Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 29-ին անցկացնելու է այս տարվա առաջին խաղը: Երկարատեւ ընդմիջումից հետո հայ երկրպագուները կրկին մեր ֆուտբոլիստների խաղին հետեւելու հնարավորություն կունենան: Ալբանիայի դեմ խաղում նրանք կփորձեն ոչ միայն լավ խաղ ցուցադրել, այլեւ երեք միավոր վաստակել ու կրկին ուրախացնել բոլորիս:
Mediamax Sport-ը խաղից առաջ հանդիպել է մեր բազմափորձ ու շատ սիրելի ավագ Ռոման Բերեզովսկու հետ ու նրա օգնությամբ ներկայացնում է հավաքականի ֆուտբոլիստներին:
Գեւորգ Կասպարով. Գեւորգին շատ վաղուց եմ ճանաչում: Հավաքների ժամանակ միշտ նույն սենյակում ենք մնում: Ինձ շատ հարմարավետ եմ զգում նրա հետ, մենք միշտ փորձում ենք խաղերի ու մարզումների ժամանակ օգնել իրար: Նա լավ ռեակցիա ունի ու հավաքականի կազմում միշտ ճիշտ է դրսեւորում իրեն:
Ռոբերտ Արզումանյան. Երբ Ռոբերտը վնասվածքի պատճառով չէր խաղում հավաքականում, մեր պաշպանության գծում նրա բացակայությունը միանգամից երեւում էր: Իսկ երբ մեզ հետ է, ավելի վստահ ենք զգում ու գործում խաղադաշտում:
Հրայր Մկոյան. Հրայրը Ռոբերտի, Վատոյի ու Տարոնի հետ մեր կենտրոնական պաշտպանության հենասյուներից է: Պաշտպանության գծի բոլոր տղաներն էլ շատ պետք են մեր հավաքականին: Հաշվի առնելով, որ մենք ընտրության մեծ հնարավորություն չունենք, յուրաքանչյուրն էլ շատ կարեւոր է մեզ համար:
Վարազդատ Հարոյան. Համարյա բոլոր խաղերում իրեն լավ է դրսեւորել, նա հատկապես աչքի է ընկնում համարձակ խաղով ու երկրորդ հարկում լավ գործելու ունակությամբ: Քանի որ շատ երիտասարդ տարիքում է ազգային թիմում նորամուտը նշել, այդ համարձակությունը սկզբում խանգարում էր, բայց արդեն հասցրել է ավելի շատ փորձ ձեռք բերել ու սխալներ թույլ չտալ՝ կարմիր քարտեր չստանալ կամ էլ 11-մետրանոցների նշանակման պատճառ դառնալ:
Լեւոն Հայրապետյան. Մինչեւ վնասվածք ստանալը շատ լավ էր խաղում: Սակայն բուլղարացիների դեմ մրցավեճում վնասվածք ստացավ ու երկար ժամանակով բացակայեց: Դրանից հետո Լեւոնից երկար ժամանակ պահանջվեց վերականգնվելու ու նոր թիմ գտնելու համար: Բայց հույս ունենք, որ շուտով նա կրկին ուժեղ թիմում հանդես կգա: Լեւոնը հիանալի խաղացող է, մանավանդ, երբ հարձակմանն է միանում: Արագ է գործում ու ճիշտ որոշումներ ընդունում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կամո Հովհաննիսյան. Նրա ամենակարեւոր հատկանիշներից մեկն արագությունն է: Կամոն երիտասարդ տարիքում է սկսել պաշտպանել հավաքականի գույները, ինչն, անկասկած, նրան մեծ փորձ է տվել: Նա լավ աջ պաշտպան կամ կիսապաշտպան կդառնա:
Կառլեն Մկրտչյան. Հավաքականի ամենակարեւոր խաղացողներից մեկն է, երբ նա առողջ է ու լավ մարզավիճակում, մեր թիմն էլ է իրեն լավ զգում: Պարզ է, որ յուրաքանչյուր թիմում կենտրոնական հատվածը կարեւոր է, ինչպես շենքի համար հիմքը: Կառլենը մեր ընտրանու հիմքն է:
Արթուր Եդիգարյան. Նույնը նաեւ Արթուրին է վերաբերվում: Բոլոր այն խաղերին, որոնց մասնակցել է Եդիգարյանը, մենք դրական արդյունքների ենք հասել: Նա ասես մեր թալիսմանը լինի:
Էդգար Մանուչարյան. Շատ լավ է, որ իր ակումբի հիմնական կազմում է խաղում, կարծում եմ լավ մարզավիճակում է միացել հավաքականին: Դա կտեսնենք Ալբանիայում:
Հենրիխ Մխիթարյան. Նա մեր լավագույն ֆուտբոլիստն է արդեն երկար տարիներ: Հենրիխը շատ լուրջ առաջնությունում է խաղում: Վերջին շրջանում վնասվածքների պատճառով ստիպված է եղել որոշ հանդիպումներ բաց թողնել, բայց հավաքականի համար նա միշտ իրեն չի խնայում: Հիմնականում ամբողջ աշխարհում հակառակն է լինում, բայց Հենոյին դա չի վերաբերվում: Կապ չունի նա ավագի թեւապով է թե չէ, միշտ մեր հավաքականին առաջ է տանում:
Գեւորգ Ղազարյան. Գեւորգը բավական երկար ժամանակ «Օլիմպիակոսում» մնաց պահեստայինների նստարանին, սակայն լավ է, որ նոր թիմում խաղային պրակտիկա է ստանում: Դա հավաքականին էլ շատ մեծ օգուտ կտա: Հիմա շատ վստահ է գործում ու լավ մարզավիճակում է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարկոս Պիզելի. Մարկոսն էլ է հավաքականին լավ մարզավիճակում միացել: Մարզումները ցույց են տալիս, որ նա շատ արագ ու թեթեւ է գործում:
Յուրա Մովսիսյան. Ծնկի հետ կապված թեթեւ վնասվածք ունի, ինչի պատճառով ակումբում չի կարողանում մասնակցել բոլոր խաղերին, բայց ինձ թվում է Ալբանիայի դեմ խաղում ամեն ինչ կանի լավ հանդես գալու համար: Մանավանդ, որ իր ակումբում հիմա հիմնական կազմում չի հայտավորվում: Յուրան իր խաղով կփորձի հակառակն ապացուցել:
Արթուր Սարկիսով. Նա թեեւ վաղուց է հանդես գալիս հավաքականում, բայց խաղային շատ քիչ ժամանակ է ստանում: Երբ խաղադաշտ է դուրս գալիս, անպայման օգնում է թիմին: Սերբիայի դեմ խաղում նա լավագույններից մեկն էր: Փոխարինման մտնելով էլ ՝փորձում է աչքի ընկնել:
Նորեկներ. Նրանց դեռ լավ չեմ կարող բնութագրել, քանի որ միասին քիչ ենք մարզվել: Զգացվում է, որ Գաել Անդոնյանը շատ լավ պատրաստված է, եվրոպական դպրոցը միանգամից աչքի է ընկնում: Նա վստահ է իր ուժերին, չնայած դեռ շատ երիտասարդ է, ֆիզիկական լավ տվյալներ ունի: Ռուսլան Կորյանի մասին ավելի քիչ կխոսեմ, որովհետեւ մեր մարզումները հիմնականում տակտիկական են եղել, նա ինձանից ավելի հեռու է աշխատել ու շատ հետեւելու հնարավորություն չի եղել: Բայց որ հրավիրել է հավաքական, ուրեմն լավ ֆուտբոլիստ է:
Երիտասարդներ. Նրանցից շատերն արդեն շատ ժամանակ են անցկացրել թիմում: Մեծ աճ են արձանագրել ու սովորել իրենց ավագ թիմակիցներից՝ Հենրիխ Մխիթարյանից, Յուրա Մովսիսյանից, Արաս Օզբիլիսից, Մարկոս Պիզելիից: Լավ կլինի, որ ավելի բարձրակարգ ակումբներում խաղան:
Ռոման Բերեզովսկի. Թեեւ ահագին ժամանակ է խաղային պրակտիկա չունեմ, բայց անընդհատ աշխատում եմ ինձ վրա ու պարաստվում Ալբանիայի դեմ խաղին: Այն չափազանց կարեւոր է մեզ համար ու շատ հարցերի պատասխաններ կտա:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: