում: Սա շատ մեծ փորձ էր մարդկանց հետ շփվելու,  մենթալիտետի եւ, իհարկե, ֆուտբոլային, մասնագիտական առումով:
 
- Կոստանայի «Տոբոլը» հայտարարեց, որ Ձեր հեռանալու պատճառն անբավարար արդյունքներն էին, սակայն ղազախստանյան մամուլը կարծես հակված չէր վստահելու այդ հայտարարությանը: Ո՞րն էր իրականում հեռանալու պատճառը:

- Ես կխոսեմ փաստերով: Մեր առջեւ խնդիր էր դրվել տեղ գրավել առաջին վեցյակում: Թիմը առաջին 6 տուրից հետո ընթանում էր 5-րդ տեղում: Դրանից հետո մենք պարտվեցինք Ղազախստանի առաջնության ֆավորիտներից մեկին՝ «Ակտոբեին», երկրորդ խաղակեսում խաղալով տասը հոգով: Եվ դա դեռ 7-րդ տուրն էր: Ինչ վերաբերում է թիմին, ապա փոխհարաբերությունները ֆուտբոլիստների հետ հիանալի էին՝ մենք կարծես մի ընտանիք լինեինք, խաղային առումով էլ թիմը առաջընթաց էր ապրում: Եվ այդ ամենը՝ ընդամենը մեկ տարում: Իսկ թիմ կառուցելու համար անհրաժեշտ է 3 տարի: Պետք է հաշվի առնել նաեւ թիմի ֆինանսական հնարավորությունները:

- Ղազախստանյան ֆորումներում գրում էին նաեւ, որ «Ակտոբեի» հետ խաղից հետո հանդերձարանում վեճ է տեղի ունեցել Ձեր եւ Կոստանայի նահանգապետի միջեւ: Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է եղել իրականում:

- Դա մեր ներթիմային հարցերն են, որ պետք է մնան թիմի ներսում: Ես ուղղակի  կասեմ, որ կյանքում եւ ֆուտբոլում ունեմ իմ սկզբունքները, որոնց փորձում եմ չդավաճանել: Երբեք ոչ մեկին թույլ չեմ տվել խառնվել իմ մարզչական գործերին: Ով եւ ինչպես պետք է խաղա, ինչպեսեւ թիմի մարտավարությունն ու խաղաոճը որոշում են մարզիչները:

- Ղազախստանի առաջատար լրատվամիջոցները գրում են, որ այդ երկրի ֆուտբոլը չի զարգանում առաջին հերթին այն պատճառով, որ  չեն ստեղծվում ժամանակակից ենթակառույցներ, մարզադպրոցներ, ակադեմիաներ: Ձեր վերջին ասուլիսում Դուք եւս շոշափեցիք այդ միտքը՝ նշելով, որ առաջ շարժվելու համար շատ բաներ պետք է փոխել: Մեզ հայտնի է, որ Ղազախստանում հսկայական միջոցներ են ծախսում ֆուտբոլի զարգացման համար, սակայն թե հավաքականը, թե ակումբները միջազգային ասպարեզում հաջողություններ չեն գրանցում: Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, ի՞նչն է պետք փոխել:

- Ֆուտբոլի զարգացման համար կա երեք կարեւոր նախապայման՝ ֆուտբոլային ենթակառուցվածքներ, մանկապատանեկան ֆուտբոլ եւ բարձր որակավորում ունեցող մարզիչներ: Ես կխոսեմ «Տոբոլի» մասին. թիմն ունի շատ լավ երիտասարդ սերունդ ու կարողանում է ֆուտբոլիստներ մատակարարել առաջին թիմին:

Մարզչական առումով էլ Ղազախստանում կա առաջընթաց: Շատ մարզիչներ աշխատում են ժամանակակից մեթոդիկայով: Ակումբները միջազգային ասպարեզում գրանցում են որոշակի արդյունքներ: Բարձրագույն խմբում կան թիմեր, որոնք հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում: Իսկ ահա ենթակառուցվածքների առումով կան բացթողումներ, խնդիրներ:

Ակումբի ղեկավարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը թիմի եւ ֆուտբոլի նկատմամբ: Ես հասկանում են, որ կա մենթալիտետի խնդիր, բայց արդեն մի առիթով ասել եմ, որ ֆուտբոլում կան հարցեր, որոնք անկախ երկրից, մենթալիտետից ենթադրում են մեկ ճիշտ պատասխան: Ներկայումս ղեկավար-մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերություններն արմատապես տարբերվում են նախկինում ընդունված չափանիշներից:

- Ի՞նչ հիշողություններ կմնան Ձեզ մոտ Ղազախստանի, Կոստանայի, ղազախ ժողովրդի եւ թիմի երկրպագուների վերաբերյալ:

- Ղազախները հյուրընկալ ժողովուրդ են, սրտաբաց, հանգիստ: Թիմի երկրպագուներն իրոք ցավում են թիմի համար, աջակցում են նրան եւ ուզում են տեսնել թիմի հաջողությունները:Ես ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ: Կուզենայի խոսել թիմի մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին իրենց մարդկային որակների եւ պրոֆեսիոնալիզմի համար՝ թիմի ավագ Նուրբոլ Ժումասկալիեւի գլխավորությամբ: Նուրբոլը մեծ պրոֆեսիոնալ է եւ հանդիսանում է ղազախական ֆուտբոլի լեգենդը: Նա ապագայում կարող է դառնալ լավ մարզիչ ու մեծ օգուտ բերել եւ «Տոբոլին», եւ ամբողջ ղազախական ֆուտբոլին:

- Եթե երբեւիցե կրկին առաջարկ ստանաք Ղազախստանից, կընդունե՞ք այն:

- Որոշակի անհրաժեշտ նախապայմանների դեպքում` միգուցե:

- Արդեն Հայաստանում եք: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի վերաբերյալ:

- Այսօրվանից զբաղեցնելու եմ  «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:

- Եղան հրապարակումներ, որ արդեն երկու հրավեր ունեք օտարերկրյա ակումբներից: Կարո՞ղ եք մեկնաբանել այդ լուրը:

- Եղել է երկու առաջարկ գործակալի կողմից, բայց այս պահին ինձ պետք է շատ բաներ վերլուծել: Մնացածը ցույց կտա ժամանակը:

Վարդան Մինասյանի հետ զրուցել է Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին