Դեկտեմբեր 03, 2024
exclusive
7033 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Էրիկ Բաղդասարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության այս տարվա Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում Հայաստանն ունեցավ երեք մեդալ:

Չեմպիոնի կոչմանն արժանացավ Էրիկ Բաղդասարյանը, այն էլ զուգափայտերում: «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ անդրադառնում ենք Էրիկին, որը դեռ մեծ ասելիքներ ունի հայկական սպորտում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ մարմնամարզություն

Տարիքը՝ 17 տարեկան

Սովորում է՝ Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի 12-րդ դասարանում

Սիրած առարկա՝ Օտար լեզուներ

Նախընտրած ձեւ՝ Զուգափայտեր, պտտաձող, օղակներ

Ազատ ժամանակ՝ Ֆիլմեր է դիտում

Անձնական մարզիչ՝ Սամվել Գալստյան

Տիտղոսներ՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մեդալակիր, Հայաստանի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների 2-րդ մրցանակակիր

Նպատակը՝ նվաճել Օլիմպիական մեդալ

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի սպորտ. Ծնողներս են որոշել, որ պետք է զբաղվեմ սպորտով ու 5 տարեկանում տարել են մարմնամարզության: Այդ տարիքում շատ բան չէի հասկանում, բայց մի քիչ մեծանալուց հետո սկսեցի գիտակցել ու ավելի խորացած մարզվել: Հենց ըմբռնեցի մարմնամարզության իմաստը, գնահատեցի այն ու մարզվելու ցանկությունս մեծացավ:

Վարժությունները ստացվում էին ու իմ մեջ էլ զգացողություն կար, որ կարող եմ հասնել լավ արդյունքների: Դրա համար միշտ էլ լուրջ եմ նայել մարզումներիս ու լսել եմ մարզիչների խորհուրդները: Մարզչի շնորհիվ ես ընկալում եւ սովորում նրբությունները, նա է ամենամեծ դերն ունենում մարզիկի կյանքում: Ես իմ ողջ գիտելիքները վերցրել եմ իմ մարզչից:  

Դեպի իրեն ձգող մարմնամարզությունը. Սպորտում կարգապահությունն ամենակարեւոր բաներից մեկն է, եթե այն չպահես, ոչ մի արդյունքի չես հասնի: Ես փորձում եմ չշեղվել իմ գրաֆիկից ու միշտ ճիշտ աշխատել, կարծում եմ սրանով էլ պայմանավորված էին իմ գրանցած հաջողությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզությունը դարձել է կյանքիս իմաստը, այն շատ թանկ բան է ինձ համար: Երբ մի քիչ հանգիստ եմ ունենում, սկսում եմ մտածել, թե հաստատ հետ եմ ընկնում, պետք է շատ պարապեմ: Այն ինձ մի տեսակ միշտ ձգում է դեպի դահլիճ:

Հաջողության ճանապարհին. Լարվածություն ամեն ելույթից առաջ միշտ էլ կա, մտածում եմ, որ վարժությունս պետք է լավագույնս կատարեմ: Բայց որպեսզի դա ինձ չխանգարի, պատկերացնում եմ, որ իմ սովորական պարապմունքն է ու հարկավոր է կատարել մարզիչների ասածը: Ես ճնշում չեմ զգում ելույթի ժամանակ, քանի որ դա միայն խանգարում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջողության հասնելու համար ամեն օր պետք է մի գործ կատարես, մարզման ժամանակ մի հարց լուծես, մի քայլ առաջ գնաս: Դրա շնորհիվ վարժությունը լավ, մաքուր ու հստակ ես կատարում, հենց սրանից հետո էլ քո մեջ վստահություն է գալիս:  

Միշտ սովորել է պետք. Առաջին միջազգային փորձս հիշում եմ, 10 տարեկան էի ու Բաթումիում մրցանակային տեղ չգրավեցի: Իսկ արդեն մեկ տարի անց այդ նույն մրցաշարում ոսկե մեդալակիր դարձա:

Սպորտում փորձը շատ կարեւոր է, այն տալիս է վստահություն, գործին ավելի պատասխանատու ես մոտենում, ավելի լավ ես սկսում պատրաստվել, ցանկացած մրցում էլ մի բան սովորեցնում է:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմակիցներս միշտ օգնում են ինձ: Մեր մրցումներն այնպես են, որ իրար կողքի ենք լինում ու ինձ համար մեծ նշանակություն ունի տղաների ներկայությունը: Այս վերջին Եվրոպայի առաջնության ժամանակ բոլորս իրար հետ էինք, ես զգում էի, թե ինչպես են նրանք աջակցում ինձ:


Սպասումները. ԵԱ-ում առաջին օրն ուշադիր հետեւում էի պայքարին: Նայում էի, թե մրցակիցներս ինչ գնահատական ստացան: Բայց հասկացա, որ դա լարվածություն է ստեղծում ու արդեն եզրափակչի ժամանակ ոչ մի բան չեմ նայել: Պարզապես բարձրացել եմ հարթակ ու կատարել վարժությունս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպասում էի, որ եզրափակչում կլինեմ, բայց առաջին տեղում՝ ոչ: Ես երեք գործիքի վրա էի մասնակցում՝ զուգափայտ, պտտաձող եւ օղակներ, այս երեքի վրա եմ խորացած: Մեդալը եղավ զուգափայտից:

Մարզումների ժամանակ անընդհատ մաքրում էինք վարժությունը, լավ ու բարդ տարրեր էինք սովորում, որպեսզի արդյունք ցույց տամ:

Չեմպիոնությունը. Երբ մոտեցա զուգափայտին, ամեն ինչ դեն նետեցի գլխիցս ու կենտրոնացա վարժությանս վրա: Ամենալավ զգացողությունն այն պահն էր, երբ բարեհաջող վայրէջք կատարեցի ու տեսա մարզիչներս, թիմակիցներս ոնց են ուրախանում: Հետո հենց ցուցատախտակին հայտնվեց գնահատականս, մի պահ չհավատացի: Շատ բուռն զգացողություններ ունեի, չեմ կարող բացատրել դա ինչ էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոսկե մեդալ նվաճելն արդեն իսկ մեծ բավարարվածություն է տալիս: Երբ արդեն դահլիճը լքել էի, սկսեցի գիտակցել, որ դա տեղի է ունեցել իմ կյանքում: Առաջինը զանգեցի ու խոսեցի ծնողներիս հետ, որովհետեւ իրենց շնորհիվ է այս ամենը: Նրանք են ինձ բերել մարզման, հավատացել ուժերիս ու այս ողջ ճանապարհն անցել ինձ հետ:

Արդյունք գրանցելու համար պետք է չնայել վնասվածքներին, պարապել, քրտնաջան աշխատել, լսել մարզչին: Այսպես են ստեղծվում հաղթանակները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սովորելով սխալներից. Եվրոպայի առաջնությունից առաջ մասնակցեցի Օլիմպիական փառատոնին ու գրավեցի 4-րդ տեղը: Տեսա, որ քիչ եմ պարապել, թերացել եմ, իմ մեջ փորձեցի գտնել սխալներս: Փառատոնն ինձ օգնեց, որ Եվրոպայի առաջնությանն ավելի լավ մասնակցեմ: Բոլորովին չխանգարեց այն հանգամանքը, որ այդ երկու մրցումը մոտ էին իրար, ընդհակառակը, լավ մարզավիճակում էի: Բացի այդ էլ, թիմի հետ հավաք էի ունեցել Թբիլիսիում, հավաքականի գլխավոր մարզիչն ու ողջ մեծահասակների թիմի հետ միասին էինք, ինչն ինձ շատ օգնեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատասխանատվություն ընտանիքի հանդեպ. Իմ նպատակը լավ պարապել ու կոնկրետ մրցման մասնակցելն է, արդյունք ցույց տալ ու նոր արդեն մտածել հաջորդի մասին: Մեկ տարուց արդեն կմասնակցեմ մեծահասակների պայքարին, դրա համար պետք է վարժություններս բարդացնեմ եւ ավելի մաքուր կատարեմ:

Երբ վերադարձա Հայաստան, ընտանիքով, ընկերներով ուրախացանք: Իրենցից եմ շնորհակալ, որ ամեն րոպե իմ կողքին էին ու մեծ սպասումներ ունեին, նրանք կարիերայիս ողջ փուլերն անցել են ինձ հետ: Պատասխանատվությունը, որ ընտանիքդ, հարազատներդ հետեւում են ու սպասում քեզնից լավ ելույթի, ավելի է մեծանում ու պարտադրում:

Էրիկ Բաղդասարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին